close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոզի Արմենի նախիջևանյան արմատները. երգչուհու հայրը կռվել է Գ. Նժդեհի ինքնապաշտպանական ջոկատներում

Մշակույթ

28 Հունիսի 2020, 16:58
 Ռոզի Արմենի նախիջևանյան արմատները. երգչուհու հայրը կռվել է Գ. Նժդեհի ինքնապաշտպանական ջոկատներում

Տարիներ առաջ՝ հեռավոր 1966 թվականին, երբ դեռ դպրոցական էի և Բաքու-Երևան գնացքով առաջին անգամ միայնակ Նախիջևանից Երևան էի գալիս, ամբողջովին ադրբեջանցիներով լի վագոնում մի հետաքրքիր հայրենակից գտա, որի հետ զրույցը, բնականաբար, մեր հայրենի եզերքի՝ Նախիջևանի շուրջն էր:

- Ես միշտ զարմանում եմ,- ասում էր նա,- այդ ինչպե՞ս է լինում, որ հնուց ի վեր հայ երաժշտության, վիպասաց-գուսանների բնօրրան Գողթն-Նախիջևանը բոլոր ժամանակներում տվել և այսօր էլ շարունակում է տալ հայ մշակույթի նորանոր նշանավոր գործիչներ:

Եվ ուղեկիցս թվարկում էր հայությանն ու աշխարհին հայտնի՝ ծնունդով կամ արմատներով նախիջևանցիների բազմաթիվ անուններ, որոնց թվում՝ այդ տարիներին արդեն շատ սիրված երգչուհի Ռոզի Արմենի անունը:

Ռոզի Արմեն

Ճիշտն ասած՝ ես որպես անվերապահ ճշմարտություն չընդունեցի հայրենակցիս ասածը, բայց շատ հաճելի էր թեկուզ չհաստատված՝ այդ լուրը լսելը, մանավանդ, որ հեռուստատեսությամբ հեռարձակվող՝ երգչուհու առաջին երևանյան համերգին անձամբ էի լսել նրա «մայրս թրքահայ է, հայրս՝ ռուսահայ» կենսագրական բացահայտումը:

Տարիներ անց, լրագրող Վանիկ Սանթրյանի հեռուստահաղորդման ժամանակ, երգչուհին, իրոք,  առաջին անգամ ասաց, որ հայրը ծնունդով Նախիջևանից է, սակայն թե Նախիջևանի ո՞ր բնակավայրից, չասաց: Այնուհետև նախիջևանագետ-պատմաբան Արգամ Այվազյանն իր «Նախիջևան. հայկազունք» հանրագիտակում տեղ գտած՝ Ռոզի Արմենի կենսագրականում նշեց, որ նրա հայրը ծնունդով Նախիջևանի Աստապատ գյուղից է եղել: Որոշ նախիջևանցիներ, սակայն, պնդում էին, որ երգչուհու հոր ծննդավայրը ոչ թե Աստապատն է, այլ Այլապատը, երրորդ տարբերակի համաձայն՝ Նախիջևանին մերձակա մեկ այլ գյուղ՝ Շմրթանը:

Այնուհետև երևան եկան համացանցային նյութերը, ըստ որոնց՝ Ռոզիի մայրը Անկարայի մերձակայքում գտնվող Ստանոզ հայկական գյուղում ծնված Նուրան-Նվարդ Ալոզյանն է, իսկ հայրը՝ Նախիջևանում ծնված Խուրշուդ-Խորեն Հովհաննիսյանը:

Ռոզի Արմենի հայրը և մայրը

Մի քանի տարի առաջ առիթ ունենալով անձամբ հանդիպելու երգչուհուն՝ հարցրեցի. «Նախիջևանի ո՞ր գյուղից էր հայրիկը»: «Իր փասփորթին մէջ միայն գրուած էր՝ Նախիջեւան»,- եղավ պատասխանը: Եվ քանի որ պատահաբար էի հանդիպել նրան՝ Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, չկարողացա երկար խոսել: Սակայն մեր սկսած զրույցը պարբերաբար շարունակվեց վերջերս՝ Ֆրանսիայի Բուրդոնե ավանի իր առանձնատանը ապրող երգչուհու հետ իմ հեռախոսազրույցներում:

Այդ զրույցների ժամանակ տիկին Ռոզին, կրկին վերանայելով հոր փաստաթղթերը, որոշ տեղեկություններ ևս հայտնեց նրա մասին: Հայրը ծնվել է 1896 թվականի մայիսի 10-ին, վախճանվել է 1980 թվականի հուլիսի 14-ին: Հոր հայրը՝ Մարգար Հովհաննիսյանը 1905 թվականի հայ-թուրքական ընդհարումների ժամանակ ութամյա տղայի աչքի առաջ սպանվել է տուն ներխուժած կովկասյան թուրքերի կողմից՝ պատից կախված իր իսկ սրով, մայրը՝ Թագուհի Գևորգյանը ավելի վաղ է վախճանվել: Ռոզիի եղբայրը՝ Մարգարը, պապի անունն է կրել, իսկ քույրը՝ Թագուհին, տատի անունն է կրում:

Ռոզի Արմենի հայրը և մայրը

Ես էլ իմ հերթին հիշեցի և երգչուհուն պատմեցի հոր ծննդավայրի վերաբերյալ չորրորդ տարբերակ-վարկածը՝ իմ ամենաավագ հայրենակիցներից մեկի՝ 1883 թվականին Նախիջևանի Առինջ գյուղում ծնված և 1983-ին Երևանում վախճանված Շամիր Ստեփանի Տեր-Հովհաննիսյանի վկայությունը: Նա 1903 թվականին ավարտելով Երևանի արական գիմնազիան՝ ուսուցիչ էր նշանակվել Նախիջևանի Ազնաբերդ, ապա Առինջ գյուղերի նորաստեղծ դպրոցներում և աշխատել մինչև 1909 թվականը, այնուհետև տեղափոխվել էր Երևան և հետագա ողջ կյանքում աշխատել որպես հաշվապահ: Շամիր Տեր-Հովհաննիսյանը պատմում էր, որ 1910-ական թվականների վերջերին Երևանում նրա հարևանն է եղել Ռոզի Արմենի հայրը՝ Խուրշուդ Հովհաննիսյանը, ծնված Նախիջևանի Ճահուկ (Ջահրի) գյուղում: Նրանք ապրելեն կողք կողքի՝ ներկայիս Վարդանանց փողոցի սկզբնամասում:

«Կրնայ ըլլալ»,- լսելով ինձ՝ պատասխանեց տիկին Ռոզին: «Հայրիկս իր անցեալին մասին երբեք չէր պատմեր մեզի: Մենք ալ շատ չէինք ուզեր «փորփրել» իր անցեալը: Միայն գիտէինք, որ քանի մը տարի լեռներուն մէջ կռիւներու մասնակից եղած է, ապա Արաքսին վրայէն Պարսկաստան, Պուլկարիա, յետոյ ալ Ֆրանսա անցած է: Երբ կը հարցնէինք. «Ինչո՞ւ Հայաստանէն հեռացած էիր», կ՚ըսէր.«Ես կարմիրներու դէմ կռուած էի, ինչպէ՞ս կրնայի Խորհրդային Հայաստանին մէջ ապրիլ»: 

Մեր զրույցից պարզ դարձավ, որ այդ «լեռներուն մեջ կռիւները» ամենայն հավանականությամբ Լեռնահայաստանի ինքնապաշտպանական կռիվներն են եղել, որտեղ Սպարապետ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ կռվել են նաև վրեժով լցված բազմաթիվ հայրենազուրկ նախիջևանահայեր: Երգչուհու հայրը, փաստորեն,  կռվել է Գարեգին Նժդեհի ազատագրական ջոկատներում և հետագայում, քաջատեղյակ լինելով Սպարապետ Նժդեհի ու նրա զինակիցների հանդեպ Խորհրդային Միությունում ծավալված հալածանքներին, մշտապես զգուշացել է բացահայտվելուց:

Այս տեղեկությունը միանշանակ հաստատեց Ռոզի Արմենի երևանաբնակ զարմիկը՝ ճարտարապետ Ռոբերտ Այդինյանը, ով Հովհաննիսյանների ընտանիքի մտերիմն է, և որին Երևանում Խուրշուդ-Խորեն Հովհաննիսյանը անձամբ է պատմել իր կյանքի զանգեզուրյան շրջանի, ապա Նժդեհի զորքի կազմում Պարսկաստանով Եվրոպա անցնելու մասին:

Ճահուկ լեռը՝ Նախիջևանում

Ռոբերտը պատմեց, որ Երևանում Ռոզիի հոր հետ մի քանի օր շրջել են քաղաքի կենտրոնական մասերում, նա կարոտով և հուզմունքով է նայել փողոցներին, շենքերին ու մարդկանց և հաճախ կրկնել. «Շատ է փոխվել քաղաքը»: Երևանում գտնվելու վերջին օրը Խուրշուդ Հովհաննիսյանը Ռոբերտին անսպասելի հարցրել է. «Զանգեզուրում եղե՞լ ես»: «Այո»,- պատասխանել է նա: «Գիտե՞ս, որ բոլշևիկները Զանգեզուրն էլ էին ուզում Ադրբեջանին բռնակցել»: «Գիտեմ»,- պատասխանել է Ռոբերտը: «Իսկ գիտե՞ս, թե ում շնորհիվ Զանգեզուրը Հայաստանի կազմում մնաց»: «Իհարկե, գիտեմ: Այստեղ բոլորը չգիտեն դա, բայց շատերը գիտեն»,- առանց Գարեգին Նժդեհի անունը տալու ասել է Ռոբերտը: Եվ այստեղ Ռոզիի հայրը նրան ասել է մի բան, որ շատ քչերին է խոստովանել. «Ես էլ եմ նրա հետ կռվել և նրա հետ հեռացել Հայաստանից»:

Ռոզի Արմենի ծնողները և եղբայրը

Մեր հերթական հեռախոսազրույցին տիկին Ռոզիին ուզում էի պատմել նաև հոր հավանական ծննդավայրի՝ անցյալում համանուն գավառի կենտրոն և բավական հայտնի բնակավայր եղած Ճահուկ գյուղաքաղաքի մասին, երբ անբացատրելի մղումով որոշեցի նախքան այդ՝ մի անգամ էլ վերանայել պատմաբան-վիճակագիր Ա-Դո-ի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906թթ.)» գրքում նկարագրված իրադարձությունների՝ Ճահուկ գյուղի հատվածը: Գտա Ճահուկում թուրքերի իրականացրած գազանությունների մանրամասն նկարագրությունները, իսկ գրքի վերջում ներկայացված ճահուկցի 51 զոհերի ցանկում՝ 35-րդը անհավատալիորեն... «Յովհաննէսեան Մարգար» անուն-ազգանունն էր (էջ 461). նա զոհվելու օրը՝ 1905 թվականի մայիսի 12-ին եղել է 45 տարեկան: Այլևս կասկած չմնաց, որ երգչուհու հոր ծննդավայրը հենց Ճահուկ ավանն է եղել:

Ռոզի Արմենի հայրը

Այս ամենի մասին հեռախոսով պատմելուց հետո Ռոզիին տեղեկացրի, որ Ճահուկում են ծնվել Ղազար Ա Ճահկեցի կաթողիկոսը, գեղանկարիչ Սեդրակ Առաքելյանը, լեգենդար հետախույզ Հայկ Հովակիմյանը, բանաստեղծուհի Վարսենիկ Աղասյանը, դերասան Օրի Բունիաթյանը, արմատներով ճահկեցի էր նաև ականավոր լեզվաբան Գևորգ Ջահուկյանը: Ասացի, որ մինչև անցյալ դարի վերջերը գյուղի կենտրոնում դեռևս կանգուն էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, իսկ մերձակա Ճահուկ լեռան վրա՝ նշանավոր Ճահուկ բերդը:

Նախիջևանի Ճահուկ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցին

Ճահուկի բերդը՝ Նախիջևանում

«Ինծի համար շատ հաճելի է այդ ամէնը լսելը»,- պատասխանեց երգչուհին և պատմեց, որ թեև հայրը շատ էր ուզում կրկին Հայաստանը տեսնել, այնուամենայնիվ, 1967-ին շատ երկար տատանվելուց հետո միայն համաձայնեց իր հետ Հայաստան գալ՝ տեսնելու և՛ Երևանը, և՛ Թբիլիսին, որի հետ էր կապված իր պատանեկության և ուսումնառության տարիները:

Ճակատագրի զարմանալի զուգադիպությամբ անցյալ դարասկզբին Ռոզիի հայրը Թիֆլիսում ծանոթ է եղել Շառլ Ազնավուրի հոր հետ, սովորել են միևնույն դպրոցում (հավանաբար՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում): Նրանց փարիզյան հանդիպման մասին Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքի՝ իր գրած նախաբանում հիշել է Ռոզին: Մի օր հայրը տուն է եկել փայլող դեմքով: Հայ նպարավաճառի խանութում Ազնավուրի հորն է հանդիպել, որն իրեն ասել է. «Գիտե՞ս, Խորե՛ն, տղաս՝ Շառլը, երգում է»: Հայրը պատասխանել է. «Գիտե՞ս, Միշա՛, աղջիկս՝ Ռոզը, նույնպես սիրում է երգել»: Նրանք ուրախ են եղել, որ տարիներ անց կրկին հանդիպել են, հիշել իրենց թիֆլիսյան կյանքը, դպրոցը:

...Նախիջևանցիներն իրավամբ հպարտությամբ են լցվում իրենց երկրամասից սերված երևելի հայերի՝ Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Գարեգին Նժդեհի, Ռուբեն Մամուլյանի, Անրի Թրուայայի, Մանուկ Աբեղյանի, Քրիստափոր Միքայելյանի, Դավիթ և Հենրիկ Մալյանների, Մայքլ Առլենների, Հովնաթանյանների, Լազարյանների ևշատ-շատերի մասին խոսելիս: Այս անուններին ավելանում է նաև մեծանուն երգչուհի Ռոզի Արմենի անունը, որի հայրական ճյուղի արմատները նույնպես հայերիս պատմական հայրենիքի նշանավոր այսհ ատվածից են սերված:

Արտակ Վարդանյան

Բանասիրական գիտությունների թեկնածու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica