close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանահայությանն աջակցելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ և ՀՕՄ Արցախի միավորի համատեղ նիստ

Արցախ

6 Օգոստոսի 2020, 18:06
 Լիբանանահայությանն աջակցելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ և ՀՕՄ Արցախի միավորի համատեղ նիստ

Արցախում, ինչպես հայության մնացած հատվածները, ուշի-ուշով հետևում են Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին: Լիբանանահայությանը պատուհասած նոր արհավիրքի՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքների վերացման ուղիներ են փնտրում հայկական բոլոր շրջանակները:

Օգոստոսի 6-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպում է կայացել՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Հայ Օգնության Միության Արցախի միավորի վարչության անդամների մասնակցությամբ: Քննարկվել է ծանր վիճակում հայտնված լիբանանահայությանն աջակցելու միջոցների մասին հարցը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ այս օրերին ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Լիբանանի վրա: Տարբեր երկրներից կոչեր, զորակցական խոսքեր, օժանդակության առաջարկներ են հնչում, գործնական քայլեր են ձեռնարկվում:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն մշտական կապի մեջ է Լիբանանի ՀՅԴ կառույցի հետ և դեպքի առաջին իսկ պահից պարբերաբար տեղեկություններ է ստանում տիրող իրավիճակի մասին:

«Գաղնիք չէ, որ Լիբանանը, մասնավորապես լիբանանահայությունը 90-ական թվականներից Արցախի ժողովրդի կողքին են և Արցախի ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից Լիբանանում բնակվող մեր հայրենակիցները նաև գործնականում մեր շարքերում էին»,- նշել է Դավիթ Իշխանյանը:

Անցած ամիսներին Լիբանանի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված ՀՅԴ Արցախի ԿԿ-ն «Ապառաժ» ՀԿ-ի միջոցով դրամահավաք է կազմակերպել:

«Մեր կոչին առաջինն արձագանքել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և իր անձնական միջոցներից նվիրատվություն կատարել: Դիմել ենք նաև Արցախի գործարար շրջանակներին»,- ասել է Դավիթ Իշխանյանը: Նրա խոսքով՝ ՀՅԴ Արցախի ԿԿ կոչին ընդառաջել են «Բերդ» ՍՊԸ, «Իզոտրոպ Դելտա» ՍՊԸ, «Արցախգազ» ՓԲԸ, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ, «Բեյզ մեթըլս» ՓԲԸ, «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ, «Ճանշին» ՓԲԸ, «Նետրինո» ՓԲԸ, «Շինվեր Պլյուս» ՍՊԸ, «Պրոտոն» ՓԲԸ, «Սասուն» ՓԲԸ, «ՍԲՍ» ՍՊԸ, «Վիրաժ» ՍՊԸ, «Քարավան» ՍՊԸ ընկերությունները:

Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին: «Մենք քննարկումներ կունենանք Արցախի իշխանությունների հետ և վստահ ենք, որ ոչ միայն Արցախի իշխանությունները, այլ նաև մեր ժողովուրդը, հասարակական կառույցները, քաղաքական ուժերը և գործարար շրջանակները հերթական անգամ իրենց մասնակցությունը կունենան այդ աղետի հետևանքները վերացնելու և մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու առումով»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը:

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը վստահություն է հայտնել, որ ՀՕՄ-ը իր ներդրումը կունենա և հանդես կգա համախմբող ուժի դերում: «Մենք հատուկ հաշվեհամար ենք բացելու և նպատակ ունենք հավաքագրված գումարները ՀՕՄ-ի խողովակով փոխանցել Լիբանանում ապրող մեր քույրերին ու եղբայրներին: Չեմ կասկածում, որ մեր ժողովուրդը մեծ ակտիվություն կցուցաբերի լիբանանահայությանն օգնելու գործում»,- ասել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհին:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Բյուրոն լիբանանահայությանն աջակցելու կոչով դիմել է աշխարհասփյուռ հայությանը, նաև վստահություն հայտնել, որ ՀՀ և ԱՀ իշխանությունները ևս քայլեր կձեռնարկեն գործնական օժանդակություն ցուցաբերելու առումով:

«ՀՅԴ բոլոր Մարմինները, երիտասարդական /ուսանողական միավորները, ինչպես նաև մեր ուղեկից միությունները` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, Հայ Դատի գրասենյակները եւ հանձնախմբերը՝ իրենց ամբողջ ներուժը արդեն իսկ զորաշարժի են ենթարկել ի խնդիր Լիբանանանի հայության օժանդակության:

Պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը և մեկ անգամ ևս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինելու մեր հավատամքը»,- նշվում է ՀՅԴ Բյուրոյի կոչի մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica