close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում դիահերձման արգելքը տվյալների մանիպուլյացիայի նպատա՞կ է հետապնդում, թե՞ օրգանների առևտրի

Հասարակություն

7 Հուլիսի 2020, 14:11
 Հայաստանում դիահերձման արգելքը տվյալների մանիպուլյացիայի նպատա՞կ է հետապնդում, թե՞ օրգանների առևտրի

Կավասակիի համախտանիշը Հայաստանում, ըստ երկրի առողջապահության նախարարության, առաջին անգամ հայտնաբերվել է այս տարվա հունիսին` երկու մանկահասակ երեխաների մոտ, որոնք վարակված են եղել նոր տիպի կորոնավիրուսով: «Ես որոշակի կասկածներ ունեմ ախտորոշման հավաստիության առնչությամբ»,- ըստ yerkir.am-ի` EADaily-ի հետ հերթական հարցազրույցում ասել է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը` հաշվի առնելով, որ հիվանդությունը քիչ ուսումնասիրված է, դրա էթիոլոգիան դեռևս հաստատված չէ և ախտորոշումն արվել է կլինիկական ախտանշանների հիման վրա:

Նրա ուշադրությունը գրավել է այն հապճեպությունը, որով առողջապահություն նախարարությունը հայտարարեց Կավասակիի համախտանիշի ախտորոշման մասին: «Հաշվի առնելով Հայաստանի առողջապահության ներկայիս նախարարի աշխատաոճը, նրա սերտ կապերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու  Պատվաստանյութային համաշխարհային ալյանսի (GAVI)  հետ` չեմ բացառում, որ այդ հայտարարությունը պայմանավորված էր ԱՀԿ-ին երկրորդելու ցանկությամբ, որի ներկայացուցիչը մի քանի օր ավելի վաղ մամուլի ասուլիսում տեղեկացրել էր, թե ԱՀԿ-ն ուսումնասիրում է Կավասակիի համաշխատանիշի և կորոնավիրուսով վարակվելու հնարավոր կապը»,-նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի վարակի համաճարակային իրավիճակի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության հավաստիությանը, Գրիգորյանը համարում է, որ այն երբեք չի արտացոլել իրական վիճակը: «Հայաստանում այդ վարակի տարածման «լեգենդը» կառուցված է ելքային տեղեկության վրա, ըստ որի` առաջին հաստատված դեպքը գրանցվել և այդ մասին հայտարարվել է 2020-ի մարտի 1-ին, և որ այն ներմուծվել է Իտալիայից: Միաժամանակ, համեմատական վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ վարակը Հայաստան է ներթափանցել այս տարվա հունվարի առաջին կեսից, երբ լիազոր մարմինը թույլատրել է Հայաստանի 18 քաղաքացու` նոր կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշաններով, մուտք գործել Հայաստանի տարածք հարևան Վրաստանից: Այդ բոլոր քաղաքացիներին, առանց կարանտինի, թույլատրվել է տուն գնալ և «մնալ տանը լիազոր մարմնի մասնագետների հսկողության տակ»: Այդ պատմությունն այն ժամանակ լռության մատնեցին, սակայն արդեն հունվարի կեսից Հայաստանում կար սուր շնչառական վարակի բռնկում` նոր կորոնավիրուսային  վարակին բնորոշ ախտանշաններով»,- շեշտել է Գրիգորյանը:

Նա չգիտի` կանխամտածվա՞ծ է դա արել, թե՞ ոչ, սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանը մասնակից է ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրին, ոչինչ չի բացառում:

«Հասանելի փաստաթղթերը վկայում են (փաստաթղթի սքրինշոթը` ստորև), որ Հայաստանում արդեն եղել են դեպքեր, երբ այդ ծրագրի շրջանակներում գործողություններ են իրականացվել, որոնք իրավական գնահատականի կարիք ունեն, որոնցից հետո այդ ծրագրի էմիսարները մեր մասնագետներին հրահրել են գործողությունների, որոնք նույնպես իրավական գնահատականի կարիք ունեն: Ու թեև այդ փաստաթղթերի իրական լինելը դեռևս հարկավոր է հաստատել, ես, այնուամենայնիվ, համարում եմ, որ այս փուլում արտաքին ազդեցությունը բացառել չի կարելի»,- հայտնել է փորձագետը:

Ինչ վերաբերում է  պաշտոնական անձանց կողմից համաճարակային իրավիճակի վերաբերյալ հակասական տեղեկատվություն տրամադրելուն, Գրիգորյանի կարծիքով, դա պայմանավորված է «սցենարի» մոդելը մեկնաբանելու` նրանց անկարողությամբ, իսկ սցենարը, ըստ նրա, կառուցվել է ամբողջ տարածաշրջանի համար` համակարգչային հատուկ վերլուծական ծրագրերի միջոցով:

«Մինչև որոշակի կետը, որը, հավանորեն, Իրանում համաճարակային իրավիճակի բարդացումն էր, հարավկովկասյան հանրապետություններում սցենարի մեկնաբանությունը և պաշտոնական տեղեկատվությունը համակարգվում էր դրսից, իսկ  դրանից հետո այդ գործընթացների համակարգումը հանձնվել է պաշտոնական անձանց` ազգային մակարդակով: Հաշվի առնելով Հայաստանում համաճարակային իրավիճակի մասին պատմող պաշտոնական անձանց քաղաքական մոտիվացիան և նրանց` այդ իրավիճակը ներքաղաքական հիմնախնդիրների լուծման մեջ օգտագործելու ցանկությունը, ինձ նման հակասությունները չեն զարմացնում»,- ընդգծել է փորձագետը:

Հարցին` այսինքն, կասկածներ ունի, որ վարակի տաածումը խթանվե՞լ է, Գրիգորյանը պատասխանել է, որ չի կարող հաստատել, քանի որ  չունի ապացույցներ, սակայն կարող է ասել, որ Հայաստանի կառավարությունը բառացիորեն արել է ամեն ինչ, որ վարակը ներթափանցի երկիր ու տարածվի ամբողջ տարածքում: «Ես կարող եմ նաև ասել, որ հանցավոր անհոգությունը, անլրջությունն ու անփութությունը, հակասական հայտարարությունների հետ, հանգեցրին այն բանին, որ ներկայումս համաճարակային իրավիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հավաստիությանը չեն հավատում ոչ միայն պրոֆիլային մասնագետները, այն նաև, չեմ վախենում ասել, բնակչության մեծ մասը: Ինչ ասես արժե վարչապետի ու նրա ընտանիքի «վարակման» պատմությունը, երբ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում հայտնեց, թե ինքն ու իր ընտանիքի անդամները «վարակվել են» ու մեկուսացել կառավարական առանձնատանը, իսկ 5-6 օր անց տեսաուղերձում բացատրեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները «կազդուրվել են ու ձեռք բերել կայուն իմունիտետ»: Այս հայտարարությունը մեկնաբանելն իմաստ չունի, քանի որ հակասում է նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ այսօր եղած   գիտական տվյալներին»,- նշել է փորձագետը` հավելելով, որ եթե նախկինում պաշտոնական վիճակագրությունը կասկածի տակ էին առնում միայն առանձին փորձագետներ, ապա ներկայումս դրան չի վստահում երկրի բնակչության մեծ մասը: «Այսպես, օրինակ, առողջապահության ոլորտի վիճակագրության համաշխարհային տվյալների համաձայն, 2018-ին Հայաստանում ամեն օր հիվանդություններից մահանում էր միջինը 65 մարդ, որոնց մոտ 40 տոկոսը` սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների պատճառով, մոտ 10 տոկոսը` թոքային հիվանդությունների` թոքաբորբով ուղեկցվող կամ բարդացված, իսկ մնացած 50 տոկոսը բաշխվում էր այլ պաթոլոգիաների միջև` քաղցկեղ, շաքարախտ, դեմենցիա և այլն: Եթե երկրում վարակիչ հիվանդության համաճարակ է, որն ուղեկցվում է մահացությամբ` համարժեք  թոքաբորբով ուղեկցվող կամ բարդացված թոքային հիվանդությունների մահացությանը, ապա այդ մահերի թիվը որոշակի ժամանակահատվածում պետք է աճի: Ես ունեմ լուրջ կասկածներ, որ քաղաքացիների մահը, որն  առողջապահության նախարարությունը վերագրում է նոր կորոնավիրուսային վարակին, այլ հիվանդության կամ կյանքի համար անհամատեղելի պաթոլոգիայի պատճառով է: Հայաստանի կառավարությունը` ի դեմս տարբեր տրամաչափի պաշտոնյաների, ամեն օր հաղորդում է, որ երկրում համաճարակ է, և հայտարարում է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ու իբր դրանից մահացածների թիվը: Եթե հավատանք Հայաստանում այդ վարակի մասին տարածված լեգենդին, ապա առաջին վարակման դեպքը գրանցվել է 2020-ի մարտի 1-ին, իսկ 2020-ի հունիսի 1-ի դրությամբ իբր այդ վարակից մահացած ՀՀ քաղաքացիների թիվն արդեն անցել էր 300-ից: Իսկ այստեղ ամենահետաքրքիրն է`  2020-ի մարտից մինչև հունիսը հիվանդություններից մահացության պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018-ի և 2019-ի նույն ժամանակահատվածների համեմատ, մահացության աճ բնակչության շրջանում չի նկատվում: Օրինակ` 2018-ի մարտից-մայիս ժամանակահատվածում երկրում տարբեր հիվանդություններից մահացել է 6403, 2019-ին` 6841, 2020-ին` 6546 մարդ: Իմ կարծիքով` «Covid-19 վարակի դեպք» հստակ սահմանման բացակայությունը և իբր կորոնավիրուսից մահացած պացիենտների դիահերձման գործող արգելքը հնարավորություն են տալիս վիճակագրության մանիպուլյացիա իրականացնել և ցանկացած հիվանդությունից մահը վերագրել նոր կորոնավիրուսային վարակին»,- նշել է Գրիգորյանը:

Փորձագետը լուրջ կասկածներ ունի, որ մարդու օրգանների ու հյուսվածքների ապօրինի շրջանառություն է կատարվում նաև: Օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս ներդնելու մարդու օրգանների ու հյուսվածքների հետմահու դոնորության մեխանիզմը, Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին քայլերից էին առողջապահության ոլորտում: Անցյալ տարվա վերջին առողջապահության նախարարը հայտարարեց, որ «մարդկանց կյանքեր փրկելու համար ծրագրվում է դոնորների մահից հետո կազմակերպել օրգանների փոխպատվաստում»: Նա նաև հայտարարեց, որ Հայաստանում դիակների օրգանների փոխպատվաստման համար կգործի ոչ թե թույլատրման ինստիտուտ, այլ հրաժարման ինստիտուտ, այսինքն` ով չցանկանա, որ մահից հետո իր օրգաններն օգտագործվեն, համապատասխան հայտարարություն կգրի հրաժարվելու մասին, հակառակ դեպքում ` դրանք կօգտագործվեն: «Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանի քաղաքացիները, որոնք, ըստ պաշտոնական տեղեկատվության, մահացել են կորոնավիրուսային վարակից, գրել են այդպիսի հայտարարություններ»,- նշել է Գրիգորյանը` հավելելով, որ ամենավտանգավորն այն չէ, որ կառավարությունը ներքաշված է ինչ-որ ապօրինի գործողությունների մեջ, այլ այն, որ իր անպատասխանատու քայլերով վերացնում է բնակչության վստահությունը ազգային առողջապահական համակարգի նկատմամբ:

«Բերեմ ընդամենը մեկ օրինակ: Երբ վերը նշված պատճառներով մեր մասնագետներին չհաջողվեց կանխել վարակի ներթափանցումը և տարածումը, երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: Դրա ընթացքում առողջապահության ոլորտի լիազոր մարմիններն անտեսում էին հայ մասնագետների բոլոր խորհուրդներն ու կոչերը հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ` առաջնորդվելով ԱՀԿ-ի և, իմ ենթադրությամբ, ԱՄՆ-ի կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի փորձագետների հանձնարարականներով: Հայ համաճարակաբանների, վարակաբանների և նախարարության այլ մասնագետների ձեռքերը, բառի բուն իմաստով, կապված էին, իսկ նրանց կոչերը միջոցներ ձեռնարկելու ու վարակի դեմ պայքարի ռազմավարությունը փոխելու մասին անտեսվում էին: Կառավարությունն ամեն օր հայտարարում էր վարակի դեպքերի ու  դրանից մահերի աճի մասին` հող նախապատրաստելով արտակարգ դրության երկարաձգման համար, իսկ իշխանամետ ԶԼՄ-ները հոգոց էին հանում ու գանգատվում վարակի դեմն առնելու անկարողության առիթով: Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց երկրորդ անգամ, որի ընթացքում պատմությունը կրկնվեց: Հետո արտակարգ դրությունը երկարացվեց երրորդ անգամ, պատմությունը դարձյալ կրկնվեց, իսկ կառավարությունը օգնություն խնդրեց ԱՀԿ-ից ու այլ երկրներից` Հայաստանը դնելով այն երկրների շարքում, որտեղ հայ մասնագետները ժամանակին, իսկ ոմանք նույնիսկ դեռևս դասախոսություններ են կարդում առողջապահության կազմակերպման մասին: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես շնորհակալ եմ բոլոր երկրներին, որոնք իրենց բժիշկներին ուղարկել են Հայաստան` օգնելու կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, և ամենևին չեմ թերագնահատում այդ աջակցությունը, սակայն պետք է ասեմ, որ  նման վերաբերմունքը չէր կարող չվիրավորել հայ բժիշկներին: Նրանց փաստացի չթույլատրեցին կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները, այլ ներկայացրեցին իրավիճակը հաղթահարել չկարողացողների դերում, ինչն անձամբ ես համարում եմ խտրականություն ոչ միայն  ազգային, այլ նաև միջազգային մակարդակում»,- նշել է փորձագետը:

Ըստ նրա` այսօր արդեն հավաքվել են բավականաչափ տեղեկություններ, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ նոր կորոնավիրուսային վարակի ի հայտ գալն ու աշխարհում տարածվելը հնարավոր է կենսաբանական դիվերսիա է, որի նպատակը երկրների` որևէ վարակի համաճարակի սպառնալիքին պատրաստվածության ու պատասխան տալու մակարդակի ստուգումն է: «Եթե մի կողմ թողնենք ստանդարտ պնդումները, թե դա գաղտնագիտության և «դավադրությունների տեսության» ոլորտից է, ապա կարելի է ասել, որ որևէ` բարձր մահացությամբ էկզոտիկ վարակի բնական սպառնալիքի կամ կենսաբանական դիվերսիայի դեպքում  Հայաստանի բնակչության այսօրվա անվստահությունը ազգային առողջապահական համակարգի նկատմամբ աղետալի կարող է լինել»,-  ընդգծել է Գրիգոր Գրիգորյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica