close
Եղանակը Երևանում
15 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ թուրքական ծրագրին մասնակցում ես առանց թաքնված նպատակի, նշանակում է՝ գնում ես ծախվելու. Սպարտակ Ղարաբաղցյան

Քաղաքական

15 Օգոստոսի 2020, 21:43
 Երբ թուրքական ծրագրին մասնակցում ես առանց թաքնված նպատակի, նշանակում է՝ գնում ես ծախվելու. Սպարտակ Ղարաբաղցյան

Կրթական չափորոշիչների, դրանց մշակողների՝ թուրքական տարբեր ծրագրերում ներգրավված լինելու սկանդալը դեռ չմարած, հիմա էլ բուռն քննարկումներ են սկսվել  թուրքական «Անադոլու քուլթուր» հիմնադրամի  հայտարարած, հայ և թուրք արվեստաբանների մասնակցությամբ նոր նախագծի շուրջ։  Հայ–թուրքական հաշտեցման համատեղ  ծրագրերի, դրանց վերաբերյալ հանրային արձագանքների, հայ–թուրքական «մշակութային հակամարտության» և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է պատմաբան, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ։

«Անադոլու քուլթուր» հիմնադրամի  կազմակերպած «Ապագայի ապագա» անվանումը կրող նախագիծը հանրությունը միանշանակ չընկալեց. անգամ որակումներ հնչեցին, որ այս ծրագիրը դիվերսիա է Հայաստանի նկատմամբ և նպատակ ունի հավաքագրելու մեր արվեստագետներին։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

Նման ծրագրերը նոր չեն, որ անակնկալի գանք, սրանց ծիլերը դեռ ՀՀՇ–ի ժամականերից եղել են, սակայն այն ժամանակ նման նախագծերը հաճախ գաղտնի էին իրականացվում, հիմա ամեն ինչ շատ ավելի բացահայտ է արվում։ Այս թեմայի շուրջ հանրային արձագանքը պատահական չէ, քանի որ սա մեր ցավոտ տեղն է, թեև չէի ասի, որ հանրային արձագանքն այդքան հզոր է, քանի որ թավշյա հեղափոխության հետեւանքով հասարակությունն էլ է «հիվանդացել»։ Նոր իշխանությունները եկել են չիրագործված «ծրագրերին» կյանք տալու։ Այսօր, կարծես, մեր մշակութային ունեցվածքը գունազրկելու քաղաքականություն է տարվում։

«Անադոլու քուլթուրի» հիմնադիրը թուրք հասարակական գործիչ Օսման Քավալան է, որը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և համարվում է հայամետ գործիչ։ Մի՞թե չի կարելի վստահել նրա հիմնադրամի կազմակերպած նախագծին։

Հայամետ, ոչ հայամետ՝ հարաբերական է։ Երբ մի թուրք գործիչ մեզ մի փաղաքշական բան է ասում, վագրից վերածվում ենք կատվի, սակայն չպետք է մոռանալ, որ այս տարածաշրջանում մենք վագր ենք եղել մեր մշակութային ժառանգությամբ, ամեն ինչով, և մեզ պետք չէ կատվի պես փաղաքշել: Հիմա էլ մշակութային ժառանգության առումով մենք տարածաշրջանում առաջատար դիրք ունենք, իսկ հիմա կրթական ոլորտից անցել են մշակույթին, արվեստի գործիչներին, իսկ դրանք մեկը մյուսի հետ շաղկապված են։

Այսինքն մեր մշակույթին, արվեստին «հարվածելու» թուրքական ծրագի՞ր  եք տեսնում ։

Այո, մենք գործ ունենք հատուկ մշակված տեխնոլոգիաների հետ, ինչը նոր չէ մեր իրականությունում, սա պանթուրքիզմի գաղափարախոսության առանցքային մոտեցումներից է։ Այսօր քաղաքակրթությունների պատերազմ է գնում։ Մենք Արևմտյան Հայաստանի տարածքում, որը թուրքերը կոչում են Արևելյան Անատոլիա, այնքան մեծ մշակութային ժառանգություն ունենք, որ թուրքերը 100 տարի է վերացնում են, բայց չի դեռ վերանում, և իրենք էլ շատ լավ գիտեն դա։

Այս նախագծին միացած արվեստաբաններն ասում են, որ «թաքնված» նպատակներ կամ հետին մտքեր չունեն և նպատակ ունեն ներկայացնելու մեր մշակույթը, արվեստը։ Ի՞նչ կասեք այս հիմնավորումների մասին։

Ես կցանկանայի, որ ճիշտ դրա հակառակը լիներ, և մենք էլ «թուրքի պես» թաքնված նպատակներով գնայինք «համագործակցության», սակայն երբ հայտարարում ես, որ թաքնված նպատակ չունես, հետին միտք չունես, նշանակում է՝ դու գնում ես ծախվելու, ես չեմ քաշվում այս բառը գործածել, քանի որ վստահ եմ, որ շատ արվեստաբաններ հերթի կանգնած կցուցակագրվեն այս կեղտոտ խաղին մասնակցելու համար։ Բոլորը չէ, որ գիտակցում են նման համագործակցության լրջությունը, պարզապես մենք կորուստներից հետո ենք գիտակցում, թե ինչքան մեծ սխալ ենք արել, երբ օրինակ հավատացել ենք թուրքի խոսքին, թշնամուն։ Մենք այսօր անգամ թշնամի բառը նորմալ չենք գործածում, ասում ենք հակառակորդ։ Դու կարող ես գաղափարական հակառակորդ լինել, բայց եթե թուրքը քո արյան թշնամին է, նշանակում է նա նաև քո մշակույթի թշնամին է և դու նրա հետ համագործակցելու որևէ պատճառ չունես։ Չմոռանանք, որ դեռ նախորդ իշխանությունների օրոք անգամ ադրբեջանական ֆիլմերի շաբաթ էին կազմակերպում, դրան զուգահեռ Թուրքիայում ցանկանում էին «Ոսկե ծիրան» անվանումով կինոփառատոն անցկացնել, սակայն բազմաթիվ բողոքներից հետո այդ փառատոնին ուրիշ անուն դրեցին, այսինքն այս հակամարտությունը՝ թեկուզ մշակութային, յուրովի ճակատամարտ է։ Եթե այս դաշտում մենք տանուլ տանք, մենք շատ ավելի կորուստներ կունենանք, քան ֆիզիկական կամ տարածքային կորուստներն են։

Որտե՞ղ ենք մենք թերացել. սխալը պետակա՞ն մակարդակով է, թե՞ մենք ենք ավելի հանդուրժող դարձել։

Այս սխալը թույլ է տրվում պետական մակարդակով, և սա նոր չէ, սրա արմատները դեռ տարիներ առաջ կային, պարզապես հիմա ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել։ Այս հարցերը վերաբերում են նաև մեր արտաքին քաղաքականությանը, մենք մի երկրի հետ ենք մշակութային դիսկուրսի, ինչ–որ տեղ նաև համագործակցության մեջ մտնում, որի հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենք, մի երկրի, որը մի քանի անգամ մեր առջև նախապայմաններ է դրել, պահանջելով ինչ–որ բաներից հրաժարվել։ Չպետք է մոռանանք, որ մշակութային «հակամարտության» մյուս թևն էլ ադրբեջանականն է՝ Ստամբուլի «մշակութային համերաշխություն», Շուշիում՝ «տոնախմբություն» և այլն. սրանք մեկը մյուսի հետ շաղկապված են։

Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որ ատաքին ճակատում չպարտվենք։

Մեր ամենահզոր գաղթօջախներից մեկը Լիբանանում է, բայց փաստն այն է, որ Բեյրութի աղետից անմիջապես հետո թուրքերը մուտք գործեցին Լիբանան, իսկ մենք հինգերորդ օրը նոր միայն օգնություն ենք հասցրել։ Այս ֆոնին Իսրայելն ու Արաբական էմիրությունները պայմանագիր են կնքում, մինչդեռ տարածաշրջանում նման բան չի եղել, այսինքն՝ այսօր աշխարհում այնպիսի վայրիվերումներ են կատարվում, որ մենք դրանց մեջ, եթե մեզ ճիշտ չպահենք, փայտի տաշեղի պես ծովի ալիքը մեզ այս ու այն կողմ կտանի։

Այսինքն սթափության կո՞չ եք անում։

Ոչ միայն սթափվելու, այլև՝ լրջանալու, քանի որ սթափվելուց հետո հարկավոր է լրջանալ, չի կարելի այսքան երկար մնալ «թավշյա» թմբիրում։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Շրջանցել փակուղին
15 Հունվարի 2021, 15:44 Շրջանցել փակուղին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica