close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Զրո ազդեցություն ունեցող» քաղաքական ուժից աշխարհով մեկ բողոքում են Ադրբեջանի հյուպատոսարանները․ Արշակ Մեսրոբյանը՝ ՀՅԴ ակցիաների մասին

Քաղաքական

22 Հուլիսի 2020, 22:13
 «Զրո ազդեցություն ունեցող» քաղաքական ուժից աշխարհով մեկ բողոքում են Ադրբեջանի հյուպատոսարանները․ Արշակ Մեսրոբյանը՝ ՀՅԴ ակցիաների մասին

Ադրբեջանի հյուպատոսարանները աշխարհի խոշոր քաղաքներում բողոքում են Դաշնակցությունից․ նրանք ոստիկաններից խնդրում են իրենց պաշտպանել երիտասարդ դաշնակցականներից։

Մինչդեռ ՀՅԴ երիտասարդականը, համախմբելով տեղի հայ համայնքին, իրազեկման բնույթի ակցիաներ է իրականացնում՝ տեղի հասարակությանը, միջազգային հանրությանը տեղեկացնելու Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին և դատապարտելու Ադրբեջանի հարձակումը ՀՀ սահմանների վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ղեկավար Արշակ Մեսրոբյանը։

«Քիչ առաջ ականատես եղանք Լոս-Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի գրառմանը սոցցանցերից մեկում․ նախ՝ շնորհակալություն էին հայտնում, որ Ոստիկանությունը ապահովում է իրենց անվտանգությունը «հայ դաշնակներից» և նման այլ արձագանքներ էլ, վստահ եմ, կշարունակեն տեղի ունենալ։ Դա լավ փաստ է այն առումով, որ Դաշնակցության երիտասարդությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնի, որպեսզի պաշտպանի ՀՀ սահմանները՝ կապ չունի լինելով Հայաստանում, թե արտերկրում»,-ասաց նա։ 

Իրականում ադրբեջանցիները սադրում են խաղաղ հայ ցուցարարներին՝ միջազգային հանրության ուշադրությունը ակցիայի բուն խնդրից շեղելու և նրանց իբրև ագրեսոր ներկայացնելու համար։

«Բազում երկրներում նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում Դաշնակցության երիտասարդական, ուսանողական միությունների կողմից՝ լինի Եվրոպա մայրցամաքում, Արևմտյան մայրցամաքում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր։ Մենք արձանագրում ենք, որ ադրբեջանցի ցուցարարների կողմից հրահրիչ, սադրիչ դեպքեր են լինում, ինչպես, օրինակ, վերջերս Լոնդոնում տեղի ունեցած դեպքերը։ Ադրբեջանցի ցուցարարները ամեն գնով փորձում են տվյալ երկրում հայ հանրության ներկայացուցիչներին և, մասնավորաբար, դաշնակցական երիտասարդներին որպես ագրեսիա ցուցաբերող անհատներ ներկայացնել։ Այդպես են քարոզում իրենց լրատվամիջոցներով, ադրբեջանական պաշտոնական կայքերով և այլն։ Հարցը փորձում են շեղել տարբեր ուղղությունների վրա»,-նշեց Արշակ Մեսրոբյանը։

Բողոքի միջոցառումներին զուգահեռ ՀՅԴ կառույցը հարցը բարձրացնում է քաղաքական մակարդակով՝ նամակներ հղելով երկրների կառավարություններին, որպեսզի միջազգայնորեն ճնշումներ բանեցնեն Ադրբեջանի վրա, յուրաքանչյուր երկիր իր հերթին դատապարտի և այդ կերպ սանձեն, զսպեն Ադրբեջանի սանձարձակությունը։

«Մեր ուսանողական և երիտասարդական միությունները կազմակերպում են նաև իրազեկման տարբեր միջոցառումներ իրենց շրջանների օտարերկրյա երիտասարդական կազմակերպությունների հետ միասին։ Նույն նպատակով․ որ նրանց ներկայացնեն բոլոր մանրամասները, որ ապատեղեկատվությունից զերծ մնան։ Ինչպես գիտենք, մեդիա դաշտը ոչ ճշգրիտ տեղեկատվություն է տարածում, այնպես որ, մեր երիտասարդությունը պետք է նման գործունեությամբ էլ զբաղվի, որ ճշգրիտ տեղեկատվություն հասցնի օտարերկրացիներին»,-նկատեց Արշակ Մեսրոբյանը։

Ադրբեջանի դեսպանատները տարբեր երկրներում մեծ գումարներ են ծախսում ՀՀ սահմանին սրացման մասին տեղեկատվությունը խեղաթյուրված ներկայացնելու և մեղքը հայկական կողմի վրա բարդելու համար։ Նաև կազմակերպում են ադրբեջանական համայնքի ակցիաներ ՀՀ դեսպանատների դիմաց։ Սա, իհարկե, ապօրինի է․ դեսպանատունը իրավունք չունի դիվանագիտական գործունեությունից զատ այլ գործունեությամբ զբաղվել։

«Պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր դեսպանատան կարգավիճակը տվյալ երկրում իրենց երկրի ներկայացուցչությունը ապահովելն է, զուտ դիվանագիտական գործունեությամբ պետք է զբաղվի։ Բայց Ադրբեջանի պարագայում այլ արձանագրում կարելի է անել՝ նաև հաշվի առնելով Ադրբեջանի ներկա ավտորիտար ռեժիմը Ալիևի գլխավորությամբ։ Շատ հավանական է, որ այդպես էլ կատարվում է, որովհետև միակ օղակը տարբեր երկրներում, որ կա, դա Ադրբեջանի դեսպանատներն են՝ կապված հենց Ադրբեջան պետության հետ ուղղակիորեն, այդ միջոցով էլ կարողանում են հրահրել տեղի ադրբեջանական սփյուռքի շերտին, որ ոտքի ելնեն և հակադարձեն մեր երիտասարդների բողոքի խաղաղ միջոցառումներին»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ղեկավարը։

ՀՅԴ երիտասարդները տարբեր ճակատներում զուգահեռ գործողություններ են տանում՝ Հայաստանում զորակցելով սահմանապահ զինվորին, իսկ արտերկրում քաղաքական ու քարոզչական ծրագրեր իրագործելով։

«Միշտ պետք է լինենք մեր պետության կողքին, մանավանդ նման դժվարին և օրհասական իրավիճակներում մենք պետք է կարողանանք մեր միջազգային կարողականությունը ի սպաս դնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պաշտպանության սուրբ գործին»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։

Դաշնակցության երիտասարդական կառույցը Ընկերվար երիտասարդների միջազգային միության անդամ է։ Այդ հարթակը ևս օգտագործում են, որպեսզի հարցը բարձրացնեն և ապահովեն միջազգային հանրության ուշադրությունը։

«Դեռ մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանը դեռ հարձակում չէր սկսել, բայց զորավարժություններ էին ընթանում մեր սահմանամերձ շրջանների մոտակայքում, հաշվի առնելով այս համաճարակային պայմանները և ՄԱԿ-ի որոշումը, որ նման համաճարակի պայմաններում 90 օրով պետք է բոլոր միջազգային կոնֆլիկտները զինադադար հռչակեն, Դաշնակցության երիտասարդականի շնորհիվ կազմակերպեցինք նաև Ընկերվար երիտասարդական միջազգային միության կողմից դատապարտում այդ արարքին։ Եվ հիմա էլ հետևողական ենք, որ վերջին այս դեպքերին ևս արձագանքեն սոցիալիստ երիտասարդները»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։

Ադրբեջանի հակահայ գործունեությանը տարբեր երկրների պետական կառավարման մարմիններում հակազդելու ճակատում ամենից շատ դիրքերը ամուր է պահում Հայ Դատի համաշխարհային ցանցը՝ հանձնախմբերիև գրասենյակի գործունեությամբ՝ նշեց նա․ հենց նրանք էլ ապահովում են այդ ճակատում մեր շահերը և ձեռքբերումները։

«Հակադարձումները ակնհայտ են․ օրերս ԱՄՆ-ում մեր Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակի շնորհիվ մի բանաձև ընդունվեց, որ վերահսկման ենթարկվի Ադրբեջանին տրամադրվող նյութական օժանդակությունը ի՞նչ նպատակների է գնում՝ արդյո՞ք այդ գումարները, որ ԱՄՆ-ը տրամադրում է, օգտագործվում է խաղաղ բնակչությանը սպանելու համար՝ ՀՀ սահմաններից այս կողմ կամ Արցախում»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։

Նույնը և այլ երկրներում․ Հայ Դատի հանձնախմբերն աշխատում են, որպեսզի հայկական շահերը ապահովվեն դիվանագիտական և արտաքին հարթության վրա։

Երկրի համար ճակատագրական շրջանում աշխարհով մեկ պայքարի ճակատներն ակտիվացրած քաղաքական ուժի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության մասին Հայաստանի վարչապետի վերաբերմունքը արտահայտվեց «զրո ազդեցություն ունեցող» և «բացիլ» արտահայտություններով։

«Ընդհանուր առմամբ, նման արտահայտություններն իսկապես ցավալի են, մանավանդ երբ գալիս են ՀՀ առաջին դեմքից, վարչապետից, ղեկավարից։ Բայց, այսպես թե այնպես, այդ արտահայտությունները մեր գործունեությունը չեն խաթարում, նման արտահայտություններով չի խափանվում մեր ընթացքը, որովհետև նման արտահայտություններից կախված չէ, չեն կարող սեպ խրել ամբողջ Դաշնակցության կուռ կազմակերպության միջև նման՝ ոչ մի մակարդակ ունեցող, արտահայտություններով»,-ասաց Արշակ Մեսրոբյանը։

Նման կեցվածքը նա ուղղակի «խուճապ» որակեց․ «Ամենաէժանագին բանն է, որ երկրի վարչապետը, ղեկավարը կարող է իրեն թույլ տալ»։

Դաշնակցության համահայկական կառույցի գործունեության վրա նման մանր հարցերը ազդեցություն ունենալ չեն կարող, քանի որ, Արշակ Մեսրոբյանի համոզմամբ, ՀՅԴ-ն ծնվել է հենց ժողովրդի ծոցից։

«Պատմական փաստ է սա, ժողովրդի ծոցից ծնված կուսակցությունը չի կարող իր ընթացքը շեղել։ Այն ամրապնդված է նաև գաղափարախոսությամբ, ունի հստակ օրակարգ, ունի հստակ ծրագիր, 130 տարի այդ գաղափարախոսությամբ ենք առաջնորդվում»,-նշեց նա։

Անշուշտ, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր օրակարգային առաջնահերթությունները, նկատեց Արշակ Մեսրոբյանը, բայց, ընդհանուր առմամբ, իրենց կուսակցությունը գաղափարախոսությամբ թրծված, գաղափարախոսությամբ և ծրագրով առաջնորդվող կուսակցություն է, և ոչ մի կողմնակի ազդեցություն կամ սադրանք չի կարող այդ ընթացքը խափանել․ «Մենք միշտ մեր գործունեությունը ծավալելու ենք մեր ուղղություններով՝ բոլոր բնագավառներում, մեր քույր միությունների հետ մեկտեղ։ Նաև մենք միշտ լինելու ենք մեր պետության   կողքին։ Հիմա պետք է կենտրոնանանք մեր գործունեության վրա, այս կացությունից պետք է վայրկյան առաջ դուրս գանք՝ իրար հետ հաղթահարելով այս մարտահրավերը»։

Բայց նա նաև համոզված է՝ ժամանակը կգա և բոլոր հարցերն, ի վերջո, պատասխան կստանան։

Աննա Բալյան

Հունվարի 27-ի աստղագուշակ
27 Հունվարի 2021, 09:53 Հունվարի 27-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica