close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձախողում Կոսովոյի հարցով բանակցություններում. ով է խանգարել Թրամփի վարչակազմին

Աշխարհ

30 Հունիսի 2020, 14:01
 Ձախողում Կոսովոյի հարցով բանակցություններում. ով է խանգարել Թրամփի վարչակազմին

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիի դեմ մեղադրանքների առաջադրումը, որոնց պատճառով Վաշինգտոնում չկայացավ նրա հանդիպում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, կոչված էր խոչընդոտելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր հաջողությանը բալկանյան ուղղությամբ: «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակած հոդվածում այս կարծիքն է հայտնել «Բալկանիստ» նախագծի  ղեկավար,  Պրոգրեսիվ քաղաքականության հիմնադրամի տնօրեն Օլեգ Բոնդարկենկոն. տեղեկացնում է yerkir.am-ը:

««Խորքային պետության» ներկայացուցիչների` ԱՄՆ նախագահի ինքնուրույն քաղաքականությանը չդադարող հակազդեցության պայմաններում Թրամփը վաղուց և սուր կերպով արտաքին քաղաքական հաղթանակների կարիք ուներ: Հերթական նախաձեռնությունը, որից արագ հաջողություն էր ակնկալվում, կարող էր դառնալ Կոսովյան հիմնախնդրի կարգավորումը»,- նշում է փորձագետը:

Բալկաններում իրավիճակի կայունացման բանալի կարող էր լինել էթնիկ սկզբունքով տարածքների փոխանակումը` Կոսովոյի` սերբերով բնակեցված հյուսիսը` մինչև Կոսովյան Միտրովիցի, Սերբիայի հարավի ալբանաբնակ երկու բնակավայրերի` Պրեշևոյի և  Բույանովացի հետ: Ավելին` նման քայլը, ըստ Բոնդարկենոյի, կարող էր մերձեցնել սերբ ժողովրդի ու սերբական հողերի միավորումը և «չկայացած պետություն» Բոսնիա և Հերցեգովինայի խաղաղ բաժանումը:

Այնուհանդերձ, այս սցենարին կտրուկ դիմադրում է Բեռլինը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ըստ փորձագետի, ոչ առանց հիմքերի, երկյուղում է նորագույն Եվրոպայում վարչական սահմանների փոփոխության նախադեպ ստեղծել: Կարևոր է ընդգծել, որ  եվրոպական հին վերնախավերը սերտորեն կապված են ԱՄՆ դեմոկրատական վերնախավի` Թրամփի անհաշտ հակառակորդների հետ:

Հաշիմ Տաչիի դեմ մեղադրանքները, որոնք առաջադրվեցին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելի կողմից համակարգվող բանակցությունների նախօրեին, հանգեցրին այն բանին, որ  Կոսովոյի նախագահը հրաժարվեց մեկնել Վաշինգտոն, հանդիպումը չեղարկվեց, իսկ Գրենելի նախաձեռնությունը տապալվեց:

«Տասնյակհազարավոր սերբերի ցեղասպանության ու հայրենի հողից արտաքսման համար պատասխանատու գրոհայինների նախկին ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու հավանականության փաստն արդեն իսկ դրական է և մեծ հաջողություն: Նույնիսկ եթե դա դեմոկրատների ու հանրապետականների կամ Մերկելի ու Թրամփի պայքարի հետևանք է»,- գրում է փորձագետը` այնուամենայնիվ նշելով, որ  Կոսովոյի հիմնախնդրի կարգավորման բանակցությունները հարկավոր է պահել օրակարգում:

Ուշագրավ է ամերիկացի քաղաքագետ, Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Դանիել Սերվերի կարծիքը այդ կապակցությամբ, ըստ որի` Տաչիին «չեզոքացրել են» հենց ամերիկացիները` գիտակցելով բանակցությունների անհեռանկարությունը:

«Մեղադրանքները, որոնք Հաագայի Հատուկ դատարանի դատախազն առաջադրել է  Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիին և խորհրդարանի նախկին նախագահին, բացառեցին տնտեսական բանակցությունների անցկացումը Կոսովոյի և Սերբիայի միջև, որոնք պետք է կայանային Վաշինգտոնում անցած հանգստյան օրերին: Այդ ամենը ոմանց տեղիք տվել մտածելու, որ բանակցությունները խափանել են եվրոպացիները, քանի որ համաձայն չէին, որ Ամերիկան նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, իսկ ոմանք ԵՄ-ում տարիներ շարունակ քննադատում էին Տաչիին: Ես կարծում եմ, որ ավելի շուտ դա արել են ամերիկացիները` եզահանգելով, որ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի»,- կարծիք է հայտնել Սերվերը` չմանրամասնելով, թե կոնկրետ ում նկատի ունի:

Նա նաև համոզված է, որ ոչ մի կոսովյան քաղաքական գործիչ չպիտի բանակցություն սկսի Բելգրադի հետ, քանի դեռ տեղական խորհրդարանում չունի այն մակարդակի աջակցություն, ինչպիսին ունի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Կողմերի միանման քաղաքական կշիռը հաջող բանակցությունների երաշխիքն է, սակայն Կոսովոյի ցանկացած ղեկավար, ըստ Սերվերի, թույլ է Սերբիայի նախագահից:

Ինչ վերաբերում է Հաշիմ Տաչիին, ամերիկացի քաղաքագետը համարում է, որ նա պետք է հրաժարական տա ու գնա Հաագա` դատավարության ընթացքում իրեն պաշտպանելու:

«Նախկին վարչապետ Ռամուշ Հարադինայը երկու անգամ հրաժարական տվեց ու հաջողությամբ պաշտպանեց իրեն Հաագայում»,- հիշեցրել է Դանիել Սերվերը:

Ամերիկացի քաղաքագետը նաև հայտարարում է, որ Պրիշտինային անհրաժեշտ է կայունացնել ներքին իրավիճակը, նախևառաջ` դադարեցնել հարձակումները այնտեղ դեռևս ապրող սերբերի վրա և լուծել ներքին տարաձայնությունները ալբանական քաղաքական ուժերի միջև: Սերբերի վրա չդադարող հարձակումները, ըստ նրա, Բելգրադին լիակատար իրավունք են տալիս պահանջելու բաժանել հակառակորդ կողմերին, իսկ տարածքները, որտեղ սերբեր են բնակվում, միացնել Սերբիային:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica