close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի դիրքորոշումը ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ

Քաղաքական

8 Հուլիսի 2020, 10:40
 ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի դիրքորոշումը ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ

Հուլիսի 6-ին ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է  ՀՀ վարչապետի որոշումը, որով էական փոփոխություններ են մտցվել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրության մեջ։

Փոփոխությունները վերաբերում են գրասենյակի նպատակներին, խնդիրներին, գործառույթներին և կառուցվածքին։ Առաջին մասում դրանք խոշոր հաշվով խմբագրական բնույթ են կրում, իսկ ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա այստեղ էական փոփոխություններ են կատարվել։

Մասնավորապես դադարել է Եվրոպայի հայ համայնքների վարչության, Ամերիկայի հայ համայնքների վարչության, ԱՊՀ հայ համայնքների վարչության, Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության, հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության, համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության գործունեությունը։ 

Ստեղծվել է օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն, իսկ սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչությունը և սփյուռքում տեղեկատվական ռազմավարության մշակման և իրականացման վարչությունը միաձուլվել են, արդյունքում ստեղծվել է սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչություն։

Համահայկական ծրագրերի վարչությունն անվանափոխվել է ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության:

Արդյունքում, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներկայումս ունի մասնագիտական-կառուցվածքային հետևյալ ստորաբաժանումները․

  1. սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչություն
  2. ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչություն
  3. օրենսդրական նախաձեռնությունների եւ ռազմավարությունների մշակման վարչություն։

Վերոգրյալի առթիվ, ընդգծում ենք հետևյալ շեշտադրումները․

  1. Վարչապետի կողմից սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատվել է 2019 թվականի հունիսի 1-ի որոշմամբ։ Ստացվում է, որ առավել քան մեկ տարի հանձնակատարի գրասենյակը գործել է ներկա իշխանությունների կողմից այդքան քննադատվող նախկին սփյուռքի նախարարության ճիշտ նույն կառուցվածքով։ Հարց է առաջանում, սփյուռքի նախարարության, իշխանությունների տեսակետով` անարդյունավետ գործունեության պայմաններում, ինչու՞ է դրա կառուցվածքը պահպանվել առավել քան մեկ տարի, երբ նման որոշման կայացումը բավական կարճ ժամանակ ենթադրող վարչական աշխատանք է։ Սա կարող է խոսել ոլորտում առկա համակարգվածության և հետևողական աշխատանքի բացակայության մասին։
  2. Թեև գովելի է այն փաստը, որ ինչպես նախկին, այնպես էլ ներկա կարգավորումներում կարևորվել է սփյուռքի համայնքային կյանքի զարգացման, ազգային ինքնության պահպանման եւ համահայկական խնդիրների լուծման գործում համահայկական կառույցների դերակատարության բարձրացումը, այնուամենայնիվ խիստ տարակուսելի է այն, որ հանձակատարի գրասենյակի կանոնադրական փոփոխությունները պատշաճ ձևով չեն քննարկվել սփյուռքյան տարաբնույթ կազմակերպությունների հետ։ Իշխանությունների այսպիսի գործելաոճը կարող է վտանգել գրասենյակի կանոնադրական նպատակների իրագործումը, քանի որ դրանք նախ և առաջ ենթադրում են գործընկերային հարաբերություններ ու սահուն փոխգործակցություն սփյուռքյան և կամ համահայկական կազմակերպությունների հետ։ 
  3. Խիստ կասկածելի է նաև այն, որ արդյո՞ք մասնագիտական-կառուցվածքային ընդամենը երեք ստորաբաժանումները կարող են արդյունավետորեն սպասարկել գրասենյակի առջև դրված նպատակները, գործառույթներն ու խնդիրները։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ինչպես ցանկացած սփյուռք, հայկական սփյուռքը ևս միատարր չէ։ Հայկական սփյուռքի համայնքները իրարից տարբեր են, տարբեր են նաև հասարակական, սոցիալ-տնտեսական և քաղաքակրթական այն տարածքները, որտեղ դրանք ձևավորվել և գործում են։ Տարբեր են համայնքների քաղաքականացվածության մակարդակները, համայնքային կազմակերպությունների գործելաոճը, և վերջապես, ընդունող երկրների՝ էթնիկ համայնքներին վերաբերող քաղաքականությունները։ Այս առումով, գտնում ենք, որ տարածաշրջանային կտրվածքով կառուցվածքի վերացումը խիստ անարդյունավետ քայլ է։

Միաժամանակ, անկախ հայրենական իշխանության բնույթից և սփյուռքին վերաբերող քաղաքական շեշտադրումներից՝ Հ Յ Դաշնակցությունը վերահաստատում է իր հանձնառությունն առ այն, որ ամբողջ աշխարհում շարունակելու է իր հայապահպան քաղաքականությունն ու հայկական իրավունքների և շահերի պաշտպանությունը, իսկ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում՝ շարունակելու է աջակցել հայրենադարձությանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության,

սփյուռքի և հայրենադարձության հարցերի մասնագիտական ոլորտային

հանձնախումբ

08․07․2020 թ․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica