close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+22°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքի իմ փիլիսոփայությունը` աշխարհը պատկանում է ազնիվ մարդկանց

Հարթակ

25 Հունիսի 2020, 14:11
 Կյանքի իմ փիլիսոփայությունը` աշխարհը պատկանում է ազնիվ մարդկանց

Հարգում, ընդունում և կյանքում շատ մեծ տեղ ենք տալիս քաջությանը, ազնվությանը և բարությանը։ Եվ երբեք չենք ընդունում վախկոտությունը, նախանձը և եսասիրությունը։

Բոլորն ուզում են փոխել աշխարհը, բայց ոչ ոք չի ուզում փոխել ինքն իրեն:
Ուժեղ մարդիկ նրանք են, ովքեր կյանքում փորձում են հասնել բարձունքների իրենց աշխատասիրությամբ և ազնվությամբ, իսկ եթե անգամ սխալվում են, սխալը քաջաբար ընդունում ու հաղթահարում են։
Մարդը պետք է ինքը հասկանա, թե ինչ է հարկավոր իրեն կյանքում երջանիկ լինելու և ապահով զգալու համար։
«Մի՛ ասա` չեմ կարող, ասա` չեմ ուզում»։
Եթե անգամ ձեզ չեն հավատում, մի՛ անհանգստացեք, բնական է` ժամանակներն այնպես են փոխվել, որ խոսքը կորցրել է իր ուժը, գործով է պետք ապացուցել քո խոսքերի իսկությունը։
Իսկական հայորդին նախանձի զենքով չի գործում և ինքնախաբեությամբ չի զբաղվում, դա բնորոշ է թուլամորթ մարդկանց, բայց ոչ` հային։
Ինչո՞ւ հային։
Որովհետև հայը դարեր շարունակ անցավ ցավի ու կրակների միջով, հոշոտվեց ու խոշտանգվեց բարբարոս ու քոչվոր ցեղերի կողմից, բայց էլի չկորցրեց իր դեմքը, հոգին ու հույսը։
Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:
Հաճախ է պատահում, երբ քննադատվում և քարկոծվում ենք այնպիսի մարդկանց կողմից, որոնք իրենց սխալները կոծկելու համար մեղադրում են մեզ, աշխարհին, բայց ոչ իրենց։
Դիմացինին գնահատելու համար նախ և առաջ գնահատողն ինքը պետք է գին ունենա:
Կյանքը տարբեր հայելիներում սեփական դեմքի որոնումն է:

Ըստ Դյումայի` հույսն ամենալավ բժիշկն է , որը հայտնի է։
Ըստ Լոպե դե Վեգայի` երջանկության հույսը, նույնիսկ` խաբուսիկ, երբեք մարդուն վնաս չի պատճառում, քանի որ հեշտացնում է կյանքը:
Վիկտոր Հյուգոյի կարծիքով` մարդու մասին անհամեմատ ավելի ճիշտ կարելի է դատել ըստ նրա երազանքների, քան ըստ նրա մտքերի:
Վստահությունը բարեկամության առաջին պայմանն է (Լաբրյուեր):
Հայտնի մարդիկ, որոնց ստեղծագործությունները ծնվել են կյանքում դժվարություններին, գեղեցիկին ու բարուն բախվելիս։
Դրանք պետք է ոչ միայն ընթերցել, այլ նաև գործածել իրական կյանքում։

Մարդը երբեմն իրավիճակն ավելի լավ հասկանալու և իրեն շրջապատող երևույթները տրամաբանելու և վերլուծելու համար պետք է գոնե մեկ անգամ իրեն վերաբերող երևույթները դիտորդի հայացքով ընկալի։
Հաճախակի ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ ականատես ենք լինում նրան, որ ասվում է ` ինչ-որ մեկին կամ ինչ-որ երևույթի հույսով պետք չէ սպասել, հետագայում խոր հիասթափություն չապրելու կամ չգնահատվելու համար։
Առանց հույսի ու երազանքների մարդու կյանքը շատ ձանձրալի ու մռայլ է անցնում։ Այն մարդիկ են հասնում հաջողությունների, որոնք հույսը կապում են ՆՊԱՏԱԿՆԵՐԻ և ոչ թե մարդկանց հետ, քանի որ մարդիկ փոփոխական են։
Երբեք մի՛ կորցրեք ձեր հույսը, այն ստիպում է ապրել։
Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչն է կարևորը և ինչն է թանկը կյանքում։ Բայց հաճախ, իրականությունը գիտենալով, սխալ ենք գործում` հասարակության որոշ շերտերի դրական վերաբերմունքին արժանանալու համար, չհասկանալով, որ միշտ չէ, որ բարձունքում գտնվող մարդիկ կյանքի դժվարությունները տեսած և բարձունքները հաղթահարած մարդկանց հետ հավասար մակարդակում են, դա պարզապես պետք է մեկաբանել որպես «ճակատագրի հեգնանք»։
Կյանքում պետք է գնահատել ազնվությունը, փայլել արժանապատվությամբ և բարին գործել։
Պետք չէ վախենալ դժվարություններից, դրանք կհանդիպեն ամեն քայլափոխի, բոլոր ասպարեզներում։
Ազնիվ եղեք նախ ձեր հանդեպ, ապա նոր` շրջապատող աշխարհի։
Եվ իզուր չէ ասել մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը. «Աշխարհում չկա այնպիսի կոչում և պաշտոն, որ հավասար լինի Մարդ կոչմանը»։
Փորձեք հասնել հաջողությունների ձեր ուժեղ կամքով, բարի գործերով և ամենակարևորը ` հաստատուն քայլերով մոտեցեք ձեր երազանքին։

Բոլորս էլ ուզում ենք երջանիկ լինել, իսկ ի՞նչ է երջանկությունը։Ի՞նչն է մարդուն երջանիկ դարձնում։ Նյութական կարողությո՞ւնը։ Բարձր պաշտո՞նը, թե՞ շքեղ հագուստը։
Երջանկությունը սեփական ուժերով ձեռք բերված հաջողություններից առաջացած գերհաճելի զգացում է: Մարդկանց պատկերացումները երջանկության մասին տարբեր են, քանի որ տարբեր են նրանց պատկերացումները կյանքի իմաստի, ձեռքբերումների և նպատակների մասին:
Հնարավոր չէ երջանկություն զգալ անընդհատ: Այն ակնթարթ է, երբ դուք զգում եք` «այո´, ես երջանիկ եմ, հենց հիմա, հենց այստեղ»:
Երջանկությունը սկսում է ազդել այն ժամանակ, երբ նկատում եք այն, այն համընթաց քայլում է ձեր կյանքի հետ:
Երջանիկ է նա, ով իրեն համարում է այդպիսին:
Երջանկության կարևոր բաղադրիչ է համարվում մարդու ինքնաբավ լինելը, երբ դադարում եք ինքնավերլուծությամբ զբաղվել, երբ ընդունում եք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ներկա պահին և գնահատում եք ձեր ունեցածով: Միշտ չէ, որ նյութական բարիքները երջանկության հետևանք են, դրանք հաճախ պատճառ են դառնում դժբախտության:
Անշուշտ, բոլորի կյանքում կան բազմաթիվ խնդիրներ, բայց, դառնալով դրանց գերին, չեք կարողանա նկատել կյանքի ողջ գեղեցկությունը, էությունն ու էներգիան: Հետևաբար, հարկավոր է հստակեցնել և մարմնավորել ներկայում ունեցած բոլոր դրական արժեքները` առողջությունը, ձեռք բերված հաջողությունները, ընտանիքը, կարերիան` չմոռանալով նաև, որ երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով երջանկացնում է: Իրական երջանկություն է, երբ տեսնում ենք ջերմ հայացքներ, դրական խոսքեր, բարի խորհուրդներ, սեր ու նվիրվածություն: Եթե մեզ հնարավորություն է տրվել ապրելու, ստեղծագործելու և ընտրություն կատարելու, դա արդեն նշան է երջանկության:

Եթե խոսենք «նյութական երջանկության» մասին...
Ցավալի է, երբ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ հեռացել խաչից, ավելի շատ նախընտրում ենք ապահովված կյանքով ապրել, թանկարժեք հագուստներ կրել, վարել թանկարժեք մեքենա, քան ապրել առանց նյութական կարողությունների, բայց վայելել իրական սերն ու հարգանքը, որը փողով չենք գնի` անտեսելով հոգու հարստությունը։
Այնպես ենք հպարտանում ձեռք բերած կարողություններով` չհասկանալով, որ հարստության հասնելու ճանապարհին կորցնում ենք մի շատ կարևոր օրգան` սիրտը։
Եթե երջանկությունը փորձենք ավելի խորը ընկալել և արտահայտել, ապա այն այս տեսքը կունենա։
Երջանկությունն այն է, երբ մայրը լսում է իր նորածին երեխայի ձայնը, գրկում նրան և ամուր սեղմում իր կրծքին։ Երջանկությունն այն է, երբ հայրը մեծ հպարտությամբ և հանգստությամբ հեռվից հետևում է իր զավակին` վստահ լինելով, որ իր որդին գտել է իր տեղը կյանքում։ Որ սիրում, հարգում և գնահատում է ընտանիքը, որտեղ ծնվել, ապրել և մեծացել է` ամուր հիմքերի վրա հիմնելով նաև իր ընտանիքը։
Երջանիկ է այն մարդը, այն ուսուցիչը երբ մեծ հպարտություն է ապրում` տեսնելով, որ իր սանը յուրացրել է իր խորհուրդները։
Երջանկությունն այն սերն ու հարգանքն է, որ տալիս է մեզ շրջապատող աշխարհը։
Միայն այդ ժամանակ ենք զգում, որ ոչինչ է նյութական հարստությունը այն սիրո, հոգատարության, քնքշանքի և աջակցության առջև, որ մեզ տալիս են մեր սիրելիները։
Բոլորս մի կյանք ենք ապրում։ Եկեք այն հպարտ, ազնիվ և արժանապատիվ ապրենք, սիրենք և հարգենք այն ամենը, ինչն իսկապես երջանկացնում է մեզ։

Երջանկություն է համարվում նաև լավ ընկերներ ունենալը։
Ըստ հնագույն ավանդության՝ ընկեր են համարվում նրանք, ում հետ դուք «աղուհաց եք կիսել»։ Սա բավականին կարևոր նշանակություն ունի ընկերության մեջ, քանի որ հենց դա է մեզ «ստիպում» դժվարին պահերին լինել ընկերոջ կողքին, ճիշտ ժամանակին օգնել ու սատարել նրան։ Միայն իսկական ընկերը կարող է անձնազոհ լինել եւ ամբողջ հոգով ուրախանալ դիմացինի հաջողությամբ։

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։
Գրասիան

Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։
Լաբրյուեր

Դու կարող ես հազարավոր ընկերներ ունենալ, բայց հազարից միայն մեկը կարող է լինել քո ընկերը։
Իսկ ո՞վ է ընկերը, և ի ՞նչն է պատճառը, որ ժամանակների հետ փոխվում է նաև այս բառի հիմնական իմաստը` դառնալով փուչ ու դատարկ մի բառ։
Իրականում ընկերը նա է, ով ամեն անգամ բռնում է ձեռքդ և զգում սրտիդ զարկը։ Նա քեզ հետ հավասար կիսում է թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերը։ Քեզ համար թև ու թիկունք է լինում անգամ երբ ոչնչով չի կարող օգնել քեզ։ Բայց, անկախ ամեն ինչից, բռնում է ձեռքդ, ամուր սեղմում և ասում. «Դու հանձնվելու իրավունք չունես` ես քեզ հետ եմ, ինչե էլ պատահի»: Այդպիսի ընկերները գանձ են ուղղակի, եթե ունեք նման ընկերներ, երբեք բաց չթողնեք նրանց։
Մարդը կարող է անել ամեն ինչ, անհնարին ոչինչ չկա կյանքում, միգուցե դժվար հասանելի, անհնարին թվացող, բայց այն կարելի է հաղթահարել, եթե ունես խելք, ԿԱՄՔԻ ՄԵԾ ՈՒԺ, և իրական, ազնիվ ու նվիրված ընկերություն։
Հազվադեպ են հանդիպում այնպիսի մարդիկ, որոնք իրենց «ես»-ը զոհում են հանուն սիրելի մարդկանց հաջողության, խաղաղության և բարօրության համար։
Հազվադեպ են հանդիպում, քանի որ 21֊-րդ դարում քիչ է հանդիպում իրական ընկերություն ասվածը, ներկայումս այն հիմնականում արտահայտվում է շահավետ գործարքների տեսքով։
Իրական ընկերությունը բացահայտում ենք սահմանին, երբ զինվոր դիրքը կյանքի գնով է պաշտպանում, հանուն իր ընկերների նռնակի պայթյունն իր վրա է վերցնում։ Զոհում է ամենաթանկ բանը, որ տվել է իրեն Աստվածը` կյանքը, և իր կյանքը զոհելով` փրկում է իր ընկերների կյանքը։
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻՆ։
Մենք հասկանում ենք, թե ովքեր են մեր իրական ընկերները, երբ սկսում ենք վեր բարձրանալ, այդժամ երևում է, թե ով է քո ընկերը, ով շարքային հերթական նախանձը։ Իսկ նախանձների քայլերից պետք չէ վիրավորվել կամ նեղսրտել։ Պարզապես հիշեք` նրանք, ձեզ նախանձելով, արդեն իսկ ընդունում են ձեր` բարձունքում լինելը։
Գնահատել է պետք իրական ընկերությունը։ Երբ զգում ես, որ կողքիդ ունես այնպիսի մարդիկ, որոնք մինչև վերջին շունչը քեզ հետ են։
Ի վերջո, ամուր ընկերությունը հզոր զենք է կյանքի բոլոր ոլորտներում։ Աշխարհի որ կետում էլ լինեն, միշտ քեզ հետ են, քո կողքին,անգամ եթե նրանց ներկայությունն ամեն օր չես զգում, բայց կա ներքին մի ձայն, որ քեզ ասում է. «Ես քեզ հետ եմ, քո կողքին։ Միշտ առաջ շարժվիր, չկանգնես, երբեք չհուսահատվես, դու մենակ չես, մենակ չես եղել ու չես լինի, ամեն ինչ լավ կլինի»:

ԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼՈՒ, ԻՍԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ,
ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԸՆԿԵՐ ԼԻՆԵՍ ԴՈՒ։
ԸՆԿԵՐ ԵՂԻՐ, ՈՐ ԸՆԿԵՐՆԵՐ ԳՏՆԵՍ։

Եկեք ընդունենք, որ կյանքն իմաստավորում և գույներ են հաղորդում երեխաները։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է ինչ-որ առաքելությամբ։
Որպես անհատականություն` հասկացել եմ, թե որն է ինձ տրված շնորհը և առաքելությունը (գոնե կյանքիս ինչ-որ փուլում)։
Այն է` լինել փոքրիկների կողքին, որոնց մեջ մի մեծ աշխարհ է թաքնված։
Նրանց աջակցելով և օգնելով հարթել ճանապարհ իրենց կյանքի այս կարևոր փուլում`  օգնել,որ նրանք լինեն ողջամիտ, ժպտերես և ինքնավստահ։
Սովորեցնել լինել բարի, ազնիվ, հպարտ և ցույց տալ նրանց կյանքի իսկական արժեքները։
Կյանքում ոչ մի բան այնպես չի երջանկացնում, ինչպես նրանց լուսավոր ու ջերմ ժպիտները։
Ու նրանց երջանկությունն ակամայից դառնում է նաև քոնը, հասկանում ես, որ նրանք լցնում են օրդ, իրենց վառ գույներով երանգավորում են կյանքդ։
Նրանց աջակիցը, բարեկամը դառնալով` մենք օգնում ենք նաև մեզ։ Քանի որ հոգին բուժվում և շարունակում է ծաղկել երեխաների կողքին։ Նրանք են մեր վաղվա նկարագիրը, մեր ապագան, այդ դեպքում ինչո՞ւ չստեղծենք գեղեցիկ ու արժանապատիվ, քաղաքակիրթ սերունդ։

Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի առակ, որը թույլ կտա մտածել կյանքում ամենակարևորի և այն գնահատելու մասին։

ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՆՐԱՆՔ ՉԵՆ, ՈՎՔԵՐ ԱՐՅՈՒՆԱԿՑԱԿԱՆ ԿԱՊՈՎ ԵՆ ԿԱՊՎԱԾ։
ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՆՐԱՆՔ ԵՆ, ՈՎՔԵՐ ԲԱՐԻՆ ԵՆ ԿԱՄԵՆՈՒՄ ՔԵԶ։

Արևոտ ու լուսավոր օր էր, բայց աղջիկը մռայլ և տխուր էր։
Իրեն անհանգստացնող հարցերի շուրջ մտածելով` քայլում էր բակում, երբ նրան մոտեցավ մի բարեկամ, որը թերևս ճանաչում էր աղջկան։ Տեսնելով աղջկան` մոտեցավ, փորձեց քնքուշ ժպիտով նրան բարևել։ Սակայն արժանացավ նրա արհամարհանքին և սառը վերաբերունքին։

- Ի՞նչն է պատճառը քո այդ մռայլ ու ագրեսիվ տրամադրվածության։ Եվ նույնիսկ չեմ հասկանում` դա ի՞նձ է ուղղված, թե՞ ամբողջ աշխարհին,- զարմացած հարցրեց բարեկամը։

-Պարզապես հոգնած եմ,- ասաց աղջիկը` դեմքը շրջելով։

-Եթե անկեղծ ես, այդ պատասխանն էլ ակնկալում էի,- բարի և հասկացող հայացքով պատասխանեց բարեկամը և, միտքը շարունակելով, ասաց,- քանի որ, շատ դժվար է խոսել այն թեմաների մասին, որոնք մեզ ցավ են պատճառում։ Եվ այնքան ուժեղ, որի արդյունքում տիրում է հիասթափություն ամբողջ աշխարհի նկատմամբ։ Ու ինքդ քեզ հետ խորհելով` փնովում և մեղադրում ես բոլորին, առանց սթափ դատելու, ճիշտը ստից տարանջատելու։ Մի՞թե այդպես չէ։
Ապա աղջկա ձեռքը բռնելով` ասաց նրան.

-Անուշի՛կս, քեզ թվում է` չեմ տեսնում քո ցավն ու բողոքը, քո ջանքերը` բոլորին ցույց տալու համար, որ կա ազնիվը, բարին ու գեղեցիկը։ Սխալվում ես, եթե կարծում ես, որ քեզ չեմ հասկանում։ Անգամ չեմ պնդի, որ դու բացատրես քո հոգու խռովությունը, պարզապես ուշադիր լսիր, թե քեզ ինչ կասեմ, ու փորձիր խորն ընկալել ասածներս։

Մարդուն մեղադրելուց և վատաբանելուց ավելի հեշտ բան չկա։ Ու ինչի՞ համար են մեղադրում... Որովհետև նա ավելի գեղեցիկ է, ավելի հմայիչ ու հաջողակ, ավելի խելացի ու հաճելի զրուցակից։ Մեղադրում են գեղեցիկ ու քաղցր ժպիտ ունենալու և կյանքով լեցուն լինելու համար։ Անգամ տհաճ է այդ մասին խոսել, բայց մարդուն մեղադրում են իրենց անհաջողությունների մեջ` տեսնելով նրա աշխարհայացքը, նոր ու արդյունավետ մոտեցումները` լինի առօրյայում, թե աշխատավայրում։
Մեղադրում են, նախանձում, գուցե նաև վախենում կորցնել այն, ինչ իրենց է պատկանում` նրա համար անընդհատ խոչընդոտներ ստեղծելով, մինչդեռ պետք էր պարզապես սովորել նրանից կամ ձգտել ինքնակատարելագործման` շտկելով սեփական թերությունները։

Մեղադրում են իրենց ընտանիքում ծագած խնդիրների մեջ։
Հիշի՛ր, սիրելի՛ս, որտեղ չկա սեր ու քնքշություն, փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ, ուրեմն այն դատապարտված է կործանման` լինի ընտանիք, ընկերական, թե գործնական հարաբերություններ։
Մեղադրում են, փոխարենը չեն էլ փորձում ջանք գործադրել և վերականգնել իրենց երջանկությունը։

Եթե ես երջանկությունը փորձեմ մի բառով արտահայտել այն կանվանեմ սեր ` սիրող սրտերի, մայր ու զավակի և ընկերների միջև։

- Այդ դեպքում ո՞րն է ճանապարհը, որով կգտնենք երջանկությունը,և երբեք այն մեզ չի լքի,- խաղաղված ձայնով հարցրեց աղջիկը։

- Երջանկությունն ամեն մարդ յուրովի է ընկալում, բայց իմ խորհուրդ սա է քեզ.

Միշտ հարգիր ու վստահիր ինքդ քեզ,
Հոգատար ու ջերմ եղիր սիրելիներիդ նկատմամբ։
Համբերատար լսիր նրանց ու փորձիր օգնել։ Աշխատիր երբեք չկորցնել նրանց վստահությունը, եթե կորցնես շատ դժվար կլինի նորից այն ետ բերել։
Փորձիր ողջամիտ և արդար լինել, ազնիվ ու բարի։
Ստեղծիր քո հեքիաթային փոքրիկ աշխարհը և քայլ առ քայլ այն մոտեցրու քո իրականությանը։

-Այդ ինչպե՞ս։

-Պարզապես միշտ ժպտա ու բոլորին վարակիր քո անուշիկ ու քաղցր ժպիտով։ Ազնիվ ու բարի եղիր, քո քայլերով օրինակ եղիր բոլորի համար և անգամ չմտածես, որ քեզ չեն լսի, որովհետև դու փոքր ես դեռ։ Սիրո, հոգատարության ու քնքշանքի կարիք ունեն բոլորը։
Հարգիր, գնահատիր ու վստահիր այն մարդկանց, որոնց սիրում ես։ Եվ այնպես արա, որ ձեռք բերես նաև նրանց վստահությունը։
Մեզանից ոչ ոք չի կարող ասել, թե վաղն ինչ կարող է լինել իր հետ, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի։ Բայց, անկախ ամեն ինչից, դու հաստատակամ եղիր, երբեք բաց չթողնես քո երազանքները, միշտ վստահիր քո ուժերին։
Եվ հիշի՛ր` երջանկությունը լեռան գագաթին չի գտնվում, այն բարձրանալու ճանապարհն է, որտեղ դու հղկվում, հմտանում և ավելի իմաստուն ու խորաթափանց ես դառնում։

Այո սերը, կարեկցանքը և բարությունը կփրկի աշխարհը։
Ինչի՞ է նման սերը:
Նա ունի ձեռքեր, որպեսզի օգնի ուրշներին, նա ունի ոտքեր, որպեսզի շտապի օգնության աղքատներին ու կարիքավորներին, նա ունի աչքեր, որպեսզի տեսնի դժբախտությունն ու կարիքը, նա ունի ականջներ, որպեսզի լսի մարդկային հոգոցները և բողոքները: Այ, թե ինչի է նման սերը:
Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու պոկելու այն։
Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել` ապրել երկրի վրա մարդու նման:

Շարունակելի...

 

Մերի Իսաջանյան

Սյունիքի մարզի Լոր գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica