close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սերունդներին ճիշտ կրթեն, դասական երաժշտությունը խորթ չի լինի. Նորայր Նազարյան

Մշակույթ

3 Սեպտեմբերի 2020, 10:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սերունդներին ճիշտ կրթեն, դասական երաժշտությունը խորթ չի լինի. Նորայր Նազարյան

Սեպտեմբերի 5-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր թատերաշրջանը կսկսի բացօթյա համերգային ծրագրով:

Yerkir.am-ի հետ զրույցում Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը հույս հայտնեց, որ բացօթյա պայմաններում ավելի շատ հանդիսատես հնարավորություն կունենա վայելելու համերգը: Տնօրենը վստահ է, որ, երաժշտության ձայնը լսելով, հարակից բակերի բնակիչներն ու անցորդներն էլ հաստատ մասնակից կլինեն։

Ըստ նրա՝  համերգասրահի տոմսարկղում դեռևս աշխուժություն չկա, բայց հետաքրքրվողներն անթիվ են: «Դա բնական է, քանի որ մարդիկ չեն պատկերացնում, թե որտեղ է լինելու համերգը: Մենք էլ բացատրում ենք, որ Կամերային երաժշտության տան տարածքում»,- ասաց Նորայր Նազարյանն ու չբացառեց այն հանգամանքը, որ հանդիսատեսը դեռ վախվորած է. «Սպասում են, որ օրերը մոտենա, նոր կարողանան կողմնորոշվել, քանի որ այստեղ եղանակային պայմաններն էլ կարող են ամեն վայրկյան խոչընդոտել»։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենը նաեւ շեշտեց, որ կառույցը մեծ է ու ընդգրկում է հինգ երաժշտախումբ, բայց հիմնական խնդիրները երկուսն են՝ աշխատանքային եւ ֆինանսական: «Մեծ մտահղացումներ ենք ունենում, սակայն դրանք իրականացնելու համար առաջին հերթին համապատասխան ֆինանսական օգնություն է պետք եւ հետո՝ հրավիրված մենակատարներ թե՛ երկրից դուրս եւ թե՛ մեր երկրից»,- ասաց նա, ապա մտաբերեց՝ գործիքների խնդիրն էլ է ցավոտ հարց, բայց դրա լուծումն էլ են գտել. «Ամենաուշը հունվար ամսին դահլիճում կունենանք նոր ռոյալ, ինչպես նաև նոր հարվածային գործիքներ, այսինքն՝ այն գործիքները, որոնք անհրաժեշտ են Կամերային երաժշտության տանը, քանի որ հարկ եղած դեպքում խնդրում էինք ֆիլհարմոնիկ նվագախմբին կամ օպերային թատրոնին։ Ճիշտ է, հնարավորության դեպքում տալիս էին, եթե՝ ոչ, ստիպված էինք լինում փոփոխություն կատարել ծրագրում»։

Ըստ մեր զրուցակցի՝ համավարակը ոչ միայն ստիպեց, որ նոր մարտահրավերների մասին մտածեն, այլև տվեց հնարավորություն, որ կարողանան պլանավորել աշխատանքն այնպիսի ֆորսմաժորային իրավիճակում, ինչպիսին համավարակն է:  «Մեր մեծերը նույնիսկ չեն հիշում, թե երբ է նման բան տեղի ունեցել, որ ողջ աշխարհը կանգնած լինի նման խնդրի առջեւ։ Բայց ուսումնասիրում ենք աշխարհի փորձը, թե ինչպես են պլանավորում իրենց աշխատանքները, ինչ նորարարություններ են մտցնում իրենց առօրյայի ու աշխատանքային պրոցեսի մեջ, որպեսզի մենք էլ փորձենք ընդօրինակել ու մերը ստեղծել»,- ասաց Նորայր Նազարյանն ու լավատեսական եզրահանգում արեց. «Կարծում եմ՝ առաջիկայում այս համավարակը չի լինի, եւ կանցնենք մեր բնականոն աշխատանքային կյանքին։ Անկախ այս ամենից՝ համավարակի թելադրանքով կատարված միջոցառումները ժամանակի լավագույն լուծումներն են»:

Այդուհանդերձ, նա համոզված է.  «Եթե սերունդներին ճիշտ կրթեն, դասական երաժշտությունը խորթ չի լինի, եւ կփորձեն ավելի շատ հաճախել համերգասրահներ, թանգարաններ ու թատրոններ: Դասական արվեստը մեր կյանքն է, որում մենք ապրում ենք, պարզապես պետք է այդ դասականի հետ առերեսվել»։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:

Արցախի ճանաչման պահն է
25 Հոկտեմբերի 2020, 15:37 Արցախի ճանաչման պահն է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica