close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը Լիբանանից ՀՀ ժամանող հայերի համար պարզաբանել է քաղաքացիություն ստանալու կարգը

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2020, 21:26
 Ոստիկանությունը Լիբանանից ՀՀ ժամանող հայերի համար պարզաբանել է քաղաքացիություն ստանալու կարգը

ՀՀ ոստիկանությունը Լիբանանից ՀՀ ժամանող հայրենակիցների համար պարզաբանել է քաղաքացիություն և վարորդական վկայական ստանալու կարգը։

Պարզաբանման մեջ նշված է. «Վերջերս նկատվում է սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից մեր հայրենակիցների հոսք Հայաստան։ Ի թիվս այլ գերատեսչությունների՝ ոստիկանությունը նույնպես այս ուղղությամբ իրականացնում է համապատասխան աշխատանք։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, համագործակցելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, սկսել է իրազեկումների շարք։ Պարբերաբար տրվում է տեղեկություն՝ ոստիկանության տարածքային բաժինների, դրանց տեղակայման վայրերի վերաբերյալ և կոնտակտային տվյալներ։
Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները կարող են նաև առնչվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ։ Այստեղ հիմնականում նրանք դիմում են քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու համար։

ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը սահմանվում է «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով։ Ազգությամբ հայերը կարող են քաղաքացիություն ստանալ պարզեցված ընթացակարգով։ Մասնավորապես՝ առանց ՀՀ-ում վերջին 3 տարում օրինական հիմունքներով բնակվելու, Սահմանադրության վերաբերյալ թեստ հանձնելու և հայոց լեզվին տիրապետելու պահանջների կատարման։

«Ազգությամբ հայերը քաղաքացիություն ստանալու համար դիմում են ԱՎ վարչություն կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝ սահմանված կարգի դիմում, լրացնում են դիմում-հարցաթերթիկ՝ հայերենով, իրենց անձնագիրը և դրա նոտարական վավերացմամբ թարգմանությունը, 6 գունավոր լուսանկար, ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը, իսկ եթե օտարալեզու է, ազգությամբ հայ լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, որոնք սահմանված են համապատասխան նորմատիվային որոշմամբ, նաև պետական տուրքի վճարման անդորրագիր, որը 1000 դրամ է։ Քաղաքացիություն ստանալու դիմումները ներկայացվում են անձամբ՝ բացառությամբ անգործունակ ճանաչված քաղաքացիների, որոնց դեպքում դիմումը ներկայացվում է խնամակալի միջոցով։ Դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում, և քաղաքացիության հարցերը լուծվում են ՀՀ նախագահի հրամանագրով»,-նշեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժանմունքի պետ Իրինա Մկրտչյանը։

Սփյուռքից, մասնավորապես՝ Լիբանանից ժամանած մեր հայրենակիցները Հայաստանում կարող են ունենալ նաև վարորդական իրավունքի վկայականի հետ կապված խնդիրներ:
«Լիբանանի իրավասու մարմինների կողմից տրված լիբանանյան ազգային վարորդական իրավունքի վկայականներով ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ցանկացած քաղաքացի իրավունք չունի տրանսպորտային միջոց վարել Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ Լիբանանը չի միացել 1968 թվականի Վիեննայի միջազգային երթևեկության մասին կոնվենցիային», - նշեց ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։

Հայաստանում մեքենա վարելու համար մեր հայրենակիցները պետք է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հանձնեն համապատասխան քննություն։

«ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականների հատկացման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2008 թվականի համապատասխան որոշմամբ հաստատված կարգով։ Ըստ որի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմող քաղաքացիները պետք է հանձնեն տեսական քննություն, որի դրական արդյունքի դեպքում՝ նաև գործնական քննություն։ Գործող իրավակարգավորումներով և հնարավորություններով տեսական քննություն կարելի է հանձնել դեռևս միայն հայերեն ու ռուսերեն։ Առաջիկայում կավելացվեն նաև արաբերեն, պարսկերեն և անգլերեն լեզուները», - նշեց ՃՈ բաժնի պետի տեղակալ Սամվել Ներսիսյանը։

Համավարակով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները աշխատում են նախապես օնլայն հերթագրմամբ։ Այսինքն՝ նախապես պետք է էլեկտրոնային փոստին ուղարկել դիմում և ստանալ քննության օրն ու ժամը։ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների էլեկտրոնային հասցեները կարելի է գտնել police.am կայքում։

Անձնագրային և վիզաների վարչության գործառույթների վերաբերյալ մեր հայրենակիցները կարող են զանգել` 010-37-02-64 հեռախոսահամարով, իսկ ճանապարհային ոստիկանության գործառույթների հետ կապված հարցերի դեպքում՝ 177 հեռախոսահամարով»։

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica