close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ֆիրդուսնոց». երբ քաղաքաշինությունն ու բիզնեսը ծառայում են բնավ ոչ քաղաքին

Հասարակություն

11 Հուլիսի 2020, 14:37
 «Ֆիրդուսնոց». երբ քաղաքաշինությունն ու բիզնեսը ծառայում են բնավ ոչ քաղաքին

Ֆիրդուսի փողոցի կառուցապատման շուրջ բարձրացված աղմուկն առավելապես ուղղված է տարածքում առկա պատմական շերտի պահպանությանը եւ Նարեկ Սարգսյանի հրամցրած նախագծի անհամատեղելիությանը միջավայրին: Պահանջվում է նոր մրցույթ հայտարարել, որում հնարավորություն կընձեռվի ժամանակակից ճարտարապետական լուծումներ մշակել եւ բարեխիղճ մոտեցում ցուցաբերել թաղամասին: Այս ամենն, իհարկե, արդարացի քննադատություններ ու պահանջներ են, սակայն ընթացիկ նախագծի քայքայիչ պատկերն անդրադառնում է ոչ միայն տվյալ թաղամասի վրա, այլեւ ազդում է շատ ավելի մեծ տիրույթով: Ամենից առաջ դրանից հերթական անգամ տուժում է Ֆիրդուսում գտնվող հուշարձաններից շատ ավելի բարձրարժեք հուշարձանՙ Հանրապետության Հրապարակը: Հետանկախության շրջանի 30 տարվա քաղաքաշինական ամենաթողության պայմաններում հրապարակի համալիրն ամբողջովին ապականվեց քաոսային եղանակով վեր հառնող բարձրահարկերի ֆոնին: Վառ ազգային դիմագիծն անարգելու, նսեմացնելու, գեղագիտական շեշտադրությունից ու մասշտաբից զրկելու առավել ցայտուն օրինակ դժվար թե գտնենք մեկ այլ բնագավառում: Անմակարդակ հեռուստահաղորդումներ, թուրքական երգելաձեւ, վուլգար ցուցասրահներ եւ այլ արատավոր երեւույթները որքան էլ զանգվածային բնույթ կրեն, բայց ի վերջո այլընտրանքի տեղիք ունեն, այնինչ ճարտարապետության պարագայում այլընտրանքը բացակայում է: Ապականող շեշտադրումները մշտապես ու երկարաժամկետ շահագործման ակնկալիքով առկա են միջավայրում:

Ֆիրդուսի տարածքի համար նախատեսվող նոր կառուցապատումը վերջնականապես պղծելու է հրապարակի միջավայրըՙ խայտաբղետ, բարձր ծավալներ ցցելով նաեւ Ալեքսանդր Թամանյանի հեղինակած ու դեռեւս միակ անաղարտ ուրվագիծն ունեցող կառավարական թիվ 1 տան ետնամասից: Ֆիրդուսի փողոցի կառուցապատման ներկայիս նախագիծը Նարեկ Սարգսյանի նույն սխեմայի հիման վրա է, բայց շատ ավելի ուռճացված մասշտաբներով եւ գեղագիտորեն շատ ավելի համապատասխան բռի օլիգարխիկ ճաշակին:

Հրապարակի օվալաձեւ տարածքին հարակից, բնավ ոչ առանցքային նշանակության քաղաքաշինական բջջի մեջ նախատեսվում է շեշտված շրջանաձեւ հատակագծով եւ բարձրահարկ ծավալներով մի նոր հրապարակ, որպես երկրորդ եւ առավել ցայտուն դոմինանտ: Ստեղծվում է հերթական գերխիտ կառուցապատումը, որը միայն ավելի է ծանրաբեռնելու Երեւանի խցանված վիճակըՙ թե՛ գործառութային, թե՛ գեղագիտական առումներով ավելի արժեզրկելով արդեն իսկ ճնշված Փոքր Կենտրոնը: Արթուր Մեսչյանիՙ քաղաքաշինությունն ու բիզնեսը նույնացնելու մոտեցումն այս դեպքում թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքաշինության տեսանկյունից ծառայելու է ոչ թե քաղաքին, այլ բացառապես կառուցապատողի գերշահույթ ակնկալող գրպանին: Հետարքրքրական է, որ գերակա շահ ընդգրկված տարածքները ներկայում էլ իրենց օրենքի ուժն են բանեցնում միայն բնակիչների վրա: Մասնավոր կառուցապատողի նկատմամբ գերակա շահ կիրառելը, փաստորեն, անկարելի է: Ստացվում է, որ ամբողջ շինարարական գործընթացն իրականում գերակա շահ է բացառապես սեփականատիրոջ համար, որը բնավ Հայաստանի հպարտ քաղաքացին չէ, այլ ներդրումներով տարիներ շարունակ Երեւանի քաղաքաշինությունը փակուղային ճգնաժամի առաջ կանգնեցնող փողատերը:

Փաստորեն թամանյանական հրապարակըՙ ազգադավ իշխանությունների հեղաշրջման կենտրոնը, շարունակվելու է պղծվել նաեւ հեղաշրջող ուժերի օրոք, նրանց ապիկար ու անկարող «թավշյա» կառավարման պատճառով:

Փաստորեն, իբրեւ թե Նոր Հայաստանի կառավարությունը ի դեմս Արթուր Մեսչյանի պոռթկուն ուրացման եւ Հայկ Մարությանի անկեղծ խոստովանության, վերեւներից իջնող ճնշումներին չդիմանալովՙ ստիպված է կրկին որդեգրել ամեն գնով ներդրումներ բռնելու եւ ժողովրդին «նաղդ» տնտեսական աճ ցուցադրելու քոչարյանական աշխատաոճը: Ոչինչ, որ այն կրկին լինելու է քաղաքաշինական աղետն անդառնալի խորացնելու եւ քաղաքի զարգացման, այդ թվում նաեւՙ տնտեսական առողջ հեռանկարն իսպառ բնաջնելու հաշվին:

Ֆիրդուսի փողոցի կառուցապատման տվյալ տարբերակը կյանքի կոչելը կլինի նոր իշխանությունների որդեգրած քաղաքաշինական հետընթացի առաջին մեծ օրինակը, որը ծանր շղթաներով կպատի նրանց ձեռքերըՙ կանաչ լույս վառելով «չալաղաջ կտորները խժռելու պատրաստվող» հաջորդ կառուցապատողների առաջ: Երեւանը վերջնականապես մեջքով կշրջվի դարձի ճանապարհից: Թամանյանական քաղաք-այգու գաղափարը կրկին կմնա որպես խորտակված ուտոպիա , իսկ քաղաքակիրթ աշխարհում ազգային հույզերով նոր խոսք ասելու հնարավորությանը կրկին կփոխարինի «ավելի բարեկարգ Երեւան» կեղծ արտահայտությամբ պաստառը:

Այս պարագայում որքան էլ դժվարությունները մեծ լինեն, պետք է դիմել կտրուկ քայլերի: Կառուցապատողի հետ դատական գործընթացներից վախենալու փոխարեն պետք է կարգավորել օրենսդրական դաշտը եւ գերակա շահն ի վերջո ծառայեցնել հօգուտ քաղաքի: Պետք է նոր մրցույթ հայտարարել, որը, սակայն, չպետք է լինի զուտ ճարտարապետական հանրությանը ստեղծագործելու բավականություն պատճառելու պայմանով: Պետք է հստակ մշակվի նոր առաջադրանքՙ Երեւանի Փոքր կենտրոնի պահանջներին ներդաշնակ, որտեղ նախ եւ առաջ պետք է սահմանափակված լինի կառուցապատվող մակերեսի հարկայնությունը:

Հետանկախության տարիների ընթացքում ձեւավորված ճարտարապետական դաշտը մեծ առումով թողել է աններդաշնակ միջավայրում պատվեր կատարողների մի մեծ բանակ, որն ընդամենը ցանկանում է սեփական նախագծերով ու բռնած գործերով ինքնահաստատվել մեկ ուրիշի փոխարեն: Այսօր էլ Ֆիրդուսու կառուցապատման նախագիծը հաճախ քննադատվում է ոչ այնքան իր անբարեխիղճ հարկայնության ու խտության թիրախավորման, որքան ոչ ժամանակակից լուծումների համար: Կարելի է կարծել, թե տգեղ ու անբարտավան կառույցը երբեւե կարելի է համարել որեւե ոճին կամ ժամանակին հարիր: Թիրախը բացառապես տվյալ ուղղությամբ առաջնորդողները կարծում են, թե նորդասականության տարրերի առկայությամբ ռաբիսը փոխարինելով այսպես կոչված ժամանակակից «մինիմալիզմ, հայթեք, դեկոնստրուկտիվիզմ կամ այլ» ոճերի ազդեցությամբ արված ճարտարապետությամբՙ կարող են լուծված համարել խնդիրը: Նման մոտեցումն ընդամենը ինքնաբավ ճաշակի կռվի է տանում: Այնինչ ազգային կերպարը դոմինանտազրկելու եւ միջավայրը ծանրաբեռնելու ոչ մի միջոց չի կարող արդարացվել որեւէ ոճային առանձնահատկության ֆետիշացմամբ:

Այս ամենի վառ օրինակը մենք տեսանք մի քանի տարի առաջ Նարեկ Սարգսյանի կողմից հայտարարված Հանրապետության հրապարակի իբրեւ թե բարեկարգման մրցութային նախագծում, երբ նույնիսկ ժամանակակից կամ մոդայիկ ձեւերով առանձին ծավալներում բավականին շնորհքով աշխատող ճարտարապետները շատ անշնորհք ու հավակնոտ վերաբերմունք էին դրսեւորել հրապարակի հանդեպ:

Ֆիրդուսու կառուցապատման ներկայիս նախագիծն ու տարիներ առաջ իրականացված այդ մրցույթն իրականում փոխշաղկապված ենՙ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը դառնալու միտումով: Թաղամասում նախատեսվող բարձրահարկերը վերջնականապես տրորելու են հրապարակի ուրվագիծը բոլոր դիտանկյուններից եւ իբրեւ թե առավել արդիական են դարձնելու Հրապարակի «բարեկարգման» մրցույթի նշանակությունը: Ի դեպ, տվյալ մրցույթի ամենագլխավոր պատառներից մեկը տարիներ առաջ աղմկահարույց դարձած Կառավարական շենքի վրա Թամանյանի արված նախագծի նմանությամբ, բայց նարեկսարգսյանական տարբերակով արված գմբեթավոր ծավալի ավելացումն է , որին հավասարակշռելու համար էլ հետագայում դաշտ կբացվի հրապարակի մյուս կառույցների գլուխներին եւս նոր շինություններ տնկելու:

Այս քաոսային հեղեղը զսպելու եւ Երեւանի քաղաքաշինությունը նոր էջից մաքրագրելու բացառիկ առիթ եղավ 2018-ի թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում ձեւավորված իշխանությունը մինչ օրս սաղմնային ու անհասկանալի խարխափումների մեջ է: Նման պայմաններում առավել կարեւոր է դառնում համաժողովրդական պահանջի ձեւավորումը: Ինչպես Ամուլսարի հարցը, այնպես էլ Ֆիրդուսու կառուցապատման խնդիրը պետք է արժանանա այդ պահանջի բավարարմանը:

ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Աղբյուրը՝ «Ազգ» օրաթերթ


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica