close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից. Շահան Գանտահարյան

Սփյուռքի ձայնը

9 Օգոստոսի 2020, 13:56
 Ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից. Շահան Գանտահարյան

lragir.am -ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

-Այս պահին լիբնանահայերն ի՞նչ պասելիքներ ու սպասումներ ունեն Հայաստանից, ավելի շատ մտածում են Հայաստան տեղափոխվելու մասի՞ն, թե՞ ուզում են աջակցություն ստանան և շարունակեն մնալ Լիբանանում:

-Բնական է, որ յուրաքանչյուր ճգնաժամից հետո արտահոսքի միտումներ տեսանելի կլինեն: Իհարկե, մինչև պայթյունն էլ արդեն որոշակի Հայաստան տեղափոխվելու նախադրյալներ ու միտումներ կային, բայց հայրենադարձություն հասկացությունը միայն մշտական տեղափոխվելով չէ: Կոնցեպտուալ առումով նաև տարբեր սահմանումներ կան՝ մարդկանց տեղափոխումը կամ միաժամանակ այս գլոբալ աշխարհում մի քանի հասցե ունենալը: Որոշ ցուցիչներ կան այս ուղղությամբ՝ երկքաղաքացիության դիմումների կտրուկ աճ, հայրենիքում նոր բնակարաններ, նոր տարածքներ վերցնել, Հայաստանում բարձրագույն ուսում ստանալու ցանկություն ունեցողների աճ: Ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հավաքական առումով հայտնվել է Լիբանանի հայ համայնքի կիզակետում: Իհարկե, և գործազրկությունը, և տնտեսական ճգնաժամը Լիբանանում հավելյալ թափ են հաղորդում այդ միտումների զարգացմանը:

Իսկ նման վտանգավոր պայմաններում ժամանակավոր տարհանման գործողությունները պետք է տարբերակել մեծ հայրենադարձության օրակարգից, որը տարբեր երկրներ իրականացնում են երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, կա նաև երրորդ միջազգային պրակտիկան, որ երբ աղետի գոտի են հայտարարում, դրան հետևում է հումանիտր, մարդասիրական միջազգային օժանդակությունը, հետևում են նաև որոշ երկրների միգրացիոն քաղաքականության փոփոխություններ, որտեղ ընդունում են տվյալ երկրից եկողներին, կեցության վայրեր են տրամադրում, նաև քաղաքացիություն ստանալու ընթացակարգում իրավական առումով դյուրություններ են ստեղծում: Այս երրորդ ուղղությունն, իհարկե, տեսանելի չէ մեր դեպքում, չնայած եթե միջազգային ընտանիքի համապատասխան բաժանմունքների հետ աշխատեն, գուցե դա ևս լինի:

Բայց սա միայն հայերին չի վերաբերում, ես խոսում եմ երկարաժամկետ դրվածքով միջազգային պրակտիկայի մասին: Այսինքն ուզում եմ ասել, որ խնդիրը բազմաշերտ է՝ տարհանման ժամանակավոր գործողություններ, հայրենադարձության առումով համեմատաբար ավելի երկարատև ռազմավարական ծրագիր, և միջազգային պրակտիկան նկատի ունենալով՝ ընդհանրապես միգրացիոն քաղաքականություն: Հիմա ակնկալիքը հումանիտար աշխատանքներն են, և այստեղ քաղաքական նոր դիտարկում կարելի է անել այն առումով, որ այն երկրները, որոնք քաղաքական դրդապատճառներով տնտեսապես և ֆինանսապես երկիրը պաշարել ու մեկուսացրել էին, հիմա այդ նույն երկրները հերթագրվում են գալու և աջակցություն ցուցաբերելու: Սա քաղաքական մեկնաբանությամբ ընկալվում է իբրև պաշարման օղակները թուլացնելու որոշակի քաղաքական ակտեր՝ մարդասիրության տեսքով, բայց նաև Լիբանանը կարող է փուլ առ փուլ ապամեկուսացվել: Չնայած այստեղ տարբեր աշխարհաքաղաքական գործընթացներ են. օրինակ, գիտեք, որ հիմա համաշխարհային տնտեսական պատերազմ է, որի բևեռներն են Ամերիկան ու Չինաստանը: Առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ը պաշտոնական Թեհրանին հրավիրում է հանդիպման, վերջինս չի զիջում, չի գնում՝ քաջ գիտակցելով, որ հիմնական նպատակներից մեկը Չինաստան-Իրան-Ռուսաստան ռազմավարական առանցքը թուլացնելն է: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ ևս հայտարարություններով հանդես է եկել պաշտոնական Վաշինգտոնը: Ուզում եմ ասել, որ այս բոլորի մեջ փոխկապակցված նաև աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրներ են, որտեղ գլխավոր խաղացողները տեղ-տեղ շահերով բախվում են, բայց որոշ տեղերում այդ շահերը համընկնում են:

-Հայաստանի Սփյուռքի հարցերով հանձնակատարն է ժամանել Լիբանան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Այս պահին քանի՞ լիբանանահայ է պատրաստ տեղափոխվել ու հաստատվել Հայաստանում, և ինչ են նրանք ակնկալում ՀՀ վերադառնալու դեպքում:

-Սփյուռքի հանձնակատարի այցելությունը փաստահավաք առաքելություն ունի: Մարդասիրական կարճաժամկետ գործողությունների համար տեղեկություններ են հավաքվելու: Ընդհանուր առմամբ հումանիտար բնույթի երեք թռիչք է իրականացվելու, որոնցով հիմնականում առողջապահական ոլորտին առնչվող սարքավորումներ են բերելու: Բայց նաև ուզում են իմանալ հայ համայնքի կարիքները: Փաստորեն պետությունը համակարգում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն հաշիվ է բացել և ընդունում է նվիրատվություններ: Մինչ այս պայթյունը արդեն իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը օժանդակություն հատկացրեց հատկապես կրթության ոլորտին, Լիբանանում գործող հայկական վարժարաններին: Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխվելուն, առ այս պահը Հայաստան մեկնելու հնարավորությունը սահմանափակ է: Այսինքն Հայաստան կարող են գնալ միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները և կեցության հատուկ կարգավիճակ ունեցողները: Երրորդ կատեգորիան այն է, որ եթե անմիջական ընտանեկան ազգակցական կապ կա՝ ծնող-զավակ, եթե օրինակ զավակը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց ծնողն ունի, զավակը կարող է ընկերակցել ծնողին կամ հակառակը: Կարծում եմ, որ օգոստոսից հետո կվերանան նաև այդ սահմանափակումները, և լիբանանահայերին ընդհանրապես կթույլատրվի մեկնել Հայաստան առանց նման պայմաններ առաջադրելու:

-Այս պահին հայերից քանիսն են բուժում ստանում հիվանդանոցներում:

Ընդհանուր առմամբ, մենք ունենք մոտավորապես 250 հայ վիրավոր, բայց վիճակագրական տվյալներ չունեմ, թե նրանցից քանիսն են ծանր վիճակում, քանիսի կյանքին է վտանգ սպառնում: Բայց այս օրերին նկատելի է, որ վիրավորների շոշափելի մասը բուժում է ստացել և վերադարձել տուն: Ասեմ նաև, որ գերծանրաբեռնված իրավիճակ է հիվանդանոցներում, դրա համար հայկական թաղամասերում գործող դարմանատները հիվանդանոցային գործառույթներ են իրականացնում՝ ընդունելով հայ վիրավորներին և համապատասխան հիվանդանոցային բուժում ապահովելով:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica