close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործարք իշխանության հե՞տ, թե՞ իրականում քաոս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

Քաղաքական

18 Հուլիսի 2020, 16:29
 Գործարք իշխանության հե՞տ, թե՞ իրականում քաոս կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:  

Հանձնաժողովը, սակայն, գերազանցելով սեփական լիազորությունները, անտեսելով օրենքով սահմանված ժամկետը՝ փոխել է այն և տեղեկացրել, որ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

Փաստենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարագրման ժամկետի փոփոխության իրավունք կստանար միմիայն այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից օրենքով սահմանված կարգով կիրականացվեին «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին»  ՀՀ օրենքներում համապատասխան փոփոխություններ։ Հանձնաժողովը, սակայն, գործել է առանց այդ փոփոխությունների առկայության՝ այստեղից բխող իրավական ողջ հետևանքներով հանդերձ։

Պարզորոշ է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նման հապճեպ և հակաօրինական որոշումը չէր կարող պատահական լինել, և, եթե հաշվի առնենք, որ ապրիլի 5-ին նշանակված էր սահմանադրական փոփոխությունների՝ Փաշինյանի իշխանության համար կենաց և մահու նշանակություն ունեցող հանրաքվեն, ապա հիմքեր կան ենթադրելու, որ այդ հետաձգման հիմքում ընկած էր քաղաքական ամենաբարձր որոշումը: Այսինքն՝ իշխանություններին բնավ ձեռնտու չէր, որ հանրությունն ընտրությունների նախօրյակին հանկարծ բացահայտեր, թե երեկվա չքավոր պաշտոնյաները կարճ ժամանակում ինչպիսի ֆանտաստիկ արագությամբ են հարստացել կամ հայտարարագրել բաներ, որոնք ողջ կյանքում միմիայն երազել են ունենալ: Այդուհանդերձ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշումը պատճառաբանել է համակարգի գործարկման ուշացմամբ:

Հանձնաժողովը, բնականաբար, նաև հավաստիացրել էր, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (տվյալ դեպքում 2020 թ. մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարատու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։ Եվ նման բարենպաստ պայմանների առկայությամբ՝ ամենևին զարմանալի չէ, որ անգամ մայիսի 31-ից գրեթե երկու ամիս անց էլ դեռ շատ հայտարարատուներ թերացել են իրենց պարտականություններում, ինչի մասին լրատվամիջոցները բարձրաձայնել էին դեռ մայիսի 30-ին՝ արձանագրելով, որ հայտարարագրման վերջնաժամկետի նախորդ օրը պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների զգալի մասի տարեկան հայտարարարգրերն իրենց գույքի, եկամուտների և շահերի վերաբերյալ դեռևս տեղադրված չէին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի էլեկտրոնային համակարգում: Այդ պաշտոնյաների շարքում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախարարները, մարզպետները, պատգամավորները՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակների գլխավորությամբ, ինչպես նաև աշխատակազմերի, իրավապահ մարմինների ղեկավարները։ 

Պարզելու համար, թե վերջնաժամկետից տևական ժամանակ անց որքանո՞վ են պաշտոնյաները կատարել իրենց և ընտանիքի անդամների հայտարարագրման պարտավորությունները, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաններից քանիսը պարտավորություն ունեն 2019 թ. գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու և թե նրանցից քանիսը դեռևս հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկություն չի տրամադրել: Խնդրել էինք նաև առանձին ցուցակով նշել այդ պարտավորությունն աչքաթող արած պաշտոնյաների անուն, ազգանունները: Մեր հարցումն ուղարկել էինք մոտ մեկ ամիս առաջ, իսկ պատասխանը ստացել ենք վերջերս՝ այն էլ ոչ ամբողջական:

Ըստ մեզ տրամադրած տեղեկության՝ հայտարարագրման էլեկտրոնային բազայում մեր հարցմանը պատասխանելու պահին առկա է եղել 3601 ներկայացված և հրապարակված հայտարարագիր: Հայտարարագիր չի ներկայացրել մոտ 119 անձ: Այսինքն՝ հայտարարագրման ենթակա է ընդհանուր հաշվով 3720 անձ: Հանձնաժողովից տեղեկացրել են, որ հայտարարագրերի հավաքման էլեկտրոնային հարթակն այս ընթացքում տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով հնարավոր է ներկայացված թվերը այնքան էլ ստույգ չլինեն, իրենց ձևակերպմամբ՝ պարունակեն անճշտություններ, թեև չի հստակեցվել, թե ինչ կարգի անճշտությունների մասին է խոսքը, և արդյո՞ք դրանք կարող են աղավաղել թվերի համամասնության իրական պատկերը:

Հանձնաժողովից խոստացել են, որ հայտարարատու պաշտոնատար անձանց վերաբերյալ առավել ճշգրտված տեղեկությունները հստակեցնելուց հետո առաջիկայում կհրապարակեն այն անձանց տվյալները, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել: Իսկ մինչև այդ՝ Հանձնաժողովը խուսափել է այդ պաշտոնյաների անուն-ազգանունները մեզ տրամադրել՝ նշելով, թե հայտարարագրերի հավաքման էլեկտրոնային հարթակը սահմանափակ հնարավորություն ունի ավտոմատացված կարգով հաշվետվություններ դուրս բերելու համար՝ ներառյալ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցողների և արդեն հայտարարագիր ներկայացրածների վերաբերյալ տվյալները: Այդ պատճառով Հանձնաժողովը ներկայումս իրականացնում է հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների ուսումնասիրություն՝ ձեռքով, պարզելու չներկայացման պատճառները: Ի դեպ, մեր հարցմանը պատասխանելու 30-օրյա ժամկետը նույնպես Հանձնաժողովը պատճառաբանել է հայտարարագրերի հավաքման էլեկտրոնային հարթակի սահմանափակ հնարավորություններով:

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնյաների մի մասը կարողացել են լրացնել հայտարարագիրը, իսկ որոշ մասը՝ ոչ: Այսինքն՝ համակարգը կամ աշխատում է (ինչպես այն աշխատել է տարիներ շարունակ), կամ ոչ, և Հանձնաժողովի ներկայացրած խառնիճաղանջ պատկերը, ըստ որի՝ մի մասը լրացրել է հայտարարագիրը, որոշ մասը՝ ոչ, ավելին՝ տեխնիկական խնդիրներից ելնելով այժմ հնարավոր չէ պարզել՝ ով չի լրացրել և ինչու, մեզ լիարժեք հիմք է տալիս կասկածելու, որ դա այնքան էլ կապված չի տեխնիկական խնդիրների հետ:

Այսպիսով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերջին շրջանի գործողությունները, այն է՝ հայտարարագրման ժամկետի անհասկանալի և հակաօրինական երկարաձգումը, օրենքով սահմանված ժամկետներում (մինչև մարտի 31-ը) հայտարարագիր չլրացրած պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քայլեր չանելը, այն է՝ սեփական լիազորությունների գերազանցման միջոցով վերջիններիս անհասկանալի արտոնությունների տրամադրումը, իսկ ներկայումս, անգամ երկարաձգված ժամկետներում հայտարարագիր չլրացրած բազմաթիվ անձանց առկայությունն ու այդ մասին Հանձնաժողովի տարօրինակ մեկնաբանությունները մեզ լիարժեքորեն հիմք են տալիս ենթադրելու, որ պետական այս օղակը քողարկում է իշխանությունների թերացումները և զանազան գործարքների մեջ է իշխանությունների հետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, դատելով գրավոր պատասխանից, մեղմ ասած, «բարդակ» է, ինչը, մեր կարծիքով, ստեղծվել է դիտավորյալ: Հետևաբար, Հանձնաժողովի հետայսու իրականացվող գործողություններն այլևս չեն կարող վստահություն ներշնչել և, ի դեմս այս մարմնի, գործ ունենք իշխանությունների կցորդ և կամակատար մի օղակի հետ:

Հ.Գ. Անկախ արդյունավետ աշխատանքից՝ Հանձնաժողովը ևս առատորեն օգտվել է պարգևատրումների հնարավորությունից. Հանձնաժողովի՝ Yerkir.am-ին  ներրկայացրած գրավոր տեղեկանքում նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. փետրվարի 29-ը ընկած ժամանակահատվածում (22 ամիս) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցներին (ներառյալ անդամները) տրամադրվել է շուրջ 33 մլն 700 հազար դրամ պարգևավճար: Նշված է նաև, որ այդ Հանձնաժողովն ունեցել է 17 (2018 թ.), 23 (2019 թ.) և 12 (2020 թ.) աշխատակիցներ:

Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica