close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Լիբանանում իրադարձությունների անկանխատեսելի ընթացքից որոշակիորեն կարող է շահել Թուրքիան. Լիբանանն Անկարայի նշանակետում է». Արամ Շահնազարյան

Քաղաքական

7 Օգոստոսի 2020, 21:04
 «Լիբանանում իրադարձությունների անկանխատեսելի ընթացքից որոշակիորեն կարող է շահել Թուրքիան. Լիբանանն Անկարայի նշանակետում է». Արամ Շահնազարյան

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունն ինչ հետևանք կարող է ունենալ Լիբանանի և տարածաշրջանի վրա: Մասնավորապես, ուժային ինչ վերադասավորումներ կարող են լինել Մերձավոր Արևելքում՝ Իրան, Իսրայել, Թուրքիա, և այս ամենն ինչ ազդեցություն կունենա հայության վրա:

168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նշեց, որ նման մասշտաբի հումանիտար աղետը չի կարող իր հետևանքները չունենալ որևէ երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադարձությունների և հարաբերությունների վրա:

«Կոնկրետ այս դեպքում մենք գործ ունենք Լիբանանի պես փոքր երկրի հետ, որը, տևական ժամանակ է, ինչ խոր ճգնաժամ է ապրում: Պայթյունի հետևանքով Լիբանանի առանց այն էլ ծայրահեղ լարված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը կարող է հանգեցնել երկրի քաղաքական քարտեզի արմատական փոփոխության և ուժերի վերադասավորման: Հետաղետյան շրջանում նման զարգացումների հնարավորությունը բնավ չպետք է բացառել: Եվ քանի որ Մերձավոր Արևելքում նման փոփոխությունները, որպես կանոն, գործում են դոմինոյի տրամաբանությամբ և ունենում են նաև տարածաշրջանային էֆեկտ, ապա միանգամից կարելի է, որ մենք տարածաշրջանում ռազմավարական և, բնականաբար, մարտավարական շեշտադրումների որոշակի փոփոխության ականատեսը կարող ենք լինել, որոնք, միանշանակորեն, տարածաշրջանային հարաբերությունների և ուժերի հարաբերակցության փոփոխությունների, վերադիրքավորումների պատճառ կարող են դառնալ»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային հիմնական խաղացողներին, ապա, ըստ Շահնազարյանի, նրանք չափազանց զգուշավորությամբ են արձագանքել լիբանանյան իրադարձություններին:

«Մասնավորապես, Իրանը խիստ մտահոգությամբ է հետևում դեպքերի զարգացումներին և իրադարձությունների ընթացքին: Թեհրանում գիտակցում են, որ Լիբանանում քաղաքական և սոցիալ-տնտեսական իրադարձությունների անկանխատեսելի զարգացումը և ընթացքի կտրուկ փոփոխությունը լուրջ մարտահրավերի կարող է վերածվել Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների համար՝ ոչ միայն Լիբանանում, այլ նաև՝ ամբողջ տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում: Ոչ պակաս մտահոգված է նաև Իսրայելը, որը նույնպես կարող է մեծապես տուժել լիբանանյան իրադարձությունների անկանխատեսելի ընթացքից: Չմոռանանք, որ հարևան երկրներում ցանկացած տիպի անկայունություն  անվտանգային նշանակության լրջագույն մարտահրավեր է համարվում Թել Ավիվի համար, քանի որ այն կարող է հրեական պետության անմիջական սահմաններին նպաստավոր պայմաններ ստեղծել իսլամիստ ծայրահեղական խմբավորումների գործունեության համար: Փոխարենը՝ ստեղծված իրավիճակից որոշակիորեն կարող է շահել Թուրքիան: Փաստ է՝ իրավիճակի ցանկացած լարում ներկա դրությամբ ամբողջովին համընկնում է Էրդողանի տարածաշրջանային ռազմավարական շահերին և հեռահար նպատակներին, որից օգտվելով էլ՝ Թուրքիան կփորձի ամրապնդել իր ոտնատեղը տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբանանում: Լիբանանը, ի դեպ, տևական ժամանակ է, ինչ հայտնվել է Անկարայի նշանակետում, իսկ ստեղծված իրավիճակը լավագույն առիթ կարող է հանդիսանալ Թուրքիայի համար՝ Լիբանանում շահավետ դիրքեր զբաղեցնելու առումով:

Եվ հենց սա է, որ առաջին հերթին պետք է մտահոգի մեզ: Մերձավոր Արևելքի հայահոծ հայկական համայնքներ ունեցող երկրներում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն անմիջական սպառնելիք և մարտահրավեր է՝ ուղղված ողջ հայության և հայկական զույգ պետությունների՝ ՀՀ-ի և ԱՀ-ի ռազմավարական նշանակության անվտանգային շահերին:

Վտանգն առավել մտահոգիչ է դառնում, երբ խոսքը գնում է տվյալ համայնքների հայաթափման հանրավորության մասին: Ահավասիկ, նման վտանգի դեմ հանդիման է կանգնած այսօր սփյուռքի առանցքն ու ողնաշարը համարվող լիբանանահայ համայնքը: Լիբանանին պատուհասած աղետից հետո համացանցում շրջանառում են Լիբանանի՝ այսպես կոչված, «մահվան», և լիբանանահայ համայնքի պատմության «ավարտի» մասին հուսահատական գրառումներ, որտեղ լիբանանահայությանը կոչ են անում թողնել-հեռանալ Լիբանանից: Առկա պայմաններում խուճապային տրամադրություն ստեղծելը, լիբանահայության՝ դեպի Հայաստան զանգվածային ներգաղթ կազմակերպելու մասին կոչերը ոչ միայն չեն բխում լիբանանահայության անմիջական շահերից, այլև միանշանակորեն հակասում են ողջ հայության ազգային շահերին: Էլ չխոսենք, որ դա պրակտիկորեն անհնար է, եթե հաշվի առնենք Հայաստանի այսօրվա իրավիճակը, հնարավորությունները և ներուժը»,- պնդեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

Արամ Շահնազարյանի խոսքով, երկու կարծիք լինել չի կարող. լիբանանահայ համայնքը պետք է վերականգնի և վերագտնի իրեն հենց Լիբանանում, ինչը պահանջում է մեր համազգային շահը, հատկապես, երբ Թուրքիան տասնամյակներ շարունակ երազել է հայաթափված Մերձավոր Արևելքի մասին:

«Եկեք մի պահ պատկերացնենք, Հայաստանի և Արցախի ռազմավարական դիրքերի ամրությունը Հարավային Կովկասում՝ հայաթափված Մերձավոր Արևելքի պայմաններում, ուր դոմինանտ դիրքեր է զբաղեցնում Թուրքիան: Կարծում եմ, պատկերն այնքան էլ ոգևորիչ չի կարող լինել:

Այնպես որ, հուսահատական խոսքերի, Լիբանանը լքելու անմիտ, անիմաստ և անիրականանալի կոչերի փոխարեն՝ մենք պետք է համահայկական կամք դրսևորենք, հոգով ու սրտով, մեր ամբողջ կարողությամբ կանգնենք լիբանանահայության կողքին՝ նրանց ցուցաբերելով բարոյական և նյութական առավելագույն աջակցություն, որպեսզի լիբանանահայությունը հնարավորինս կարճ ժամանակում կարողանա վերագտնել ինքն իրեն: Լիբանանահայությունը պետք է վեր հառնի փլատակներից՝ հանուն Հայաստանի, Արցախի և հայության: Սա համահայկական հրամայական է, որը չունի այլընտրանք, և որը պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ՝ ուր էլ որ նա ապրելիս լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica