close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ միացում, ոչ անկախության ճանաչում, առկա վիճակը աշխատում է մեր դեմ. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

2 Սեպտեմբերի 2020, 10:13
 Ոչ միացում, ոչ անկախության ճանաչում, առկա վիճակը աշխատում է մեր դեմ. Արմեն Ռուստամյան

«Դրօշակ»ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ

-Ընկեր Արմեն, 1991 թվականից սեպտեմբերի 2-ը մեր պատմության մեջ արձանագրված է, որպես Արցախի Հանրապետության անկախության օր: Ինչպես եք գնահատում պետականության կայացման ճանապարհով Արցախի անցած ուղին:

Նախ եւ առաջ պետք է արձանագրել, որ ԼՂՀ հռչակման մասին 1991թ. սեպտեմբերին ընդունված պատմական նշանակություն ունեցող փաստաթղթով ոչ միայն ազդարարվեց հայկական երկրորդ պետության անկախության հռչակումը, այլեւ ամուր հիմք ստեղծվեց դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու միջազգային եւ ներպետական իրավական կառուցակարգերին նրա լիարժեք համապատասխանությունն ապահովելու համար:

Ըստ այդմ Արցախի ժողովուրդը ամուր հիմքերի եւ միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի քայլերի շնորհիվ իրացրեց սեփական իշխանություններ ձեւավորելու իր անօտարելի իրավունքը եւ արդեն երեք տասնամյակ է ինչ համայն աշխարհին փաստում է անկախ պետություն ունենալու եւ այն պաշտպանելու իր կամքն ու կարողությունը: Այդ կամքն ու կարողությունը միանշանակ եւ հստակորեն Արցախի ժողովուրդն արտահայտել է, թե 1991թ. անկախության եւ թե դրան հաջորդած սահմանադրական հանրաքվեների միջոցով: Այդ հանրաքվեների ամփոփ եւ հստակ ուղերձը հետեւյալն է՝ հակամարտության որեւէ կարգավորում կամ ստատուս քվոյի փոփոխություն, որը չի ապահովում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի եւ նրա տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված հարցերի առաջնահերթ լուծում անընդունելի է Արցախի ժողովրդի համար:

Այս ողջ ընթացքում, շարունակ գտնվելով պատերազմական եւ շրջափակման վիճակում, հայ ժողովուրդը կարողացել է բարեհաջող լուծել այս խնդիրը՝ ապահովելով եւ պահպանելով մեր ազատամարտի հաղթանակը: Եւ սա է մեր սերնդի ամենամեծ ձեռքբերումը: Այս հաղթանակն է, որ պետք է աչքի լույսի պես պահվի եւ փոխանցվի հաջորդ սերունդներին:

– Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում այսօր Արցախի առջեւ, ի՞նչպես եք գնահատում ներկա քաղաքական եւ դիվանագիտական գործընթացները, արդյո՞ք ճիշտ ճանապարհով ենք առաջ ընթանում եւ որքանով են ներկա քաղաքական–դիվանագիտական գործընթացները ներդաշնակ անցած ճանապարհի եւ արձանագրված ձեռքբերումների հետ:

-Մարտահրավերը հստակ է՝ նախ եւ առաջ, հիմնախնդրի լուծման հայեցակարգից չշեղվելու համար, հավատարիմ մնալ Հայաստանի անկախության եւ ԼՂՀ հռչակման մասին հռչակագրերին՝ դրանով Հայաստանին Արցախի միացումը ամրագրել, որպես ռազմավարական նպատակ, իսկ Արցախի անկախության հռչակումը, որպես անհրաժեշտ մարտավարական հանգրվան: Ո՛չ միացում ո՛չ էլ անկախության ճանաչում, առկա վիճակը ոչ միայն չի համապատասխանում վերոնշյալ հռչակագրերին այլեւ աշխատում է մեր դեմ՝ լինի դա ներսում թե դրսում: Ներսում դաշտ է թողնում միացման եւ անկախության միջեւ հակադրություններ փնտրողների համար, իսկ դրսում առաջացնում է ազատագրված տարածքների նկատմամբ Արցախի ժողովրդի ունեցած լեգիտիմ վերահսկողությունը միջազգայնորեն ամրագրելու խնդիրներ: Հետեւաբար դե ֆակտո առկա իրողությունների դե յուրե ամրագրումը՝ հստակ հայեցակարգի շրջանակներում, հրատապ անհրաժեշտություն է եւ կարեւորագույն մարտահրավեր հայկական կողմերի համար:

Հենց այս մարտահրավերը հաղթահարելուն է ուղղված երկու հայկական պետությունների միջեւ առկա փոխհարաբերությունները ռազմավարական դաշինքի կնքման միջոցով, իրավապայմանագրային մակարդակում ամրագրելու, նախաձեռնությունը: Միջազգային իրավունքի տեսանկյունից այսպիսի դաշինքի լեգիտիմությունը ակնհայտ է: Քանզի ակնհայտ է, որ Արցախի նկատմամբ որեւէ ռազմական ագրեսիա կամ սպառնալիք անմիջականորեն ուղղված է նաեւ համայն հայության ու Հայաստանի դեմ: Ակնհայտ է նաեւ, որ չեն կարող շարունակաբար միջազգային հանրության կողմից անտեսվել հակամարտության գոտում բնակվող մարդկանց տարրական իրավունքները կամ կասեցվել հումանիտար ծրագրերի իրականացումը, սոսկ այն պատճառով, որ չի հաջողվել մինչ օրս կարգավորել այդ հակամարտությունը:

Հետեւաբար հումանիտար եւ անվտանգային խնդիրները տարբեր՝ այդ թվում իրավական, մակարդակներում կարգավորելը միջազգային լավագույն պրակտիկային համահունչ գործընթաց է, լիովին արդարացված: Առավել եւս, թուրք ադրբեջանական տանդեմը, եւ նրա թշնամական էությունը կենսական անհրաժեշտություն են առաջացնում Հայաստան-Արցախ տանդեմի ձեւավորման, դրա իրավապայմանագրային ամրապնդման եւ Հայաստանի, որպես Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորը լինելու փաստի միջազգային ճանաչման համար:

Այս համոզումն ու գիտակցությունն էր համախմբել անցյալ տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի մասնակիցներին, ովքեր բազմակողմանի եւ խորքային քննարկումների արդյունքում ընդունեցին համապատասխան հռչակագիր: Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի վերջերս իրականացրած հերթական ագրեսիան կրկին անգամ ահազանգում է այդ հռչակագրով ազդարարված ռազմավարական դաշինքի գործնականացման հրատապությունը:

-1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած ԽՍՀՄ-ից անկախացման հանրաքվեի օրը մենք նշում ենք որպես Հայաստանի անկախության օր: Տոնի առիթով անշուշտ ընդունված է խոսել ձեռքբերումների մասին, ցավոք, հնարավոր չէ շրջանցել այն փաստը, որ այս ճանապարհին մենք ունեցել ենք նաեւ ձախողումներ ու կորուստներ: Գոյություն են ունեցել անշուշտ առարկայական պատճառներ, ինչպես օրինակ Արցախյան պատերազմը, շրջափակումը, ընդհանուր պետության փլուզումը եւ այլն, արդյոք սակայն իրացվել են բոլոր հնարավորությունները եւ բացթողումներն ու սխալները չեն նաեւ պատճառը, որ գտնվում ենք այսօր այն կետում ուր գտնվում ենք՝ մեր առկա հնարավորություններով:

– Ինչպես մարդու գոյության համար շնչառություն է պետք, այդպես էլ ազգի լինելիության համար՝ անկախություն: Տվյալ դեպքում խոսքը մարդ տեսակի, այլ ոչ թե բոլոր շնչավորների մասին է եւ իր ինքնությանը տեր կանգնող ազգի, այլ ոչ թե ընդհանրապես բնակչության մասին:

Ուստի, ըստ իս, անկախությունը հիրավի հզոր միջոց է միայն այն ազգերի ձեռքում, որոնք ձգտում են, պահելով իրենց տեսակն ու ինքնությունը՝ հասնել կատարելագործման: Մենք այդ միջոցից օգտվել ենք երկարատեւ ընդմիջումներով եւ հիմա ներկա սերնդի առաքելությունն է վերականգնել անկախության դերն ու նշանակությունը պետականաշինության եւ համազգային նպատակների ապահովման գործում: Այդ առումով երեսուն տարին շատ չէ, բայց քիչ էլ չէ՝ նորանկախության գործընթացը ճիշտ ուղղորդելու համար : Դրա համար, ըստ իս, նախ պետք է ներքին համաձայնության հասնել նորօրյա մեր պատմության գլխավոր էջերի անկողմնակալ եւ ճշգրիտ գնահատման հարցում, որ սերունդներին աղավաղված ու ապակողմնորոշող պատկեր չփոխանցի: Սա իհարկե շատ բարդ ու լուրջ խնդիր է, բայց դրա կարեւորությունը հաշվի առնելով հուսով եմ մի օր կարվի: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ որոշակի արձանագրումներ կարելի է անել:

Իհարկե ԽՍՀՄ փլուզումը այն գլխավոր պատճառն էր առանց որի անհնար է պատկերացնել նրան մաս կազմող հանրապետությունների անկախացումը: Բայց, ի տարբերություն մյուսների, Հայաստանի անկախությունը ձեռք է բերվել արցախյան ազատամարտի պայմաններում եւ դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար Հայաստանի անկախությունից եթե չլիներ այս հաղթանակը: Հետեւաբար անկախության ամենամեծ եւ պատմական ձեռքբերումը եղել եւ մնում է Արցախյան ազատամարտի հաղթանակը, որի շնորհիվ այսօր հայոց պետականությունը տարածվում է 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքների վրա: Այս ձեռքբերումը անգնահատելի է, սրա նկատմամբ ոչ մի այլ բան չի կարող գերակա լինել: Սա մեր լուսահոգի նահատակների կտակն ու ավանդն էր եւ անկախության այս սերունդը այն պարտավոր է պահել ու պահպանել, որպես գրավական մեր գալիք սերունդների արժանապատիվ ապագայի: Իսկ ձախողումների գլխավոր պատճառը, ըստ իս, ազգային-պետական ուղեգծից շեղումներն են: Սեպտեմբերի 21-ի հանրաքվեն փաստեց անկախ ապրելու մեր ժողովրդի անսասան կամքը՝ բայց դրա սկիզբը դրվեց 90թ. անկախության մասին հռչակագրով, որն այժմ հազվագյուտ փաստաթղթերից մեկն է, որ ընդունվել է լայն համախոհությամբ, Խորհրդարանի կողմից: Այդ փաստաթուղթն էր ըստ էության, որ հռչակում էր անկախության գործընթացի սկիզբն ու ուղղությունը եւ ամրագրում ազգային պետական հստակ ուղեգիծ: Առաջին շեղումները հենց մատնանշված այդ ուղղությունից եղան, որն էլ հետագայում հանգեցրեց, թե Արցախի հարցում պարտվողականության, թե երկրի ներսում լուրջ շեղումների ժողովրդավարական եւ իրավական պետության չափանիշներից: Ցավոք այսօր էլ այդպիսի վտանգները չեն վերացել, կրկին նկատելի են դարձել եւ օրեցօր ավելի են խորանում:
Եւ կրկին պատճառների պատճառը, ըստ էության նույնն է՝ շեղումը համազգային նպատակներին ուղղված ազգային-պետական ուղեգծից: Ուստի առաջնահերթ խնդիր է շտկելը երկրի զարգացման ուղղությունը եւ չեզոքացնել այս վտանգները:

«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
27 Հոկտեմբերի 2020, 18:30 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica