close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակցությունների բանաձևեր շատ կան, ուղղակի խելք է պետք դրանց հասնելու համար․ Ա․ Մանասյանը՝ փաշինյանական դիվանագիտության ու զորավարժությունների մասին

Քաղաքական

30 Հուլիսի 2020, 19:45
 Բանակցությունների բանաձևեր շատ կան, ուղղակի խելք է պետք դրանց հասնելու համար․ Ա․ Մանասյանը՝ փաշինյանական դիվանագիտության ու զորավարժությունների մասին

Արցախի հարցը այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հարցը չէ, դա միջազգային ամենաբարձր մակարդակի հարց է, որի լուծումը գտնվում է աշխարհի խոշորների ուշադրության կենտրոնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը։

Այս պատճառով էլ, ըստ նրա, պաշտոնական Բաքվի և Անկարայի համատեղ զորավարժությունը «հաթաթա տալուց» ավելի առաջ գնալու նախադրյալներ չունի։

«Պատահական չէ, որ Մինսկի խմբի պետությունները աշխարհի խոշոր կենտրոններն են․ այս մակարդակը արդեն իսկ խոսում է, թե Ղարաբաղի հարցը միջազգային ինչ հետաքրքրությունների առարկա է և ինչ ձևաչափում են դրա լուծումները որոնվում։ Եվ չնայած Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակն է այս տարածաշրջանում, դա չի նշանակում, որ կարող են ինքնագլուխ ինչ որ բաներ անել այստեղ․ անգամ 1974 թ-ին, երբ թուրքերը մտել են Կիպրոս, դա համաձայնեցված է եղել խոշորների հետ։ Նույնիսկ Սովետական Միությունն է իր համաձայնությունը տվել, որ ՆԱՏՕ-ի երկու երկիր՝ Հունաստանը և Թուրքիան, բախվեն և դա թուլացնի ՆԱՏՕ-ին․ այսպիսի սխալ հաշվարկով Գրոմիկոն համաձայնություն է տվել»,-մեկնաբանեց Ալեքսանդր Մանասյանը։

Ցանկացած զորավարժություն, անկասկած, ուժի ցուցադրում է և Ադրբեջանն ու Թուրքիան, իհարկե, Հայաստանին են այդ ուժը ցուցադրում՝ նշեց նա։ Բայց նաև հիշեցրեց, որ «ծիրանի պատերազմի» ժամանակ, երբ ադրբեջանցիները Ռուսաստանում սրեցին հարաբերությունները հայերի հետ, Ռուսաստանը զորավարժության նման մի բան արեց Կասպից ծովում և իր հարավային՝ Ադրբեջանին հարակից սահմաններում․ «Իհարկե, դա ուղերձ է՝ ուղղված այն երկրին, ում հարևանությամբ դա արվում է։ Նույնը սա է»։

Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ, այսօր Թուրքիայի՝ Հայաստան մտնելու համաձայնություն ձեռք բերել գերտերությունների հետ հնարավոր չէ սկզբունքորեն։

«Ինչո՞ւ, որովհետև Մինսկի խմբում, որի հովանու տակ բանակցություները գնում են, աշխարհի խոշոր ուժային կենտրոններն են, որոնց շահերն այս տարածաշրջանում չեն համընկնում։ Նրանք չեն կարող համաձայնեցված ձևով Թուրքիային ճանապարհ տալ այսպիսի հարցերում»,-նշեց Ալեքսանդր Մանասյանը։

ՄԽ համանախագահ երկրները, նրա համոզմամբ, տարբեր շահեր ունեն տարածաշրջանում և այդպես հեշտ չէ նրանց երեքից էլ համաձայնություն ստանալ, դա բացառվում է՝ գոնե տեսանելի հեռանկարում։

Թուրքիայի՝ Սիրիա մտնելու իրադրությունը, պրոֆեսորի խոսքով, տարբեր էր․ մինչև թուրքերի մտնելը Սիրիայում արդեն ԱՄՆ և Ռուսաստան կար և ԻՊ ահաբեկչական ծայրահեղական կազմակերպություն։

«ԻՊ թեման թույլ է տվել, որ տարբեր կողմեր մասնակցեն՝ ոչ միայն Թուրքիան, այլև Իրանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը։ Իսկ Հայաստան Թուրքիայից բացի ո՞վ պիտի մտնի։ Այնտեղ այդպես չէ, այնտեղ արդեն կոնֆլիկտի տեղ է, որտեղ Թուրքիան կողմերից մեկն է, իրադրությունը տարբեր է»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը։

Նա համաձայն է, որ Տավուշում Ադրբեջանը հայկական զինուժի ամրությունն էր փորձում․ եթե կարողանար, կգրավեր տարածքներ, ինչպես 2016-ին Թալիշում։ Այդպիսի փոքր քայլերը խոշոր տերությունները չեն դիտարկում իբրև բեկում որևէ մեկի օգտին։

«Այդպիսի փոքր քայլերով առաջ գնալը ի՞նչ է խանգարում։ Օրինակ,  երբ Թալիշում Լելե-Թեփե բարձունքը գրավեցին, ճիշտ այնպես, ինչպես Տավուշում մենք մեզ իսկ պատկանող որոշ դիրքեր բարելավեցինք։ Դա համարվում է ոչ այնքան էական բան և ոչ թե լուրջ առիթ մեծ պատերազմի։ Այդպիսի մանր տեղաշարժերը այս 30 տարիների ընթացքում շատ են եղել, և՛ ՄԽ համանախագահները, և՛ ՆԱՏՕ-ն դրա մեջ չեն տեսել բեկում որևէ մեկի օգտին և վճռական մի բան մեծ պատերազմի համար»,-պարզաբանեց Ալեքսանդր Մանասյանը։

Նա նշեց, որ այդպիսի դեպքերում խառնվում են գործին, ասում՝ «տեղներդ նստեք», և «տեղները նստում են»․ «Ադրբեջանցիներն այս անգամ տեղները նստեցին»։

Բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանի վերադարձը նախկինների ձեռքբերմանը՝ սահմանին խախտումները վերահսկող մեխանիզմներ տեղադրելու մասին պայմանավորվածությանը, Ալեքսանդր Մանասյանը օրինաչափ է համարում, բայց գտնում է, որ Ադրբեջանն ամեն կերպ դիմադրելու է։

«Նախորդ իշխանությունների ամենամեծ հաջողություններից մեկը եղել է դա, որ սահմանը վերահսկվի այնպես, որ իմանան՝ ով է խախտում հրադադարը, որովհետև նրանք ամեն անգամ խախտում էին, մեղքը մեզ վրա գցում։ Որպեսզի դրա վերջը գա, մեր նախկին արտգործնախարարությունը, վերագրենք նրան, հասել է այն բանին, որ համաձայնություն է ձեռք բերվել, որին Բաքուն դեմ է եղել, որովհետև ընդհանրապես շփման գծի ամրացումը դառնում է սահմանի ամրացում, դա դառնում է իրապես սահման»,-նշեց Ալեքսանդր Մանասյանը։

Այս պատճառով էլ նա վստահ չէ, որ այս անգամ այդ հարցը բարձրացվելով և նույնիսկ որոշումներ կայացվելով, Բաքուն կհամաձայնի։

«Բաքուն ամեն կերպ կաշխատի խանգարել դրան։ Կհաջողվի, թե չի հաջողվի, ես չեմ կարող այս պահին ասել, բայց որ կխանգարի դրան, չի համաձայնվի , դա ակնհայտ է նրա քաղաքականության ներքին տրամաբանությունից բխելով, նա կփորձի վիժեցնել այդ գործընթացը»,-ասաց Մանասյանը։

Բայց նա կարծում է, որ հասունացել է ժամանակը, որպեսզի նոր իշխանությունները վերադառնան հների ձեռք բերած այդ  հաջողության սահմանագծին։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցի կարգավորման գործընթացում Ալեքսանդր Մանասյանը համարում է ոչ թե «հակասական», այլ «ոչ կոմպետենտ»։

«Մեծ դիվանագիտությունը պահանջում է մշակված բանաձևերի շրջանառություն, որոնց հայելային անդրադարձ չլինի․ օրինակ, երբ պրն․ Փաշինյանն ասում է՝ «սա Հայաստան է և վերջ», Ալիևն էլ ասում է՝ «սա Ադրբեջան է և բացականչական նշան»․ պատասխանը պատրաստ է։ Բանակցություններին դու այնպիսի բանաձև պետք է շրջանառության մեջ դնես, որի հայելային անդրադարձը չկա, գոյություն չունի, իսկ այդպիսի բանաձևերը լիքն են։ Ուղղակի խելք է պետք դրանց հասնելու համար»,-նշեց պրոֆեսորը։

Մեկը չէ, երկուսը չէ՝ շատ բանաձևեր կան․․․ նշեց նա ու որպես հաջողված օրինակ հիշեցրեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն դրույթը, որ «Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստում է Արցախի փոխարեն»։

«Շատ խելոք, մտածված, խորը բանաձև է․ ինչո՞ւ, որովհետև նա ասում էր՝ ե՛ս չեմ կոնֆլիկտի կողմը, Արցա՛խն է, ես նրա երաշխավորն եմ, դուք նրա հետ պետք է խոսեք, ես նրա փոխարեն եմ նստում, իմ բերանով Արցախն է խոսում»,-ասաց նա։

Փաշինյանի մոտեցմանը, որ նախորդ նախագահները կարող էին Արցախի անունից խոսել, բայց ինքը չի կարող, Մանասյանը արձագանքեց․ «Դե ուրեմն մի՛ գնա բանակցությունների, որ գնում ես բանակցությունների ու Արցախի անունից չես գնում, քո անունից ես գնում, ուրեմն դառնում ես կոնֆլիկտի կողմ։ Շատ պարզ է, էնքան հասարակ»,-ասաց նա։

Իր կողմից առաջարկեց ևս մեկ բանաձև․ Արցախը պետք է ասի՝ ես Ադրբեջանի հետ չեմ խոսելու, մինչև ներողություն չխնդրի ադրբեջանական Ցեղասպանության համար։

«Արցախը պիտի դա ասի․ բանաձև էիք, չէ՞, հարցնում, ահա՛ ասում եմ բանաձևը՝ Արցախը պետք է ասի՝ «ես այդ ցեղասպանի հետ չեմ նստի բանակցությունների, եթե ինքն էլ համաձայնվի, մինչև ներողություն չխնդրի ադրբեջանական ցեղասպանության համար չեմ խոսի»։ Բա ամբողջ աշխարհի աչքի առջև կոտորել է մի ամբողջ ժողովուրդ, և մենք լռում ենք, չնայած՝ Արցախը չի լռել, ասել է, որ դա Ցեղասպանություն է եղել»։

Ալեքսանդր Մանասյանը վստահ է՝ եթե ցեղասպանություն է եղել, ուրեմն Արցախն իրավունք ունի բոլոր իմաստներով չխոսել, մինչև նա ներողություն չխնդրի ադրբեջանական Ցեղասպանության համար։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica