close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համակարգված կերպով առաջին պլան է բերվում բարի, խաղաղ, լավ թուրքի կերպարը

Քաղաքական

3 Հուլիսի 2020, 13:39
 Համակարգված կերպով առաջին պլան է բերվում բարի, խաղաղ, լավ թուրքի կերպարը

Վերջերս հանրայինի եթերով հեռարձակվեց տասնվեց մասից բաղկացած «Անատոլիական պատմություն» վերնագրով հեռուստասերիալը: Սա, թերևս, իր տեսակի մեջ ուշագրավ մի նորույթ էր հայկական կինեմատոգրաֆիայի և «սերիալագործության» մեջ: Սակայն հեռուստադրամայի մշակութային արժեքի շուրջ խոսել չէ, որ ուզում եմ և չեմ էլ կարող. թողնենք դա արվեստագետներին, մասնավորապես կինոարվեստի ոլորտի արվեստագետներին: Բնականաբար չեմ խոսի նաև հեռուստադրամայի որակական կողմից. դա ևս իմ խելքի բանը չէ: Ինչին որ հարկ եմ համարում անդրադառնալ, և ինչով որ այդ ֆիլմը կարելի է ուշագրավ համարել, դա ֆիլմում «սինթեզված» և լայն հետուստալսարանին ուղղված հաղորդագրությունն էր, որ պատեհ, անպատեհ հնչում էր էկրանից, այն է՝ ցեղասպանական բռնություններից տուժված հայերին իրենց տներում պահող թուրքերի, սումգայիթյան ջարդերից իր հայ հարևաններին փրկած, հետո նաև հայացած ադրբեջանցու, հայ որբերին իրենց օջախ վերցրած թուրք ընտանիքների և նման այլ բաների մասին: 

Նախկինում էլ, ժամանակ առ ժամանակ կարող էինք էկրանին տեսնել արտաքին աղբյուրների միջոցների հաշվին ստեղծված  տարբեր «փաստավավերագրկան ֆիլմեր», որտեղ արծարծվում էր «բարի թուրքի» կերպարը, փառաբանվում նրանց «հայասիրությունն» ու «մարդասիրությունը», սակայն սա առաջին դեպքն է, երբ նման մեսիջ է ուղղվում լայն հանրությանը, այն էլ ոչ ավել ոչ պակաս Հանրային հեռուստաընկերության  եթերով: Այլ եզրահանգման չենք կարող գալ, քան այն, որ սա գործող իշխանության քաղաքական օրակարգում գտնվող հարց  է, և այդ հարցի լուծումը արդեն սկսել է իրականացվել այսպիսի լայն քարողչական մեթոդներով ու համընդգրկուն մակարդակով:  

Ներկա իշխանությունները պետական մակարդակով ամեն ջանք գործադրում են գերպացիֆիստական տրամադրություններ ներարկելու միջոցով հայ մարդու և Հայաստանի քաղաքացու մեջ ինքնապահպանման զգոնությունը բթացնելու, թուլացնելու և վերացնելու համար: Մեկ ու կես միլիոն ազգակիցների կորստի փաստը երկրորդ պլան մղելով, համակարգված կերպով առաջին պլան է բերվում բարի թուրքի, խաղաղ, լավ թուրքի կերպարը, կարծես այդ թուրքը չէր չորս տարի առաջ հայոց բանակի զինվորների գլխատում: 

Ցեղասպանության պահանջատիրությունը երկրորդ պլան մղելով, միայն հիշելու, հիշատակելու «անհրաժեշտությունն» է հնչում ոչ ավել ոչ պակաս՝ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենի շուրթերից, ինստիտուտ՝ որտեղ անթեղված ու բյուրեղացած է համայն հայության արդար պահանջն ու ցասումը, և ինստիտուտ՝ որն աշխարհին ի լուր ճանաչել է տալիս այդ արդարացի պահանջատիրության արմատներն ու հիմքերը: Սա այլ բան, քան պետական դավաճանություն կոչել կարո՞ղ ենք: Կարծում եմ չենք կարող: Եվ երբ երկրիդ վարչապետը թշնամի երկիր նախագահի հետ վերելակում հայտնվելով (նույն այն նախագահի, ում վարած քաղաքականությանն արդեն անդրադարձանք քիչ առաջ) ի լուր աշխարհի հայտարարում է, որ վերջինս կիրթ, գրագետ անձնավորություն է, երբ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոնից իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից հնչում է այն պնդումը, որ թուրքը մեր թշնամին չի, որովհետև Ցեղասպանության ժամանակ այդ ազգի որոշ ներկայացուցիչներ հայերին իրենց տներում էին պահում փրկելու համար (իսկ այն փաստից, որ պահում էին հիմնականում կանաց և աղջիկներին՝ հետագայում նույն այդ տներում որպես աղախին շահագործելու համար, երիտասարդ պատգամավորը, թերևս, տեղյակ չի), արդեն լուրջ մարտահրավեր է,  մարտահրավեր՝ ուղղված  աշխարհասփյուռ հայությանը և միաժամանակ զգուշացում՝ սթափվելու: Սթափվելու՝ որպեսզի թույլ չտանք կրկին փափուկ բարձ դնել մեր գլխի տակ: Սթափվելու՝ որպիսզի կրկին չհայտնվենք Սարդարապատի մատույցներում՝ պաշտպանվողի կարգավիճակով: Եվ սթափվելու՝ որ այս անգամ գոնե ստիպված չլինենք հարված ստանալու միաժամանակ և ճակատից՝ դարավոր թշնամու ձեռամբ, և թիկունքից՝ հարազատ երկրի խորթ իշխանությունների ձեռամբ:

 

Տիգրան Չանդոյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica