close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փայլանն Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հարցապնդում է ուղղել Թուրքիայի փոխնախագահին

Արցախ

28 Սեպտեմբերի 2020, 17:51
 Փայլանն Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հարցապնդում է ուղղել Թուրքիայի փոխնախագահին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն Արցախի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հարցապնդում է ուղղել Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օքթային։ Փայլանը հարցապնդման մեջ ընդգծել է «Ինչո՞ւ ենք ռազմական կոչերով հանդես գալիս այն դեպքում, երբ համայն աշխարհը զինադադարի կոչ է անում»։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը։ Փայլանը հարցապնդման մեջ մասնավորապես նշել է

«Լեռնային Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև վերսկսված ընդհարումները պատերազմի վերածվելու վտանգի տակ են։ Բազմաթիվ քաղաքացիներ ու զինվորներ զոհվում են բնակավայրերում և ռազմաճակատում․ մարդիկ հարկադրված են լինում արտագաղթել այն շրջաններից, որտեղ ընթանում են այդ բախումները։

Այն  դեպքում, երբ ընդհարումների սկզբում համայն աշխարհը զինադադարի կոչ արեց, Արդարություն և զարգացում կուսակցության գլխավոր ղեկավար և հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բազում պաշտոնյաներ, իսկ և իսկ հրդեհի վրա բենզին լցնելով, իրենց աջակցությունը հայտնեցին պատերազմին։

Թուրքիան, որը Լեռնային Ղարաբաղի հարցում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է կողմ լինի սույն խնդրի լուծմանը, իր միջազգային պարտավորությունները մի կողմ դնելով՝ առանց այլևայլի հայտարարեց, որ աջակցում է Ադրբեջանին։ Նույն հայտարարություններում թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հանդես եկան հայ ժողովրդին և մեր հարևան Հայաստանին ուղղված՝ ատելություն պարունակող արտահայտություններով և ցեղապաշտական մեղադրանքներով։ Այդպիսով՝ թիրախավորվեցին նաև մեր հայ քաղաքացիները։

Իշխանությունը փոխանակ իսկույնևեթ կողմերի միջև համաձայնությունը և խաղաղությունն աջակցելով, որպես միջնորդ նպաստեր սույն խնդրի լուծմանը, չեզոքություն չցուցաբերեց և հանդես եկավ լարվածությունը ավելացնող հայտարարություններով։

Այդ կապակցությամբ հարցնում եմ․

1․ Ղարաբաղում պատերազմի հարցում ինչո՞ւ եք հրդեհի վրա բենզին լցնում։

2․ Այն դեպքում, երբ համայն աշխարհը զինադադարի կոչ է անում, մենք ինչո՞ւ ենք ռազմական կոչով հանդես գալիս։

3․ Մի՞թե չեք հասկացել, որ ցեղապաշտական արտաքին քաղաքականությունը միայն կորուստներ է պատճառում բոլորին։

4․ Պատերազմին աջակցում եք, որպեսզի ավելի շա՞տ զենք վաճառեք Ադրբեջանին։

5․ Արդյոք ճի՞շտ է այն պնդումը, թե Թուրքիայի կողմից վարձկաններ են ուղարկվել Սիրիայից Ադրբեջան։

6․Գոնե երբեմն հիշո՞ւմ եք,  որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եք, կառույց, որն ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով։

7․ Չե՞ք հասկացել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մեծացնում է տարածաշրջանում ռուսական գերիշխանությունը։

8․ Այն դեպում, երբ մենք ունենք թե ադրբեջանցի և թե հայ քաղաքացիներ, ինչու՞ եք ադրբեջանցիներին եղբայր համարում, իսկ հայերին՝ թշնամի։

9․ Չե՞ք գիտակցում, որ հայ ժողովրդին ուղղված՝ ատելություն պարունակող արտահայտություններով թիրախավորում եք մեր հայ քաղաքացիներին»։

http://www.agos.com.tr/tr/yazi/24612/paylan-dan-soru-onergesi-yangina-neden-benzin-dokuyorsunuz

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica