close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անընդհատ փողից ենք խոսում, կինոն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի․ Մ․Հայրապետյանը՝ Ա․ Խզմալյանին

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2020, 17:29
 Անընդհատ փողից ենք խոսում, կինոն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի․ Մ․Հայրապետյանը՝ Ա․ Խզմալյանին

Թեև օրերս կառավարությունը բացասական կարծիք էր տվել, Ազգային ժողովն այսօր քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Այն հեղինակել են ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը եւ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանն ու Արման Եղոյանը:

«Մինչ օրս ՀՀ-ում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական որևիցե ակտ, որի արդյունքում մի շարք կարևոր հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել: Որևիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ  տարածքում: Կինոթատրոններում և հեռուստատեսային ֆիլմերի հրապարակային ցուցադրումն իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների»,- ԱԺ ամբիոնից ասաց Աննա Կոստանյանը օրինագծի փաթեթը ներկայացնելիս:

Ըստ նրա՝ նախագծի մշակման ժամանակ ուսումնասիրել են միջազգային փորձը: «Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի և հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումներին, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը և մրցունակցության բարձրացմանը»,- թվարկեց Աննա Կոստանյանը։

Ինչեւէ, ոլորտը համակարգող ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, վերահաստատելով կառավարության տված բացական եզրակացությունը, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերոնշյալ օրենքով՝ կինոյի ոլորտի ԱԱՀ-ի հարկի մեղմացումը հակասում է գործադիր իշխանության քաղաքականությանը։ Ըստ նրա՝ այն բարդացնում է հարկահավաքման գործընթացը: «Կարծում եմ՝ օրենքը լուրջ կարիք ունի կանոնադրական բեռնաթափման, օրենքի մեջ մտել են պրոցեդուրաներ, որոնք միանգամայն կարգավորվում են այլ իրավական ակտերով, և օրենքն ընթացակարգային, կանոնակարգային իմաստով բեռնաթափում պետք է ունենա»,- պնդեց փոխնախարարը:

Կինոյի մասին օրենքի նախագծի համահեղինակ Մխիթար Հայրապետյանը, ընդունելով, որ ֆինանսական մասով կան խնդիրներ, շեշտեց՝ կինո երեւույթին պետք է մոտենալ  բոլորովին այլ կողմից: «Անընդհատ փողից ենք խոսում՝ հարկահավաքության վրա կազդի, թե չի ազդի,  կինոն ուղղակիորեն կրթական կարևորագույն մեծ բաղադրիչ ունի, տասնամյակներ շարունակ կինոյի դերը ստորադասված է եղել։ Մեկ տարուց ավելի աշխատել ենք օրենքի մշակման վրա, ընդունում եմ՝ իդեալական չէ, սակայն բաց ենք ծանրակշիռ առաջարկների համար»,- ասաց նա։

Ավելի վաղ Yerkir.am-ի հետ զրույցում օրենքի նախագծի համահեղինակ՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էլ չէր բացառել օրենքի թերի կողմերի առկայությունը: «Նախագիծը մշակելիս արդեն իսկ կանխատեսել էինք, որ կառավարությունը նման եզրակացություն կարող է տալ, որովհետեւ այնպիսի ազատական արտոնություններ են նախատեսում, որոնք կառավարության տեսանկյունից երևի թե ընդունելի չեն, սակայն, կարծում եմ,  քննարկելի են։ Հույս ունեմ, որ դրական քվեարկությամբ այն կանցնի 2-րդ ընթերցման, եւ այդ ընթացքում հնարավորություն կունենանք շտկելու բոլոր թերությունները, որոնք հնարավոր է խնդրահարույց են թե՛ կառավարության, թե՛ այն անձանց համար, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ»,- նշել էր պատգամավորը։

Նա լավատես է, որ մինչեւ տարեվերջ, ի վերջո, կունենանք կինոյի մասին օրենք: Ըստ Աննա Կոստանյանի՝ հարցն այլեւս հետաձգելի չէ. «Ոլորտում տեղի ունեցող քաղաքականությունը մեծ հույսեր չի ներշնչում։ Կինոյի ոլորտի զարգացման, ապագայի մասով ինչ-ինչ տեղաշարժեր կան, ոլորտը ինչ- որ առումով շնչում է, բայց պետք է հասկանանք, որ կինոն լավագույն գործիքն է, որի միջոցով Հայաստանը պետք է աշխարհին ասելիք ունենա։ Որպեսզի փորձենք թռիչքային զարգացում ապահովել ոլորտում, պետությունը աջակցության իր չափաբաժինը պետք է ունենա։  Բացի այն, որ կինոն արվեստ է, այն բավականին ծանրակշիռ տնտեսական բաղադրիչ է պարունակում եւ տնտեսության զարգացման համատեքստում կարող ենք ֆիլմարտադրությունը դիտարկել որպես ծանրակշիռ գործիք»։

Ա․ Կոստանյանի զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica