close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ BBC-ի առջև ցույցի նպատակը մեր խաղաղասեր կեցվածքը, բայց նաև հայկական հակազդեցությունը, ներկայությունն այստեղ ցույց տալն է․ Տեր Նշան քահանա

Աշխարհ

28 Հուլիսի 2020, 20:10
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ BBC-ի առջև ցույցի նպատակը մեր խաղաղասեր կեցվածքը, բայց նաև հայկական հակազդեցությունը, ներկայությունն այստեղ ցույց տալն է․ Տեր Նշան քահանա

Քանի որ ցույցը BBC լրատվական ծառայության գրասենյակի դիմաց է, նպատակն է մեր ժողովրդի կարծիքը հասանելի դարձնել ոչ միայն այստեղ ցույց անող ադրբեջանցիներին, այլև երրորդ կողմին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը։

BBC-ի լոնդոնյան կենտրոնակայանի առջև հանրահավաք էր կազմակերպել ադրբեջանական համայնքը։ Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ՝ զուգահեռ հավաքվեցին նաև հայ համայնքի ներկայացուցիչները։

«Նպատակն այս դեպքում ոչ այնքան հակաադրբեջանական ակցիան է, այլ  BBC-ին և միջազգային հնչեղություն ունեցող լրատվամիջոցներին լսելի դառնալը, բայց նաև ցույց տալը հայկական հակազդեցությունը, ներկայությունն այստեղ»,-ասաց Տեր Նշանը։

Ցույց կազմակերպելու հիմնական ազդակը տրվել էր Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակից, բայց երբ արդեն լուրը տարածվեց, հետևեց նաև ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազան Մանուկյանի օրհնությունը, Համայնքային խորհրդի հավանությունը և համայնքի ամբողջ ներուժը մոբիլիզացվեց, որ համահայկական ձայնը հնչի։

«Հատկապես հայ-ադրբեջանական սրացումների ֆոնին միշտ կարծես նույն տրամաբանությունն է գործում․ հայերը կազմակերպեն, թե ադրբեջանցիները, միշտ այս երկու խմբերը զուգահեռ լինում են նույն տեղում։ Միջազգային հայտնի լրատվամիջոցի շենքի դիմաց, թերևս, նույնաքանակ մարդիկ են հավաքվել՝ մոտ 100 իրենք, 100 մենք։ Հնարավոր ամեն բան արվում է, որ բախումային իրավիճակ թե՛ իրենց, թե՛ մեր կողմից չլինի, որովհետև մերոնք միանշանակ պատրաստ են խաղաղ լինելու, բայց, վստահ եմ, եթե իրենք փորձեն բզբզել, գուցե մերոնք ավելի ակտիվ իրենց տեղը դնելու ցանկությունն ունենան։ Դրա համար մեր հիմնական  կամքն է հնարավորինս փորձել խուսափել բախումից»,-ասաց Տեր Նշան քահանա Ալավերդյանը։

Հայկական կողմի ակցիան սկսվեց «Հայր մեր» տերունական աղոթքով ու խաղաղության մաղթանքներով, հայկական ազգային պարերով։ Ադրբեջանական կողմը եկել էր Տավուշի սահմանին իրենց իսկ ագրեսիայի արդյունքում ունեցած ադրբեջանցի կորուստների լուսանկարներով։ «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ» վանկարկումներով ակցիայի հայ մասնակիցները փորձում էին BBC-ի համար ընկալելի դարձնել, որ Հայաստանը ագրեսոր երկիր չէ և դրա իմաստն էլ չկա։

«Մենք մտադիր ենք ցույց տալու հայկական ներկայությունը և խաղաղության կամքը․ հիմնականը՝ որ Հայաստանը խաղաղություն է ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ։ Նաև բերել ենք մեր ատոմակայանի նկարը և իրենց հրթիռակոծության սպառնալիքը, այսինքն, որ այդ վտանգը կա և մեր կոչն է, որ խաղաղությունը պահվի»,-ասաց քահանան։

Տեր Նշանի խոսքով, ցույցի ամբողջ տրամաբանությունն էր՝ ցույց տալու, որ անգամ պատերազմական իրավիճակներում Հայաստանը ցանկանում է խաղաղություն, բայց պատրաստակամ է նաև պաշտպանելու իր հողը, պաշտպանելու իր սրբությունները։

«Մենք անգլերենով և հայերենով էլ հայտարարեցինք խաղաղության կամքը, գալու և ասելու, որ ագրեսիվ վիճակ չէ, ադրբեջանական ագրեսիային՝ վերջ»,-ասաց նա։

Սկզբում կոչերն ու վանկարկումները ավելի շատ մեկը մյուսի համար էր՝ մի կողմից ադրբեջանցիներն էին գոչում իրենց հայտարարությունները՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», «Մենք պաշտպանում ենք մեր հողը», «Հայաստանն ագրեսոր է, ահա զոհերը», մյուս կողմից հայերն էին վանկարկում՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ», «Արցախ», «Հայաստան» և այլն։

BBC-ից ներկայացուցիչ դուրս չեկավ՝ ցույցի ուղերձին ծանոթանալու համար, բայց, Տեր Նշանն ասաց՝ հայկական կողմը նամակ է պատրաստել, որը պետք է հանձնվի BBC-ի գրասենյակ՝ հայկական կողմի կարծիքը ներկայացնելու համար․ «Այսինքն, եթե անգամ մարդ դուրս չգա էլ, մեր խոսքը իրենց կհասցնենք նամակի տեսքով»։

Հայկական ու ադրբեջանական համայնքներին բաժանող փողոցը բավականին լայն էր՝ սադրանքներից խուսափելու համար, բացի այդ, այս անգամ ոստիկանական ուժերն էին ավելի մեծաթիվ։

«Կարծում եմ, անմտություն կլինի՝ փողոցն անցնել ու փորձել սադրել, ինչպես անցած անգամ արեցին դեսպանատան առջև։ Եվ, կարծում եմ, իրենք էլ տեսնում են, որ մարդկային մեր ներկայությունը անցածի համեմատ ավելի մեծաքանակ է և եթե նման բան անեն, ավելի վատ կվերջանա»,-ասաց Տեր Նշանը։

Այդուհանդերձ, ցույցի ավարտին մոտ ոստիկանները, չգիտես ինչու, թույլ տվեցին, որ ադրբեջանցիները երթով մոտենան հայերին և հայհոյանքներ տեղան։ Հայկական կողմից փորձում էին չտրվել սադրանքին, բայց նրանք սկսեցին հայկական դրոշները հափշտակել և իրավիճակը մի պահ դուրս եկավ վերահսկողությունից ու բախում եղավ։ Կարճ քաշքշուքից հետո ադրբեջանցիները հեռացան ու ցրվեցին։ Ապա տարածքն ազատեցին նաև հայերը։

Միջազգային լրատվամիջոցի՝ BBC-ի առջև ցույց անելու՝ ադրբեջանական համայնքի նախաձեռնությանը լռությամբ պատասխանելը հայ համայնքի կողմից հանցավոր անգործություն կլիներ․ որևէ ձևով հակազդել պետք էր՝ նաև հայկական կողմի դիրքորոշումը տեղ հասցնելու և ինֆորմացիան միակողմանի թույլ չտալու նպատակով։ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը ընտրեց խաղաղ ցույցի տարբերակը, ինչը քաղաքակիրթ աշխարհում ընդունված միջոց է։

Ներհայաստանյան որոշ շրջանակների կեղծ խաղաղասիրական հայտարարությունները, թե աշխարհով մեկ ծայր առած ակցիաները, որոնք երբեմն ծեծկռտուքի են վերածվում, կարող են հայերին ոչ քաղաքակիրթ ազգի համբավ հաղորդել միջազգային հանրության աչքում, Տեր Նշան քահանայի տեսանկյունից՝ սադրանք են հենց հայ համայնքի նկատմամբ։

«Այստեղից պատասխանատու կերպով կարող եմ հայտարարել, որ նման բան ասելը սադրանք է հենց մեր համայնքի նկատմամբ, որովհետև հենց սկզբից իսկ երբ խորհրդակցություն է լինում նման բան անելու, պայմանն է լինում՝ խաղաղ անելու, որովհետև մենք այստեղ նաև քաղաքակիրթ կերպով ներկայանալու խնդիր ունենք, որովհետև ոչ միայն երկու կողմն է, այլև երրորդ, չորրորդ կողմեր կան այստեղ։ Ի վերջո, այլ պետության մեջ ենք և մենք այլ պետության մեջ հստակ ցույց ենք տալիս մեր խաղաղասեր կեցվածքը՝ ասելու, որ մենք, իսկապես, խաղաղություն ենք ուզում, և այնտեղ՝ սահմանին, ագրեսիան եղավ Ադրբեջանի կողմից, մենք ընդամենը սանձեցինք այդ ագրեսիան»,-ասաց Տեր Նշան քահանա Ալավերդյանը։

Անգամ նախորդ՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանատան առջև ցույցի ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները բախումները հարթեցին ադրբեջանցիների հետ խոսելով և բացատրելով, որ ամեն մեկն իր կարծիքն է ասում և պետք է պահպանվի խաղաղությունը․ «Իրենք հասկացան, ընդունեցին, ոչ թե Ոստիկանությունը ցրեց, այլ իրենք էլ կարծես հասկացան, որ եթե շարունակեն, ավելի վատ գուցե լինի։ Եվ մենք այդ խաղաղասիրական կամքը միշտ ցույց տվել ենք»։

Տեր Նշանի կարծիքով, դրա արդյունքն է, որ բախումային վիճակը չի զարգացել և չի շարունակվել։

«Գոնե Բրիտանիայի հայ համայնքի գործելու տրամաբանությունը միշտ հստակ դա է եղել և չի եղել տրամադրություն, որ պետք է սադրենք, բախում լինի, չէ, այս տիպի երկրներում հատկապես, դա բարբարոսական է և ճիշտ չէ, մենք ցիվիլ կերպով մեր կարծիքը արտահայտելու հնարավորություն ունենք և դա ենք անում։ Մեր աղոթքը հենց ուղղված էր ցույց տալու, որ մենք ամեն կերպ նպատակ ունենք խաղաղություն ունենալու՝ «Տեր Աստված, խաղաղություն տաս մեր երկրին, մեր ժողովրդին, մեր սահմաններին և պահպանես մեզ և մեր սահմանները, որպեսզի խաղաղ լինի ամեն բան»»,-ասաց քահանան։

Մեծ Բրիտանիայում, որտեղ մահմեդական տարրը ակտիվ է, հայ հոգևոր հայրերը ավելի խնդիր ունեն ոչ թե այդ գործոնի հետ, այլև համայնքի աշխարհիկացման՝ սեկուլյարիզմի իմաստով։

«Անգամ մուսուլմանները, գալով այստեղ, նույնպես պրակտիկ իմաստով անցնում են անհավատ կենցաղավարության, եթե անգամ գաղափարական իմաստով մահմեդական են մնում։ Ամբողջ Եվրոպայում եկող փախստականների մեջ տոկոսային հարաբերությամբ մուսուլմանական ներկայությունը կարծես երևում է, բայց, այսպես թե այնպես, արևմտյան աշխարհիկ կյանքը մուսուլմանական տոկոսը քչացնում է»,-նկատեց Տեր Նշանը։

Հայ քրիստոնյան, եթե ուզենա Լոնդոնում ևս ապրել իր քրիստոնեական կյանքը, ոչ մի արգելք, ոչ մի վախ անգամ չկա․ «Մենք այստեղ կարող ենք խաչով և զգեստով պտտվել փողոցում և ոչ մեկը մեզ որևէ բան չի ասի»։

Սակայն ադրբեջանցիները ժամանակին փորձեցին և այժմ էլ փորձում են կրոնական շերտ հաղորդել հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, որպեսզի օտար երկրների իրենց հավատակիցներին այն ներկայացնեն որպես կրոնական պատերազմ և նրանք գնան ջիհադի հողի վրա հայերի դեմ պատերազմելու։

«Մեր դիրքորոշումն է միշտ եղել, որ մենք խնդիր չունենք որևէ այլ մուսուլման ազգի հետ, ինչպես համակեցությամբ ապրում ենք Իրանում, Լիբանանում, Սիրիայում, ոչ մի խնդիր չունենք նաև այստեղ։ Եվ որևէ կերպ Արցախի խնդիրը ներկայացնել որպես կրոնական պատերազմ, անհեթեթություն է․ սա մենք միշտ կրկնել ենք»,-ասաց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica