close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրիշի հաշվին սուրճ խմողները քայլելուց հետո երևի ուզում են քաղաքի կենտրոնում տներ ունենալ. դիտարկումներ՝ վիճահարույց օրենքի մասին

Քաղաքական

1 Հուլիսի 2020, 20:58
 Ուրիշի հաշվին սուրճ խմողները քայլելուց հետո երևի ուզում են քաղաքի կենտրոնում տներ ունենալ. դիտարկումներ՝ վիճահարույց օրենքի մասին

Հունիսի 25-ին Ազգային ժողովն արտահերթ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաջորդող հինգ տարիների ընթացքում աստիճանաբար կբարձրանա գույքահարկը՝ ավելի ու ավելի մեծ սոցիալական բեռ դառնալով ՀՀ քաղաքացիների համար: Օրենքն ընդունելուց առաջ թե՛ խորհրդարանական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, տնտեսագետները պնդում էին, որ նախագիծը լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացնելու բոլորի համար, մինչդեռ քաղաքական մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չէին խնայում հանրությանը համոզելու, թե օրենքը օգտակար է, անհրաժեշտ և բխում է քաղաքացիների շահերից, քանի որ այն ոչ թե հարկային բեռի բարձրացում է նախատեսում, այլ հակառակը՝ նվազում: 

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, հիշեցնելով դեռ նախորդ տարի այս իշխանությունների կողմից արված մեկ այլ օրենսդրական փոփոխության մասին, որով սահմանվում է անշարժ գույքի հարկը հաշվարկել ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով, ԱԺ ամբիոնից խուճապահար արեց ՀՀ «հպարտ» քաղաքացիներին՝ գույքահարկի հաշվարկման տոկոսները չվերանայելու դեպքում 2019 թ. ընդունված օրենսդրական նախաձեռնության հետևանքով արդեն եկող տարվանից քաղաքացիները պարտադրված են լինելու մինչև տասնապատիկ ավելի մեծ հարկ վճարել իրենց գույքի համար, իսկ նոր նախաձեռնությամբ այդ բեռը կթեթևացվի: 

Հիշեցնենք՝ 2019 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովում ընդունված «Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով գույքի արժեքը 2021 թվականից պետք է հաշվարկվի ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով: 

Այսինքն՝ հստակեցվեց գույքի արժեքի հաշվման մեթոդաբանությունը, որը պետք է օգտագործվեր 2021 թ. հունվարի 1-ից գույքի արժեքը հաշվարկելու համար: Բայց նաև հիշեցնենք, որ այն ժամանակ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը, որը ԱԺ-ում ներկայացնում էր նախագիծը, հավաստիացնում էր, թե փոփոխությունը քաղաքացիների համար ֆինանսական բեռի ավելացում չի սահմանում, այլ միայն ընթացակարգի փոփոխության համար է արվում: Եվ հիմա Բաբկեն Թունյանը հայտարարում է, թե արդեն նախորդ տարվանից իրենք մոլորեցրել են իրենց վստահողներին՝ հավանաբար աչքի առաջ ունենալով հետագայում այդ հնարքի շնորհիվ գույքահարկի թանկացումը սղղացնելու արտակարգ հնարավորությունը: Բայց անգամ այդ դեպքում միևնույն է հարկային բեռը վերանայվում է, և ՀՀ քաղաքացիները նոր օրենքով մինչև հինգ անգամ բարձր հարկ կվճարեն՝ ներկայիս դրույքաչափերի համեմատությամբ: Ավելին, եթե առայժմ կա գույքի գնի որոշակի նվազագույն շեմ, որի դեպքում սեփականատերերն ազատված են հարկից, ապա նոր օրենքով այդ շեմը վերացվում է՝ բոլորին բերելով հարկային դաշտ: Նախկինում կադասրտային արժեքով մինչև 3 միլիոն դրամ արժողությամբ գույքը չէր հարկվում: Այժմ այդ նույն գույքը շուկայական արժեքով հաշվարկվելու է 7-10 միլիոն դրամ և հարկվելու է 0, 05 տոկոսի չափով:

Նման աճպարարությամբ էլ իմքայլականները օրենքի առաջ կանաչ լույս վառեցին, մինչ խորհրդարանական ընդդիմությունը փորձում էր սթափության կոչ անել նրանց և հորդորել գոնե կորոնավիրուսի համավարակով պայմանավոված արտակարգ դրության և երկրին սպասող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ավելի չհուսահատեցնել երկու տարի առաջ հեղափոխությունից խանդավառված մարդկանց, որոնք զրկված են հանրայնորեն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և կառավարությանը, խորհրդարանականներին պահանջներ ներկայացնելու հնարավորությունից:

Տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում նույնպես նման տեսակետ հայտնեց, որ իշխանությունները շտապեցին իրենց հարկային փոփոխությունների նախաձեռնությունը կյանքի կոչել՝ օգտվելով երկրում առկա վիճակից: Եվ, հաշվի առնելով թե պետությունն ինչ սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ է հայտնվելու, իշխանականների նախաձեռնությունը, նրա համոզմամբ, մի շարք բացասական հետևանքներ կունենա, ինչը կչեզոքացնի այս օրենքի հետ կապված իշխանությունների բոլոր դրական սպասելիքները, և երկրի տնտեսությունը ավելի շատ վնաս կկրի:

«Ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ այս օրենքի կիրառումը կկասեցնեն, այսինքն՝ այն այդպես էլ չի կիրառվի, այլապես կարող է լուրջ սոցիալական դժգոհություն հասունանալ: Նաև մտավորականները չեն հանդուրժի իշխանությունների այս քայլը, իսկ իշխանություններին դա ձեռնտու չէ, նրանց համար ցանկալի չէ, որ մտավորականները երես շրջեն իրենցից կամ բացասական տրամադրություններ ստեղծեն: Բազմաթիվ վաստակաշատ և բարոյական բարձր նկարագիր ունեցող, հանրության համար հեղինակավոր մտավորականներ քաղաքի կենտրոնական հատվածներում բնակարաններ ու տներ են ստացել որպես ժառանգություն, և հիմա իրենց ունեցվածքը շուկայական արժեքով բավականին բարձր է գնահատվում: Իսկ նոր օրենքով գույքահարկը պետք է գանձվի ըստ այդ արժեքի, արդյունքում անգամ տարեկան կտրվածքով զգալի գումար է ստացվում: Մինչդեռ նրանք չունենալով համապատասխան եկամուտ՝ չեն կարողանալու գույքահարկի պարտավորությունները պատշաճորեն կատարել»,- ասաց տնտեսագետը: 

Վարդան Բոստանջյանը չի բացառում, որ այդ պատճառով էլ թանկարժեք տների սեփականատերերը պարտադրված են լինելու հրաժարվել հայրական տներից, որոնցում իրենց կենսագրությունն են կերտել, որոնց հետ կապված ջերմ հուշեր ունեն: Մյուս կողմից էլ, տնտեսագետի կարծիքով, այս օրենքը կնպաստի, որ շուկայում անշարժ գույքի գնի ընդգծված դեֆորմացիա լինի: Այս պահին արդեն զգալի գնանկում է նկատվում: Իսկ դա նաև արժեզրկում է մարդկանց տները, բնակարանները, իսկ անշարժ գույքի շուկայում անկայուն վիճակ ստեղծում:

Անդրադառնալով Բաբկեն Թունյանի՝ օրենքը քննադատողների դեմ բերված հակափաստարկներին և այն հավաստիացումներին, թե այն սոցիալական բաղադրիչ ունի, Վարդան Բոստանջյանն ասաց, որ թեև ԱԺ պատգամավորին միշտ որպես բանիմաց մասնագետի է վերաբերվել, բայց այս դեպքում բացարձակ համաձայն չէ նրա տեսակետների և պնդումների հետ: 

«Ես շատ կուզեի, որ Բաբկեն Թունյանը հեքիաթներ չպատմի: Ըստ գոտիավորման, գտնվելու վայրի՝ անշարժ գույքի հարկը փոփոխվելու է 3-8 անգամ: Չեմ խոսում դղյակների և գնային առումով դրանց հավասարեցված այլ անշարժ գույքի մասին՝ Երևանի լավագույն հատվածներում գտնվող բնակարանների, որոնց գույքահարկն ավելի կբարձրանա: Ո՞րն է սրա սոցիալական բաղադրիչը, եթե օրենքում հաշվի չի առնվել թեկուզ կետրոնում բնակվողների գրպանի պարունակության, եկամուտների և իրենց ժառանգված գույքի գնի հարաբերակցությունը, եթե օրենքում չեն տարանջատվել մեծահարուստներն ու ժառանգորդները, և նրանք հարկման նույն դաշտում են հայտնվել: Բոլոր այն մարդիկ, ովքեր ժամանակին ձգտում էին ուրիշի հաշվին սուրճ խմել, քայլելուց հետո երևի ուզում են քաղաքի կենտրոնում տներ ունենալ, ահա և քեզ սոցիալական արդարություն»:

Վարդան Բոստանջյանը ՀՀ-ում գույքահարկը բավականին ցածր է համարում՝ ի տարբերություն աշխարհի նմանատիպ այլ երկրների, և ասում, որ այն միանշանակ պետք էր վերանայել: Դեռ պատգամավոր եղած ժամանակ է համոզված եղել, որ պետք է գույքահարկի դրույքաչափերը վերանայվեն: Բայց կտրուկ ձևով դա չի կարելի անել, մանավանդ երկրում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում: Իսկ քանի դեռ աշխարհը և Հայաստանը պայքարում են առողջապահական լուրջ վտանգի դեմ՝ թուլացնելով երկրի տնտեսությունը, մարդկանց պարտադրելով ձգել գոտիները, եկամուտների կտրուկ անկման, գործազրկության աճի, տնտեսության նահանջի այս պայմաններում նման քայլի գնալը նա օղապարան է համարում հասարակության լայն շերտերի համար: Նրա համոզմամբ՝ ամեն բարեփոխում իր ժամանակն ու իրականացման մեխանիզմներն ունի, որպեսզի փոփոխությունը ոչ թե բացասական ազդեցություն ունենա և վնասի պետությանը, այլ ծառայի իր նպատակին: 

«Պետությունն ունի գործառույթներ, որոնք իրականացնելու համար ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր, իսկ այդ ռեսուրսների առումով Հայաստանի Հանրապետությունը շատ սահմանափակ հնարավորություններ ունի՝ բացակայում են արտաքին մեծաքանակ ներդրումները, արտադրություն չունի երկիրը, բիզնեսը նույնպես զարգացման գագաթնակետին չէ: Բնական է, որ այդ ֆինանսական միջոցները պետությունը պետք է համալրի սովորական քաղաքացիների հաշվին՝ նրանց տուգանելու, հարկելու միջոցով: Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով մարդկանց տուգանելը ակնհայտորեն կազնան՝ պետական բյուջեն փողեր լցնելու նպատակ է հետապնդում: Լավ, լցրեք, վատ բան չէ պետական գործառույթների իրականացման համար, բայց այդ դեպքում առաջին հերթին հրաժարվեք պարգևավճարներ ստանալու մոլուցքից, դրանք ևս քաղաքացիների գրպաններից եք ապահովում»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ նման միջոցները ոչ թե առողջապահական ու կարգապահական նպատակներ են հետապնդում, այլ   յուրաքանչյուր քաղաքացու պատին դեմ տալու:

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը կարծում է, որ ի սկզբանե գույքահարկի դրույքաչափերի վերանայման մասին օրենքը պետք է ընդունվեր դղյակների, թանկարժեք առանձնատների համար՝ այն էլ ոչ երկրի տնտեսության համար այս անբարենպաստ պայմաններում, այլ այն ժամանակ, երբ տնտեսությունը համեմատաբար կայուն վիճակում էր: Իսկ ավելի ցածրարժեք տների ու բնակարանների համար նպատակահարմար կլիներ կիրառել հարկման պրոգրեսիվ մեթոդը շատ ավելի ցածր դրույքաչափերով՝ անձեռնմխելի թողնելով մինչև օրենքի կիրառումը գործող նվազագույն հարկման շեմը և այն մոտարկելով գույքի շուկայական արժեքին: Այսինքն՝ հարկման նվազագույնը շեմը 3 միլիոնից բարձրացնեին 10 միլիոնի՝ որպես շուկայական արժեք, և մինչև 10 միլիոն դրամ գինը համարվեր չհարկվող շեմ: Իսկ գործող օրենքով փաստացի հարկային ծանրաբեռնվածությունը գրեթե հավասարաչափ բաշխվելու է բոլոր սոցիալական շերտերի վրա՝ բոլորի բեռը հավասարաչափ ավելացնելով 4-5 անգամ:

«Ճգնաժամային վիճակում պետք է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք ոչ թե կվատթարացնեն մարդկանց սոցիալական, ֆինանսական վիճակը, այլ կնպաստեն, որպեսզի քաղաքացիների մոտ ավելի շատ ազատ դրամական միջոցներ լինեն, հարկային արձակուրդներ տրամադրեն, հարկերի դրույքաչափերն իջեցնեն, ինչպես անում են աշխարհի շատ երկրներում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ իշխանությունները չեն համակարգել, թե այդ գումարներն ինչպես պետք է արդյունավետ ծախսել, որպեսզի մարդկանց եկամուտների նվազումն արդարացված լինի: Ինչպես նաև հավասար պայմաններ չեն ապահովել բոլոր մարզերի համար: Հայտնի է, որ համայնքների բյուջեն գույքահարկերից է ձևավորվում, և հաշվի առնելով Հայաստանի տարբեր մարզերում անշարժ գույքի գների ակնհայտ տարբերությունը՝ կարելի է ասել, որ հիմնական ֆինանսական միջոցները կենտրոնացվելու են Երևանում, իսկ մյուս մարզերի, համայնքների սուղ բյուջեն չի համալրվի, այդ համայնքներում սոցիալ-տնտեսական ազդեցություն օրենքը չի ունենա, թեև կավելացնի քաղաքացիների բեռը: 

Երևանի քաղաքապետարանը ամենամեծ համայնքն է, և քանի որ բարձրարժեք գույքը հիմնականում Երևանում է, անշարժ գույքի շինարարությունը նույնպես Երևանում է կենտրոնացված, գույքահարկը հոսելու է մայրաքաղաքի համայնքային բյուջե: Հարց է նաև՝ արդյո՞ք Երևանի համայնքն այդ բյուջեն ծախսելու արդյունավետ մեխանիզմներ ունի: Դատելով անցած տարվա բյուջեի 65 տոկոս կատարողականից, Կարեն Սարգսյանը արձանագրում է, որ ծախսերը թերակատարվել են: Հետևաբար, եթե եղած գումարը չեն կարողանում արդյունավետ ծախսել, ապա նոր եկամուտներն ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով են ծառայեցնելու երևանցիների հոգսերը թեթևացնելու, նրանց կյանքն ավելի բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու համար: 

Տնտեսագետը նշեց նաև, որ գույքահարկի բարձրացումը ոչ միայն բնակֆոնդի վրա է ազդեցություն ունենալու, այլև տնտեսական, բիզնես նշանակության անշարժ գույքի և չբացառեց, որ առաջիկա վեց տարվա հեռանկարում դրա հետևանքը կարող է լինել ապրանքների և ծառայությունների մասնակի թանկացումը, եթե իհարկե տնտեսվարողներին չզսպեն քաղաքացիների եկամուտների նվազումը, անվճարունակությունը, սպառողական փոքր շուկան և պահանջարկի կտրուկ անկումը. «Եթե տնտեսվարողը մի քանի անգամ ավելի բարձր գույքահարկ է վճարելու հինգ-վեց տարի հետո, ապա նա այդ գումարը կփորձի ներառել իր արտադրանքի, ծառայության գնի մեջ: Ցանկացած տնտեսվարող ձգտում է ծախսերը տեղափոխել սպառողի վրա՝ հնարավորինս ավելացնելով իր եկամուտները և ամեն գնով փորձելով այն կայուն պահպանել»: 

Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա վիճահարույց օրենքը Հայաստանի ներդրումային գրավչության վրա: Կարեն Սարգսյանի դիտարկմամբ՝ անշարժ գույքի շուկայում, կառուցապատման ոլորտում ներդրումների համար այս փոփոխությունը չի կարելի դրական դիտարկել, այլ հակառակը՝ այն բացասական սպասումներ կձևավորի: Մանավանդ այժմ իշխանության շրջանակներում, կառավարությունում խոսում են քաղաքի առաջին և երկրորդ գոտիներում հիպոտեկային վարկավորման միջոցով անշարժ գույքի ձեռքբերման համար եկամտային հարկի վերադարձի բաղադրիչը չեղարկելու մասին, որպեսզի պետական բյուջեի միջոցներով հնարավոր չլինի բարձրարժեք գույք ձեռք բերել: Ըստ մեր զրուցակցի՝ չի բացառվում, որ հետագայում այդ օրենքը տարածվի նաև երրորդ, չորրորդ գոտիների բնակարանների ու տների ձեռքբերման հնարավորության վրա և, ի վերջո, այդ հնարավորությունն ընդհանրապես վերացվի: Իսկ երկարաժամկետ ներդրողների համար այդ ամենը կարող է բացասական սպասումներ առաջացնել, և նրանք հրաժարվեն Հայաստանում գումարներ ծախսելու և տնտեսական գործունեություն ծավալելու մտադրությունից անշարժ գույքի ոլորտում: Անգամ Հայաստանի գործարարները կսկսեն մտածել իրենց բիզնեսն այլ երկրներում իրականացնելու մասին:

Դեռևս գույքահարկի բարձրացման օրենքի հետ կապված հասարակական դժգոհությունները չեն հանդարտվել, իշխանությունները շտապեցին ազդարարել, որ պատրաստվում են քաղաքացիների եկամուտների համընդհանուր պարտադիր հայատարարագրման համակարգի ներդրմանը: Կարեն Սարգսյանի կարծիքով՝ արդեն ընդունված օրենքը և ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրումը փոխկապակցված են, և երկուսն էլ մարդկանց հնարավորինս շատ հարկելու միջոցով բյուջեն համալրելու նպատակ են հետապնդում: 

«Զարգացած երկրներում քաղաքացիներին հարկում են ոչ թե ըստ իրենց եկամուտների, այլ ըստ ծախսերի, որպեսզի քաղաքացին հնարավորություն չունենա  հավելյալ եկամուտները թաքցնելու, որոնց համար պետականորեն չի հարկվում, օրինակ՝ տրանսֆերտները, կողմնակի, չգրանցված աշխատանքի դիմաց ստացվող եկամուտները և այլն: Բայց հաշվի առնենք, որ այս համակարգը արդարացված է զարգացած, ցածր աղքատության շեմ ունեցող երկրներում, որտեղ երկարատև, աշխատատար գործընթացի արդյունք է եղել քաղաքացիների ունեցվածքի համընդհանուր հայտարարագրումը: Սա մշակույթ է, որը պետք է երկար ժամանակում արմատավորվի հասարակության մեջ, և քաղաքացին ինքը պատասխանատվություն զգա և պատրաստ լինի իր ամբողջական եկամուտը թափանցիկ դարձնելու ու դրա համար հարկեր վճարելու: Մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, և առանց նախապատրաստության այդ համակարգի ներդրումը կարող է դիմադրության հանդիպել»,- հավելեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ ԱՊՀ տարածքի երկրներից Ղազախստանում ցանկանում էին 2020 թվականից եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը ներդնել, սակայն հասկացան, որ իրենց հասարակությունը դեռևս պատրաստ չէ դրան, ուստի հինգ տարով դրա իրագործումը հետաձգեցին: Ընդ որում, նրանք փուլային ներդրում էին նախատեսել, ոչ թե միանգամից ու համատարած: 

Գույքահարկի բարձրացման մասին օրենքը հետ կանչելու, հանրային քննարկման դնելու և վերափոխելու հասարակական պահանջի և հնարավորության մասին խոսելով՝ Կարեն Սարգսյանն ասաց, որ դա քիչ հավանական է: Նման բան թերևս կարող է միայն երկրի նախագահն անել, եթե դեռ չի ստորագրել օրենքը և եթե դրանում խնդրահարույց, հակասահմանադրական դրույթներ ու լուրջ բացթողումներ տեսնի: Բայց օրենքը կարելի է վերանայել օրենքի կիրառումը հետաձգելու, դրա գործողությունները դադարեցնելու, դրանում փոփոխություններ կատարելու մասին նոր օրինագծի միջոցով: Բայց որ ԱԺ-ն նման նախաձեռնություն կցուցաբերի, կասկածելի է: Դատելով պատգամավորների ու կառավարության այս օրերի հայտարարություններից ու քայլերից՝ իրենք ավելի շատ հակված են հասարակությանը հանդարտեցնել և համոզել, որ օրենքը էական ազդեցություն չի ունենա քաղաքացիների եկամուտների վրա, այլ կնպաստի իրենց բարեկեցությանը:

Տնտեսագետի համոզմամբ՝ հասարակական դժգոհությունների պատճառը կառավարության, իշխանության կողմից հանրային քննարկումների պահանջը անտեսելն էր, առանց շահառուների կարծիքի, մտահոգությունների հետ հաշվի նստելու անակնկալ կերպով օրինագիծը ընդունելը և բոլորիս փաստի առաջ կանգնեցնելը: Ստացվում է, իշխանությունները միանձնյա օրինագիծ են ստեղծել և առանց հաշվի առնելու ընդդիմության ու մասնագիտական մտահոգությունները, առանց լսելու անկախ մասնագիտական կարծիքները՝ սեփական թիմով ընդունել են այն: Այն իշխանությունները, որոնք պատեհ ու անպատեհ առիթներով խոսում են ժողովրդի լավագույն շահերից:

«Ճգնաժամի պայմաններում, երբ պետք է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել, ֆինանսական բեռ ավելացնող քաղաքականություն է տարվում: Հասկանալի է, որ բյուջեի եկամուտների խնդիր ունենք, և կառավարությունը ձգտում է ամեն կերպ հավաքել հարկեր, գումարներ և համալրել բյուջեն: Անգամ եթե չլինեին կորոնավիրուսը և դրա հետևանքով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը, միևնույն է իշխանությունները, կառավարությունը բյուջեն լրացնելու խնդրի առաջ էին կանգնելու: Նախորդ տարի տնտեսական աճը պայմանավորված էր նաև մեքենաների աննախադեպ մեծաքանակ ներկրմամբ, ինչն այս տարի այլևս չեղավ: Հետևաբար կառավարությունը պետք է բյուջեի համալրման նոր հնարավորություն ստեղծեր: Օրերս ընդունված օրենքն այդ հնարավորություններից մեկն է»,- նման տեսակետ հայտնեց Կարեն Սարգսյանը:

Բայց համատարած հարկահավաքությունը որոշ ժամանակ հետո, նրա գնահատմամբ, հակառակ ազդեցություն է ունենալու: Մեզանում դեռևս այն ընկալումը չկա, որ հարկերը ոչ միայն ֆիսկալ գործառույթ ունեն, այլև կարգավորիչ և վերաբաշխիչ, որոնք շատ ավելի կարևոր են: Այսինքն՝ հնարավորինս շատ հարկեր հավաքագրելու դեպքում և ժամանակի ընթացքոմ հարկային բեռը մեծացնելով՝ տնտեսության մեջ եկամուտները կսկսեն նվազել, իսկ նվազ եկամուտների դեպքում կպակասեն նաև հարկերը: 

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica