close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ դառն է» տրամաբանությամբ չմոտենալ ազգային սրբություններին. Դավիթ Սարգսյան

Հասարակություն

15 Հուլիսի 2020, 11:43
 «Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ դառն է» տրամաբանությամբ չմոտենալ ազգային սրբություններին. Դավիթ Սարգսյան

Կրթական չափորոշիչների փոփոխությունների հետ զուգընթաց, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել՝ «Հայոց եկեղեցու պատմությունը», որպես առանձին առարկա, այլեւս չպիտի դասավանդվի դպրոցներում։ Փոխարենը, այն կներառվի «Հայոց պատմություն» առարկայի դասաժամերում։ Yerkir.am-ի հետ զրույցում արձակագիր-հրապարակախոս Դավիթ Սարգսյանն ասաց, որ այս ամենի հիմքերը գալիս են դեռեւս եկեղեցու վրա հայտնի հարձակումներից ու պարբերաբար կատարված ոտնձգություններից։

-Եթե չլինեին եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, եթե չլիներ այն հայտնի հարձակումը, եւ եթե շատ աղանդավորներ, այսպես կոչված, չհովանավորվեին պետական կառույցների կողմից, ես սա կդիտարկեի որպես պարզապես թյուրիմացություն։ Արդեն համոզվում եմ, որ սա մեծ ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Ինչպե՞ս կարող ես «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան միացնել «Հայ ժողովրդի պատմության» հետ, եթե դրանք իրենցից առանձին ամբողջություններ են ներկայացնում։ Քրիստոնեական շրջանի մեր պատմությունը հավաստում է, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետական խնդիրների հանձնառությունը իր վրա է վերցրել։ Բնականաբար, ունեցել ենք սխալներ, կան այդ փաստերը, ֆիքսված են։ Եթե չկա ազգային հիմք, չկա մայրենիի իմացություն, որտեղից էլ սկսվում է ինքնաճանաչումը, ապա սա պարզապես ավազի վրա ծղոտե տնակ կառուցել է նշանակում։ Սա ոչ թե թյուրիմացություն, կամ սխալ է, այլ՝ պարզապես քաղաքականություն է, որը սկիզբ առավ այն ժամանակ, երբ միավորվեցին մշակույթի, գիտության ու կրթության նախարարությունները: Լավ, հիմա մենք ունե՞նք մշակութային քաղաքականություն վարող որեւէ կառույց, հենց նույն միավորված նախարարությունում:

«Հուզանք ու զանգ» խայտառակ միջոցառմանը մեծ գումարներ էին հատկացրել, կարծեմ 20 մլն դրամ էլ տրանսգենդեր սպորտսմենուհու համար, 5 մլն դրամ էլ հատկացրել էին, որպեսզի Բաղրամյան փողոցում ԱԺ-ի պատգամավորները խալի լվանան... այս ի՞նչ եք անում, տղերք, այս ի՞նչ եք անում, ա՛յ երեխեք, այսպիսի թշնամություն կարելի է՞ անել... հավելավճարների մասին էլ չեմ ուզում խոսել… Բա խնայողությունները որտե՞ղ են, որպեսզի դուք ազգ պահեք, զարգացնեք։ Ինչ մշակույթ, այսօր մշակույթի գործչին ո՞վ է լսում, ձայն բարբառո հանապատի...

- Իսկ ինչո՞ւ չեն լսում մտավորականին:

-Որովհետեւ, մեծ ծրագիր է իրականացվում, փոխանակ հայագիտության բոլոր ուղղությունների զարգացման հզոր կենտրոն ստեղծեն, շատ լավ հասկանալով, որ բոլոր առումներով ճնշումների ենք ենթարկվում մեր հարեւանների կողմից, փոխարենը հարաբերություններն ենք վատացրել բոլորի հետ:

Ազգ երեւույթը, ազգային ինքնությունը, ըստ իս, ունի 3 խարիսխ՝ հայրենիք, հավատք եւ ընտանիք, այսօր 3-ն էլ վտանգված են։ Լեզվի մասին՝ էլ չասեմ: Գիտեմ գործիչների՝ մշակույթի, գիտության, ռազմական, որոնք հայերենին չեն տիրապետում, բայց մեծատառով հայեր են։ Իսկ հայերենին տիրապետող շատ դասալիքների, ես անձամբ եմ տեսել Արցախյան շարժման ժամանակ... Ի դեպ, վերջերս լսում եմ, ասում են ի՞նչ տարբերություն մարդը հիվանդությունից մահացավ, թե՝ ռազմի դաշտում... այս ի՞նչ դասալիքային մտածողություն է, այս ի՞նչ նահանջողական, վախվորած քաղաքականություն է, չի՛ կարելի:

Այնքան ցինիկ են, որ կարող են, ի լուր ՀՀ հպարտ քաղաքացու, կարծում եմ դեռ հպարտներ մնացել են, հայտարարել, որ իրենք ի՞նչ է, հո նվիրյալ չե՞ն, որ ցածր աշխատավարձով աշխատեն։ Մի ամբողջ ժողովուրդ սոված է, եթե այս ամենը չկանխվի, մենք ո՞նց ենք անցկացնելու մեր աշունը, մեզ ծանր ձմեռ է սպասվում։ Գիտեք, տղամարդը հեռանալիս պիտի արժանապատիվ հեռանա։ Պետությունն ի՞նչ է անում այս համավարակ կոչվածի համար:

- Այսինքն, Դուք է՞լ եք կարծում, որ ՀՀ կառավարությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը:

- Միանշանակ, մի բժիշկ բացատրում է, որ վիրուսը  ծանր է, իջնում է ցած եւ այդքան պիտի քիթ-մռութը չփակել, որքան լվանալ, ախտահանել քաղաքը: Նա հիշատակում է, որ մեր մեծերը ժամանակին դռան առաջհատակի շորը թաց էին պահում, որպեսզի տուն մտնելիս ոտքերդ սրբես ու հետդ դրսի կեղտը ներս չբերես։

-Հին ու բարի ժամանակներում ամռանն առավոտյան մեքենաներով լվանում էին քաղաքը...

- Այո, շքամուտքերը, բակերը չեն լվանում, մաքրում, դրանք փողոց լվացող ե՞ն։ Երբ պետք է, համապետական խնդիրներ լուծել, գումարներ չունեն:

- Պարոն Սարգսյան, օրերս հանրային հեռուստատաընկերության եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը քամահրանքով էր խոսում եկեղեցու եւ եկեղեցականների մասին։ Իսկ առողջապահության նախարարն էլ հայտարարում է, որ ինքը Շառլ Պերրոյի հեքիաթներին ավելի շատ է հավատում, քան՝ Աստվածաշնչին...

- Այդ մշակույթի ու առողջապահության նախարարները, կամ Ազգային ժողովի անդամներից քանի՞ հոգի են կարդացել Աստվածաշունչը։ Շառլ Պերրոյի հեքիաթները լավ է, որ նա կարդացել է, բայց թող մի 2 հեքիաթ էլ Հովհաննես Թումանյանից ու Ղազարոս Աղայանից կարդա, իրենց շատ լավ կտեսնեն այդտեղ, օրինակ, «Չարի վերջը» հեքիաթում: Իսկ Շ. Պերրոյի «Կարմիր գլխարկը» իրենք հաստատ մուլտֆիլմով են տեսել, դա էլ չեն կարդացել։ «Աղվեսի դունչը, որ չի հասնում խաղողին, ասում է՝ դառն է» հոգեբանությամբ եւ տրամաբանությամբ չմոտենալ ազգային սրբություններին։ Եկեղեցին դպրանոց է, Մատենադարան է, գիտություն է, հավատ է,  բարոյականություն եւ խիղճ է... Եթե գոնե Աստծո պատվիրանները չես ընդունում, բնականաբար, պիտի ժխտես, որովհետեւ կապ չունես բարոյականության, ազգային սրբությունների հետ չես ուզում առերեսվել քո պատմության հետ: Այսօր էլ պատմություն է  գրվում եւ այդ պատմությունը հօգուտ այսօրվա պետական այրերի չէ: Ինչպես մեր լուսահոգի Վահան Հովհաննիսյանն էր ասում. «Ձեզ փողոցներում են ծեծելու, դալաններում են ծեծելու...»: Հերիք է այս ազգը պառակտեք, մենք ավելի քան լուրջ արտաքին վտանգներ ունենք եւ եթե դրան գերազանցում է ներքին վտանգը, մենք միավորվելու, միասնական ճակատ եւ բռունցք կազմելու խնդիրներ ենք ունենալու, իսկ դա նշանակում է կործանում։

Ես անկախ Հայաստանի ոչ մի իշխանության չեմ հավանում, բոլորն ունեցել են իրենց սխալները, եղել է թալան, սպանություններ, բայց երկիրը վտանգված չի եղել, նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի այն պահերին, երբ մենք նահանջ ենք ապրել, որովհետեւ երկիրը ներքին միասնություն է  ունեցել, համախմբված է եղել: Ինչ խոսք, դասալիքներին դնում եմ մի կողմ, նրանք միշտ են եղել։ Իմ վերջին վեպի՝ «Երկվության» հերոսը Եռաբլուրում ասում է՝ տղերք, երանի ձեզ, որ զոհվեցիք ու չտեսաք այս օրը, ես ամաչում եմ... Իսկական մտավորականը պետք է քննադատաբար նայի բոլոր իշխանություններին, պիտի մահապարտի հոգեբանություն ունենա իր մեջ, որովհետեւ խոսքը վերաբերում է պետությանը, ազգային ինքնությանը, մեր բարոյական արժեքներին: Մեր ազգային ինքնությունը պահպանելու համար պետք է որեւէ միջոցի առաջ չկանգնենք: Իսկ այս իշխանությունները ի զորու չեն եւ չեն էլ կամենում քար դնել հայոց պետականության շենքին: Ընդհակառակը՝ շենքը ամրացնող քարերը հատ-հատ հանում են, դրա վկայություններից մեկը հենց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան «Հայ ժողովրդի պատմության» հետ միավորելն է: Բերեք միանգամից դպրոցական ծրագրում մտցնենք «Աշխարհի ժողովուրդների պատմություն» առարկան, միեւնույն է «Հայ ժողովրդի պատմությունն» էլ մեջը կլինի։

- Արտակարգ դրության շրջանում ինչո՞ւ իրար հաջորդելով մի քանի օրենքներ ընդունվեցին ԱԺ-ում՝ Լանզարոտեի կոնվենցիան, Գույքահարկի մասին օրենքը:

- Որովհետեւ շտապողականություն կա, նվիրումի բացակայություն կա, չեն սիրում այս երկիրը՝ արմատներ չունեն այս հողում: Այս քաղաքացուն չեն սիրում, այս հայրենիքը չեն սիրում... Ի՞նչ է նշանակում գույքահարկը բարձրացնել, երբ դու, որպես պաշտոնյա, քո պարտականությունները չես կատարում քո քաղաքացու նկատմամբ։ Գետնաքարշ մակարդակը չի սազում հայ քաղաքացուն, առավելեւս՝ պետական պաշտոնյային։ Բավական է, պետք չէ այնպես անել, որ զսպանակն այնքան սեղմվի ու հուժկու պայթի, դա վատ հետեւանքներ է ունենալու բոլորիս համար։

Հայաստանում պետք է իշխի ազնվական հայ մարդը, այն նվիրյալը, որը 1918-20 թվականների հանրապետությունում իր տուն շոկոլադ չէր տանում, առաջնորդվելով մինչեւ բոլոր որբերը չուտեն իմ երեխան չպիտի ուտի սկզբունքով: Ա՛յ, դա է ղեկավարը, ոչ թե՝ ես հո նվիրյալ չեմ, որ աշխատեմ... Իսկ ո՞վ է քեզ խնդրել, որ ընդհանարապես ասպարեզ գաս եւ աշխատես: Գնացե՛ք ձեր տեղը «վեր ընգեք», դա ձեր տեղը չի: Ամեն օրը ողբերգական կատակերգության է նման, չգիտես լաս, թե՝ խնդաս, Ջիվանին ասում է՝ մի աչքով լալիս եմ, մյուսով՝ խնդում։

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica