close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

COVID-19 համաճարակի ժողովրդագրությունը Հայաստանում` տարիքային կառուցվածքն ու մահացությունը

Առողջապահություն

13 Հուլիսի 2020, 16:29
 COVID-19 համաճարակի ժողովրդագրությունը Հայաստանում` տարիքային կառուցվածքն ու մահացությունը

Բազմաթիվ երկրներում Covid-19-ի տարիքային տվյալների առկայությունը հնարավորություն է տալիս որոշակի եզրակացությունների հանգել դրա պարամետրերի վերաբերյալ: Պրոֆիլային մասնագետների կողմից արված հետազոտություններից կարելի է ենթադրել, որ վիրուսն իրեն նույն կերպ է դրսևորում, սակայն  պոպուլյացիաները, որոնց վրա նա ազդում է, կարող են տարբերվել ինչպես ընկալունակությամբ, այնպես էլ կյանքի պայմաններով ու առողջության մակարդակով:

Այդ բոլոր տվյալները դեռ կվերլուծվեն: Դրանք Հայաստանի առողջապահության նախարարությունն ուղարկել է` ի պատասխան լրագրող Տիգրան Պետրոսյանի հարցմանը, և ընդգրկում են  հուլիս 5-ը ներառյալ եղած տվյալները:

Գրաֆիկ 1. Հայաստանում COVID-19 վարակակիրների գրանցված թիվը` ըստ սեռի ու տարիքի

Մինչև հուլիսի 5-ը գրանցվել է 28,943 վարակակիր, որը  Հայաստանի բնակչության մոտ 1 տոկոսն է կամ 1000 մարդուց 10-ը: Սակայն  այդ ցուցանիշը տարիքային խմբերում տարբեր է: Բնակչության վարակվածության մակարդակը գնահատելու համար կազմել եմ 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության սեռահասուն կառուցվածքը և համեմատել դրա հետ 1000 մարդու հաշվով հիվանդացության մակարդակը:

Գրաֆիկ 2. Գրանցված վարակակիրների թիվը` ըստ սեռի ու տարիքի` 10-ամյա տարիքային խմբերում, 1000 մարդու հաշվով 

Գրաֆիկ 1-ից երևում է, որ  70 տարեկանից բարձր խմբերում վարակվածների թիվը փոքր է, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ խմբերը հաջող ինքնամեկուսացել են, սակայն գրաֆիկ 2-ից երևում է, որ բանն ընդամենը այն է, որ նրանց թիվն է ընդհանրապես փոքր: Այդ խմբերում մահացության մակարդակն էլ  քիչ է տարբերվում միջին տարիքային խմբերից: Սակայն հարկ է հաշվի առնել, որ մեր տվյալները շեղումներ ունեն.

- Նկատի ունենալով առկա ու մշտական բնակչության տարբերությունը զգալի արտահոսքի պատճառով. Հայաստանում միջին տարիքի մարդկանց, հատկապես` տղամարդկանց, ավելցուկային հաշվառում կա, դա նկատելի է գրաֆիկ-2-ում:

-  Նկատի ունենալով հիվանդության ավելի ծանր ընթացքը` գրանցվող վարակակիրների տոկոսն աճում է տարիքի հետ:  Դրանով, նաև դպրոցներում ու համալսարաններում հեռավար ուսուցման անցնելով է բացատրվում իրավիճակը ցածր տարիքային խմբերում. վարակվածների թիվն ավելի քիչ է` համեմատած բարձր տարիքային խմբերի հետ:

- Սեռային, տարիքային և սոցիալական բնութագրերը կարող են առաջադրել վարակվածության գրանցման տարբեր պարամետրեր: Օրինակ`փաստը, որ միջին տարիքի տղամարդիկ ավելի քիչ են հիվանդանում, կարող է կախված լինել ինչպես միգրացիայից, այնպես էլ չգրանցված լինելուց: Նաև` վիրուսը հերքողների զանգվածային տարածվածությունը, հատկապես` հավատացյալների, այն մարդկանց շրջանում, որոնք մերժում են շփումը պետության հետ, նպաստում են գրանցման անհավասարաչափությանը`  առողջապական համակարգի գրանցման հնարավորությունների սահմանափակությանը զուգահեռ: Նաև բնակվելու վայրը կարող է զգալի դեր ունենալ. գրանցումն առավելագույնն է մայրաքաղաքում:

- Հայաստանի` 90+ տարիքի բնակիչների թվի մասին տեղեկությունների որոշ շեղումները պայմանավորված են սոցիալական պատճառներով և գրանցման խնդիրներով:

Ցավոք, վերը նշված պատճառներով մենք չենք կարող ասել, որ տարիքային այս կառուցվածքը առանց փոփոխությունների կարելի է էքստրապոլացնել վարակակիրների ընդհանուր թվին, որը, կարող ենք ենթադրել, այս պահին զգալիորեն  ավելի է 100 հազարից:

Դիտարկենք վարակվածների տարիքային կառուցվածքը վարակվածների թվի համամասնությամբ:

Աղյուսակ 1. Հայաստանում գրանցված վարակակիրների տարիքային կառուցվածքը`%, ըստ սեռի

Իսկ հիմա Հայաստանը համեմատենք այլ երկրների հետ: Այդ նպատակով հարկավոր է այս բոլոր տվյալները փոխադրել համադրելի ձևաչափ, այսինքն` 9-ով ավարտվող տարիքային խմբեր:Տեսնում ենք, որ կանանց շրջանում վարակվածների տարիքային կառուցվածքը բաշխված է  տրամաբանորեն` 51-60 տարիքային խմբում արտահայտված առավելագույնով (այդ խումբը, որ բավականաչափ ակտիվ է մինչև թոշակը, ավելի քիչ է ենթակա ռիսկի, հետևաբար` համարյա հակված չէ ավելի շատ ինքնամեկուսացման , քան համեմատաբար տարեցները, նաև այն մարդիկ են, որոնք ծնվել են 1960 –ականների բարձր ծնելիության ժամանակահատվածում և ավելի շատ ողջ մնացել` 1950-ականների ծնվածների համեմատ): Իսկ ահա տղամարդկանց տարիքային բաշխումն ունի երկու հարաբերական գագաթնակետեր` 31-40  և 61-70: Դարձյալ կարելի է ենթադրել միջանկյալ տարիքներում` 1960-1980 թթ.ծնված, միգրացիայի ազդեցությունը: Հաշվի առնելով այդ տարիքներում տղամարդկանց և կանանց մահացության չափազանց մեծ տարբերությունը` կարելի է ենթադրել, որ տղամարդիկ ավելի քիչ են գրանցվում, հաճախ` երբ կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Սակայն այս պահին խոսքը միայն վարկածների մասին է, որոնք ստուգման կարիք ունեն:

Աղյուսակ 2. Հայաստանում և մի շարք երկրներում գրանցված վարակակիրների տարիքային  կառուցվածքների համադրությունը

* բնութագրվում է համարյա լիակատար գրանցմամբ; ** բնութագրվում է չափազանց ոչ լիակատար գրանցմամբ (վարակակիրների իրական թվից 10 ու ավելի անգամ քիչ)

Գրանցման բարձր մակարդակ ունեցող երկրներում բարձր տարիքային խմբերի մասնաբաժինը վարակակիրների ընդհանուր թվում մեծ է, դա պայմանավորված է այդ երկրների  ավելի ծեր տարիքային կառուցվածքով, նաև գրանցմամբ, քանի որ հայտնի է`  տարիքի հետ հիվանդության ընթացքը ծանրանում է և աճում հոսպիտալացման հավանականությունը, հետևաբար` գրանցումը:

Հիմա դիտարկենք մահացությունը:

Աղյուսակ 3. Գրանցված մահերի թիվը` ըստ տարիքի ու սեռի, հուլիսի 5-ի տվյալներով

Տեսնում ենք, որ  կորոնավիրուսից և կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներից մահացածների տարիքային բաշխումը տարերվում է: Այսպես` կորոնավիրուսից մահացածների 57 տոկոսը տղամարդիկ են, 43 տոկոսը` կանայք, կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներից մահացածների 54 տոկոսը տղամարդիկ են, 46 տոկոսը` կանայք: Նաև տարբերվում է միջին տարիքը: Եթե կորոնավիրուսից մահացել են միջինը 70.7 տարեկանները, ապա կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառներից` 69.8 տարեկանները: Հարկ է, սակայն, հաշվի առնել, որ այդ գնահատականները կարող են ոչ շատ տարբերվել իրականությունից, քանի որ որպես հիմք են վերցվել 10-ամյա միջակայքերը:

Այնուամենայնիվ, «կորոնավիրուսից» և «կորոնավիրուսով» մահացության ընդհանուր պատկերը սկզբունքորեն չի տարբերվում, ինչը հաստատում է իմ վարկածը, որ  դրանք, ի վերջո, հարկավոր է միասին հաշվել: Հունիսին ավելցուկային մահացությունը գերազանցեց «նորման» 550-600-ով, մինչդեռ կորոնավիրուսից մահերի գրանցված թիվը 314 էր, և դա` ավելի ցածր ֆոնային մահացության պայմաններում` նկատի ունենալով բնակչության տարիքային կառուցվածքի շեղումը և  արտաքին պատճառներից մահերի թվի նվազումը: Բացի դրանից, հարկ է հաշվի առնել, որ «կորոնավիրուսով» մահը վթարից մահ չէ, ինչպես ներկայացնում են ոմանք, երբ զոհվածի մոտ գրանցվել է կորոնավիրուս և արդյունքում նրան գրանցում են որպես կորոնավիրուսից մահացած: Ընդհակառակը, հայտնի է, որ համավարակի ընթացքում վթարները կրճատվել են, և դրանց ազդեցությունը մահացության վրա հակառակն է: Կորոնավիրուսը ախտահարում է արյունատար համակարգը և կարող է սրել արդեն գոյություն ունեցող ցանկացած հիվանդություն, որից էլ մահ գրանցվի, սակայն սա տեղի չէր ունենա, եթե կորոնավիրուսը չլիներ: Այդպիսի մահերի թիվը ճշգրտորեն հաշվել հնարավոր չէ, նույնիսկ եթե ընդլայնված մեկնաբանվի կորոնավիրուսից մահը, ինչպես արվում էր Բելգիայում, որտեղ էլ գրանցվածից ավելի ավելցուկային  մահացությունը նկատելի էր: Եվ այստեղ պետական ծառայությունները մեղավոր չեն: Անհնար է թեստավորել ամբողջ բնակչությանը, հատկապես Հայաստանում այդ հնարավորությունները սահմանափակ են: Այլ բան, որ որպես «կորոնավիրուսով»  մահացածներ, բայց ոչ` «կոորոնավիրուսից», գրանցում են միայն նրանց, ովքեր գրանցված են եղել որպես վարակակիրներ: Իսկ այդպիսիք իրականում ավելի շատ են, ընդ որում` մի քանի անգամ: Որպես հետևանք` իրականում նույնիսկ «կորոնավիրուսից» ու «կորոնավիրուսով» մահացածների թվի գումարումը  չի տա մահացածների ադեկվատ թիվ:

Ես հավաքել եմ 2020-ի հուլիսի 11-ի դրությամբ 570 մահացածի` ըստ ծննդյան տարեթվի, տվյալներ, որոնցից 565-ը գրանցված են եղել, իսկ հինգի մասին տվյալները մամուլից են:

Գրաֆիկ 3. Հայաստանում կորոնավիրուսից գրանցված մահերը` ըստ տարիքի, n=570

Տեսնում ենք, որ ակներև անկում կա Մեծ հայրենականի տարիներին ծնվածների հատվածում, որը պայմանավորված է այդ ժամանակահատվածում ցածր ծնելիությամբ: Այդ հանգամանքը հանգեցնում է նաև 2020-ին  ավելի ցածր մահացության`համեմատած  միջին բազայի հետ:

Հարցմամբ ստացված տվյալները լրացրել եմ բաց տվյալներով, ինչի արդյունքում ունենք 731 մահացածի մասով վիճակագրություն, որոնցից  572-ը մահացել են կորոնավիրուսից` հուլիսի 11-ի դրությամբ, և 159-ը կորոնավիրուսով վարակված են եղել, բայց մահացել են այլ հիվանդությունից` հուլիսի 5-ի դրությամբ : Գումարային պատկերմամբ դա այս տեսքն ունի:

Գրաֆիկ 4. Կորոնավիրուսից կամ կորոնավիրուսով գրանցված մահեր, n=731

Տեսնում ենք, որ  71 տարեկան և բարձր տարիքի մահացածների համեմատաբար փոքր թիվը պայմանավորված է ինչպես այդ տարիքային խմբի մարդկանց փոքր թվով, այնպես էլ ինքնամեկուսացմամբ: Միաժամանակ, հետաքրքիր է, որ եթե 50 և ավելի տարիքային խմբում մահացածների մեծ մասը տղամարդիկ են, ապա մինչև 50 տարեկանը` կանայք, հատկապես` 40 տարեկանից փոքր: Կա, ծննդաբերությամբ պայմանավորված, իմունիտետի նվազման բացատրությունը, սակայն հարկավոր են հատուկ հետազոտություններ, նաև` առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքը:

Եվ վերջում ևս երկու` կորոնավիրուսից գրանցված մահերը բնութագրող կարևոր ցուցանիշ` մահաբերությունը (տվյալ դեպքում Case Fatality Rate) և մահացությունը  բնակչության 10 հազար շնչի հաշվով` համապատասխան տարիքային խմբերում:

Աղյուսակ 4. Գրանցված մահացածների թիվը` ըստ տարիքի ու սեռի (հուլիսի 11-ի դրությամբ` կորոնավիրուսից, հուլիսի 5-ի դրությամբ` կորոնավիրուսով)

 

Հաշվի առնելով պոտենցիալ ավելցուկային մահացությունը, կարելի է ենթադրել, որ Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1000 մարդ` 0.3 տոկոսը, իսկ դա քիչ չէ և արդեն ազգային մասշտաբով նկատելի է: Առավելագույն մահացությունը 90-ից բարձր  տղամարդկանց շրջանում է, որոնցից ամեն 180-րդ գրանցվել է որպես կորոնավիրուսից կամ «կորոնավիրուսով» մահացած, իսկ հաշվի առնելով լրացուցիչ ավելցուկային մահացությունը, այդ թիվը կարող է ավելի բարձր լինել և կազմել 0.8-1 տոկոս: Հարկավոր է նաև հաշվի առնել, որ մահացությունը հաշվարկված է բնակչության մշտական թվի համեմատությամբ, սակայն միգրացիայի ազդեցությունը բարձր տարիքային խմբերի վրա նվազագույն է: Միաժամանակ, մինչև 50 տարեկան տարիքային խմբերում մահացության վրա որևէ ազդեցություն գործնականում չկա: Այդ տարիքային խմբերում մահացածների թիվը մոտավորապես հավասար է  ՃՏՊ-ներից մահացածների թվին, այնպես որ` կորոնավիրուսի ազդեցությունը և դրա հետևանքներն այդ տարիքային խմբերի ժողովրդագրության վրա կարելի է համարել զրոյական: Որպես հետևանք` զրոյական է ազդեցությունը նաև հասարակության բնական վերարտադրման վրա, քանի որ հենց այդ  տարիքային խմբերն են համարվում պտղաբեր:

Եվս մի հանգամանք է հարկավոր նկատի առնել` ոչ միայն մահացածների, այլ նաև վարակակիրների թիվը լիարժեքորեն չի գրանցվում: Դա ազդում է Case Fatality Rate ցուցանիշի վրա, ինչի հետևանքով վերջերս ներմուծել են Infection Fatality Rate ցուցանիշը, որը Հայաստանում այս պահին, ամենայն հավանականությամբ, 0.6 տոկոս է և հնարավոր է հասնի 1-1.2 տոկոսի, եթե պացիենտների բուժման հարցում լուրջ փոփոխություններ չլինեն: Սակայն Infection Fatality Rate-ի ճշգրիտ գնահատականների համար տվյալները դեռ անբավարար են, ավելի հիմնավորված գնահատական կփորձեմ տալ ավելի ուշ:

Հրանտ Միքայելյան

kavkaz-uzel.eu

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica