close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա դաս չէ՞. մեր դեմ ելել են ուժեր, որոնք այսօր բարձրաձայն խոսում են Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու ցանկության մասին. Լ. Հովհաննիսյան

Քաղաքական

3 Օգոստոսի 2020, 23:27
 Սա դաս չէ՞. մեր դեմ ելել են ուժեր, որոնք այսօր բարձրաձայն խոսում են Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու ցանկության մասին. Լ. Հովհաննիսյան

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է պատմության չափորոշիչները մշակող հանձնաժողովում ընդգրկվելու համար, սակայն մերժվել է:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նախ ներկայացրեց այդ գործընթացը. «Մրցույթին մասնակցել եմ նախորդ տարվա օգոստոսին՝ մի կերպ հասցնելով նախքան ժամկետի ավարտը ներկայացնել փաստաթղթերս: Փաստաթղթերում ամեն ինչ կարգին էր, դեռ մի բան էլ ավել, որովհետև հանձնաժողովի անդամին ներկայացվող բոլոր պահանջները բավարարվում էին: Հարցազրույցի ընթացքում, կարծում եմ՝ ինձանից ակնկալվում էին հեղափոխական մոտեցումներ, մինչդեռ իմ դիրքորոշումն ավելի շատ խարսխված էր հանրակրթության ոլորտում եղած ձեռքբերումները պահպանելու և կատարելագործելու, վերափոխելու գաղափարի վրա: Հարցազրույցից 2 ամիս անց ստացա շատ լակոնիկ էլեկտրոնային նամակ, որում նշված էր, որ շնորհակալություն են հայտնում մրցույթին մասնակցելու համար և տեղեկացնում, որ ես չեմ ընդգրկվում աշխատանքային խմբում: Ընդհուպ վերջերս ինձ համար անհասկանալի էր, թե ես ինչու չընդգրկվեցի աշխատանքային խմբում այն դեպքում, երբ 2004թ. մի քանի անգամ մասնակցել եմ Կրթական ծրագրերի կենտրոնի հայտարարած մրցույթներին և ընդգրկվել 3 աշխատանքային խմբում՝ թե՛ դպրոցի ավարտական և բուհերի ընդունելության շտեմարանների մշակման, թե՛ «Հասարակագիտություն» առարկայի ուսումնամեթոդական ձեռնարկի մշակման, և թե՛ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների  առարկայական չափորոշիչների մշակման»»:

Նա նշեց, որ «Հայոց պատմություն» առարկայի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկն ու ի հայտ եկած փաստերը պատասխանեցին իր հարցին, թե ինչու չի ընդգրկվել հանձնաժողովում:

 

«Չափորոշիչներում նշված վերջնարդյունքները, որոնք շեշտադրվել են հանրակրթական ոլորտի աշխատակիցների հետ առցանց հանդիպման ընթացքում, իրականում անիրագործելի են, որովհետև նկատի ունենալով մեր դպրոցների կահավորվածությունը, ուսուցիչների մեթոդական պատրաստվածությունը, աշակերտների տարիքային առանձնահատկությունները, չափորոշիչներում աշակերտների առջև դրված են հսկայական, անիրագործելի պահանջներ, օրինակ՝ ավագ դպրոցում պահանջ է դրված, որ աշակերտը կարողանա վերլուծել, համեմատել և առաջարկել այլընտրանքային լուծումներ ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը: Չափորոշիչներն անիրագործելի են մեկ այլ առումով ևս՝ որոշ չափորոշիչներ չունեն բովանդակային հենք ծրագրում: Այսպես՝ մեր ժողովրդի պատմության վաղնջական փուլը՝ հայկական քաղաքակրթության ձևավորման փուլը, որի բացակայությունը շատ է շեշտվում մեր պատմաբան մասնագետների կողմից, չափորոշիչներում դրված է՝ որպես կարողություն, որը երեխան պետք է կարողանա ապահովել: Ինչպե՞ս: Եթե նա ծրագրային նյութը չի անցնելու, ինչո՞ւ է չափորոշիչում նման պահանջ դրված»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բովանդակային կողմին, նա ասաց, որ չափորոշիչներում խախտված է մի շատ կարևոր պատմագիտական սկզբունք. «Խոսքը պատմական իրադարձությունների, փաստերի, երևույթների շարադրման ժամանակագրական հաջորդականության մասին է: Այդ սկզբունքը խախտված է երկու իմաստով՝ նախ՝ առարկայական չափորոշիչներում և ծրագրերում ուղղակի բացակայում են հսկայական պատմական ժամանակահատվածներ, և երկրորդ՝ առկա թեմատիկ միավորներում պահպանված չէ դրանց ժամանակագրական հաջորդականությունը: Օրինակ՝ «Ինքնության պահպանման խնդիրը 20-րդ դարում» թեմայում ներկայացված են՝ Մայիսյան հերոսամարտը, որից հետո գալիս է՝ հայրենազրկման խնդիրը, այնուհետև՝ Հայկական սփյուռքի ձևավորումը: Ժամանակագրության առումով՝ Սփյուռքը Հայոց ցեղասպանության անմիջական հետևանքն է, Մայիսյան հերոսամարտերը՝ Ցեղասպանությունից հետո մեր ժողովրդի կենսական վերջին ուժերի լարման արդյունքում գոյության համար մղված պայքարում ձեռք բերված փառահեղ հաղթանակը, և ինչպե՞ս կարելի է դրանից հետո դնել հայրենազրկման խնդիրը, երբ մենք անկախություն ենք ձեռք բերել Մայիսյան հերոսամարտերի արդյունքում: Հայրենազրկումն անմիջականորեն պետք է կապել Ցեղասպանության հետ, ոչ թե՝ Մայիսյան հերոսամարտերի»:

Հարցին՝ նման օրինակները շա՞տ են չափորոշիչներում, նա պատասխանեց. «Պատկերացրեք՝ շատ կան: Երբ ուսումնասիրում էի առարկայական չափորոշիչները, ծրագրերը, նկատեցի ամպագոռգոռ երկու թեմատիկ վերնագիր՝ «Պետության վերականգնման գաղափարական նախապատրաստությունը» և «Պետության վերականգնման ռազմաքաղաքական փորձեր», և շատ մեծ եղավ զարմանքս և զայրույթս, երբ տեսա, որ այդ վերնագրերի ներքո ընդգրկված են 1862 թ. Զեյթունի ապստամբությունը, Հայդուկյան շարժումները, հայ ազգային-ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները, հայ ազգային կուսակցությունները, 1903 թ. հունիսի 12-ի օրենքը՝ Հայ Առաքելական եկեղեցու անշարժ գույքի բռնագրավման և դրա դեմ հայ ժողովրդի արդարացի ընդվզման մասին, ինչպես նաև՝ Սասունի 1904թ. ապստամբությունը: Այս բոլոր իրադարձությունները թվարկել նման պատասխանատու և վիճահարույց վերնագրի ներքո, կարծում եմ՝ ճիշտ չէ: Մանավանդ, որ դրան հաջորդում է Հայոց ցեղասպանության թեման:

Գիտե՞ք՝ թուրք պատմագրությունը որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, բայց այդ Ցեղասպանության համար մեղավոր են հենց իրենք՝ հայերը, որովհետև նրանք երախտամոռ են գտնվել օսմանյան կառավարության հանդեպ, չեն գնահատել նրա բարեհաճությունը, ապստամբություններ են կազմակերպել, ռուսական կողմնորոշում են որդեգրել, Առաջին աշխարհամարտի ընթացքում կամավորական ջոկատներ են կազմել և օգնել են մոսկովյան թշնամուն՝ գրավելու Օսմանյան կայսրության տարածքները: Եվ չափորոշչի հեղինակների այդ պնդումը, որ Ցեղասպանության նախօրեին մեր ազգային-ազատագրական պայքարը հստակ գնահատում են՝ որպես պետության վերականգնման փորձ, կներեք, բայց խնդրահարույց է: Ես այստեղ տեսնում եմ թուրքական տեսակետին տուրք տալու հետք»:

Կովկասյան ճակատի չներառելը ծրագրում պատմաբանը համարում է ամենամեծ բացթողումներից մեկը. «Մի պատերազմ, որը մեզ դրել էր շատ տանջալի և դժվարին ընտրության առջև, բայց նաև մեր առջև բացել մեծ հնարավորություններ՝ հասնելու մեր դարավոր երազանքի իրականացմանը, այսինքն՝ թուրքական ատելի տիրապետությունից մեր ժողովրդի ազատագրմանը այն բանից հետո, երբ մենք տեսել էինք համիդյան ջարդերը, և Կովկասյան ռազմաճակատ, որտեղ իր մասնակցությունը բերեց հայդուկյան շարժման ընտրանին՝ պրոֆեսիոնալ հայ զինվորականների հետ միասին, և այդ շարժումը, որ հետո դարձավ ազգային, հայկական զինուժի հիմքը՝ կտրել և մի կողմ դնել, դա ուղղակի անթույլատրելի է: Սա գալիս է բացատրելու մեր մեջ նստած, այսպես ասած՝ թշնամու կերպարը մեղմելուն, և նպաստելու հայոց պահանջատիրության ուղղությամբ մեր կողմից կատարվող ջանքերի թուլացմանը, մեկնաբանելու Հայոց ցեղասպանությունը՝ լոկ որպես հիշողություն, ոչ՝ որպես պահանջատիրություն, որը չպետք է խաթարի հայ և թուրք հասարակությունների միջև հարաբերությունների կարգավորմանը»:

Թշնամու կերպարի վերաբերյալ Լիլիթ Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմից այս հարցում դիրքորոշումը շատ հավասարակշռված է. «Երբ համադրում ենք այս ուղղությամբ Ադրբեջանում և Թուրքիայում իրականացվող քաղաքականությունը մեր կողմից կատարվող գիտական աշխատանքի հետ, մենք այստեղ ևս հանդես ենք գալիս՝ որպես պաշտպանվող կողմ, մեր շահերը պաշտպանող կողմ: Մենք շատ դեպքերում չենք կարողանում նույնիսկ մեր արդար իրավունքները պաշտպանել, մեր ժողովրդի մղած ազգային-ազատագրական արդար պայքարն ըստ արժանվույն ներկայացնել: Տեսեք՝ ինչ է կատարվում այսօր՝ հուլիսի 12-ին մեր դեմ կատարված ագրեսիայից հետո նույնիսկ տեղեկատվական-քարոզչական պատերազմում ինչպիսի կատաղի պայքար է տեղի ունենում: Բա սա դաս չէ՞: Մեր դեմ ելել են ուժեր, որոնք այսօր բարձրաձայն խոսում են Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու ցանկության մասին, իսկ մենք հանդես ենք գալիս խաղաղասիրության դիրքերից, ինչպիսին եղել ենք պատմության ընթացքում: Եթե հայը զենք է վերցրել, ապա վերցրել է իր պատիվը, արժանապատվությունը, իր հողը, տունը պաշտպանելու համար: Այս մասի՞ն էլ չխոսենք, հայրենասիրությունից, արժանապատվությունից էլ չխոսե՞նք: Էլ ի՞նչ նպատակ պետք է հետապնդի պատմության ուսուցումը դպրոցում, եթե ոչ՝ ազգային արժեհամակարգի, ազգային անցյալի նկատմամբ հարգանքի, դաստիարակչական ուղղություն ունենա դա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica