close
Եղանակը Երևանում
30 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գործազրկության համար թող վարչապետի գլուխը ցավա». ՎՊՀ նախկին աշխատակիցների բաց նամակը

Քաղաքական

9 Օգոստոսի 2020, 12:59
 «Գործազրկության համար թող վարչապետի գլուխը ցավա». ՎՊՀ նախկին աշխատակիցների բաց նամակը

Վանաձորի պետական համալսարանի նախկին աշխատակիցները բաց նամակ են գրել, որում ասվում է.

«Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի` մեր բուհում կատարած կադրային փոփոխությունները և կրճատումները մեզ հիշեցրին «Չարի վերջը» ստեղծագործությունը. «Այս սարն իմն է, այս ծառն իմն է, ..., Կացինս հրեն սրած` գնամ, բերեմ ծառդ կտրեմ»։ Ու գրչի մի հարվածով կտրեց մարդկանց ծառը` առանց սաղարթին նայելու։ Ու այն հարցին, թե ինչպես է այդքան մարդու զրկում մի կտոր հացից, պատասխանում է՝ «գործազրկության համար թող վարչապետի գլուխը ցավա»։ Մնում է ենթադրել, որ գլուխը որոշ մարդկանց մոտ կույր աղիքի պես դարձել է ռուդիմենտ օրգան, որի բացակայությունը տվյալ մարդը չի զգում։

Մարտի 2-ին ընտրվելով ռեկտոր` նա իր որոշած փոփոխությունները կատարեց` շախմատ խաղալով շախմատ չիմացողի պես` ոչ զինվորի տեղն իմանալով, ոչ թագավորի։ Մարդկանց փողոց շպրտեց բառիս բուն իմաստով` առանց նրանց աշխատանքին կամ անձին ծանոթանալու։ Մարտի 10-ից ուսուցման ձևերը փոխվեցին, և ինքը հենց ամենահարմար ժամանակ` համաճարակի պայմաններում, մարդկանց զրկեց աշխատանքից։ Չգիտենք ինչպես և ինչով է նա հիմնավորելու այդքան կրճատումները, ամբիոնների իր նպատակային միավորումները` ամբիոնի վարիչ նշանակելով պրոֆիլին չհամապատասխանող մարդու կամ մարդկանց` հաշվի չառնելով գիտական բարձր աստիճանները, բուհում կատարած աշխատանքները և այլն։

Բերենք միայն մեկ օրինակ. ԻՏՄՄ ամբիոնում նա, անտեսելով «ՎՊՀ կոլեկտիվ պայմանագիրը» կրճատել է միաժամանակ 6 լաբորանտի, որոնց թվում կա 31 տարի բուհում աշխատած միայնակ կին, որի խնամքի տակ հաշմանդամ ծնող կա, հաշմանդամ ամուսին ունեցող կին, ով տան միակ աշխատողն է, միայնակ մայր անչափահաս երեխայի հետ։ Միգուցե դա ինքը բացատրում է իր իսկ նշած արտահայտությամբ. «Ավելի լավ է՝ մարդը լինի չվարձատրվող գործազուրկ, քան վարձատրվող դժգոհ աշխատող»։

Մեր աշխատավարձերի չափից բավարարված լինել-չլինելն արդեն մեր խնդիրն է։ Միայն խնդրում ենք կրճատումների պատճառը չհիմնավորեք զուտ տնտեսական ու հաստիքային խնդիրներով։ Դեռ դպրոցից մենք լավ գիտենք, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Այնպես որ, կրճատմանը զուգահեռ ավելանում է Ձեր և Ձեր նշանակած մարդկանց աշխատավարձերի չափը (մենք արձագանքում ենք երևույթին)։

Օրերս հրապարակում եղավ ռեկտորի անսպասելի պարգևավճարի չափի մասին (Լևոն Սարգսյան. Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը. փաստեր խորհրդածության համար. «Հրապարակ». 6 օգոստոսի 2020 թ. ), կասենք միայն մի բան. դե մարդը նայել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը ու Իշխանի պես վարվել. «Լավ եմ արել, ինքս ինձ պարգևատրել եմ»։ Միգուցե և լավ է արել, բայց չպետք է այդ ձևով բարձրաձայնել սեփական աշխատանքը ու ստվերում թողնել ուրիշներինը։

Իսկ եթե, իր ասելով, ուզում է եվրոպական մակարդակի բուհ կառուցել, ապա ինչու է այդպես զարմացել համալսարանում սաունա «հայտնաբերելիս»։ Երևի Ամերիգո Վեսպուչին այդպես չէր զարմացել Ամերիկան հայտնագործելիս, ինչպես ինքը` սաունան տեսնելիս։

Մարդը բարձրանում է իր գործերով և ոչ մատնանշելով ուրիշների արած-չարածները։

ՀՀ նոր գործազուրկներ

Գրետա Բալայան

Մարինե Խաչատրյան

Լուսինե Կռոյան

Անահիտ Աքուլյան»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica