close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը hարաբերությունների ճգնաժամն է

Քաղաքական

9 Հուլիսի 2020, 16:50
 Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը hարաբերությունների ճգնաժամն է

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ տարատեսակ կարծիքների պակաս հայկական լրատվական տիրույթը չունեցավ, սակայն առկա հրապարակումները մեծ մասամբ որպես այդպիսին կարծիքներ էին՝ առանց վերլուծական հիմքի ու դրանից բխող դատողությունների։

Մի կողմից փորձ արվեց առկա խութերը, Կրեմլի թիվ մեկ ընդդիմախոսին հայկական պետական հեռարձակողի կողմից եթերի տրամադրումը ներկայացնել որպես Հայաստանի գործող իշխանության արտաքին քաղաքական ռեվերսների ցուցիչ, իսկ մյուս կողմը սկսեց խոսել արժանապատիվ կեցվածքի և հայ ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրների բացակայության մասին։

Արդյունքում, ինչպես հաճախ է լինում խլացվեց բովանդակային քննարկումը, հիշյալ խնդրով երկփեղկված՝ հանրային կարծիքը չգեներացրեց օբյեկտիվ իրականությանը մոտ որևէ տեսակետ, ամենակարևորը՝ մատնացույց չարեց խնդրի բովանդակային կողմը, որն ավելի լուրջ է, ավելի խորքային և շոշափում է ավելին քան հայ-ռուսական հարաբերություններն են։

Իրական խնդիրը դիտարկենք արտաքին քաղաքական հարաբերությունների ճգնաժամի և անկանխատեսելիության հարթության մեջ։

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, նոր իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքական բրենդավորումը, ապա նաև հարաբերությունների ձևավորումը սկսեցին կառուցել այսպես կոչված «թավշյա, ոչ բռնի և ժողովրդական հեղափոխության» շրջանակներում, ինչը որքան ականջահաճո էր Հայաստանի իշխանությունների և նրանց համակիրների համար, նույնքան անհասկանալի էր մեր արտաքին քաղաքական գործընկերների համար, ընդ որում, բոլոր ուժային կենտրոններում՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, Բրյուսելից մինչև Պեկին։ 

Մինչև 2018թ. գարուն ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումը տեսական առումով արտաքին քաղաքականության հետևողական դիվերսիֆիկացիան էր, իսկ դրա գործնական արտահայտումը բոլոր ուժային կենտրոնների հետ կոնկրետ քաղաքական բովանդակային օրակարգերի առկայությունն էր և քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը։ Եվրոպական Միության հետ հարաբերությունը նախ և առաջ պայմանավորված էր 2017 թ. վերջին ստորագրված ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով»։ Քաղաքական օրակարգն, ի թիվս այլնի ընդգրկում էր ՀՀ-ԵՄ օրենսդրական մոտարկումը, Հայաստանում պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման որակի բարձրացումը, ժողովրդավարական կառուցակարգերի խթանումը, վիզայի ազատականացման գործընթացը և այլն։ 

Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններն իրենց բնույթով բարդ են ու բազմաշերտ, միշտ էլ եղել են խնդիրներ, բայց այդ խնդիրներին զուգահեռ հնարավոր է եղել ստեղծել ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, որոնք, օրինակ, ի թիվս այլնի հատկապես արտահայտվել են բանակի զինտեխնիկայի ծավալուն համալրման ոլորտում։ Առկա խնդիրներով հանդերձ Հայաստան-Ռուսաստան շփումներում հարաբերությունների ճգնաժամ որպես այդպիսին նախկինում երբեք չի եղել, որովհետև արտաքին քաղաքական, տնտեսական ու անվտանգային բազմաթիվ կապերն իրենք իրենցով արդեն իսկ օրակարգ են պայմանավորում և դրանից բխող համապատասխան հարաբերություններ։

Այս ամենով հանդերձ, Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն փորձ են անում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրները, ծածկադմբոցի ենթարկել՝ շահարկելով մեր ազգային ինքնասիրությունը։ Իշխանություններն այնպես են մանիպուլացնում առկա խնդիրները, որ ակամայից հարց է առաջանում, արդյո՞ք այս իշխանությունները չէին, որ Սիրիա հայկական զորք էին ուղարկում, որը պիտի գործեր ռուսական զորախմբի կազմում՝ արհամարհելով նույնիսկ ներքին սահմանադրաիրավական պահանջները։ Մի բան, որը նախկին իշխանությունների կողմից մերժվել է։ Արդյոք այս իշխանությունները չե՞ն, որ պատրաստվում են ռուս մասնագետներին արտոնել մուտք գործել Հայաստանում ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ։ Այս իշխանությունները չէի՞ն, որ արհամարհեցին «Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, ըսո որի ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրի ղեկավարին օդանավակայանում դիմավորում է երկրի նախագահը կամ վարչապետը, սակայն վարչապետը շտապեց անհարմար իրավիճակում Պուտինին ճանապարհել հենց օդանավակայանում։

Մյուս կողմից, երբ կարևորում ենք Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնացային հարաբերությունների պահպանումը, նկատի չունենք, որ դրանք կարող են ենթադրել այնպիսի հարաբերություններ, որոնք կարող են ստվերել Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային-պետական արժանապատվությունն ու սուվերենությունը։

Իրականում նույն հարաբերությունների ճգնաժամն է ԱՄՆ-ի հետ շփումներում։ Վերջերս Հայաստանը միացավ ԱՄՆ կողմից նախաձեռնված «Կրոնական ազատությունների ալիանս»-ին, որը փորձագիտական հանրույթի գնահատմամբ իր էությամբ հակաչինական նախաձեռնություն է։ Ակնհայտ է, որ մեր իշխանությունները փորձում են պաշտոնական Վաշինգտոնի հետ հարաբերությունների առավել լայն շրջանակ ձևավորել, բայց արժե՞ր արդյոք դրա համար Չինաստանի հետ հարաբերություններում խնդիրներ ստեղծել։ 

Իշխանությունների կողմից կատարված հիշյալ և հայտնի տարերային բնույթ կրող քայլերը խոսում ենք արտաքին քաղաքականության կոնկրետ ռազմավարության բացակայության մասին, ինչը հանգեցրել է հարաբերությունների ճգնաժամի, որն իր հերթին հանգեցրել է Հայաստանի արտաքին քաղաքականության անկանխատեսելիությանը, ինչն արտաքին գործընկերների մոտ անխուսափելիորեն բերելու է Հայաստանի վստահության անկման և ռազմավարական հեռանկարների բացակայության։

Հայաստանի ներքաղաքական կյանքում Փաշինյանի՝ ընդդիմախոսների հետ շփվելու մեղմ ասած վատ կարողությունն անխուսափելիորեն դրսևորվում է նաև արտաքին հարաբերություններում։ Առաջին փորձերից հետո միջազգային գործընկերները հստակ տեսել են վարչապետի բնավորության բացասական առանձնահատկությունները ինչին, գումարվել է նաև Հայաստանի կառավարության կողմից ձեռք բերված միջազգային պարտավորությունների անպատշաճ սպասարկման բազմաթիվ դեպքեր։

Ամփոփելով նշենք, որ միշտ էլ «կարելի» է վկայակոչել սուվերենությունն ու ինքնիշխանությունը, դրանով ծածկադմբոցի ենթարկել սեփական քաղաքական անկարողությունը և անընդհատ անհասկանալի լինել արտաքին քաղաքական գործընկերների համար, բայց դրանից մեր խնդիրները միայն ու միայն շատանալու են։ Ընդ որում դրանք չեն ահագնանում միայն ռուսական ուղղությամբ։ Մեր իշխանությունները պիտի հասկանան, որ արտաքին քաղաքականությունը նախ և առաջ պիտի ուղղված լինի մեր ազգային ու պետական շահի սպասարկմանը, հեռու պոպուլիզմից ու ամբոխահաճո հայտարարություններից։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի հիմնված լինի բոլոր գործընկերների հետ բարիդրացիական ու գործընկերային հարաբերությունների վրա՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ ու օրակարգային բովանդակությամբ, հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ունակ լինի նաև վճռականորեն կանխելու արտաքին քաղաքական որևէ կենտրոնի միջամտությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումներում։

Գևորգ  Ղուկասյան 

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica