close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+16°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան». Արթուր Վանեցյան. «Առավոտ»

Քաղաքական

12 Օգոստոսի 2020, 21:31
 Կառավարությունը պետք է հասկանա՝ ո՞րն է հիմնական խնդիրը, որ կարողանա խափանել «մահերի մեքենան». Արթուր Վանեցյան. «Առավոտ»

«Առավոտի» հարցերին պատասխանել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:  -

Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, որ «ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու»։ Այս միտքը կոշտ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։ -

Այս ձեւակերպումը մի քանի խորքային սխալ է պարունակում։ Նախ՝ այն ընդունելի չէ բարոյական տեսակետից. խոսքը 1000-ից ավելի մեր հայրենակիցների մասին է, եւ այդ թիվն առ այսօր կանգ չի առնում։ Այստեղ կարիք կա ավելի զգույշ եւ ավելի հարգալից խոսելու։

Հարցի շեշտադրումն ինքնին մեծ սխալ է պարունակում. չի կարելի հակադրել կյանքը (մահը) սոցիալական խնդրին։ Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) եւ տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը։

Հայաստանում կա 1000-ից ավելի մահ ամենեւին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու։

Մեծ թվով մահերն ակնհայտորեն ունեն այլ պատճառներ, որոնք ունեն լուրջ եւ հրատապ ուսումնասիրման կարիք։

-Վարչապետն ասաց նաեւ, որ «մենք հիմա կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում, բայց մեր ամենօրյա մահերի թիվը դեռեւս չի նվազում…»:

-Ես հենց դրա մասին եմ ասում. մենք պետք է հասկանանք պատճառները։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին։ Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարեւոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին։

Կառավարությունը պետք է գտնի սխալները, իսկ դրանք կան, պետք է կարողանա հասկանալ՝ որտե՞ղ է հիմնական պրոբլեմը, որպեսզի կարողանա խափանել մահերի մեքենան։

Ամիսներ շարունակ թեսթերը, դեղորայքը, համակարգչային հետազոտությունը հազարավոր քաղաքացիների համար եղել են դժվար հասանելի կամ ընդհանրապես անհասանելի։ Գուցե մեծ թվով մահվան պատճառը հենց դրա՞ մեջ է։ Օրեր շարունակ վատառողջ, հիվանդ քաղաքացին չի կարողացել թեսթավորում անցնել (եւ դա եղել է համատարած), լսել է «ցուցում չկա» պատասխանը, որը հաճախ դարձել է դատավճիռ, կորցրել է շատ կարեւոր օրեր՝ այդ ընթացքում չստանալով բուժում։ 5-6 օր հետո դրական թեսթով հիվանդը հաճախ արդեն միջին կամ ծանր վիճակում է. սա մահվան պատճա՞ռ չէ։ Կառավարությունն ի՞նչ է արել այս օղակի սխալը ուղղելու համար։ Ամիսներ շարունակ՝ ոչինչ։

Տնային պայմաններում բուժում ստացողները թողնվել են մենակ։ Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ուղղակի չունեն ողջ ընտանիքով թանկ դեղորայքային բուժում ստանալու հնարավորություն։ Սա վիճակի վատացման եւ մահվան պատճա՞ռ չէ։

Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չունեն համակարգչային հետազոտության հնարավորություն. սա մահվան պատճա՞ռ չէ։ Մամուլում հայտնվում են սարսափելի պատմություններ, երբ պոլիկլինիկաներում ռենտգեն հետազոտություն են արել եւ «բան չկա» ձեւակերպմամբ ուղարկել տուն՝ մահանալու։ Չէ՞ որ բոլորը վաղուց գիտեն, որ ռենտգեն հետազոտությունն այս հիվանդության պարագայում անիմաստ է։ Սա մահվան պատճա՞ռ չէ։

Կա առանձին եւ հրատապ ուսումնասիրության խնդիր՝ արդյոք բոլոր այն հիվանդանոցները, որոնք արագ վերապրոֆիլավորվել են որպես կովիդ- բուժհաստատություններ, ունե՞ն անհրաժեշտ որակները՝ մասնագիտական եւ սարքավորումների, վերակենդանացման բաժանմունքների առումով։ Այդ բոլոր հիվանդանոցներն ունե՞ն անհրաժեշտ մասնագիտացումներով բժիշկներ։ Սա լրջագույն եւ հրատապ ուսումնասիրման թեմա է։ Պրոցեսը կանգ չի առել, եւ աշխարհը դեռ չգիտի, թե ինչ է սպասվում առաջիկայում։ Կառավարությունն ունի՞ վիճակագրություն եւ վերլուծություն, թե որ հիվանդանոցներն են ավելի շատ մահեր տվել։

Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա պետության անվտանգության խնդիրն է։ Եվ վերջապես չի կարելի առանց լուրջ հետեւությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին։

Ոչ մի երկրում, ոչ մի հասարակության մեջ սա չի կարող անհետեւանք անցնել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը սա դառնալու է մեծ քննության առարկա։ Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը սա պետք է դարձնի իրենց հիմնական օրակարգային հարցերից մեկը, նույնը պետք է անեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ կառավարության ուղղակի պարտավորությունն է՝ հասկանալ մահերի պատճառները եւ խափանել այդ «մահերի մեխանիզմը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica