close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է ճանաչված պատմաբան Համլետ Հարությունյանը

Մշակույթ

5 Հուլիսի 2020, 23:02
 Մահացել է ճանաչված պատմաբան Համլետ Հարությունյանը

Հուլիսի 5-ին կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Մալխասի Հարությունյանը:

Ծնվել է 1948 թ. սեպտեմբերի 25-ին Հայկական ԽՍՀ Սևանի շրջանի (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի) Լճաշեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում: 1954–1966 թթ. սովորել և ավարտել է Լճաշենի միջնակարգ դպրոցը, իսկ 1973 թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1982 թ. պաշտպանել է թեկնածուական, 1991 թ.՝ դոկտորական ատենախոսություն, իսկ 2005 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

Հ. Հարությունյանը 1969–1978 թթ. Սևանի շրջանի Գեղամավան և Լճաշեն գյուղերի միջնակարգ դպրոցներում աշխատել է որպես պատմության ուսուցիչ, ապա՝ ուսումնական մասի վարիչ: 1978 թ. հունիս-դեկտեմբերին ավագ գիտաշխատող է եղել Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ապա 1978 թ. դեկտեմբերից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում՝ նախ Հին դարերի պատմության բաժնում, իսկ 1979 թ. կեսերին տեղափոխվել Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պատմության բաժին:

Հ. Հարությունյանը հանրապետության ճանաչված պատմաբան–մանկավարժներից էր, սկզբունքային պատմաբան և բարեխիղճ գիտական ղեկավար: Նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել շուրջ մեկ տասնյակ երիտասարդներ, եղել է թեկնածուական և դոկտորական մի շարք ատենախոսությունների ընդդիմախոս: Նա 1994 թ. հանդիսանում էր Գավառի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչը: 2003–2005 թթ. կատարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության բաժնի վարիչի պարտականությունները, իսկ 2010 թ. հուլիսից Նորագույն պատմության բաժնի վարիչն էր: Նա Պատմության ինստիտուտի և Գավառի պետական համալսարանի Գիտական խորհուրդների, ՀՀ ԲՈԿ-ի 004 «Հայոց պատմություն» մասնագիտական խորհրդի անդամ էր:

Չափազանց լայն էր պրոֆ. Հարությունյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը: Նա ուսումնասիրություններ է հրատարակել հին ու միջին դարերի, նոր և նորագույն ժամանակաշրջանների տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ: Այդուհանդերձ, նրա գիտական վաստակը մեծապես դրսևորվել է Հայաստանի XIX և XX դարերի պատմության ուսումնասիրության բնագավառում՝ ժողովրդագրական գործընթացներ, հասարակության սոցիալ-դասակարգային կառուցվածք, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Նոր Բայազետի գավառի պատմություն և այլն: Հեղինակ է 8 մենագրության և շուրջ 100 գիտական հոդվածների, դպրոցական դասագրքերի: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակության պատրաստված «Հայոց պատմության» նոր ակադեմիական հրատարակության IV հատորի երկու գրքերում (որից վերջինի պատասխանատու խմբագիրը նա է) տեղ են գտել նաև անվանի պատմաբանի հեղինակած տեքստերը:

Վերջին տարիներին պրոֆ. Հարությունյանն աշխատում էր «Երևանի նահանգը 1849–1917 թվականներին» մենագրության վրա, ուր անդրադարձ էր լինելու նահանգի ստեղծման, վարչատարածքային կառուցվածքին, ժողովրդագրական պատկերին, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման հիմնահարցերին:

Պրոֆ. Հ. Հարությունյանն իր քաղաքացիական, մարդկային ու բարոյական անուրանալի արժանիքներով՝ պարզությամբ, բարությամբ, ձեռք մեկնելու պատրաստակամությամբ, սրտացավ վերաբերմունքով մեծ հեղինակություն էր վայելում ընկերական ու գիտական-մտավորական միջավայրում:

Գիտության անխոնջ մշակ Համլետ Մալխասի Հարությունյանի հիշատակը հավերժ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում, իսկ գիտական ուսումնասիրությունները երկար տասնամյակներ սեղանի գրքեր կլինեն Հայաստանի XIX–XX դարերի պատմությունն ուսումնասիրող պատմաբանների համար:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica