close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարածաշրջանում հայկական ու վրացական պետությունները մնացել են որպես քրիստոնեական միացյալ հանգրվան. Ջավախքի ՀԿ-ների խորհուրդը հայտարարություն է տարածել

Քաղաքական

29 Սեպտեմբերի 2020, 14:54
 Տարածաշրջանում հայկական ու վրացական պետությունները մնացել են որպես քրիստոնեական միացյալ հանգրվան. Ջավախքի ՀԿ-ների խորհուրդը հայտարարություն է տարածել

Սույն թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան  Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով տարածաշրջանում ձեռք բերված հարաբերական խաղաղությունն ու զինադադարը, Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսել է լայնամասշտաբ հարձակում և ռազմական գործողություններ՝ ի գործ դնելով իր տրամադրության տակ եղած զինական ողջ ռեսուրսը, ռմբարկելով ինչպես ամբողջ շփման գիծը, այնպես էլ խաղաղ քաղաքացիական բնակավայրերը: Հարձակումից առաջ և հետո  Ադրբեջանի նախագահի հայտարարությունները  վկայում են, որ Ադրբեջանը վաղուց էր նախապատրաստվել տվյալ էսկալացիային՝ այդպիսով կրելով սանձազերծված պատերազմի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը: Պաշտոնական Թուրքիայի՝ բարձր մակարդակով տարածած հայտարարություններն առ այն, որ ցանկացած առումով աջակցում է եղբայրական Ադրբեջանին, հստակեցնում են, որ սկսված ռազմական գործողությունների հետևում անմիջականորեն կանգնած է հենց Թուրքիան:       

Ամբողջ աշխարհն այս իրողությանն արձագանքեց խաղաղության և փոխըմբռնման կոչերով, գտնվեցին նաև այնպիսի երկրներ, որոնք բարձրագույն մակարդակով բարձրաձայնեցին ադրբեջանա-թուրքական կողմի ագրեսիայի մասին  տարածաշրջանում: Վրաստանը նույնպես   արձագանքեց,  սակայն Վրաստանի գործող պառլամենտում պատգամավորական մանդատ ունեցող՝ ազգությամբ ադրբեջանցի երկու պատգամավորներ իրենց թույլ են տվել դուրս գալ պետական մակարդակով արված հայտարարության սահմաններից և ռազմատենչ կոչեր հղել Իլհամ Ալիևին: Նրանք չեն խորշել հայկական կողմին Վրաստանի դեմ դավեր նյութելու և հանցագործություն իրականացնելու մեջ մեղադրելուց՝ այսպիսով  փորձելով խառնակչություն մտցնել երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ համակեցության մեջ:                                              

Վրացական կողմից որևէ հակադարձում իր պաշտոնյաների խոսքին չի եղել, այնինչ տեղին է հիշեցնել ամիսներ առաջ Վրաստանում գտնվող և վրացիների համար սրբազան ուխտատեղի համարվող Դավիթ Գարեջայի վանական համալիր ուղղված վրաց ուխտավորների շարժի արգելակումն ադրբեջանցի զինվորականների կողմից, որի համար պաշտոնական Բաքուն որևէ հիմնավորում չի ներկայացրել:

Ախալքալաք-Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը   ևս արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով ադրբեջանա-թուրքական համագործակցության փաստը և այն, որ խաղաղարարական բոլոր փորձերը, որոնք ծավալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում,  ոտնահարվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ջավախահայության անունից զորակցություն հայտնելով Արցախում մարտնչող եղբայրներին: Դատապարտող կոչերով և հայ ազգին ուղղված քաջալերանքի խոսքով են հանդես եկել նաև Վրաստանի  պառլամենտական  ընտրություններում Ջավախքի տարածքում առաջադրված պատգամավորական թեկնածուները, Շրջանային ժողովի պատգամավորները և պաշտոնատար անձինք:

Ստեղծված իրավիճակն ամփոփելով՝ անհնար է չնկատել, որ տարածաշրջանում Հայկական ու Վրացական պետությունները մնացել են որպես քրիստոնեական միացյալ հանգրվան, որը միացյալ համաթուրքական աշխարհի տեսլական հետապնդող Թուրքիայի և նրա խամաճիկ Ադրբեջանի համար անցանկալի միավորում է: Պետք չէ մոռանալ, որ երկու եղբայրական ժողովուրդներն ու նրանց կամուրջի նման ամուր կապող Ջավախքն անսասան բարեկամության ու իրար սատար կանգնելու սկզբունքներում պահելը բխում է երկուստեք շահերից:

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

                                                                           29.09.2020թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica