close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը որպես պետություն կայացել է, այս հիմքի վրա մեր խոսքն այժմ ստանում է նոր բովանդակություն. Արա Սահակյան

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 22:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը որպես պետություն կայացել է, այս հիմքի վրա մեր խոսքն այժմ ստանում է նոր բովանդակություն. Արա Սահակյան

Հայաստանում գործող Ազգային ժողովն արդեն այնքան է վարկաբեկվել և ցույց տվել, որ ինքը գործադիրի կցորդն է, որ աներևակայելի է անփորձ և քաղաքական որևէ կենսագրություն չունեցող մարդկանց վստահել` ղարաբաղյան կարգավորման հարցով կոճակ սեղմելով մեծ համաձայնագիր հաստատել՝  Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Նրա համոզմամբ, այս խորհրդարանը բարոյական որևէ իրավունք չունի Արցախի խնդիրը լուծելու, այդ նրանք չեն, որ պետք է լուծեն, լուծումն այլ տեղ է՝ այն պետք է գտնվի յուրաքանչյուր հայի սրտում և դա ծանր լուծում է լինելու։

«Եթե նույնիսկ մենք ինչ-որ բան զիջելու ենք՝ կապված Ղարաբաղից դուրս գտնվող գրավյալ տարածքների․․․ գրավյալ տարածքների մասին է միշտ խոսքը, երբ ասում ենք՝ «ոչ մի թիզ հող», մենք նկատի ունենք բուն Ղարաբաղի տարածքները և այն միջանցքները, որ Ղարաբաղը կապում են Հայաստանի հետ։ Որովհետև իրական գարանտյաները հենց այդտեղ են՝ Լաչինի միջանցքը, Քելբաջարի միջանցքը, իսկ դրանից դուրս գտնվող դաշտավայրային այդ ինչ-որ կտորները՝ գրավյալ տարածքները, ժամանակին էլ դրանք մեր ձեռքն են անցել և մենք դրանք գրավել ենք, բանակցությունների ժամանակ որպես հաղթաթուղթ օգտագործելու նպատակով։ Սա է եղել։ Ես էլ եմ կարծում, որ Աղդամի այդ տափաստանների վրա մենք աչք չունենք կամ չի համարվում, որ դա շատ էական է, բայց մյուս կողմից էլ թող ադրբեջանցիները հասկանան, որ տենց կտոր-կտոր պոկելով ոչինչ չեն ստանալու։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին էլ են ասել՝ ա՛յ, էս մի գյուղը տվեք, ճանապարհները կբացենք, այս մի փոքրիկ շրջանը հետ տվեք․․․ չի կարող այդպիսի բան լինել, ամենափոքրիկ գյուղը և ամենափոքրիկ բլուրը հանձնելը պետք է կապված լինի Ղարաբաղի միջազգային ճանաչման հետ․ սրանք իրար հետ փոխկապակցված են լինելու, առանց այս ճանաչման ոչ մի բլուր նրանք չեն ստանալու»,-հայտարարեց Արա Սահակյանը։

Դիտարկմանը, թե ժամանակին, երբ նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը կիրառեց «գրավյալ տարածքներ» արտահայտությունը, համաժողովրդական ընդվզում եղավ, արդյոք մտավախություն չունի՞, որ այժմ էլ իրեն «սև ցուցակ» կմղի ժողովուրդը, Արա Սահակյանը հակադարձեց․ «Տեսնում եք, հիմա ազատ օգտագործում ենք։ Իսկ մեր ժողովուրդը «սև ցուցակ» ունի՞, մեր ժողովուրդը շատ խելոք ժողովուրդ է և պատրաստ է բոլոր կարծիքներն էլ լսել»։

Արա Սահակյանը քաղաքական գործընթացների կիզակետում է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից։ Այսօր, Արթուր Վանեցյանի գլխավորած՝ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ է։ Արդյո՞ք նրա համար ընդունելի է Արթուր Վանեցյանի համոզումը, որ «ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները», Արա Սահակյանը պատասխանեց․ «Հիմա մենք ձեզ հետ բանակցությունների սեղանի շուրջ չենք, որովհետև բանակցությունների սեղանի շուրջ այդպիսի հարցեր չեն տրվում։ Հետևաբար, մենք կարող ենք մեր ցանկությունների մասին խոսել, մեր հնարավորությունների առավելագույնի, մեր ցանկությունների անսահմանության մասին, այդ իմաստով, իհարկե, մենք ոչինչ չունենք զիջելու»։

Նա արձանագրեց, որ շատ է խոսվում, և դա անտեսել հնարավոր չէ, որ յուրաքանչյուր թիզ հողի համար արյուն է հեղվել, այս պատճառով շատ զգույշ պետք է լինել զիջումների մասին խոսելիս։

«Նախ՝ զիջում չի կարող լինել, կարող է լինել փոխադարձ զիջում և մենք ունենք մեր զիջումների սահմանը․ Ղարաբաղը չի կարող ենթարկվել Ադրբեջանին, Ղարաբաղն այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա շատ պարզ, անվտանգային խնդիր է, որովհետև, հայտնվելով Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում ապրող հայերին սպառնում է Ցեղասպանություն։ Դա մեր համոզմունքն է, բայց ոչ թե մեր զգացմունքային մոտեցումն է խնդրին, այլ մեր պատմության արդյունքների իմաստավորումը»,-ասաց Արա Սահակյանը։

Նա ընդգծեց, որ Ղարաբաղը այլևս չի կարող ենթարկվել Ադրբեջանին, քանի որ Ղարաբաղը կազմավորում է, ունի իր պետական կյանքը, ունի իր քաղաքացիական կյանքը, զարգանում է, ինքնապաշտպանություն է իրականացնում՝ բնականաբար ՀՀ օգնությամբ նույնպես, մենք մի ժողովուրդ ենք, մի արյուն է հոսում մեր երակներում, հետևաբար, մենք միասին պետք է ապրենք և Հայաստանը որպես երաշխավոր կանգնած է Ղարաբաղի թիկունքին։

Լևոն Տեր-Պետրոսյանը «ոչմիթիզհողականներին» ռոմանտիկ էր համարում։ Արա Սահակյանը նկատում է, որ դա 26 տարի առաջ էր։

«26 տարում աշխարհում ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ, իհարկե փոխվել է․ աշխարհակարգն է փոխվել։ Այդ խոսքերը ասվել է այն ժամանակ, երբ բանակցությունները նոր-նոր սկսվել էին և զինադադարից անցել էր 3-4 տարի։ Այժմ զինադադարից անցել է 26 տարի, մի՞թե մենք այդ տարբերությունը չպետք է տեսնենք․ Ղարաբաղում մեծացել է նոր սերունդ, որն արդեն ներկայացված է խորհրդարանում, պետական կառավարման համակարգում, կրթություն են ստացել իրենց ինքնուրույն բուհում, աշխարհի տարբեր ուսումնական-գիտական կենտրոններում, մենք Ղարաբաղում ունենք քաղաքացիական լուրջ հասարակություն, պետական վերնախավ, զինվորականություն։ Սրանք իրողություններ են, այս 25 տարվա մեջ Ղարաբաղը որպես պետություն կայացել է, ահա այս հիմքի վրա մեր խոսքը այժմ ստանում է նոր բովանդակություն»,-ասաց Արա Սահակյանը։

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը իր խոսափողի միջոցով կրկին շրջանառության մեջ դնելով՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ուզում է ասել, որ մտադիր է օգտվել Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքակազմից և նրա համար ընդունելի է Արցախյան հարցի կարգավորման փուլային տարբերակը, Արա Սահակյանը փաստերով պատասխանեց։

«Շարունակում է, իհարկե, ակտուալ մնալ կարգավորման փուլային տարբերակը։ Այդ մասին վերջին անգամ պաշտոնապես հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա կատարեց մի քայլ, որի նպատակը ես համարում եմ շատ ազնիվ․ նա օգնեց, որ հայ հասարակությունը հասկանա, թե բանակցություննեի սեղանին ինչ է դրված։ Եվ դա շատ բան դարձրեց ժողովրդական խոսքով ասած՝ «զուլալ»»,-ասաց նա։

Արա Սահակյանը նկատեց, որ բարդ խնդիրները սրի մի հարվածով չեն կարող լուծվել, ինչպես «գորդյան հանգույցն» է կտրվել, բարդ խնդիրները ունեն աստիճանական լուծում։

«Նույնիսկ 1997 թ-ին, երբ մենք խոսում էինք փուլայինի և փաթեթայինի մասին, այդ փուլերը մենք պատկերացնում էինք մի փաթեթի մեջ, այն ամբողջության մեջ դառնում էր մի ավարտուն կարգավորում։ Շատ ավելի պարզ՝ նույնիսկ ամենակասկածելի կամ մի կողմի համար ընդունելի առաջին դրույթը ընդունելի չէ, քանի դեռ ամենավերջինը և ամբողջը չի ընդունվել․ սա պետք է հասկանալ։ Այսինքն, բանակցություններում, երբ մենք խոսում ենք քայլ առ քայլ լուծումների մասին, մենք նկատի ունենք, որ տեխնիկական իրականացումը տեղի է ունենում որոշակի ժամանակի մեջ, բայց ընդհանուր հանգուցալուծումը ներկայանում է որպես մեկ փաթեթ՝ վերջնական նպատակը, երաշխիքները և մեր կողմից ստացվող անվտանգության երաշխիքներն ու իրական արդյունքները նույնպես ապահովվում են»,-ասաց նա։

Արա Սահակյանն ընդգծեց, որ սա շատ բարդ բան է, հետևաբար, երբ մենք խոսում ենք վստահության մասին, չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր ժողովուրդ նախ պետք է վստահի իր իշխանությանը։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրացրել է իր ինքնորոշման իրավունքը․ խնդիրն այն է, որ այն ճանաչվի․ «Ընդ որում, բազմաթիվ փաստաթղթեր կան հենց այս բանակցությունների ընթացքում, որտեղ ասվում է, որ չի կարելի որևէ տարբերություն կամ աստիճանակարգություն դնել ընդհանուր իրավունքների մեջ․ ինքնորոշման այդ սկզբունքը իրավունք ունի գործելու և ընդունելի է այնքան, որքան և տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները։ Մեր իշխանությունները պետք է կենտրոնանան դրա վրա»։

Արա Սահակյանը խոսեց նաև 1996 թ-ի՝ երբ ինքը ԱԺ նախագահի տեղակալ էր, Վազգեն Մանուկյանի կողմնակիցների ընդվզմանը նախորդող և հաջորդող ընտրությունների լեգիտիմության, ուժի կիրառման համաչափության մասին, ինչպես նաև 2008թ-ի մարտի 1-ի զարգացումների մասին, որոնց, նրա խոսքով, ակտիվ մասնակից էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․

Աննա Բալյան

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica