close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւմն են Սուրբ Գեղարդը, Լուսավորչի աջը․ իրավաբանները Հայ եկեղեցու և պետության միջև Սահմանադրական Համաձայնագրով հարաբերությունների առաջարկ են մշակել

Քաղաքական

7 Հուլիսի 2020, 22:35
 Ո՞ւմն են Սուրբ Գեղարդը, Լուսավորչի աջը․ իրավաբանները Հայ եկեղեցու և պետության միջև Սահմանադրական Համաձայնագրով հարաբերությունների առաջարկ են մշակել

Լուսավորչի աջը, Սուրբ Գեղարդը և այլ գանձեր, որ մենք նույնիսկ չենք էլ կասկածում, որ կարելի է Հայաստանի Հանրապետության սեփականությունը չհամարել, պարզվում է, ըստ երկրի օրենսդրության, ցանկացած պահի կարող է «Հայ Առաքելական Եկեղեցի» անունով ինքնալուծարված մի կրոնական կազմակերպության գույքացանկում հայտնվել ու, տեսականորեն, պետությունը որևէ իրավունք չի ունենա միջամտելու։ Սա այն գինն է, որ մենք վճարում ենք կեղծ ժողովրդավար երևալու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես սովորական կրոնական կազմակերպություն գրանցելու դիմաց։

«Խնդիրը հետևյալն է՝ մեր եկեղեցին, ինչքան էլ ծիծաղելի է հնչում, գրանցված է որպես կրոնական կազմակերպություն երկու ֆիզիկական անձի կողմից՝ երկու անգամ գրանցվել է․ մեկը՝ 1998 թ-ին Հակոբ Գևորգյանի և Գարեգին Բ․ Ներսիսյանի կողմից և, այնուհետև, որպես նույնանուն կազմակերպություն 2007-ին է գրացվել։ Այսինքն, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում եթե փնտրեք, կգտնեք՝ «Հայ Առաքելական Եկեղեցի   կրոնական կազմակերպություն»։ Մինչդեռ որևէ մեկը չի կարող վիճարկել, որ մեր Սահմանադրությունը «կրոնական կազմակերպություն» եզրույթը չի օգտագործում մեր եկեղեցու անվանման տեսանկյունից՝ «Հայ Առաքելական Եկեղեցի»․ սա է մեր եկեղեցու անունը, երբ նրան դարձնում ենք՝ «Հայ Առաքելական Եկեղեցի կրոնական կազմակերպություն», նաև անունն ենք փոփոխության ենթարկում»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս, ԵԽ ազգային փորձագետ Թամարա Շաքարյանը։

Այս տեսանկյունից վերլուծելով՝ նա արձանագրեց, որ եթե մենք Հայ Առաքելական Եկեղեցին մյուս բոլոր կրոնական կազմակերպությունների նման դիտարկենք որպես «կրոնական կազմակերպություն», ուրեմն նրանց նման մեր եկեղեցին էլ ցանկացած պահի իրավունք կունենա  ինքնալուծարվել․ «Եթե հիպոթետիկ որոշում կայացնի ինքնալուծարման հետևանքով իր գոյությունը դադարեցնել, ապա ո՞րն է լինելու այդ դեպքում պետության միջամտությունը»։ 

Այստեղից եզրակացություն՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին սովորական դասական կրոնական կազմակերպություն չէ, ինչպես մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները և դա պետք է հստակ սահմանվի թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ օրենքներով, որպեսզի առաջիկայում էլ որևէ մեկի մտքով չանցնի կամայական պահի կարգավիճակ փոխելու․ «Եթե մենք հիմա արդեն վկայակոչում ենք Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական Եկեղեցու հարաբերությունների՝ «Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, ես չեմ զարմանա, որ մոտ ապագայում մեր ԱԺ-ում մի նախաձեռնություն լինի և այդ օրենքում փոփոխություն կատարվի»։

Իրավաբանի համար տարօրինակ է, որ ստիպված են բացատրել Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։

«Այսինքն, ինձ համար տարօրինակ է, որ մենք պետք է ապացուցենք, որ այն սովորական կրոնական կազմակերպություն չէ։ Այն դասական իմաստով կրոնական կազմակերպություն չի կարող դիտարկվել և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը խիզախություն կունենա հակառակը ապացուցելու, որովհետև և՛ պատմական փաստերը, և՛ նաև իրավական կողմը միանշանակ արձանագրում են, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի «հանրային իրավունքի իրավաբանական անձի» կարգավիճակ և չի նույնանում մյուս բոլոր կրոնական կազմակերպությունների հետ»,-ասաց Թամարա Շաքարյանը։

Եկեղեցու կարգավիճակի հետ կապված այս և այլ ինստիտուցիոնալ հարցեր շտկելու համար Թամարա Շաքարյանը և Արթուր Ղամբարյանը մշակել են գիտական հետազոտություն, որի հիման վրա առաջարկություն է ներկայացվելու Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Սահմանադրության մեջ այս կարևոր խնդիրը ճիշտ ամրագրելու համար։

«Սա մեր նախաձեռնությունն է, որը իրականացրել ենք ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու իրավական առումով կարգավիճակի ամրագրման համար, այլև եկեղեցու` հայ ազգային ինքնության և հայապահպանության գործում դերի ու նշանակության պահպանության համատեքստում։ Անժխտելի իրողություն է, որ ՀԱԵ պատմական, հոգևոր, ժառանգությունը ազգային հարստություն են, ինչը երբևէ չի հերքել նաև Եկեղեցին, բայց, այնուհանդերձ, մենք պետք է որոշակի իրավակարգավորումների ենթարկենք այդ հարաբերությունները: Այսինքն, եթե մենք Սահմանադրության մակարդակով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամրագրենք որպես «հանրային իրավունքի իրավաբանական անձ», զուգահեռ այլ օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինելու է, ինչու չէ նաև` նաև այդ ժառանգությունը ազգային հարստության ամրագրելու տեսանկյունից»,-ասաց նա։

 Բանն այն է, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը Հայ Առաքելական Եկեղեցին ճանաչում է որպես ազգային եկեղեցի և ճանաչում է նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում և հնարավորություն է տալիս պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորել առանձին օրենքով։ Բայց իբրև առանձին օրենք 1991 թ-ին ընդունված՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը Առաքելական Եկեղեցին համարում է կրոնական կազմակերպություն և հենց սրանից է բխում, որ այսօր Ռեգիստրում առնվազն երկու ֆիզիկական անձի կողմից մեր եկեղեցին հիմնադրվել և գրանցվել է որպես կրոնական կազմակերպություն։  Ունենք նաև 2007 թ-ին ընդունված առանձին օրենք, որը կարգավորում է պետության և եկեղեցու հարաբերությունները։

«Մենք առաջարկում ենք, որ եկեղեցին արդեն սահմանադրորեն ամրագրվի որպես «հանրային իրավունքի իրավաբանական անձ» և արդյունքում ունենալու ենք այն, որ որևէ մեկն այլևս չի գնալու ռեգիստրում գրանցի մեր եկեղեցին կամ եկեղեցին չի կարողանալու փորձել ինքնալուծարվել։ Այսինքն, այն բոլոր իրավական կարգավորումները, որոնք կրոնական կազմակերպությունների համար գործում են, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պարագայում լինելու են համապատասխան սահմանափակումներով, որովհետև այն ունենալու է հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ»,-բացատրեց Թամարա Շաքարյանը։

Նրանց առաջարկն է, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները ոչ թե օրենքով կարգավորվեն, այլ Համաձայնագրով։

«Դա Սահմանադրական Համաձայնագիր է, որն այսօր գործում է Վրաստանում, հունաստանում և էությունն այն է, որ  եկեղեցին պետության հետ հավասարազոր որոշում է, թե ինչպես կարգավորվեն իրենց հարաբերությունները։ Եթե այսօր օրենսդիր մարմինը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկել օրենքը՝ նույնիսկ հաշվի չառնելով եկեղեցու կարծիքը, մտահոգությունները, հիմնավորումները, ապա Սահմանադրական Համաձայնագրի պարագայում առանց եկեղեցու համաձայնության որևէ դրույթ չի կարող փոփոխվել»,-ասաց նա։

Միևնույն ժամանակ նրանք առաջարկում են, որ մեր եկեղեցու սեփականությունը համարվող հոգևոր, մշակութային, պատմական ժառանգությունը, որը մեզ փոխանցվել է դարերով, որպես ազգային հարստություն, լինի ոչ միայն եկեղեցու, այլև պետության պաշտպանության ներքո։

Սրանք այն հիմնարար, կարևոր դրույթներն են, որ գիտական հետազոտության հեղինակները փորձել են ներկայացնել որպես Սահմանադրության հետագա փոփոխությունների անհրաժեշտություն։

Հայաստանի ներքաղաքական տրամադրությունների և հակասական մեկնաբանությունների ֆոնի վրա, Թամարա Շաքարյանը համարում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ոչ միայն չպետք է հանվի կրթական ծրագրից, այլև հակառակը, այդ առարկան անհրաժեշտ է մեր ժողովրդի կյանքում եկեղեցու դերը ուսուցանելու համար։

Նա հիշեցնում է, որ վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի ազգաբնակչության 96,5 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են․ «Այսինքն, նման հասարակությունում խոսել այդ առարկայի ոչ անհրաժեշտության մասին, հաշվի չառնելով Հայ ժողովրդի պատմության և Հայ Եկեղեցու միահյուսված լինելու հանգամանքը հիմնավորված չէ»։

Թամարա Շաքարյանի համոզմամբ, առարկան անհարժեշտ է, այլ  բան է, որ ծրագրում փոփոխություններ կարելի է կատարել։

««Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելը իրավահամեմատական տեսնակյունից էլ որևէ հիմք չունի։ Մի շարք երկրներ, որտեղ եկեղեցին ունի պետական եկեղեցու կամ ազգային եկեղեցու կարգավիճակ, և դրանք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան առաջինը վավերացրած երկրներն են, ամրագրված է նաև քրիստոնեական կրթությունը պարտադիր լինելու հանգամանքը: Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ երկների հետ կապված երբևէ չի արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ մտքի, խղճի, կրոնի ազատության խախտում»,-արձանագրեց Թամարա Շաքարյանը։

Նա բերեց Իսլանդիայի օրինակը, որը ազգային եկեղեցի է ճանաչել Ավետարանական Լյութերական Եկեղեցին և սահմանադրորեն է ամրագրել, որ Իսլանդիայի բոլոր դպրոցներում քրիստոնեական կրթությունը պարտադիր է։ Լիխտենշտեյնը նույնպես հենց Սահմանդրության մեջ է ամրագրել, որ դպրոցներում կրոնական կրթությունը իրականացվում է իրենց եկեղեցու կողմից։ Նույնը և Հունաստանը։

Այս համատեքստում իրավաբանի համար անընդունելի է մեր երկրի իշխանությունների պատրվակը, թե «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից ուզում են հանել կրոնական այլ կազմակերպությունների իրավունքները չոտնահարելու համար։

«Խախտում չկա, որովհետև իմ նշած բոլոր երկրների հետ կապված ՄԻԵԴ-ը չունի որևէ նախադեպային որոշում, որով դա համարի խախտում, և այդ երկրների Սահմանադրությամբ է ամրագրված կրոնական կրթության իրականացման մասին դրույթը»,-ասաց Թամարա Շաքարյանը։

Նա ընդգծեց, որ Վրաստան պետության ու  եկեղեցու միջև Սահմանադրական Համաձայնագրում նույնիսկ ավելի հեռուն են գնացել՝ ուղղափառ եկեղեցուն վերապահվել է կառավարության հատուկ խորհրդատուի դերը կրթության ոլորտում․ «Սա նշանակում է, որ կրթության ոլորտում ցանկացած փոփոխության եկեղեցին իրավունք ունի արձագանքելու»։

Սրանք նորմեր են, որոնք տարիներով, դարերով ամրագրված են այդ երկրների Սահմանադրություններում։

««Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու հիմնավորումները ես համարում եմ շատ-շատ խոցելի․ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը, երբ կարծիք էր տալիս «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, երբևէ դասավանդվող առարկայի մասին մտահոգություն չի հայտնել։ Նույնիսկ Վենետիկն է նշել, որ եկեղեցու՝ կտրականապես տարբերվող իրավական կարգավիճակ սահմանելը խտրականություն չէ»,-ասաց իրավաբանը։

Թամարա Շաքարյանի համար անընդունելի է, երբ ազգային արժեքները ոտնահարելու ճանապարհելով փորձում են առավել ժողովրդավար երևալ․ նա վստահ է, որ մեր ազգի ուժը հենց այդ արժեքները պահպանելու և սերունդներին փոխանցելու մեջ է։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica