close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվա իշխանությունները միշտ հներին են օրինակ բերում, բայց ամենահինը իրենք են․ Արտաշես Ալեքսանյան

Հասարակություն

30 Հուլիսի 2020, 17:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվա իշխանությունները միշտ հներին են օրինակ բերում, բայց ամենահինը իրենք են․ Արտաշես Ալեքսանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան ազատամարտի մասնակից ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, Yerkir.am-ի հետ զրույցում տավուշյան սահմանային վերջին դեպքերը դրսից թելադրվող մեծ խաղեր որակեց։ Սակայն, իրեն բաժին հասած դերերում թշնամու կերպարը լավագույնս  կերտած արտիստը հիշեցրեց, որ երկրի բոլոր սահմաններից էլ կարող ենք ունենալ դարավոր թշնամու անակնկալ «այց»։

 - Կարող եմ միայն ենթադրել, որ դրանք մեծ խաղեր են։ Բայց, ամեն տեղից էլ կարելի է սպասել թշնամուն, որովհետեւ թաքնված ծրագրեր ունեն, որոնք ռազմական մասնագետներն ավելի ճիշտ կիմանան ու կպատասխանեն ձեր հարցին։

- Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններ արվեցին, որ իրենց հրթիռներն ուղղված են դեպի Մեծամորի ատոմակայանը․․․

- Ասում են, մենք էլ կարող ենք ասել, որ Բաքուն շուտով կանցնի ջրի տակ, որովհետեւ նավթը կվերջանա․․․ Համենայնդեպս, իրենք շատ լավ հասկանում են, թե ատոմակայանը նաեւ ում կվնասի։ Ինչ վերաբերում է թշնամու կերպարը կերտելուն, համենայնդեպս, ուրախ եմ, որ գոնե, ի վերջո, հասարակությունը, հանդիսատեսը մեր ժողովուրդը կհասկանա, թե ինչու է Արտաշես Ալեքսանյանը կերտում թշնամու կերպար։ Եթե ես չներկայացնեմ, ապա մեր սերունդը ինչպե՞ս պետք է իմանա, թե ինչի է ընդունակ այդ «ազգը», այդ «կենդանին», որը դարեր շարունակ հետապնդել է ու ոչնչացրել մեզ։ Այդ «կենդանու» միջոցով շատ եմ բարձրացնում մեր քաջերի՝ Նժդեհի, Անդրանիկի, Չաուշի խոսքերը։ Նույնիսկ իմ բացասական կերպարներում ավելացնում եմ՝ ինչպես ասում է այդ գյավուրների, հայերի Գարեգին Նժդեհը, հայրենիքը առաջնահերթ է, հանուն հայրենիքի գնացե՛ք, զոհվե՛ք․․․ Թուրքի բերանով էլ եմ մեջբերում մեր հերոսների գաղափարներն ու մտքերը։ Ինձ, որպես արտիստ սիրում են, բայց, որպես կերպար՝ զզվում ու ատում են, ուրեմն՝ հասել եմ իմ նպատակին։ Բայց, իմ այդ դերերով նաեւ իմ բողոքը, ցավը ասելիքն եմ ներկայացրել։

- Պարոն Ալեքսանյան, ասում եք, որ Ձեր բողոքը, կերտած կերպարների միջոցով եք արտահայտում, բայց  վերջին ամիսներին ֆիլմեր չեն նկարահանվում, ներկայացումներ չեն լինում, Ձեր բողոքն ինչպե՞ս եք կարողանում արտահայտել։

- Ես երբեք կուսակցական չեմ եղել, երբեք ոչ մեկի ծրագրին այո չեմ ասել, այլ արտահայտվել եմ իմ բանաստեղծությունների, կոչերի, տեսահոլովակների միջոցով։ Էլ չեմ հաշվում, որ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին թուրքի դեմ պատերազմի դաշտ եմ դուրս եկել՝ դեմ առ դեմ։ Վերջին իմ կոչը համահայկական էր, որ իմ ապրած տարիներին ոչնչացնում են մեր մշակույթը, մեր ազգը։ Գողացել են սերունդների հավատը, մարդուն բերել են որկորային դաշտ։ 1997-96 թթ․ մարդու մասին փաստագրական-խաղարկային ֆիլմ նկարեցի, թե ինչպես են մարդու ուղեղը գողանում։ 30 տարի գողացան մեր հասարակության ուղեղը, հավատը, ամբողջովին թալանեցին, թե՛ բնական ռեսուրսները, թե՛ մարդուն, թե՛ հասարակությանը, թե՛ սերունդներին։ Մարդ որքա՞ն պետք է ագահ լինի, որ այդքան չսիրի իր ազգին․․․ Կոմունիստներն էլ մի բան չէին, բայց նրանց ծրագրերում ինչ-որ նշույլներ կային, որ այդ տարիներին մեր մշակույթը զարգացավ, համաշխարհային շուկա դուրս եկավ, աշխարհով մեկ ճանաչում էին Չեքիջյանի երգչախումբը, մեր օպերան, բալետը։ Ի վերջո, Սունդուկյան թատրոնի ներկայացումներն էին աշխարհով մեկ պտտվում, ինքս թատրոնի հետ հյուրախաղերի եմ եղել շատ երկրներում։ Ի դեպ, մի օր ներկայացումից առաջ մտա հարդարման սենյակ, տեսնեմ դերասաններից մեկը սեղանն է շուռ տալիս, պահարանը, բազմոցն է քաշքշում, ասում եմ՝ ի՞նչ ես անում, ասում է՝ կերպարս եմ կորցրել․․․ Այ, հիմա մենք մեր կերպարը լրիվ ենք կորցրել․․․

- Հատկապես վերջին երկու տարիներին, երբ մշակույթի նախարարություն չունենք։

- Չեմ ուզենա նշել հատկապես վերջին երկու տարիները, որ կողմնապահություն չլինի, թե նա լավն էր, մյուսը՝ վատը։ Այս 30 տարիների ընթացքում բոլորը միահամուռ վերացրին հայ մշակույթը, լեզուն, հայ ավանդական ընտանիքները։

- Այդ ատելությունը որտեղի՞ց է գալիս՝ ազգային արժեքների, կրոնի, մշակույթի հանդեպ։

- Ըստ իս, դրսի պատվեր է կատարվում։ Ցավոք, մեր որկրամոլությունը, նյութապաշտությունը մղեց նրան, որ կատարենք ուրիշի պատվերները, եւ ինչու ոչ, կառուցենք Բաբելոնյան աշտարակ․․․ Ինձ թվում է, լավ էլ տեղյակ են, թե երբ կավերվի այդ Բաբելոնյան աշտարակը։

- Վերջին ամիսներին Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, ու այնպիսի տպավորություն է, որ կորոնավիրուսը տարածողը հենց մշակույթի գործիչն է՝  թատրոնները, համերգասրահները չեն գործում։

- Եթե, մի պտղունց մանանեխի չափ հավատ ունես, ուրեմն՝ կապրես, կարարես ու կստեղծագործես։ Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա ՝ աշխարհի 50 տոկոսն ասում է, ստեղծած վիրուս է, մյուս 50 տոկոսն էլ, թե սարսափելի իրականություն է։ Աշխարհը բաժանվել է երկու մասի։

- Արտակարգ դրության ընթացքում ԱԺ-ն հապճեպ ընդունեց մի քանի օրենքներ, այդ թվում նաեւ Լանզորոտեի կոնվենցիան, գույքահարկի մասին օրենքը։ Այսինքն՝ մարդկանց ասում են մնացե՛ք տանը, բայց այդ ընթացքում օրենքներ են ընդունում։

- Որովհետեւ կատարում են իրենց տերերի հրամանները, ովքեր իրենց բերել հասցրել են այդտեղ, իրենք էլ՝ այդ հրամանները կատարում են բարեխղճորեն, քանի որ դրա համար  վարձատրվում են։ Դե, մարդիկ իրենց գործն են անում։

- Իսկ ո՞ւր մնաց ազգային մտածողությունը։     

- Որովհետեւ գայթակղությունը շատ մեծ է, դրան պետք է դիմանալ։ Շատ կուզենամ, որ մեր հասարակությունը միայն ինքն իր մասին չմտածի, այլ՝ ապագայի, սերնդի, իր երկրի մասին։ Այս երկիրը գալիք սերնդինն է, նրանք պետք է կառավարեն, բայց գալիք սերունդը այս ազգին կա՛մ թագավոր կսարքի, կա՛մ թափառական։ Դրա համար մեր հույսը պետք է դնենք այս սերնդի վրա։ Կապ չունի, այս թե այն կառավարությունը, դրանց մեջ կան գիտակից, խելացի, պրոֆեսիոնալ մարդիկ, գեղեցիկ ծաղկաքաղ պետք է արվի։ Տերը այնքան ողորմած է, որ բոլորի մեղքերը ներում է, եթե՝ դարձի ես գալիս, ապաշխարում ես։ Կապ չունի, թե ինչ եք արել, հոգեբանություն եք պղտորել, միլիարդներ եք թալանել, թե՝ տրիլիոններ, բերե՛ք, դրե՛ք տեղը, հա՛մ կներեն, հա՛մ էլ՝ խաղաղ, առանց անեծքի կապրես ողջ կյանքում։

- Բայց ականատես եղանք, որ  թալանածը վերադարձնելուց ժողովրդին բաժին չի հասնում․․․

- Դա վերադարձնել չէ։ Այսօրվա իշխանությունները միշտ հներին են օրինակ բերում, բայց նրանց կենսագրությունը նայելով, որքան հասկացա, ամենահինը իրենք են։ Իրենցից է սկսվել այս ամենը եւ նորից այսօր իրենք են իշխանության, էլ հները ո՞րն է․․․ էն, որի հետ ձեռք-ձեռքի տված գնում են, դա է՞։ Հիմքը պետք է ճիշտ դնել, այլապես այդ տունը տուն չի դառնա։ Բայց, եթե, սկզբից ասում ես կորոնավիրուսը ո՞ւմ շունն է, թաթախենք օղու մեջ՝ խմենք եւ այլն․․․ հետո Առողջապահության նախարարը ասում է՝ դիմակ դնել պետք չէ, ես իմ երեխաներին դպրոց եմ ուղարկում․․․ Այս ամենից հետո ինչ էլ ասես, էլ չեմ հավատա քեզ։ Ինձ այստեղ ասում ես դիմակ դիր, գնում ես ուրիշ երկիր՝ առանց դիմակի, ես ո՞նց հասկանամ, ինչո՞ւ եք ինձ հետ մանիպուլյացիա անում։ Չեմ ուզում տանից դուրս գալ, որ սարսափելի տեսարանների չհանդիպեմ․․․ Բայց, զինվորի մորը պառկեցնել ասֆալտի՞ն, հայ կնոջ թեւերը ոլորե՞լ․․․ Նա սահմանին կանգնած այն զինվորի մայրն է, որը իր կյանքն է զոհել հանուն նրա, որ դու այստեղ քո աշխատավարձի համար այսպես վարվես։ Այդ տեսանկյունից շատ վրդովված եմ։ Համենայնդեպս, կին է, հայ կին, դու նրան սրբությամբ պետք է վերաբերես, որովհետեւ մեր ազգի զինվոր տվողը այդ հայ կինն է, ո՞նց կարող ես թքել այդ ամենի վրա, ուրանալ քո սրբությունները։

- Որովհետեւ, ինչպես Դուք ասացիք այսօր կերպարը, հերոսն է կորել։ Անցյալ տարի պարզվեց, որ մեր հերոսը Մել Դալուզյանն է, որի մասին մենք ֆիլմ ենք նկարահանում։

- Ցավում եմ, բայց իրականությունն եք ասում․․․ դրա համար մենք այսօր չունենք մշակույթ։ էլի եմ ասում, դրանք բոլորն էլ պատվերներ են, որովհետեւ իրենց տերերն են այդպես կամենում, այդ տեսակ է  իրենց հեղափոխությունը, իրենց աշխատաոճը։ Բայց, պետք չէ վերածել մերոնց ու ձերոնց, սեւերի ու սպիտակների․․․ Եկեք խորը մտածենք, այս իշխանությունը հավերժ չէ, այս իշխանությունն էլ կգնա, բայց քո խղճի առաջ ո՞նց քեզ կզգաս, հենց քո երեխայի, քո սերնդի առաջ ինչ պատասխան պիտի տաս։ Եկող սերունդը կասի, քո պապիկը, տատիկը, հայրն ու մայրը այս տեսակ բաներ էին անում, կոնվենցիաներ էին ընդունում․․․ Այնքան թվարկելու բաներ կա․․․ օրինակ, հենց այս իրավիճակում, երբ ողջ ազգի 70-80 տոկոսը չի աշխատում, բայց էլի պարգեւավճարներ են բաժանվում, իմ համար սա անհասկանալի է։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica