close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրադադարը ևս մեկ անգամ կդառնա արյունահոսող վերք, ինչը մեզ համար ավելի վատ պատերազմի սկիզբ կլինի․ Կարեն Հովհաննիսյան

Քաղաքական

28 Սեպտեմբերի 2020, 17:59
 Հրադադարը ևս մեկ անգամ կդառնա արյունահոսող վերք, ինչը մեզ համար ավելի վատ պատերազմի սկիզբ կլինի․ Կարեն Հովհաննիսյան

Երեկ երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բաց տեքստով արձանագրեց, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում վերահաստատելով ԱՀ նախագահի հայտարարությունը, շեշտեց, որ մենք այլևս գործ ունենք թուրքական բանակի հետ։

- Տավուշյան մարտերից հետո Թուրքիայի պահվածքից ակնհայտ դարձավ, որ մենք այլեւս գործ ունենք ոչ թե Ադրբեջանի հետ, այլ  հենց Թուրքիայի։ Եթե մինչ այդ Արցախյան հակամարտությունում միջնորդավորված էին հանդես գալիս, ապա այսօր՝ բացահայտ։ Այնպես որ՝ Արցախի նախագահի հայտարարությունն իրականության հետ իսկապես աղերս ունի։ Երկու ամիս շարունակ՝ Ադրբեջանում տեղի ունեցող համատեղ  զորավարժությունների ընթացքում,  Ադրբեջան բերված թուրքական ամբողջ  զինտեխնիկան մնացել է Ադրբեջանում,  եւ այսօր այդ զինտեխնիկան օգտագործվում է Արցախի դեմ։ Ավելին՝ նույնիսկ սեպտեմբերի 19-ին Անկարայից դեպի Գյանջա թռած ռազմական ինքնաթիռները երեկ ռազմական թռիչքներ են իրականացրել և փորձել հակահարվածներ հասցնել։

- Պարո՛ն Հովհաննիսյան, պատմությունը կարծես կրկնվում է, ինչպես 1920 թվականին։ Այսինքն՝ 100 տարի անց  Հայկական հարցի կարգավորում կամ վերջնական լուծում կունենա՞նք, թե՞ կրկին զինադադարի կգնանք։

- Ես ավելի շատ հակված եմ, որ սա պետք է լինի վերջինը, այսինքն՝ այս պատերազմում մենք պիտի վերջ դնենք այդ հրադադարին, որովհետեւ ամեն մի հրադադար նոր մեծ պատերազմի սկիզբ է։ Արցախյան հակամարտության ամբողջ պատմության ընթացքում այս մեկը եզակի է, որովհետեւ թե՛ ռազմական դրություն, թե՛ զորահավաք հայտարարելու փաստը և թե՛ ամբողջ գծի երկայնքով տեղի ունեցող ռազմական գործողությունները վկայում են, որ սա գուցե լինի վճռորոշ, և սրանով ավարտվի այն, ինչը երկար տարիներ ձգվում էր։ Կարծում եմ՝ թեկուզ այդպես էլ չլինի, մենք պետք է գոնե տանենք դրան, որովհետեւ  հրադադարը ևս մեկ անգամ կդառնա արյունահոսող վերք, ինչը մեզ համար ավելի վատ պատերազմի սկիզբ կլինի։

- Թուրքիան գրեթե երկու ամիս է՝ վերազինում է Ադրբեջանին Նախիջևանի կողմից, այդ  ուղղությամբ նոր զարգացումներ կլինե՞ն՝ Արցախին զուգահեռ, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսելը։

- Ընդհանրապես, Թուրքիան վերջին շրջանում, Ադրբեջանի հետ  ձեռք ձեռքի տված, փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել։ Չեմ կարող ասել՝ Ալիեւը դա գիտակցում է, թե՝ ոչ, սակայն Էրդողանը հասավ իր նպատակին, որ տարածաշրջանում անկայունություն լինի, որպեսզի կարողանա իր վերահսկողությունը սահմանել Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն՝ Ադրբեջանի ինքնավարության վրա Էրդողանը կարողանա վերահսկողություն ունենալ։ Տեսեք՝ Նախիջեւանը ոչ թե երկու ամիս, այլ արդեն երկար տարիներ բառացիորեն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ, և այստեղ Թուրքիան իրականացնում է իր բոլոր տեսակի ներքին ցանկությունները․ երբ ուզի՝ զորավարժություն կանցկացնի՝ ինչ չափի, ինչ  մասշտաբի, և  այսօր այնտեղ տեղի  ունեցողի հետ Ադրբեջանը դե ֆակտո բացարձակապես կապ չունի և չի կարող ոչ մի բան անել։ Միշտ պետք է սպասենք, բայց հատկապես այս շրջանում, կարծում եմ, Նախիջեւանի կողմից այդքան էլ սպասելի չէ որևէ հարձակում, որովհետեւ Նախիջեւանը մի քիչ այլ հարցերով, այլ հարթության մեջ այլ խնդիրներով է։

- Իսկ միջազգային հանրության արձագանքն ինչպես կբնութագրեք։

- Ինչպես միշտ է եղել, այսինքն՝ անհասցե հայտարարություններ, կոչեր․․․ Պետք է ասեմ, այս հակամարտության չլուծման համար իր դերակատարությունն ունի նաև հենց միջազգային հանրությունը, որը մշտապես հանդես են եկել անհասցե հայտարարություններով։ Անգամ այն դեպքում, երբ հնարավոր էր կոնկրետ դեպքերի ժամանակ հասցեական հայտարարություն տարածել։ Այնպես որ՝ միջազգային հանրությունը պարզապես հերթապահ հայտարարություններ է կատարում, որպեսզի լեգիտիմացնի իրենց կառույցների գործողությունները։ Ընդհանրապես կարծում եմ, որ պատերազմի ելքերի՝ հրադադարի կամ խաղաղության համար բառացիորեն կապ ունեն ռազմավարական գործընկերները եւ բանակը։

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica