close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմակները՝ սպառնալիք․ հաշմանդամություն ունեցող մարդիկ պարետատան լուսանցքում են

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2020, 20:00
 Դիմակները՝ սպառնալիք․ հաշմանդամություն ունեցող մարդիկ պարետատան լուսանցքում են

Արտաշեսը, դիմակով մարդկանց հետ խոսելիս, աչքերի փոխարեն երևակայությունն է ակտիվացնում․ դրամարկղում, օրինակ, մի օր հարցնում են՝ 10 դրամ ունի՞, որ մանր տան, ցույց է տալիս լսողական սարքն ու զուգահեռ հանում 10 դրամը։ Աշխատակիցը զարմանում է՝ ինչպե՞ս գուշակեց՝ ինչ էր ասում։

Հաղորդակցման հարցում` լսողության խնդիր ունեցող մարդկանց համար ինտուիցիան անփոխարինելի գործիք է դարձել, քանի որ այլ գործիքներ պարզապես չեն մնացել․ դիմակը ծածկում է զրուցակցի շուրթերը, ձեռքերով հաղորդակցվելու հմտություն ոչ բոլորն ունեն, արդյունքում՝ նրանց չեն հասկանում, մարդիկ մեկուսանում են ու ենթարկվում խտրականության։

«Միանշանակ, եթե թափանցիկ դիմակ չէ կամ հաղորդակցման պահին չհանեն, ինչպես նաև չներկայացնեն հաղորդակցման այլ մեթոդներ՝ թուղթ ու գրիչ կամ տեքստային տպում բջջային հեռախոսով, ապա հաղորդակցումը հնարավոր չի լինում իրականացնել»,-Yerkir.am-ին ասաց Արտաշես Հովհաննիսյանը։

Առողջապահության նախարարի հրամանով՝ սահմանվել է «Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը», որում ոչ միայն ձևակերպումներն են սխալ՝ նշվում է «խուլ-համրություն» տերմին, այնինչ պետք է լիներ «խուլ և թույլ լսող», «լսողության խնդիրներ ունեցող» և այլն, այլև այս մարդկանց դիմակ չկրել թույլատրվում է բացառապես բաց տարածքներում, այն էլ՝ միայն իրենց, ոչ թե իրենց հետ հաղորդակցվող անձանց։ Մինչդեռ փակ տարածքներում՝ ասենք, խանութում կամ փոստատանը, նրանք հաղորդակցվելու կենսական անհրաժեշտություն ունեն։

Անգամ այս թերի շարադրված հրամանին, պարզվում է, ծանոթ չեն ոստիկանները․ 14-ամյա Ալբերտ Հարությունյանին, որը թույլ է լսում, ոստիկանը փողոցում տուգանեց՝ դիմակ չկրելու համար։ Տղան փորձեց բացատրել, բայց ոստիկանի համառությունը հաղթեց։ Սա շատ լուրջ սթրեսի պատճառ դարձավ նրա ընտանիքի համար։

Լիլիթ Աղաջանյանը սեպտեմբերի 14-ին որդու նոր շորերը հագցրեց, պայուսակը դասավորեց, վերջին շտրիխը՝ դիմակն էլ դրեց ու դպրոց տարավ։ Մուտքի մոտ սիրտը սկսեց արագ բաբախել․ Նարեկն ուղեղի կաթված ունի, թքահոսություն, թաշկինակով անընդհատ սրբել է պետք, իսկ ծնողին դպրոց չեն թողնում։ Նարեկին խնդրեց, որ ուշադիր լինի, թաշկինակը ձեռքը տվեց, ներս թողեց։ Դասերից հետո, սակայն, երբ որդուն տեսավ դպրոցից դուրս գալիս, ծնկները թուլացան, ձեռքերը դողացին․ Նարեկը ստերիլ դիմակով այնքան էր սրբել թուքը, որ շրթունքի տակ՝ ծնոտի վրա, վերք էր գոյացել։

«Դպրոցներին ներկայացված ուղեցույցում միայն ռիսկի այն գոտում գտնվող երեխաների ցանկն է, որոնք ունեն շաքարային դիաբետ, արյան, սրտանոթային խնդիր և ասթմա։ Բայց կոնկրետ մանկական ուղեղի կաթվածով, աուտիզմով, դաունի համախտանիշով կամ էպիլեպսիայով երեխաների մասով առհասարակ ոչ մի չափորոշիչ ներկայացված չէ։ Իմ Նարեկը սովոր է, որ թուքը պետք է թաշկինակով մաքրել, այդ ամեն ինչը արել է դիմակը դեմքին, անգամ չի կարողացել դիմակն իջեցնել, որ թացը մաքրի, հետո նորից դիմակը բարձրացնի․․․ դա իր համար խնդիր է, ես եմ անում։ Այսինքն, ինքն անընդհատ էդ թուքն ու դիմակը քսելով իրար՝ դունչիկին տենց մեծ վերք է առաջացրել։ Ընդհանրապես, որևէ դետալ, ինչ-որ մի չափորոշիչ, որևէ բան չկա»,-ասաց Լիլիթ Աղաջանյանը։

Դեմքին վերքով էլ Նարեկը շարունակում է դասի նստել դիմակով։ Մայրը խուսափում է ուսուցչին խնդրել՝ բացառություն անել․ եթե հանկարծ ստուգող գա, կարող է վարչական տույժի ենթարկել նրան, դասղեկին կամ տնօրենին։

Նարեկը քաջ տղա է, ուզում է սովորել, ուզում է հաղորդակցվել ընկերների հետ․ դասապրոցեսին տանից՝ օնլայն հետևելը ձանձրալի է։ Նա պատրաստ է անգամ հաղթահարել դժվարություններ․ միայն թե դրանք հաղթահարելի լինեն։

Արև Մելքոնյանը դիմակը դեմքին՝ սայլակով է գնում աշխատանքի, զբոսանքի, տուն։ Հաճախ միայնակ անհնար է՝ պետք է օգնող լինի սայլակը վարել․ մանավանդ մեր՝ չհարմարեցված քաղաքում։ Բայց մեկ ու կես մետր հեռավորություն պահպանելու պարտադրանքը մարդկանց փակուղու առաջ է դնում։  

«Այս պարտադրանքը տեղաշարժվելը կրկնակի, եռակի դժվարացնում և համարյա անհնարին է դարձնում։ Ոչ միայն հենաշարժական, նաև տեսողության խնդիր ունեցողները պարտադիր ուղեկցողով պետք է տեղաշարժվեն, իսկ ուղեկցողը չի կարող մեկ ու կես մետր հեռավորությունից ուղեկցի մարդուն․ պետք է հենվել, պետք է օգնել, գրկել տեղափոխել»,-ասաց նա։

Միայն սայլակը չէ՝ Արև Մելքոնյանը նշեց նաև աջակցող սարքերով քայլող մարդկանց սպառնող վտանգի մասին․ նրանք առանց այդ էլ դժվարանում են շնչել, որովհետև ուժ են գործադրում, որ քայլեն, նրանց ավելի շատ է մաքուր օդ պետք, իսկ դիմակը խանգարում է շնչել՝ կրկնակի դժվարացնելով տեղաշարժվելը։

Դեռ 10 տարի առաջ Հայաստանն ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան։ 

Սա նշանակում է՝ պարտավորվել է պահել նաև Կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որը հստակ ամրագրում է․ «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և ապահովությունը արտակարգ հումանիտար իրավիճակների դեպքում»:

Հայաստանում ոլորտը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Yerkir.am-ը նամակ գրեց նախարարություն՝ տեղեկանալու՝ ինչո՞ւ են նշված հարցերը դուրս մնացել ուշադրությունից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանատվությունը գցեց ԿԳՄՍ նախարարության վրա․ պատասխան նամակում ասաց, որ ԿԱՊԿՈՒ երեխաների համար հեռավար կրթության մատչելիությունը ապահվելու նպատակով նախարար Զարուհի Բաթոյանը նամակ է գրել ԿԳՄՍ նախարարություն (ի դեպ, սխալ ձևակերպմամբ՝ «ԿԳՍՄ»)։

Այնինչ գիտենք, որ այս երեխաների համար հեռավար կրթությունը լուծում չէ․ առանց շփման հնարավոր չէ նրանց ինտեգրումը, այսինքն, լսարանային կրթությունը նրանց համար կենսական է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Yerkir.am-ին ասաց՝ այս հարցերը կարգավորելը նաև միջազգային պահանջ է։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) խորհուրդ են տալիս դիմակներ օգտագործելու ուղեցույցներ մշակելիս՝ չվնասել․ երեխայի գերագույն շահը, առողջությունը և բարեկեցությունը պետք է առաջնահերթ համարել: Ուղեցույցը չպետք է բացասաբար անդրադառնա զարգացման և ուսման արդյունքների վրա»,-ասաց նա:

Լսողական խնդիրներ ունեցող երեխաները դիմակ կրելու դեպքում կարող են բաց թողնել ուսման հնարավորությունները՝ դիմակի կրումից բխող խոսքի դեգրադացված ազդանշանի, շրթունքների և բարձրախոսների արտահայտությունների վերացման և ֆիզիկական հեռավորության պատճառով՝ նշում է ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած փաստաթուղթը։ Նաև ամրագրում, որ այս երեխաները, իբրև սովորական դիմակին այլընտրանք, կարող են կրել հարմարեցված դիմակներ՝ շրթունքները մաքրելու համար, թափանցիկ դիմակներ կամ դեմքի վահան։

«Զարգացման խանգարումներ, հաշմանդամություն կամ առողջության այլ հատուկ պայմաններ ունեցող ցանկացած տարիքի երեխաների համար դիմակների օգտագործումը չպետք է պարտադիր լինի, այն պետք է գնահատվի ըստ դեպքերի՝ երեխային խնամողի կամ բժշկական ծառայության կողմից։ Ազգային ուղեցույցներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար պետք է հստակ նշվեն լրացուցիչ հատուկ նկատառումներ և հարմարեցումներ տարբեր միջավայրերի համար՝ ինչպիսիք են դպրոցները, սպորտդահլիճները և այլն»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Yerkir.am-ի նամակի պատասխանում գրեց, որ «ՀՀ տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկել են և թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրում  ամրագրել, որ մինչև 2022 թվականի մարտը պետք է ստեղծվի հայերեն տեքստը խոսքի փոխակերպող (Text to Speeach) և հայերեն խոսքը տեքստի փոխակերպող (Speaech to Text) տեխնոլոգիա, որը կլուծի լսողության, տեսողության և հաղորդակցման այլ դժվարություններ ունեցող քաղաքացիների հիմնախնդիրների մի մասը»։ 

Մինչև 2022 թ-ի մարտը դեռ երկար ժամանակ կա, հնարավոր է մինչ այդ համավարակ արդեն չլինի, իսկ այս մարդիկ ապրելու համար՝ ժպտալով ու ըմբռնումով փոքրիկ սխրանքներ են գործում ամեն օր։

Այս մարդկանց ոչ միայն մատչելի չեն տեղեկացնում համավարակի դեմ պայքարի միջոցառումները, այլև սահմանափակումներ ամրագրելուց առաջ նրանց կարիքները գնահատող որևէ մոնիթորից չի կատարվել։ Առայսօր վիճակագրություն էլ չկա՝ կորոնավիրուսից մահացածներից քանիսն են հաշմանդամություն ունեցել․ գուցե մահը հենց այդ սահմանափակումներից էլ առաջացրել է։

Համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու՝ մոտ երկու տասնյակ կառավարական միջոցառումների թվում չկա որևէ մեկը, որն ուղղված լինի հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Նախարարությունը նամակում արդարացնում է նաև այս մոտեցումը՝ նշելով որ «ծրագրերը հասանելի են եղել բոլոր քաղաքացիների համար՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող, եթե քաղաքացիները համապատասխանել են տվյալ միջոցառման համար նախատեսված մյուս չափորոշիչներին»:  

Մյուս չափորոշիչներին համապատասխանելը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հեշտ չէ․ Արտաշես Հովհաննիսյանը, որը թույլ է լսում, վկայեց՝ այս անձանց բացարձակ մեծամասնությունը աշխատանք չունի, այդ պատճառով էլ աշխատանքը կորցնելու դիմաց պետական փոխհատուցումն, օրինակ, նրանց չի մխիթարում։

ԱՀԿ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սահմանում են՝ չլսող կամ թույլ լսող մարդիկ կարող են ուրիշներից պահանջել հեռացնել իրենց դիմակը, եթե երկու կողմերն էլ ի վիճակի լինեն պահպանել անվտանգ սոցիալական հեռավորություն՝ 1.8 մետր: Արտաշես Հովհաննիսյանին ծաղիկ վաճառող կինը, միմյանց հասկանալու համար, հենց այդպես էլ արեց․ ՀՀ-ում գործող սահմանափակումներով, սակայն, այդ որոշումը նրան կարող է 10 000 դրամ արժենալ։

Աննա Բալյան 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica