close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի համար կարևորագույն խնդիր է երկու հանրապետությունների անվտանգությունը

Քաղաքական

31 Հուլիսի 2020, 22:17
 ՀՅԴ-ի համար կարևորագույն խնդիր է երկու հանրապետությունների անվտանգությունը

Լարված հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի, արտերկրում հայերի վրա հարձակումների, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի հետ: 

-Արտերկում Ադրբեջանն ու Թուրքիան կարծես թե նոր, ավելի ագրեսիվ գործելաոճ են ընտրել: Որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ի՞նչ տեղեկություններ ունեք այս առումով, արդյո՞ք փոխվել են նաև հայկական կառույցների աշխատանքների ուղղությունները:

-Իրոք, վերջին շրջանում բավականին լարված կացություն էր ստեղծվել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ ընդհանրապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում: Այս տեսանկյունից պետք է ավելի ակտիվացնել դրսում մեր աշխատանքը, և ինչպես միշտ՝ այս անգամ էլ երկու հայկական հանրապետություններին բավականաչափ մեծ օժանդակություն են ցույց տալիս ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները: Անկախ այն բանից, որ չնայած մենք այսօր ՀՀ-ում և ԱՀ-ում ընդդիմադիր դաշտում ենք գտնվում, բայց դա չի խանգարում, որպեսզի ակտիվորեն մասնակից լինենք արտաքին քաղաքականության հետ կապված հարցերին:

ՀՅԴ-ի համար կարևորագույն խնդիր է երկու հանրապետությունների անվտանգության և այդ խորապատկերի վրա պետականության պահպանումն ու ամրապնդումը:

-Իսկ այդ առումով ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները:

-Դրա արտահայտությունն է հանդիսանում հուլիսի 23-ին Բելգիայում Արցախի բարեկամական խումբը ներկայացնող ֆրանսախոս պատգամավորների հայտարարությունը՝ կապված այս զարգացումների հետ: Պատգամավորները միանշանակ իրենց քննադատության խոսքն են ներկայացնում Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության նկատմամբ և պատրաստակամություն հայտնում՝ օժանդակել Արցախի Հանրապետության անվտանգության համակարգն ավելի ամրապնդելուն:

Բացի դրանից, սահմանային լարվածությունը վերացնելու կոչով են հանդես եկել բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, կոնգրեսականներ, հասարակական գործիչներ: Այստեղ ևս տեսանելի է Հայ Դատի գրասենյակների գործունեությունը:

ՀՅԴ Հայ Դատի հաստատած կապերը հնարավորություն են տալիս նաև լոբբիստական աշխատանք ծավալել, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունները, մասնավորապես Իլհամ Ալիևն անընդհատ խոսում են նրա մասին, որ պետք է ընդհատվի բանակցային գործընթացը: Հայ Դատի գրասենյակների հետ աշխատանք ենք կատարում, որպեսզի բանակցային գործընթացին նպաստող պայմաններ ստեղծվեն: Քաջ գիտակցում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով է հնարավոր այս հարցին լուծում տալ: Հարցը ռազմական լուծում չունի. սա պետք է հասկացնենք թե՛ մեր հարևաններին և թե՛ ընդհանրապես միջազգային հանրությանը:

-Տարբեր շրջանակների հայտարարություններում հատուկ շեշտադրում է կատարվում սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի տեղադրմանը: Արդյո՞ք այս հարցի լուծման առումով դրական տեղաշարժ կա:

-Հարցը արդիական է: Անվտանգության համակարգի տեղադրումը նշանակում է՝ նոր հնարավորություններ ստեղծել սահմանային անդորրը պահպանելու և պատերազմը կանխելու տեսանկյունից: Ցավոք սրտի, Ադրբեջանը տարիներ շարունակ անընդհատ դիմադրել է համապատասխան համակարգերի տեղադրմանը, որովհետև այս երկիրը մշտապես դավանում է ռազմական ճանապարհով հարցը լուծելու տեսակետը:

Մյուս կողմից էլ՝ նրանց մոտ մտահոգություն է առաջանում, որ անվտանգության համակարգի տեղադրումը ինչ-որ տեղ նշանակում է սահմանագծի ամրագրում: Մինչդեռ այդ սահմանագիծը, անկախ նրանց ցանկությունից, գոյություն ունի:

-Վերջին շրջանում Ադրբեջանի ավելի ագրեսիվ պահվածքը ռազմական անհաջողությա՞մբ եք պայմանավորում, թե՞ ընդհանրապես մարտավարության փոփոխությամբ:

— Այդ հարձակումները, ագրեսիվությունը ջղաձիգ քայլեր են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Նրանք փորձում են ճակատում կրած պարտությունը փոխհատուցել դրսում այդպիսի սադրանքներ կազմակերպելու միջոցով: Պարզ է, որ այդ երկրները դրսում համատեղ են գործում: Դա են վկայում նաև թուրքական իշխանությունների ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունները:

Ադրբեջանի իշխանությունների ջանքերով ադրբեջանական սփյուռքը բավականին աշխուժացել է, քարոզչական աշխատանքի մակարդակից անցում է կատարվում ագրեսիվ մոտեցումների: Անընդհատ տեղեկանում ենք հայերի, ինչպես նաև նրանց պատկանող խանութների, հայկական կառույցների վրա հարձակումների մասին, ադրբեջանցի գործարարների միջոցով հայկական արտադրանքի վաճառքն են արգելում երրորդ երկրներում: Ըստ էության, մարտավարությունը փոխվել է, և մենք էլ պետք է համապատասխան աշխատանք ծավալենք:

Ավանդաբար մեր համայնքները սփյուռքում մշտապես ակտիվ են եղել: Համոզված եմ, որ այս անգամ էլ կշարունակեն ավելի կազմակերպված դիմակայել նման սադրանքներին և թույլ չեն տա, որպեսզի ադրբեջանաթուրքական շրջանակները հակահայկական քարոզարշավն ու ոտնձգությունները շարունակեն:

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Արցախում հումանիտար ականազերծման համար օգնության տրամադրման մասին օրենքի նախագիծն արդյո՞ք համարում եք ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման փոփոխություն:

-Դա հիմնականում պայմանավորված է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակների արդյունավետ աշխատանքով, բայց մյուս կողմից այդ լավ աշխատանքի արդյունքում է, որ ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարության մոտ ճիշտ պատկերացումներ են ձևավորվում տարածաշրջանային զարգացումների մասին:

Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով խորհրդի համանախագահ Սթիվ Քոյենը ժամանակին մի օրինագիծ է ներկայացրել, ըստ որի՝ Արցախի ականազերծման աշխատանքների կազմակերպման համար ԱՄՆ-ի հատկացրած հումանիտար օգնությունը անցյալ տարի կասեցվել է: Այս ամիսներին Հայ Դատի գրասենյակն ակտիվորեն աշխատում էր օգնությունը վերականգնելու ուղղությամբ: Մեր ընկերները հավաստիացնում էին, որ հարցը փակված չէ և աշխատանքի արդյունքում նորից կհասնեն հաջողության: Ուրախությամբ պիտի նկատել, որ այս աշխատանքը որոշակի արդյունք տվեց, և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից արտաքին հումանիտար ականազերծման համար Արցախի Հանրապետությանը պետք է հատկացվի 1,4 մլն դոլար: Այս առումով մեր շնորհակալությունը պետք է հայտնենք Ջեքի Սպիերին՝ նրա ներկայացրած օրինագծի համար: Ճիշտ է, վերջնական տեսք ստանալու համար այն պետք է հաստատվի նաև Սենատի կողմից, բայց համոզված եմ, որ աշխատանքի արդյունքում այնտեղ էլ հաջողություն կունենանք:

Բացի դրանից, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների կողմից աշխատանք է տարվում ԱՄՆ կողմից ադրբեջանական բանակին հատկացվող գումարների վերանայման ուղղությամբ: Վերջին տարիներին ԱՄՆ բյուջեից ադրբեջանական բանակին հատկացվել է շուրջ 100 մլն դոլար, որը նպատակաուղղված էր ադրբեջանական բանակում բարեփոխումներ իրականացնելուն: Մինչդեռ Ադրբեջանն այդ գումարներով և սեփական միջոցներով ձեռք է բերում հարձակողական բնույթի զինատեսակներ՝ նպատակ ունենալով Արցախի հարցը լուծել զենքի միջոցով: Միացյալ Նահանգների ղեկավար շրջանակները նույնպես քաջ գիտակցում են, որ Ադրբեջանին զինելը վտանգավոր է ոչ միայն ՀՀ-ի և ԱՀ-ի համար, այլ ընդհանրապես աշխարհի համար: Տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ ստեղծելը նշանակում է՝ վտանգել աշխարհի անվտանգությունը:

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica