close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երաժշտության չափորոշիչները կարծես խելագարների խումբ է գրել. hraparak.am

Մշակույթ

20 Սեպտեմբերի 2020, 17:39
 Երաժշտության չափորոշիչները կարծես խելագարների խումբ է գրել. hraparak.am

Թեպետ ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է, որ մեկնարկած կրթական փոփոխությունները ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում են, բայց վերջին շրջանում գնալով ստվարանում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի, ուսանողների, անհատների բանակը։ «Երբ Մյասնիկյանը ղեկավարում էր Հայաստանը, նա իր շուրջը հավաքեց հայ ժողովրդի մտքի ամենակարկառուն ներկայացուցիչներին եւ նրանց միջոցով փորձեց լուծել եւ լուծեց հարցեր․ օրինակ՝ զրոյից նորից կրթություն ստեղծեց։ Ես չեմ գովում խորհրդային կարգերը, բայց այդ կարգերն արդեն հաստատվել էին, եւ պետք էր գործ անել։ Եվ Մյասնիկյանն այդպիսի ուղղություն վերցրեց։ Բայց հիմա՝ հեղափոխությունից հետո, երբ մենք մի նոր Հայաստանում ենք, պետք էր այդ սկզբունքը շարունակել։ Հիմա այդ չափորոշիչները, որ ստեղծել են, ես չգիտեմ՝ դրանց հետեւում մեր այսօրվա մտքի ինչ արժանի մարդիկ են կանգնած»,- ասում է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ու անդրադառնում «Երաժշտություն» առարկայական չափորոշիչներին։ 

«Ինձ թվաց, որ դա խելագար է գրել, որովհետեւ որեւէ նորմալ մարդ նման բան չէր գրի։ Եթե ինձ անգամ 1 մլն դոլար առաջարկեին ու ասեին՝ էդ տեսակ մի բան գրի, ուզենայի էլ, չէի կարող գրել։ Դա ոչ թե թույլ է, վատն է, այլ խելագարություն է։ Առնվազն պետք է խելագար լինես, որ կարողանաս այդպիսի բան գրել։ 89 էջ գրված են երաժշտական չափորոշիչներ, որտեղ Մենդելեեւի աղյուսակների նման աղյուսակներ են կազմված՝ ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություն, նոտայի ռիթմի հարաբերություն, 89 էջ հանձնարարական է։ Մինչդեռ մեր դպրոցներում 10-րդ դասարանն ավարտում են եւ 2 կամ գոնե մեկ հայկական երգ չեն կարողանում երգել։ Այդքանից հետո դա ի՞նչ ծրագիր է, որ դասական երաժշտությունը պետք է լսեն, մարսեն, դեռ մի բան էլ կոմպոզիտորի գործը շարունակեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, 4-5-րդ դասարանի երեխան պետք է ստեղծագործի եւ երաժշտություն ստեղծի։ Այդպիսի հանձնարարություն, բացի Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնից, մյուս բաժնի ուսանողներին էլ չեն տալիս, որովհետեւ չեն կարող ստեղծագործել։ Չպատմեմ մյուս բաները, ուղղակի ասեմ, որ խելագարություն է, այն աստիճան, որ հրաժարվեցի կարծիք գրել, որովհետեւ դա վերլուծելու բան էլ չէ, պետք է միայն գրեի, որ սա խելագար կամ խելագարների խումբ է կազմել։ Ես, օրինակ, կասկածեցի, որ դա նախարարը գոնե աչքով տեսել է, որովհետեւ եթե անգամ չկարդաք, այլ աչքով տեսնեք, կասեք, որ սա խելագարություն է, որովհետեւ անվերջ աղյուսակներ են ու զառանցանքներ գրված։ Օրինակ՝ այնպիսի երաժշտություն պետք է լսի երեխան, որ այդ երաժշտությունը լսելու ընթացքում հանդուրժողականություն սերմանվի նրա մեջ, բայց չգիտես ինչի հանդեպ հանդուրժողականություն»։

Թե ինչով է բացատրում այն հանգամանքը, որ վարչապետը ողջունում է կրթական բարեփոխումները, Շահնազարյանը հետաքրքրվում է․ «Իսկ վարչապետը կարդացե՞լ է երաժշտության չափորոշիչները․ վստահ եմ, որ չի կարդացել։ Ես պատմագիտության մեջ վստահում եմ Արտակ Մովսիսյանին, ով, սակայն, բողոքում է պատմության չափորոշիչներից եւս։ Հետո՝ այնքան կողմ չեմ, որ եկեղեցու պատմությունը, հավատքն առանձնանան, որովհետեւ, իմ համոզմամբ, մենք տեր ենք ե՛ւ նախաքրիստոնեական, ե՛ւ քրիստոնեական մշակույթին։ Եվ պետք չէ առանձնացնել իրարից, որովհետեւ նույն ձեւով կարող ենք առանձին անցնել, ասենք՝ հավատքը Տիգրան Մեծի ժամանակ»։  

Կրթական բարեփոխումները քննադատողներին «խավարամիտների բանակ» անվանող նախարարին Շահնազարյանը պատասխանում է․ «Հիմա ես խավարամի՞տ եմ, որ քննադատում եմ երաժշտության չափորոշիչները։ Ընդունում են մի չափորոշիչ, որը եթե գործեց, մեր երեխաները մի երգ էլ չեն կարողանալու սովորել, որովհետեւ ուսուցչի վզին դնելու են մի հանձնարարական, որն անիրագործելի է։ Ինչպես մի ժամանակ քերականախեղդ էին անում երեխաներին, եւ նա ոչ միայն քերականությունը չէր սովորում, այլեւ անգամ մի գրագետ նամակ չէր կարողանում գրել։ Ես Լոռիում գյուղեր գիտեմ, որ 3 տառով էին գրում՝ տ, դ, թ-ի փոխարեն տ էին գրում, պ, բ, փ-ի փոխարեն՝ պ, իսկ շ, զ, ս-ի փոխարեն՝ ս։ Ասել էին՝ ինչի՞ ա պետք էդ 36 տառը, եթե կարելի ա ավելի կարճ գրել։ Հիմա, այս երաժշտության չափորոշիչն այնպես է արված, որ իսպառ ջնջեն երաժշտության դասը դպրոցից, եթե առաջ երգել էին սովորում, հիմա դրա ժամանակն էլ չեն ունենա, որովհետեւ կսկեն զառանցանքով զբաղվել։ Հետո՝ չեմ կարծում, որ որեւէ ուսուցիչ գլուխ հանի, թե այնտեղ ինչ է գրված, բոլորը մոլորված են մնալու։ Այդ չափորոշիչները կապ չունեն երաժշտության հետ»։

Արթուր Շահնազարյանն անդրադարձավ նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ կապված հարցին, ով, ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն, այլեւս չի կարող տնօրեն աշխատել․ «Ո՞նց կարելի է Բլեյանի նման մարդուն ասել՝ գնա տունը նստի։ Մեր երկիրն ա՞յն վիճակում է, որ նման շռայլություններ թույլ տա, հազար խնդիր ունի լուծելու, տարբեր մարտահրավերներ կան մեր առջեւ կանգնած, եւ մեր լավագույն ուժերը պետք է երբեք բաց չթողնենք։ Օրենքը՝ օրենք, պետք է պահենք, բայց նաեւ այլ ձեւ գտնենք, որովհետեւ թեպետ ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան, բայց երբեմն լինում են, տվյալ դեպքում տիար Բլեյանն անփոխարինելի է, նույնիսկ էներգիայով է անփոխարինելի, որեւէ երիտասարդ չի կարող առավոտ 5-ին արթնանալ եւ աշխատել զօրուգիշեր, ինչպես ինքը։ Հիմա ի՞նչ կարիք կա իր ձեռքը վերցնելու այդ դպրոցի վրայից։ Եթե խնդիրն օրենքի մեջ է, ուրեմն մի օրինակ բերեմ․ ես հողեր ունեմ Բյուրականում, իմ սեփականության թղթով արոտ է, բայց ինձ եկել է այգու հարկ, երբ ես այգի չունեմ։ Ինձ ստիպել են, եւ ես այդ այգու հարկը վճարել եմ եռապատիկ ավել։ Հիմա երեւի մտածել են, որ կորցրել եմ իմ չեկը, ինձ նորից զրոյական հարկ է եկել, որ իբր փող չեմ վճարել։ Մինչդեռ այդ ստորագրած չեկն ունեմ՝ մոտ հազար դոլարի չափ։ Ասածս այն է, որ թող նման բաների հետեւից ընկնեն, որը միայն ինձ չի վերաբերում։ Երբ ես ասացի՝ սա ի՞նչ բան է, ինձ հարկայինից մի ծանոթ ասաց՝ Շահնազարյան ջան, ամբողջ գյուղերին են սենց սուտ հարկեր գնում, ջրի հարկից սկսած՝ համատարած այս վիճակն է։ Հիմա ես չեմ ասում, որ վարչապետը սրան տեղյակ է, վարչապետը հաստատ մոռացել է, որ նախքան վարչապետ դառնալը ես իրեն մի քանի տարի առաջ այս ամբողջի մասին պատմել եմ, երբ ինքը դեռ պատգամավոր էր, որովհետեւ սա էլի է կրկնվել, բայց այսօր ոչինչ չի փոխվել, էլի զրոյական հարկ է գալիս։ Այսինքն՝ մենք ավելի առաջնային խնդիրներ ունենք, բայց օրենքը մեկ էլ հիշում են այնտեղ, որ մնում ես շշմած։ Ամբողջ դպրոցական համայնքի ծնողները, երեխաներն ուզում են, որ այդ մարդը լինի այդ մինի պետության ղեկավարը, որովհետեւ դա արդեն կրթահամալիրից ավելին է»։

Շահնազարյանը նկատում է, որ կրթահամալիրի շատ ծրագրեր ինքն է կազմել, բայց օրեր առաջ իմացել է, որ նախարարությունը որոշակի արգելքներ է դրել․ «Հիմա էլ արգելել են դպրոց մտնելուց առաջ Կոմիտաս երգել․ մենք նման ավանդույթ ունեինք՝ երեխաները դրսում Կոմիտաս են երգում, հետո նոր մտնում են դպրոց, բայց նախարարությունից արգելել են՝ ասելով, որ կորոնավիրուս է, եւ միասին երգել չի կարելի․․․ մնում է ասեն՝ տանն էլ չի կարող երգել, մարդը դուրսը կանգնած երգում է, դպրոց էլ չի մտել, ինչո՞ւ եք արգելում։ Այսինքն՝ պետք է սոցիալական կոմիտասյան հեռավորությո՞ւն պահպանեք»։

Աղբյուրը՝ hraparak.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica