close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն ակնհայտորեն լուրջ գործողությունների է պատրաստվում. Կարեն Վրթանեսյան

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2020, 17:47
 Ադրբեջանն ակնհայտորեն լուրջ գործողությունների է պատրաստվում. Կարեն Վրթանեսյան

Տավուշում սահմանային մարտերից հետո Ադրբեջանն ունի ռևանշի խնդիր, որովհետև սա նաև Իլհամ Ալիևի հեղինակության հարցն է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, որ հայկական կողմը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը՝ իր հայտարարությամբ, թե «Արցախը Հայաստանն է, և վերջ», տապալել է բանակցությունները:

«Ադրբեջանն իր երկրում ունի դեմք փրկելու խնդիր, պետք է ինչ-որ բան անի: Մյուս կողմից՝ Թուրքիան  Ադրբեջանին շատ ակտիվ հրահրում է կոշտ գործողությունների: Կարծում եմ՝ Թուրքիան սա անում է Ռուսաստանի քթի տակ խնդիրներ ստեղծելու համար: Երբ համադրում ենք այս գործողությունները, տպավորություն է, որ Ադրբեջանն ակնհայտորեն տեղեկատվական, դիվանագիտական և քաղաքական մակարդակով լուրջ գործողությունների է պատրաստվում»,- ասաց Վրթանեսյանը:

Փորձագետն ընդգծեց՝ Ադրբեջանի նախագահը երեկ ՄԱԿ-ում ելույթի ժամանակ մեղադրել է ՀՀ-ին Ադրբեջան ահաբեկչական խումբ ուղարկելու և պատերազմի պատրաստվելու մեջ, իսկ որպես ապացույց՝ Ադրբեջանի նախագահը նշել է աշխարհազոր ստեղծելու օրինագիծը՝ ընդգծելով, որ դա վկայում է պատերազմի պատրաստվելու՝ Հայաստանի մտադրության մասին:  

«Այս ամենը նման է հող նախապատրաստելու, որ եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, մեղքը Հայաստանի վրա բարդեն: Ադրբեջանն արդեն իսկ շատ ակտիվ սկսել է Հայաստանի վրա մեղքը բարդելու գործընթացը: Բացի այդ՝ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ի իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանին մեղադրեց մեսիջներ ուղարկելու և իր ակնկալիքները չարդարացնելու, բանակցությունները տապալելու մեջ, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե «Արցախը Հայաստանն է, և վերջ», բավականին երկար ժամանակ է անցել, ինչո՞ւ են  հենց նոր դա հիշում ու ներկայացնում, կարծես դա է պատճառը»,- նշեց փորձագետը:

Կարեն Վրթանեսյանը նաև մտահոգիչ որակեց այս հանգամանքներում Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները՝ նշելով, որ ակնհայտորեն հրահրում են Ադրբեջանին և սրում իրավիճակը:

Հարցին՝ նման պայմաններում ինչպիսի՞ն պիտի լինի հայկական կողմի արձագանքը՝ հաշվի առնելով, որ մինչ այս պահը որևէ հայտարարություն չի հնչել, փորձագետը պատասխանեց. «Ցավոք, չկա համարժեք արձագանք: Ավելին՝ այս պահին պետք են նաև արձագանքներ Մինսկի խմբի համանախագահներից, ընդ որում՝ բավականին կոշտ արձագանքներ, որովհետև ակնհայտ է, իրենք էլ են տեսնում, որ ադրբեջանական կողմն ագրեսիվ պատրաստություններ է տեսնում տեղեկատվական դաշտում: Դա պետք է գնահատականի արժանանա»:

Հիշեցնենք՝ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպման առաջարկ էին արել՝ առանց նախապայմանների, առարկայական բանակցություններ վերսկսելու նպատակով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները տապալել են բանակցությունները և պատրաստվում են նոր պատերազմի, իսկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ալիևի հայտարարությունը որակել էր «հուզական»՝ ընդգծելով, որ հայկական կողմը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու վճռականություն ունի, իսկ թե ինչպե՞ս է այս պահին Հայաստանը պատրաստվում առաջ շարժվել, նախարարը չի մանրամասնել:   

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում հայտարարել էր, թե աշխարհազոր ստեղծելու՝ Հայաստանի մտադրությունը փաստում է Հայաստանի ղեկավարության ագրեսիվ մտադրութան մասին: Ալիևն ընդգծել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնում է Ադրբեջանին նոր պատերազմով՝ նոր տարածքների համար:

 

Վարդուհի Ստեփանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica