close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեւոր է, որ, քարը քարին դնելով, կարողանանք պահպանել ձեռք բերած անկախությունը․ Սարգիս Ստեփանյան

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2020, 20:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեւոր է, որ, քարը քարին դնելով, կարողանանք պահպանել ձեռք բերած անկախությունը․ Սարգիս Ստեփանյան

«Սեպտեմբերի 21-ն ինձ համար փառահեղ տոն է։ Բայց, կարեւոր է, որ, քարը քարին դնելով, կարողանանք պահպանել ձեռք բերած անկախությունը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ, բազկամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը։

Ըստ նրա` թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում բնակվող հայերը պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանն էլ ավելի հզորանա, որպեսզի հարկ եղած դեպքում նենգ հակառակորդին ցույց տանք մեր միասնականությունը, ուժն ու հայի տեսակը:  «Դրա համար, առաջին հերթին, պետք է սիրենք միմյանց, լինենք զիջող, չխանգարենք, այլ ձեռք մեկնենք ընկածին։ Պետք է ուժեղացնենք մեր երկրի հիմքերը, որովհետեւ պատերազմական երկրում ենք ապրում, ունենք նենգ հակառակորդ»,- նշեց սպան։

Մեր դիտարկմանը, թե Անկախությունը մեզ համար թանկ արժեցավ, դեռ երկա՞ր պիտի մեր հերոս տղաների կյանքով վարձահատույց լինենք, նա նախ մատնացույց արեց մեր ուժեղ եւ մարտունակ բանակը, ապա հավելեց․ «Ուզում եմ պատվով ասել՝ կեցցե՛ Հայոց բանակը։ Շնորհակալ ենք մեր հայ զինվորին, Եռաբլուրում հանգչող տղաներին, բոլոր պատերազմների ժամանակ զոհված, արյան գնով հայրենիքը պաշտպանած հայ տղաներին, քանի որ այսօրվա փառահեղ տոնը՝ Անկախությունը, նրանց ներդրումն է։ Արյունով ենք ձեռք բերում եւ պահպանում հայրենիքը։ Իհարկե, դեռ երկար պետք է պաշտպանենք մեր հայրենիքը կյանքի գնով։ Մենք հաղթել ենք, ձեռք ենք բերել անկախություն, կարեւորը՝ պետք է կարողանանք պահպանել այն, ուժեղացնել եւ ամրապնդել»։

Սարգիս Ստեփանյանի պնդմամբ` ի հեճուկս նենգ հակառակորդի, Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ են, քանի որ ունենք հզոր զինված ուժեր: «Մեր սահմանին կանգնած` ծառայություն իրականացնող զինվորականը գիտակցում եւ իր առջեւ դրված խնդիրները կատարում է  պատշաճ ձեւով։ Մենք զգոն ենք եւ հարկ եղած դեպքում` լինի Նախիջեւանի կողմից, թե՝ Արցախի,  ցույց կտանք մեր պատժիչ պատասխանը։ Մենք զգոն ենք եղել միշտ` ե՛ւ տավուշյան, ե՛ւ ապրիլյան, ե՛ւ Արցախյան պատերազմի ժամանակ։ Անգամ, եթե փորձում են դիվերսիոն հետախուզական գործողություններ իրականացնել, մեկ վայրկյան շուտ կանխում ենք, պատժում եւ հետ մղում»,- ասաց նա։

 Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի չարաբաստիկ պատահարից հետո, որի արդյունքում կորցրեց ոտքերն ու աջ ձեռքը, չհեռացավ ե՛ւ զինված ուժերից, ե՛ւ սպորտից։ Ավելին՝ հիմնել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան, ստեղծել մարզադահլիճ, որտեղ բացառապես անվճար մարզվում են հաշմանդամություն ունեցող անձինք:

«2014 թվականին վիրավորվելուց հետո   ծառայությունս չդադարեց, մինչ այսօր ծառայում եմ Հայոց բանակում։ Համատեղ սկսել եմ զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով եւ այս տարիների ընթացքում բավականին հաջողություններ եմ գրանցել՝  Եվրոպայի, աշխարհի գավաթի բազմակի հաղթող եմ դարձել։ Այդպիսով` իմ օրինակը փոխանցում եմ հաշմանդամություն ունեցող մյուս մարզիկներին, որոնք վիրավորվել են հայրենիքի պաշտպանության եւ, առհասարակ, դժբախտ պատահարների ժամանակ»,- ասաց Սարգիս Ստեփանյանն ու շեշտեց, որ կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են մի քանի միջազգային մրցաշարեր․ «Ճիշտ է, մեր մարզումների վրա չի ազդել այս համավարակը` ընդամենը 2 ամիս է փակ եղել մարզասրահը, բայց հուսանք 2021 թվականին, երբ համավարակ չի լինի, կկարողանանք մեկնել մրցաշարերի։ Իսկ մինչ այդ մարզվում ենք, ուժեղանում, պատրաստվում գալիք տարվա մրցաշարին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica