Բեռլինում կորոնավիրուսի բռնկման պատճառով կարանտինացվել է մի քանի հարյուր բնակարան
Աշխարհ

Բեռլինի Նոյքելն շրջանում 369 բնակարան կարանտինացվել է այն բանից հետո, երբ թաղամասերից մեկում 57 մարդ վարակվել է կորոնավիրուսով. այս մասին հայտնում է Spiegel-ը:
Ըստ Բեռլինի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆալկո Լիցկեի հայտարարության՝ բռնկումը տեղի է ունեցել մինչև 10 բնակիչ ունեցող տներում: Այս շրջանում նաև արաբական երկրներից ներգաղթյալներ են բնակվում:
Բացի այդ՝ տեղի իշխանությունները կարանտինում գտնվողների կարճաժամկետ օգնության համար սոցիալական աշխատողներ և օգնության փաթեթներ են տրամադրել։
Թե ինչպես է վիրուսը մտել Նոյքելն, դեռևս անհայտ է. միայն նշվում է՝ սկզբում հիվանդացել են երկու դպրոցականներ:
Մանրամասնվում է՝ տեղի համայնքի հովիվը ևս վարակված է կորոնավիրուսով և գտնվում է հիվանդանոցում:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ նման բռնկում կարող է առաջանալ նաև հարևան Ռայնիկենդորֆ և Շպանդաու շրջաններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան նախատեսում է զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը երկարաձգել գոնե մինչև հոկտեմբերի վերջ: