close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ Ադրբեջանը հարվածեց ոչ թե Արցախին, այլ ՀՀ-ին. Գ. Համբարյան

Քաղաքական

15 Հուլիսի 2020, 19:12
 Ինչո՞ւ Ադրբեջանը հարվածեց ոչ թե Արցախին, այլ ՀՀ-ին. Գ. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ Yerkir.am-ը զրուցել է սահմանին տիրող իրավիճակի, Ադրբեջանի քայլերի տրամաբանության և միջազգային հանրության արձագանքի մասին։

-Պարո'ն Համբարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը։

-Այս անգամ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որովհետև առաջին անգամ երկար դադարից հետո և հետիշխանափոխութան շրջանում Ադրբեջանը ոչ թե նախահարձակ եղավ Արցախի և Ադրբեջանի սահմանին, այլ հայ-ադրբեջանական։ Ինչո՞ւ․ այս հարցն ունի մի քանի պատասխան, որից առաջինը Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացումն է։  Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ փայատեր Սորոսի գրասենյակի ներկայացուցիչները, և դրա մերձակա շրջապատը, որը իբրև թե ընդդիմություն է խաղում, բավական ակտիվ սկսել էին հակառուսական հռետորաբանությունը՝ արևմտամետ լրատվամիջոցների միջոցով հասարակությանը համոզելով, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների ետևում  Ռուսաստանն է։ Խախտելով հայ-ադրբեջանական սահմանի զինադադարը՝ ադրբեջանական կողմը փորձում է հայ հասարակությանն ապացուցել, որ ՀԱՊԿ-ը՝ Ռուսաստանի կողմից ստեղծված ռազմաքաղաքական այդ բլոկը, չի կանգնում հայերի կողքին և Ռուսաստանը բացահայտ չի պաշտպանելու ՀՀ-ին՝ դրանով հայաստանյան հասարակության մոտ էլ ավելի գեներացնելով  հակառուսական տրամադրություններ։

Այն որ ՀԱՊԿ-ը չի կանգնելու Հայաստանի կողքին, մենք վաղուց գիտենք։ Մինչև ապրիլյան պատերազմը և դրանից հետո ՀԱՊԿ անդամ երկու երկրներ՝ Բելառուսը և Ղազախստանը, բացաhայտ հակահայկական հռետորաբանությամբ հանդես եկան։ Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիրը կոնկրետ Հայաստանի սահմաններին չէր վերաբերվում, իսկ ՀԱՊԿ-ն էլ պարտավոր չէր Արցախում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ նախաձեռնություններով հանդես գալ, ապա այժմ ՀԱՊԿ-ը պարտավոր է դա անել։ Բայց լավ գիտենք, որ ՀԱՊԿ-ն ամեն դեպքում չի ցանկանա Հայաստանի պատճառով խնդիրներ ստեղծել, և պաշտոնական Բաքուն այսպիսի սարդրանքով հայ հասարակությանը Ռուսաստանի դեմ կհանի։

-Լրատվամիջոցներն Ադրբեջանում լայնածավալ ցույցերի մասին են հայտնում։ Ի՞նչ է Ադրբեջանը փորձում ցույց տալ համաշխարհային հանրությանը։  

-Առհասարակ, երբ Բաքուն ունի ներքին խնդիրներ, իր հասարակությանն այդ խնդիրներից շեղելու համար անընդատ սրում է սահմանին իրավիճակը, բայց այս անգամ Բաքուն այլ խաղ է սկսել։ Նա փորձում է համաշխարհային հանրությանը ապացուցել, որ այլևս ի վիճակի չէ զսպել սեփական ժողովրդի ըմբոստությունն ու զայրույթը։ Պատահական չէ, որ բռնապետական Ադրբեջանում կարանտինային պայմաններում բազմահազարանոց հավաքներ են կազմակերպվում, և հանրահավաքի մասնակիցները մտնում են Միլի մեջիլսի շենք։ Դա չտեսնված երևույթ է, երբևիցե այսպիսի բան չի եղել։ Սա ցույց է տալիս, որ սա հենց Իլհամ Ալիևի կազմակերպածն է։ Այսպիսով  նա հեռավար նպատակներ ունի՝ համաշխարհային հանրությանը ցույց է տալիս, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցված է, և նույն համաշխարհային հանրության ենթադրաբար խնդրանքով, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ՀՀ-ում, և ինքը քիչ թե շատ մեղմեց սադրիչ գործողությունները սահմանին, հիմա ցույց է տալիս, որ իր համբերությունը հատել է և պահանջում է կոնկրետ գործուն քայլեր միջազգային հանրությունից։ 

-Ռուսաստանի արձագանքն այս դեպքում ինչպե՞ս եք գնահատում։

-Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահ երկիր է և մեր ռազմավարական գործընկերը, այս պահին մի փոքր դժվարին իրավիճակում է, որովհետև եթե բացահայտ անցնի Հայաստանի կողմը, դա թույլ կտա Ադրբեջանին Ռուսաստանին մեղադրել կողմնապահ լինելու և հայերին պաշտպանելու մեջ, դրանով կարող է բարձրացվել Ռուսաստանի հարցը Մինսկի խմբում՝ որպես միջնորդ երկրի։ Իսկ չկանգնելով հայերի կողքին՝ Ռուսաստանը ՀՀ-ին իր դեմ կտրամադրի։ Ամեն դեպքում, Ռուսաստանն այսօր հետաքրքիր քայլ էր կատարել՝ 102-րդ ռազմաբազան, որը տեղակայված է Գյումրիում այսօր զորավարժություններ էր կազմակերպել, որին մասնակցում էր Հայաստանում գտնվող ռուսական ավիացիան։ Գոնե ուղղաթիռների պահով հաստատ կարող ենք ասել, որ դրանք ռուսական են և բավականին երկար ժամանակ պտույտ էին տալիս Գյումրիի վրա։ Իմ կարծիքով՝ սա մեսիջ էր պաշտոնական Անկարային, որպեսզի վերջինս զգույշ լինի իր գործողությունների և քայլերի մեջ։

-Անդրադառնանք այս իրավիճակում Թուրքիայի արձագանքին։ 

-Երեկ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում հայտարարել է, որ Հայաստանը չափերն անցնում է։ Սա բացահայտ սպառնալիք է Հայաստանի նկատմամբ։ Սա ցույց է տալիս, որ Անկարան պատրաստ է ամեն քայլի։ Թուրքիան արհամարհում է միջազգային հանրության, ինչպես նաև իր գործընկների կարծիքը։ Տեսնում եք նրա ագրեսիվ վերաբերմունքը հարևան Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ։ Նա բացահայտ ագրեսիայի է դիմում Սիրիայում և Իրաքում և եթե որևիցե մեկը Հայաստանում մտածում է, որ Հայաստանը կկարողանա միայնակ  պաշտպանել իր սահմանները Թուրքայի հետ, ցավոք սրտի, դա այդպես չէ։ Նույնիսկ այս պայմաններում Ռուսաստանը փորձում է, ռազմական ավիացիան Գյումրիի երկրինք դուրս բերելով, մեսիջներ հղել։ Այսպիսով Ռուսաստանը կփորձի մաքսիմալ օգուտ տալ մեզ, որպեսզի Թուրքիան  զուսպ լինի։

-Օտարերկրյա հեղինակավոր պարբերականները նշում են, որ 2016-ից  ի վեր սահմանում չի եղել նման լարում։ Այս արձանագրման հետ մեկտեղ միջազգային հանրության կողմից արձագանքները հասեցական չեն լինում։ Ինչո՞ւ։

-Միջազգային հանրություն կոչվածը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ կոշտ չի լինի, որովհետև Ադրբեջանն այդ միջազգային հանրության համար արժեք ունի։ Այդ արժեքը նավթն է։ Մենք մի բան պետք է սովորենք և հասկանանք՝ մարդկության պատմությունը ապացուցել է, որ աշխարհում հարգում են ուժեղներին, հարուստներին։ Աշխարհում, ընդհանրապես, շատ վաղուց է՝ հաղթողին չեն դատապարտում։ Նույն միջազգային հանրությունը 2016 թ. ոչ մի թթու խոսք Ադրբեջանի հանդեպ չասաց։ Մենք հիմա ի՞նչ ակնկալենք։

Հիմա ոչ պակաս կարևոր է նաև տեղեկատվական ոլորտում վարվող պատերազմը։ Ադրբեջանը շատ ակտիվ փորձում է միջազգային հանրությանն ապացուցել այս ոլորտում, որ Հայաստանն է ագրեսոր եղել։ Նայեք՝ Ադբեջանական լրատվական կայքերը ինչպես են իրենց հանրությանը փորձում ապացուցել, որ հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր։ Սեփական հանրությանը համոզելու համար ամերիկյան Foxnews հեռուստաընկերության թուրքական ծառայությանը ենթադրաբար գումար են տվել սեփական հասարակությանը համոզելու համար, որ հայերը այդպիսի զոհեր ունեն և վկայակոչում են Foxnews-ին, այնինչ դա ընդամենը Foxnews-ի  թուրքական ծառայությունն է, որը չեմ էլ զարմանում, որ կլորիկ գումար վերցրած լինի Բաքվից և հրապարակի ադրբեջանահաճո այդ ապատեղեկատվությունը։

Մեր կողմից Ռուբեր Ռուբինյանը (իշխանական պատգամավոր - խմբ․) հրապարակում է, որ Իտալիայի պառլամենտի պատգամավորները մեզ են պաշտպանում, էդ նույն Իտալիայի պառլամենտի բազմաթիվ պատգամավորներ Ադրբեջանին են պաշտպանել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, բայց նաև պետք է ջայլամային քաղաքականությունից ձերբազատվենք ու չնկատելու չտանք այն հանգամանքը, որ ադրբեջանցիներն էլ ինչ-որ հաջողություններ ունեն տեղեկատվական ոլորտում կամ այս կամ այն միջազգային հանրության ներկայացուցիչներին իրենց կողմը գրավելու հարցում։ Պիտի այս ամենը հաշվի առնենք և ինքնախաբեությամբ չզբաղվենք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica