close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լինել սեփական պատմության ժառանգորդը

Քաղաքական

12 Օգոստոսի 2020, 11:43
 Լինել սեփական պատմության ժառանգորդը

 

Սևրի պայմանագիրը կնքվել է 1920թ-ի օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում, այն ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա՝ Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորության եւ, Հեջազի միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Սևրի պայմանագրի հիման վրա՝ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920թ-ի նոյեմբերի 22-ին հրապարակեց Թուրքիայի և Հայաստանի սահմանաբաժանման մասին իր վճիռը, որը պատմության մեջ մնաց «Վիլսոնյան իրավարար վճիռ» անունով:
Ըստ Սևրի պայմանագրի հիմքով կայացված այդ վճռի Հայաստանի կազմի մեջ պետք է մտնեին Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ինչպես նաև Տրապիզոնի նավահանգիստը:
Հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով: Հայաստանին վերադարձվող տարածքները կազմելու էին 90.000 հազար քառ կմ: Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմելու էր 160.000 քառ/կմ, քանի-որ 1918թ-ի նոյեմբերից Հայաստանի փաստացի տրապետության տակ էր գտնվում 70.000 քռ/կմ տարածք՝ ներառյալ Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը: Վիլսոնի իրավարար վճիռը վերջնական էր, և պարտադիր կատարման համար, բայց թե Սևրի պայմանագիրը (Հայաստանի մասով), թե Վիլսոնի վճիռը մնացին թղթի վրա՝ պատճառների մասին մի փոքր ուշ:

Այս տարի լրացավ Սևրի պայմանագրի կնքման 100-ամյակը, պետական մակարդակով ինչպես սպասվում էր ոչինչ չարվեց, Հայաստանի Հանրապետության վարչապետը ուղերձ հղեց Սևրի պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողով անցկացնող գիտնականներին, իսկ մեր երկրի ԱԺ նախագահը բավարարվեց իր ֆեյսբուքյան էջում անատամ ու անորոշ մի գրառմամբ, որը տարակուսանքի մեջ է գցում թեմայից քիչ թե շատ տեղյակ մարդուն:
Նախ ՀՀ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանը հիշատակում է նույն օրը Թիֆլիսում Հայաստանի դեսպան Արշակ Ջամալյանի և Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության միջև կնքված զինադադարի համաձայնագիրը, որը ոչ մի աղերս չունի Սևրի պայմանագրի հետ: Պարոն Միրզոյանը նշում է. «Հայաստանն ընդունում էր, որ «վիճելի» Ղարաբաղը, և գրեթե ամբողջ Նախիջևանը զբաղեցնեն ՌԽՖՍՀ զորքերը»: Այս առումով հարկ ենք համարում շեշտել, որ պարոն Միրզոյանը «մոռացել» է նշել կարևոր մի հանգամանք, որ ՌԽՖՍՀ-ն այդ տարածքները զբաղեցնելու էր ժամանակավորապես, մինչև Հայաստանի հետ հաշտության պայմանագրի կնքումը և ՌԽՖՍՀ-ի կողմից այդ տարածքների ժամանակավոր զբաղեցումը, չէր կանխորոշում այդ տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Ադրբեջանի իրավունքները, այսինքն ՌԽՖՍՀ-ն այդ տարածքներում, կարելի է ասել, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղապահի դեր էր կատարում:

Հիշատակելով սույն փաստաթուղթը պարոն Միրզոյանը նրբանկատորեն շրջանցել է մի հանգամանք ևս, որ հիշատակված փաստաթուղթը ստորագրած կողմերից գոնե մեկը՝ ՌԽՖՍՀ-ն միջազգայնորեն ճանաչված պետություն չէր: ՌԽՖՍՀ-ն արդեն, որպես ԽՍՀՄ ճանաչվեց միայն 1924թ-ի փետրվարի 1-ին Մեծ Բրիտանիայի կողմից, որով էլ սկիզբ դրվեց ԽՍՀՄ-ի միջազգային ճանաչմանը:

Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար՝ միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ, ինչպես օրինակ՝ որևէ պայամանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրվել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչների կողմից: Իսկ ՌԽՖՍՀ-ն ինչպես ասացինք միջազգայնորեն ճանաչված պետություն չէր, և չի բացառվում, որ միջազգայնորեն չճանաչված պետության հետ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ Ջամալյանի և Բաբալյանի կնքած զինադադարը մեր պետության համար զուտ ժամանակ շահելու միջոց էր:

Միամտություն կլինի կարծելը, թե պարոն Միրզոյանն այս ամենի մասին չգիտի, միանգամայն պարզ է, որ նշված փաստաթղթի հիշատակությունը նպատակ է հետապնդում նսեմացնելու Սևրի պայմանագրի նշանակությունը, որն իր իրավական ուժով և պատմական նշանակությամբ անշուշտ շատ ավելի բարձր փաստաթուղթ է:

Պարոն Միրզոյանը նշում է, որ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա և դարձավ մեզ «տարածաշրջանից հեռացող դաշնակիցների սիրո վերջին խոստովանությունը»- իր գրառման ենթատեքստում Դաշնակիցերրներին ու ՀՀ-ին մեղադրելով Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հատվածի թղթի վրա մնալու համար, երկրի գլխավոր պաշտոնյան հաջորդ նախադասությամբ շատ ավելի մեծ զարմանք է պատճառում ընթերցողին «…Եվ, երբ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վճռով մեզ թղթով 90 հազար քառ.կմ Արևմտյան Հայաստան էր «տրվում» մենք կորցնում էին իրական Արևելյանը» և հերթական անգամ պարոն Միրզոյանը «մոռանում» է նշել այն գլխավոր գործոնը, որն իրականում պատճառ դարձավ Սևրի պայամանագրի Հայաստանին վերաբերող կետերի և Վիլսոնի իրավարար վճռի թղթի վրա մնալու համար՝ այդ գործոնը բոլշևիկա-քեմալական ուժերի միավորումն էր Հայաստանի դեմ, Դաշնակիցներին մեզ խաբելու մեջ հանիրավի մեղադրող ԱԺ խոսնակը համառորեն հրաժարվում է նշել այն հանգամանքը, որ բոլշևիկա-թուրքական ուժերը մի քանի ճակատով հարձակվեցին Հայաստանի վրա, ու մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կարսը, հոկտեմբերի 31-ին հայ բոլշևիկների դասալքության կոչերի և հայ ժողովրդի «եղբայր» կոմունիստ թուրքի մասին քարոզների ազդեցության տակ, առանց մի կրակոցի հանձնվեց թուրքերին, ինչն էլ վճռորոշ եղավ ու Հայաստանի Հանրապետությունը անկում ապրեց:
Դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը, որով ՀՀ կառավարությունը վայր դրեց իր լիազորությունները և իշխանությունը հանձնեց բոլշիկներին:

Պարոն Միրզոյանը ակնարկում է նաև Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին շեշտելով՝ «1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի անունից ստորագրվեցին կրկին երկու փաստաթղթեր, որոնցից մեկով ամրագրվեց Հայաստանի խորհրդայնացումը, իսկ երկրորդը հիշատակելն անգամ անարժան է»- հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ խոսնակը, ով ի դեպ մասնագիտությամբ պատմաբան է՝ բավականին հաճախ է մոռանում պատմական իրադարձությունների իրական եղելության, իսկ որպես քաղաքական գործիչ նաև այդ իրադարձությունների իրավական կողմի մասին՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ «հիշատակելու անարժան» պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի լույս 3-ի գիշերը, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն այլևս գոյություն չուներ, և այն ներկայացնող պատվիրակության ստորագրած փաստաթուղթն էլ իրավական ուժ ունենալ չէր կարող:

«Սևրի պայամանագիրը շարունակեց իր անհողեղեն ոդիսականը մինչև 1923թ., երբ Լոզանում աշխարհն ըստ էության ճանաչեց քեմալական Թուրքիայի իշխանությունը ոչ միայն Սևրով հայերին խոստացված տարածքների, այլև Կարսի, Արդահանի ու Սուրմալուի նկատմամաբ» պարոն Միրզոյանի այս եզրահանգումը կարդալիս իսկապես տարակուսանքի մեջ ես հայտնվում, որովհետև ինչպես գիտենք 1922թ նոյեմբերի 20-ից- 1923թ-ի հուլիսի 24-ը տեղի ունեցած Լոզանի կոնֆերանսին թեև քննարկվում էր Հայկական հարցը, բայց Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել խորհրդաժողովին, որովհետև Հայաստանում հաստատվել էր խորհրդային իշխանություն և Հայաստանի Հանրապետությունը փաստացի գոյություն չուներ, իսկ խորհրդային պատվիրակությունը(ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ) մասնակցեց միայն սևծովյան նեղուցների հարցի քննարկմանը:

Չընդարձակվելով Լոզանիպայմանագրի կետերի քննարկման շուրջ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ պարոն Միրզոյանին հիշեցնել, որ ինչպես 1921թ-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագիրը՝ (և նրանից բխող Կարսի պայմանագիրը) որով երկու կողմերը չեղարկեցին Սևրի պայմանագիրը, այնպես էլ Լոզանի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար որևէ իրավական նշանակություն ունենալ չի կարող, որովհետև մեր երկիրը բռնազավթված լինելու պատճառով, չի մասնակցել Լոզանի կոնֆերանսին և չի ստորագրել այդ պայմանագիրը։ Ըստ այդմ, Լոզանի պայմանագիրը որևէ իրավական պարտավորություն չի ստեղծել և չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը։ Հարկ ենք համարում նշել նաև, որ Լոզանի պայմանագրի նշանակությունը գերագնահատվում է. Այն փոփոխության չի ենթարկել, մինչև իսկ Թուրքիայի մասով, Առաջին աշխարհամարտի բոլոր արդյունքները, մինչդեռ Սևրի պայմանագիրը լայն առումով գործում է, բացառությամբ Հայաստանին և քրդրին վերաբերող կետերի:

Ամփոփելով կարող ենք ասել, որ պարոն Միրզոյանի այս չափազանց սրտաճմլիկ, բայց պատմական և իրավական առումով մի շարք թերություններ ունեցող գրառման նպատակը Սևրի պայմանագրի շուրջ վատատեսական տրամադրություններ ստեղծելն է, քանի-որ այս գրառմամբ մեր երկրի ղեկավար կառույցի նախագահը հանդես է գալիս ոչ պահանջատիրական դիրքերից՝ ինչը միանգամայն բխում է առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի բոլորովին վերջերս մեր պատմությանը տված «վտանգավոր հայդատականություն» որակման տրամաբանությունից: Ասել է, թե մեր պատմության շատ իրադարձություններ, այդ թվում նաև Սևրի պայամանագիրը պետք է հիշել զուտ, որպես պատմական իրողություն, բայց դրա նկատմամբ որևէ ակնկալիք չունենալ: Այս տրամաբանութունից էր բխում նաև Սևրի պայմանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովին Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձը, որտեղ նշված է. «Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»: ինչպես տեսնում ենք ՀՀ վարչապետը ևս պահանաջտիրության դիրքերից հանդես չի գալիս, մինչդեռ Սևրի պայմանագիրը զուտ պատմական փաստ չէ, այդ փաստաթղթից բխող Վիլսոնյան իրավարար վճռով, որն ի դեպ հաստատվել է Ազգերի Լիգայի կողմից (ՄԱԿ-ին նախորդող կառույցը): Միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի իրավունքները Արևմտյան Հայաստանի որոշ հատվածի նկամամբ, Սևրի պայամանգրով Թուրքիայի օրինական կառավարությունը, փաստորեն, իր համաձայնությունն է տվել, որ Արևմտյան Հայաստանից որոշ հատվածներ միացվեն իր կողմից պաշտոնապես ճանաչված Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդի կրած կորուստների փոխհատուցման հարցերին անդրադաձ է արված հենց Սևրի պայմանագրով։

Այս կարևոր փաստաթղթի կնքումից 100 տարի է անցել, և այն արժևորելու, մեր հետագա անելիքները հստակեցնելու ու Սևրի պայամանագիրը մեր պահանջատիրության հիմքում դնելու ժամնակն է, և ցանկացած պետական այրի համար անպտուղ գործ է Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հատվածի ու Վիլսոնի իրավարար վճռի թղթի վրա մնալու համար մեղադրել Դաշնակիցներին կամ, առավել ևս, Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ժամանակագրությունը, որքան էլ, որ Հայաստանի կառավարությունը ցանկանար Սևրի պայամանագիրը չէր կարող իրագործվել, քանի-որ Հայաստանի Հանրապետությունը ընկավ բոլշևիկա-թուրքական խարդավանքների սարդոստայնը, բայց մերօրյա Հայաստանի Հանրապետությունը կարող է, որպես պահանջատեր հանդես գալ քանի-որ Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդն է:

Եւ հերթական իշխանություններն էլ պարտավոր են լինել սեփական պատմության ժառանգորդները ու կամովին չհայտնվել ուրիշների լարած թակարդում:

Անի Մելքոնյան

Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica