close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամբողջական անվստահությունս եմ հայտնում վարչապետի՝ Արցախի հարցում վարած քաղաքականությանը․ Լարիսա Ալավերդյան

Քաղաքական

27 Հուլիսի 2020, 23:18
 Ամբողջական անվստահությունս եմ հայտնում վարչապետի՝ Արցախի հարցում վարած քաղաքականությանը․ Լարիսա Ալավերդյան

Մեր իշխանությունը իր քաղաքականությամբ ավելի արագացրել է Ալիևի ագրեսիվությունը և, մինչև անգամ, զինված հարձակումներ իրականացնելը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Արագացրել է, որովհետև, նրա համոզմամբ՝ Արցախի հարցում օրվա վարչապետը վերին աստիճանի կոպիտ քաղաքական սխալ է գործել, երբ ուղղակի հակադրվել է նախկինների քաղաքականությանը և որոշել՝ նոր կետից սկսել։

«2018 թ-ին պետք է շարունակվեր այն գործընթացը, որը տարիների աշխատանքի արդյունք էր՝ ուղղակի պետք է հստակցվեին մեխանիզմները, որոնք պետք է հաստատեին, թե ով է առաջինը խախտում զինադադարը։ Դա այդքան հեշտ չէր։ 30 տարի շարունակ անընդհատ քննադատում էինք, որ մեր իշխանությունները չեն կարողանում հստակեցնել իրենց մոտեցումները, որ բոլոր դեպքերում՝ սկսած 1990-ականներից, հենց Ադրբեջանն է սկսում ագրեսիվ գործողությունները։ Հիմա, մենք կարողացել էինք վերջապես այնպիսի մի փուլ մտնել՝ 2016 թ-ի ապրիլյան՝ մեզ համար բավականին ողբերգական կորուստներից հետո, որ պետք է հստակ այդ մեխանիզմը գործեր։ Բայց նա որոշեց նոր կետից սկսել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունները 2 տարի 2 ամսվա ընթացքում մոռացության տալով դա և հանդես գալով ավելի քան կասկածելի   «երևանյան սկզբունքներ», «7 կետեր» թեզերով, մեզ ստիպելու են ավելի բարձր գին վճարել։

«Անօգնական այս քաղաքականությունը, որը գործադրվել է իշխանության կողմից, ուղղակի մեզ տանում է բավականին ծանր գնով ճանապարհների․ հայոց բանակի հաղթանակի մեջ ես երբեք չեմ կասկածել, բայց այսպիսի գործընթացները ուղղակի բարձրացնում են գինը այդ հաղթանակի՝ կորուստների մասին է խոսքը»,-բացատրեց նա։

Երկրորդը, Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, այն է, որ վարչապետը այնքան անհետևողական բաներ է ասել, որ հարթության վրա մնացել է նրա վերին աստիճանի անօգնական ելույթը Ալիևի հետ հանդիպման ժամանակ․ «Որևէ մի գաղափար, հաղթող կողմի խոսք մենք այդտեղ չլսեցինք»։

Նա մտահոգություն հայտնեց, որ երկու տարի երկու ամսվա մեջ ամբողջովին դուրս է մղվել այն բառապաշարը, որ նախկին իշխանությունները շրջանառության մեջ էին դրել․ «Նրանց անընդհատ քննադատում էինք, որ չեն կարողանում փոփոխել Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը, բայց նրանք վերջապես մտցրել էին շրջանառության մեջ «անկախություն», «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում», որ «դա ոչ թե առաջնային ինքնորոշման իրավունք է, այլ արդեն իրացված իրավունքի ոտնահարում է Ադրբեջանի կողմից», որ «Արցախն անկախացել է ցեղասպանական գործողությունների վտանգի ներքո, և որևէ առումով ցեղասպանագործ երկրի մաս կազմել չի կարող Արցախը»․․․ այս բոլորը դուրս է մղվել։ Իսկ ինչ է մնացե՞լ․ որոշում, որին պետք է համաձայն լինեն 3 ժողովուրդները․ այդ «3 ժողովուրդ» արտահայտությունը ապտակ է հայ ժողովրդին, այստեղ խոսք չկա 3 ժողովուրդների մասին, խոսքը մեկ ժողովուրդ՝ երկու պետության մասին է, որը մենք ստիպված ենք շարունակել, որովհետև գործընթացներն այդպես են ընթացել և հայկական դիվանագիտական ամբողջ ուժը չեն կարողացել ամրապնդել այն հաղթանակը, որը տարել են մեր զինվորները արցախյան պատերազմի ժամանակ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ամենը միտումնավո՞ր, թե՞ անգիտորեն է անում, Լարիսա Ալավերդյանի տեսանկյունից՝ էական չէ։

«Դա իմ խնդիրը չէ՝ այսպե՞ս է անում, թե՞ այնպես։ Նա, քանի որ որպես քաղաքական գործիչ հասունացել է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության և գաղափարակիրների շրջանակում, ես այսօր էլ համոզված եմ, որ նա այսօր էլ չի պատկերացնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ոչ միայն նահանջողական են, այլև պարտվողական են և դրանք վտանգավոր են ամբողջ հայության համար։  Վերջին դեպքերը պետք է վերջապես ապացուցեն, որ թուրքի համար չկա առանձին արցախահայություն, Հայաստանի հայություն, նրանց խնդիրը աշխարհով մեկ վերացնելն է հայությունը և դարձնելը աշխարհի բոլոր ժողովուրդների «աչքի փուշը»․ սա է խնդիրը»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը։

Եվ այս առումով Լարիս Ալավերդյանը հաստատակամ է՝ այսօր էլ, հենց կարողանա դա ձևակերպել որպես իրավաբանական հիմք, անմիջապես դատի կտա։

Դատի տալու բաները, նրա համոզմամբ, շատ-շատ են, պարզապես ապացուցողական բազան պետք է հստակ հավաքվի։

«Ես ուզում եմ հենց հիմա հայտնել իմ ամբողջական անվստահությունը կառավարությանը և օրվա վարչապետին Արցախի հարցում վարած այս 2 տարի 2 ամսվա ընթացքում քաղաքականությանը։ Ամբողջական անվստահությունս եմ հայտնում և դա հիմնված է այն գործողությունների և անգործության վրա, որը ցուցաբերվել է իշխանության  և վարչապետի կողմից»,-ասաց նա։

Այն «կետերը», որից վարչապետն ուզում է սկսել, Ալավերդյանի համոզմամբ՝ բացարձակապես չեն համապատասխանում ազգային շահին և հակասում են միջազգային իրավունքին․ «Այսինքն, կարողանում են, թե չեն կարողանում, միտումնավոր են, թե անգիտակցաբար են․․․ ի վերջո, դա է՞ մեր խնդիրը։ Մեր խնդիրն է ցույց տալ, և ես դա պնդում եմ, որ իշխանությունները և գործող վարչապետը ապացուցել են իրենց բացարձակ անընդունակ լինելը Արցախի հարցի շուրջ որևիցե հոդաբաշխ նախադասություն և քաղաքականություն վարելու»։

Թուրքիան, նրա համոզմամբ, այս անգամ ավելի ագրեսիվ արձագանքեց ՀՀ իշխանությունների՝ 2 տարի 2 ամսվա ապաշնորհ քաղաքականության պատճառով․ «Ես չունեմ ուղղակի տեղեկատվություն, որ դավադիր պայմանավորվածություններ կան, ես արդյունքներով եմ դատում, որ այդ 2 տարի 2 ամսվա քաղաքականությունը մղում է և՛Թուրքիային, և՛ Ադրբեջանին ավելի ակտիվ լինել իրենց ագրեսիվ քաղաքականության մեջ»։

Բացի այդ, փոխվում է աշխարհակարգը, և միշտ էլ, երբ այդպիսի տեկտոնիկ երևույթներ են տեղի ունենում, Թուրքիան օգտվում էր այդ պահերից։

«Հիշեք ուղիղ 100 տարի առաջ ինչ էր տեղի ունենում։ Եվ նույնը, քանի որ հիմա մեկ բևեռանոց աշխարհը չկայացավ, բազմաբևեռանոցի շուրջ շատ բախումներ կան, Թուրքիան անպայման օգտվում է և ուզում է ապացուցել, որ տարածաշրջանում ինքն է տերը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Եվ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը, նրա համոզմամբ, նպաստում է դրան։

«Այո՛, այդ կրավորական բառապաշարը․․․ կներեք, բայց խաղաղության մասին լացակումած զրույցները երբևիցե խաղաղություն չեն բերում, խաղաղությունը երբեք չի տրվել մեր խնդրանքով, մենք դա պարտադրել ենք, խաղաղությունը միշտ պարտադրված է եղել՝ լինի Թուրքիայից, լինի Ադրբեջանից»,-ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ այս բոլորը ցույց են տվել Թուրքիայի և Ադրբեջանին, որ հիմա, ավելի քան երբևէ, Հայաստանի հասարակությունը պառակտված է և կարող է չկարողանալ դիմադրել։

«Կա և երրորդ բանը․ ես չեմ հասկանում ինչո՞ւ է պատմությունը կրկնվում, բայց նախկինում, երբ ներսում եղել են բավականին ուժեղ ցույցեր կամ շարժումներ իշխանությունների դեմ, դրանից օգտվել են և Ադրբեջանը միշտ սրացրել է իրավիճակը սահմանին։ Ես չեմ առաջարկում չբողոքել իշխանություններից, հակառակը, այն երկու հանգամանքը, որ՝ մի կողմից ներսում հասունանում է դժգոհությունը և մյուս կողմից՝ հասարակությունը պառակտված է, չի բացառվում, որ դրանից օգտվում է Ադրբեջանը իր ներսում ունեցած պրոբլեմները քողարկելու համար, բայց դրանից օգտվում է և ներսի մեր իշխանությունը՝ ուզում է սլաքը շրջել և ասել, որ  տեսեք՝ դրսի վտանգը, իսկ դուք ուզում եք մեզ ներսից վնաս հասցնել»,-իրավիճակը վերլուծեց Լարիսա Ալավերդյանը։

Նա ամփոփեց, որ  իշխանությունները, լինելով ամբողջովին անօգնական և ոչ հմուտ և սխալ քաղաքականություն վարելով այս ուղղությամբ (ինչ նպատակով՝ մենք շուտով կբացահայնենք), այս ամբողջը տեղի է ունենում և՛ այն պատճառով, որ արտաքին թշնամին հստակեցնում է իր համար, որ էլի պահը հասունացել է և կարելի է դա անել։

«Բայց այն ձևով, որով արել են Տավուշում, ինձ համար խիստ կասկածելի է, որ դա եղել է մտածված կամ ուժգին հարված հասցնելու գործողություն։ Թե ինչն է իրական պատճառը, որ՝ և՛ Ալիևին, և՛ Փաշինյանին ձեռնտու է եղել այդպիսի լոկալ դրվագը, կբացահայտվի ապագայում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica