close
Եղանակը Երևանում
31 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռմբակոծող ինքնաթիռը հեռանում էր, մարդը շարունակում էր իր քանդված տանիքը վերանորոգել. նման ժողովուրդը չի կարող պարտվել. Արթուր Եղիազարյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2020, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռմբակոծող ինքնաթիռը հեռանում էր, մարդը շարունակում էր իր քանդված տանիքը վերանորոգել. նման ժողովուրդը չի կարող պարտվել. Արթուր Եղիազարյան

Անկախությունն Արցախյան շարժման ծնունդ էր. 1988 թվականին անկախության մասին չէինք մտածում, այլ հավատում էինք, որ Արցախյան խնդիրը կարող է լուծվել արդար ձևով՝ Խորհրդային միության սահմաններում. Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ, Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանի հիմնադիր անդամ, պահեստազորի սպա` կապիտան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:

Բանախոսը նշում է՝ անկախության գաղափարը սկսեց բարձրացվել 1989 թվականից:

«1989 թվականի մայիսին ցույցերի ժամանակ բարձրացվեց Եռագույնը, և մարդիկ սկսեցին խոսել անկախության մասին: Մեկ տարի անց սկսվեց այդ գործընթացը», - հիշում է Արթուր Եղիազարյանը:

Նշում է` ժողովուրդն այն ժամանակ չէր մտածում, որ Սովետական միությունը կարող էր վերանալ, բայց համարձակվեց գնալ հանրաքվեի` անկախանալու համար:

«Անկախությունը միայն սեպտեմբերի 21-ի հանրաքվեն չէր: Այդ օրը ժողովրդի կամքի դրսևորումն էր, իսկ անկախությունը մենք նվաճեցինք դրանից հետո՝ մի քանի տարի տևած պատերազմի ընթացքում»,- ասում է Եղիազարյանը:  

Շուշիի ազատագրումից հետո Եղիազարյանն ակտիվ գործունեություն ծավալեց Շուշիում: Հիշելով այդ տարիները՝ զրուցակիցս նշում է՝ անտարբեր հնարավոր չէր լինել:

«Հայ մարդն ապրում է այնտեղ, որտեղ աշխատանք կա, որտեղ իր երեխան կարող է կրթություն ստանալ:  Շուշին մոտ 70 տարի հայաթափված էր, և նույնիսկ Խորհրդային միության տարիներին Շուշիում ապրում էր 3000 հայ և 18 000 ադրբեջանցի: Այնտեղ ադրբեջանցիները կենտրոն էին ստեղծել` բուն Արցախի ներսում: Այս վիճակը պետք էր փոխել ու վերահայացնել Շուշին»,- պատմում է Արթուր Եղիազարյանը:

Խոսելով Շուշիում «Արամ Մանուկյան» ազգային վարժարան բացելու մասին՝ նա նշում է, որ այն շատ լուրջ դեր խաղաց Շուշիի բնակեցման և հայության պահպանման համար՝ նպաստելով Շուշիում մշակութային կյանքի արթնացմանը:

Երբ խնդրում եմ զրուցակցիս անցած տարիների մասին հետաքրքիր հիշողություններ պատմել, անկեղծանում է՝ հիշողությունները շատ են, երբեմն էլ անհավատալի է թվում, որ հենց իրենք են անցել այդ ամենի միջով: Եղիազարյանն ընդգծում է՝ հայի տեսակի կարևոր հատկանիշներից մեկը հավատն է ապագայի նկատմամբ:

«Մի դեպք պատմեմ. իմ հարևանությամբ Շուշիում շահումյանցի մի ընտանիք էր ապրում: Մի օր, երբ Շուշին ռմբակոծվում էր, տան հայրը տանիքն էր վերանորոգում, և այդ պահին ադրբեջանական ինքնաթիռը ռումբ է նետում, որը մեր տներից մի քիչ հեռու է ընկնում: Պայթյունի ալիքը հարվածում ու փլում է տանիքը: Ինքնաթիռը հեռանում է, այդ մարդը դուրս է գալիս, սկսում նորից տանիքը կառուցել, չի մտածում, որ մի ժամ հետո կամ հաջորդ օրը նորից ինքնաթիռ կգա, կռմբակոծի: Այսինքն՝ այդ հավատն էր, որ պիտի ապրեր: Այդ ժամանակից ես վստահ ասացի՝ մենք այս պատերազմը հաղթելու ենք, չի կարող նման կամային հատկություն ունեցող ժողովուրդը պարտվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Վարդուհի Ստեփանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica