close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրա կարիքը դեռ շատ ենք զգալու... Օգոստոսի 16-ին Վահան Հովհաննեսյանը կդառնար 64 տարեկան

Հասարակություն

14 Օգոստոսի 2020, 11:45
 Նրա կարիքը դեռ շատ ենք զգալու... Օգոստոսի 16-ին Վահան Հովհաննեսյանը կդառնար 64 տարեկան

Կյանքի ամենամեծ ու իսկական հարստությունը մարդիկ են, որոնց հանդիպել ես, մարդկային շփումները, հույզերը, զգացմունքները, այն ամենն ինչ ապրել ես քո կյանքում տարբեր մարդկանց հետ: Նա հարստացրեց և թողեց իր ուրույն ու անգնահատելի հետքն առանց բացառության բոլոր մարդկանց կյանքում, ով պատիվ է ունեցել հանդիպել ու շփվել նրա հետ:

Անկախ Հայաստանի քաղաքական դաշտը խայտաբղետ է: Տարբեր տարիներին այդտեղ մտել և դուրս են եկել հարյուրավոր մարդիկ: Սակայն մատների վրա կարելի է հաշվել այն անձանց, ում իսկապես կարելի է անվանել «քաղաքական գործիչ»:

Վահան Հովհաննեսյանը մեր երկրի վերջին 30 տարվա պատմության լավագույն և ամենավառ ու պայծառ գործիչներից էր, որն իր բացառիկ և յուրահատուկ տեղն ուներ ոչ միայն կյանքի օրոք: Նույնիսկ հիմա` նրա մահից գրեթե վեց տարի անց, կարող ենք ասել, որ անփոխարինելի մարդիկ կան` իսկական քաղաքական գործչի տեղը այդպես էլ մնաց թափուր:

Շատ է խոսվել խորությամբ և լայնախոհությամբ ապշեցնող նրա բարձր ինտելեկտի, առանձնահատուկ հումորի, վառ անհատականության և խարիզմայի մասին: Բոլորին միշտ հիացրել է այն ակնածանքը, որով վերաբերում էին նրան ոչ միայն ընկերներն ու համակիրները, այլ նաև ընդդիմախոսներն ու հակառակորդները:

Այո, նա վայելում էր ինտելեկտուալ, գրագետ և փայլուն քաղաքական գործչի այն դիրքը, որն արժանիորեն զբաղեցնում էր մեր հասարակությունում: Սակայն քչերն են պատկերացնում, որ այդ ժպիտի, պետական, քաղաքական և կուսակցական պաշտոնների հետևում կանգնած էր ոչ միայն բնատուր տաղանդը, այլ նաև աշխատասիրությունն ու ամենօրյա նվիրվածությունը երկրին և գաղափարին:

Պետական և քաղաքական գործչի աշխատանքը բազմակողմանի է: Իրավական ակտեր, ելույթներ, հայտարարություններ, հանդիպումներ լրատվամիջոցների, այլ գործիչների, քաղաքացիների և հանրային հատվածի ներկայացուցիչների հետ, կուսակցական աշխատանք, անվերջ քարոզարշավներ, այցելություններ մարզեր և այլն: Այդ ամենին նաև գումարվում են խորհրդարանական դիվանագիտությունը, արտաքին հարաբերությունները, Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը միջազգային կազմակերպություններում և այլ երկրներում: Ցանկացած հանդիպում, գործուղում, այցելություն և այլն նրա կողմից մանրամասն նախապատրաստվում էր, ներառելով շփումներ համապատասխան դիվանագիտական ներկայացուցչի հետ Հայաստանում, հարցումներ Հայաստանի դեսպանատներին և Հայ Դատի գրասենյակներին, տեղեկատվության կուտակում, օտարերկրյա պաշտոնյաների կենսագրության, հետաքրքրությունների, ուժեղ և թույլ կողմերի մանրամասն ուսումնասիրում և բացահայտում, նախնական լոբբինգ, որից հետո միայն` ամբողջական փաթեթով զինված, կազմակերպված մասնակցություն միջոցառմանը կամ հանդիպմանը: Պատահական չէ, որ իր կարիքը մշտապես զգացվել է, երբ անհրաժեշտ էր լավագույնս պաշտպանել Հայաստանի շահերը արտերկրում:

Շատերին այդ կյանքը թվում էր հեշտ և թեթև: Մարդիկ հաճախ չգիտեն ինչ քրտնաջան ամենօրյա աշխատանք, էմոցիանալ լարվածություն, ներվեր ու տասնյակ էջեր փաստաթղթեր և գրականություն էր կանգնած այդ ամենի հետևում, որին գումարվում էր տարիների փորձը և կուտակված գիտելիքը: Հերթական մի լարված շրջանում, երբ ֆիզիկապես և հոգեպես հոգնած վիճակում օրվա վերջում նստած ամփոփում էինք օրը և խոսում առաջիկա անելիքների մասին, պարզապես բարձրաձայն հռետորական հարց տվեցի` առանց կոնկրետ դիմելով ու պատասխան ակնկալելով. «Տեսնես այսքան լարված որքա՞ն է հնարավոր...»: Մեկ էլ ընկեր Վահանը գլուխը բարձրացրեց և ասաց. «Դա մարդու տեսակից է, մեր տեսակը այդպես է: Մենք չենք կարող մի գործ անել, ավարտել ու ասել վերջ` կարող ենք հանգիստ նստել: Մենք սա ենք անելու, հետո հաջորդը, այնուհետև` մյուսը, և այդպես շարունակ: Մեզ ոչ ոք չի ասելու արեք կամ ոչ: Մենք անընդհատ անելու ենք, քանի դեռ կարող ենք»: Ասացի. «Բայց մաշվելով թե հոգեպես, թե ֆիզիկապես»: Պատասխանեց. «Այո, դա էլ մեր ճակատագիրն է»:

Եվ ինքն իրեն անմնացորդ տվեց Հայաստանին, հայ ազգին և կուսակցությանը` Արցախյան զինյալ պայքարից մինչև քաղաքական և դիվանագաիտական աշխատանք: Մինչև կյանքի վերջ...

Հաճախ մեկ կամ մի քանի հոգու աշխատանքն ու նվիրվածությունը կարող են բավարար չլինել ցանկալի արդյունքին հասնելու համար: Ասում էր առաջնորդվենք միջնադարյան ասպետների կարգախոսով Fais ce que dois, advienne, que pourra` անել ինչ պետք է, և թող լինի ինչ լինելու է... Մենք պետք է մեր անելիքը անենք անկախ ամեն ինչից:

Վահան Հովհաննեսյանի ամենամեծ թերությունն այն էր, որ նա գերազանցել էր իր ժամանակը: Եվ երևի դա էր պատճառը, որ ապագա սերունդներին հզորագույն ուղերձ պարունակող «Մանդիլիոն» վեպի հրատարակումից հետո Աստված մեզ շատ համարեց ունենալ Վահան Հովհաննեսյան, ում կարիքը բոլորս դեռ շատ ենք զգալու:

 Արա Նռանյան

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica