close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ

Իրավունք

9 Հուլիսի 2020, 15:30
 Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում:

Նշված միջոցառումն, ըստ էության, ուղղված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի ուսանողներին աջակցելուն:

Միջոցառման վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 23-ին: Միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն տրամադրվում է՝

•      ուսման վարձի լրիվ կամ մի մասի փոխհատուցման ձևով (100% կամ 75%-ի չափով)՝ որոշակի վերապահումներով,

•      ուսանողական վարկերի կամ դրանց մարման ձևով:

Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումից կարող են օգտվել Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 21 բուհի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։

Ուսման վարձի փոխհատուցումից չեն կարող օգտվել Կառավարության հաստատած ցանկում չընդգրկված բուհերի ուսանողները, պետական ու պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները: Ուսման վարձի փոխհատուցումից չօգտվող մնացած ուսանողներին աջակցություն տրամադրվում է ուսանողական վարկերի տեսքով։

Հակաճգնաժամային տնտեսական 14-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում հետևյալն են՝

•      բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում կապված բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբերակման հետ,

•      Կառավարության սահմանած բուհերի ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատաճառաբանությամբ,

•      ուսանողի կամ նրա ընտանիքի անդամների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով անհնարին է դառնում ուսանողական վարկերից օգտվելը:

Գործերից մեկով Եվրոպական համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը կազմում է 91 %): Ուսանողն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանին, որ չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից այն պատճառով, որ ուսումնական հաստատությունն ընդգրկված չէ Կառավարության սահմանած բուհերի ցանկում:

Մեկ այլ դեպքում՝ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ սովորում է Երևանի պետական համալսարանի (ուսումնական հաստատությունն ընդգրկված է որոշմամբ հաստատված ցանկում) հեռակա ուսուցման համակարգում, ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 90%-ից ավելի է), սակայն հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատճառով չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից։

Մարդու իրավունքների պաշտպանին ուսանողներից հասցեագրվել են բողոքներ նաև այն մասին, որ ընտանիքի վարկային վատ պատմություն ունենալու պատճառով (անհուսալի վարկառու) բանկերն իրենց չեն տրամադրել ուսանողական վարկեր, արդյունքում չեն կարողացել օգտվել 14-րդ միջոցառումից առհասարակ:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի հեռակա ուսուցման համակարգում սովորող 5-րդ կուրսի ուսանող և նշել, որ բացի այն, որ չի կարող օգտվել 14-րդ միջոցառմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման ձևով աջակցությունից, նաև չի կարողանում օգտվել ուսանողական վարկի ձևով տրամադրվող աջակցությունից, այն պատճառով, որ ընտանիքի անդամն ունի վարկային վատ պատմություն:

Մեկ այլ բողոքով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին բանկերը մերժել են ուսանողական վարկ տրամադրել վերջինիս ծնողների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով:

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանին դիմած ուսանողների բողոքներն վերաբերում են նրան, որ Կառավարության ցուցաբերած տարբերակումները, ուսանողների, պնդմամբ չունեն բավարար հիմնավորում, ինչպես նաև նրան, որ շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելիս Կառավարությունը հաշվի չի առել այն ուսանողներին, որոնց ընտանիքները նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ունեցել են ֆինանսական դժվարություններ, նաև այն ուսանողներին, ովքեր միաժամանակ և՛ աշխատել են, և՛ սովորել: Ըստ բողոքների՝ փոխարենը փոխհատուցման ձևով աջակցությունը տրամադրելու չափանիշ Կառավարությունը դիտարկել է բուհը և ուսուցման համակարգը։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում նաև ուսանողներին աջակցություն տրամադրելու փաստը: Դրա հետ մեկտեղ,  պարզաբանման է ենթակա այն, թե արտակարգ դրության պայմաններում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ուսանողներին աջակցություն տրամադրելիս բարձր առաջադիմություն ունենալու պայմանից ինչու այլ չափանիշներ կամ պայմաններ հաշվի չեն առնվել: Խոսքը վերաբերում է ուսանողների և նրանց ընտանիքների ֆինանսական դժվարություններին, բանկերի կողմից վարկեր չտրամադրելու ռիսկերին և այլն:

Նշված բոլոր հարցերով համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica