close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի բնապահպանական որոշ խնդիրների մասին. Արեգ Ղարաբեգյան

Հասարակություն

5 Հունիսի 2020, 23:45
 Հայաստանի բնապահպանական որոշ խնդիրների մասին. Արեգ Ղարաբեգյան

Շրջակա միջավայրի աղտոտվածության հարցը վաղուց մտահոգության առարկա է Հայաստանում, և տասնամյակներ շարունակ այս մասին եղել են զանազան հրապարակումներ: Օրինակ՝ Սևանա լճի ցավալի դրությունը բազմիցս բարձրաձայնված հարց էր 1960-ականների վերջին՝ ջրի մակարդակի կտրուկ անկման և լիճ թափվող աղտոտիչների պատճառով:

Խորհրդային Հայաստանի բնապահպանական շարժումը նշանակալի ուժ էր 1980-ականների վերջին՝ գլասնոստի (հրապարակայնության) և պերեստրոյկայի (վերակառուցման) ժամանակաշրջանում, քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար: Անկախացումից ի վեր բազմաթիվ բնապահպանական խմբեր կորցրին իրենց ազդեցությունը:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում առաջատար էր շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացման հարցում: 1987թ. Օպերայի հրապարակում աննախադեպ ցույցին մասնակցում էր մոտ 3000 մարդ, որոնք պահանջում էին փակել որոշ քիմիական գործարաններ և Մեծամորի ատոմակայանը: Հաջորդ տարի Սպիտակի երկրաշարժը բնակիչներին ստիպեց հավելյալ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին և շինարարական տեխնոլոգիաների հարակից խնդիրներին:

Չնայած շրջակա միջավայրի մասին իրազեկվածության կարևորությանը՝ տվյալ ժամանակաշրջանում Հայաստանում հավաքական գիտակցության ձևավորման գործում Խորհրդային Միության կտրուկ փլուզման հետևանքով Հայաստանը ստիպված էր պայքարել մի քանի ճակատներում: Հայաստանի մի շարք բնապահպանական խնդիրներ ավելի սրվեցին անկախության առաջին տարիներին, երբ էներգիան կտրուկ նվազում էր, բենզինն անորակ էր, կատարվում էին զանգվածային անտառահատումներ, կեղտաջրերի մաքրումը պատշաճ մակարդակով չէր իրականացվում:

Անկախացումից հետո Հայաստանում հսկայական տնտեսական անկում գրանցվեց, մեծ փոփոխություններ տեղի ունեցան շուկայական տնտեսությանն անցնելիս և ծագեցին դրանց ուղեկցող, անհապաղ ուշադրություն պահանջող բնապահպանական խնդիրներ: Անկախացման պահին ի հայտ եկած ազգային անվտանգության խնդիրները պատճառ դարձան, որ բնապահպանական մտահոգությունները առաջնահերթություն չդիտվեն հանրության համար: Բացի այդ` արագ տնտեսական զարգացման ընթացքում բնապահպանական խնդիրները հետ էին մղվել շինարարության, քիմիական արդյունաբերության մասնակի վերականգնման և հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման համեմատ: Պահի թելադրանքով կողմնորոշվելը, կարողությունների անբավարարությունը և կոռուպցիան խոչընդոտում էին պատասխանատու քաղաքական գործողությունների իրականացմանը, ինչից երկարաժամկետ հեռանկարում կշահեին երկիրը և նրա բնակչությունը:

Վերջերս Հայաստանում բնապահպանական շարժումը որոշակի թափ է հավաքել, բայց բնակչության մեծամասնության կողմից այն դեռևս անհրաժեշտ լրջությամբ չի ընկալվում և այնքան ուժեղ չէ, որ մեծ ազդեցություն ունենա քաղաքականության և զարգացման ընթացքի վրա: Շարժումը միավորել է մի շարք հասարակական կազմակերպությունների (ՀԿ), բայց դրանք ունեն սահմանափակ կարողություններ և ազդեցություն: Վերջին տարիներին այդ կազմակերպություններից մի քանիսը հաջողությամբ համատեղել են իրենց ջանքերը` բնապահպանական հստակ խնդիրները լուծելու համար, ինչը հանգեցրել է որոշակի նախագծերի բարեփոխմանը, որոնք կարող էին վնաս հասցնել շրջակա միջավայրին:

Հայաստանը վավերացրել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնք վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են կենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխությունը, անապատացումը և մշակութային ու բնական ժառանգության պահպանումը: Բացի այդ` Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն անդրադառնում է բնության պահպանությանը, շրջակա միջավայրին հասցված վնասներին և մարդկանց` առողջ կյանք վարելու իրավունքներին:

Բազմաթիվ բնապահպանական խնդիրներ` կապված ջրային պաշարների, հանքարդյունաբերության, անտառների և պահպանվող տարածքների հետ, սերտորեն առնչվում են կոռուպցիայի երևույթին: Հաճախ բնական պաշարների շահագործումը տեղի է ունենում առանց որոշումների պատշաճ հիմնավորման: Ավելին` որոշումները, որպես կանոն, վերաբերում են հատուկ հետաքրքրություն ներկայացնող խմբերի և կայացվում են առանց կառավարության հռչակած երկարաժամկետ կայուն զարգացման նպատակներին պատշաճ ուշադրություն դարձնելու:

Հայաստանի համար, որը նախատեսում է իր զարգացումը հիմնել կայունության սկզբունքների վրա, շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է կազմի զարգացման գործընթացի բաղկացուցիչ մասը: Այսպիսով, Հայաստանի անկախացումից գրեթե երեք տասնամյակ անց երկրի բնապահպանական իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Ստորև կանդրադառնանք առանձնահատուկ և զգայուն բնապահպանական խնդիրներին:

Ջուր

Բազմաթիվ սուր և բարդ սոցիալ-տնտեսական խնդիրների, ինչպես նաև ստուգումների և որոշումների կիրարկման անբավարարության պատճառով քաղցրահամ ջրերի էկոհամակարգերը՝ լճերը, գետերը և ջրամբարները, խիստ տուժել են: Էներգետիկ և տնտեսական արտադրության զարգացման ընթացքում հիդրոէկոհամակարգերի անկայուն օգտագործման պատճառով տեղի են ունեցել խորքային ջրերի մակարդակների կտրուկ նվազում և գետերի հիդրոֆիզիկական ու հիդրոկենսաբանական փոփոխություններ: Այս ոլորտում կարևոր դերակատարներն են ձկնաբուծությունը Արարատյան դաշտում և տարբեր գետերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանները։

Ձկնաբուծական տնտեսություններն օգտագործում են հսկայական քանակությամբ ջուր՝ չունենալով վերամշակման որևէ համակարգ։ Այս պատճառով Արարատյան դաշտի ստորեկրյա ջրերի մակարդակը իջել է մոտ 15 մետրով, ինչի հետևանքով մեծ թվով գյուղական հորեր ցամաքել են։ 2017 թվականին Բնապահպանության նախարարությունը մի ձկնաբուծականի հորի վրա տեղադրեց Սկադա սարքավորումը, որի միջոցով նախարարության էին ուղարկվում էլեկտրոնային տվյալներ օգտագործվող ջրի քանակի վերաբերյալ։ Նպատակն էր հսկել, որ հորից ստացվեր միայն թույլատրելի քանակությամբ ջուր։ Իսկ գլխավոր նպատակը Սկադա սարքավորումների տեղաղադրումն էր բոլոր ձկնաբուծական հորերի վրա, բայց այդ նախագիծը չգործադրվեց։

2017 թ. ընթացքում նաև փակվեցին մեծ թվով արտեզյան հորեր, որոնց ջուրն այլևս չէր օգտագործվում։

Հայաստանում մաքուր ջրի պահպանման խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ: Ջրամատակարարման համակարգերն անհապաղ ուշադրության կարիք ունեն: Ջրօգտագործման համակարգը ջրամատակարարման քայքայվող ենթակառուցվածքի պատճառով պարբերաբար աղտոտվում է, ինչը դառնում է կոյուղաջրերի և խմելու ջրի խառնվելու ու հսկայական կորուստների պատճառ։ Ջրամատակարարման բաշխիչ ցանցի կորուստները Երևանում կազմում են մինչև 60 տոկոս, Գյումրիում՝ 70 տոկոս, իսկ Վանաձորում՝ 75 տոկոս:

Երևանը, լինելով ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ քաղաք, դեռևս չունի կեղտաջրերի մաքրման լիովին գործունակ կայան: Մասնակիորեն մշակված թափոններն ուղղակիորեն թափվում են Հրազդան գետը, որը տասնյակ բնակավայրերի ջրամատակարարման հիմնական աղբյուրն է:

Արարատյան դաշտում ջրի աղտոտման հիմնական պատճառը գյուղատնտեսական աշխատանքներում օգտագործվող թունաքիմիկատներն են: Դրանք ոռոգման ընթացքում լցվում են ջրահեռացման ջրանցքների մեջ, թափվում են գետերը կամ, հողի մեջ ներծծվելով, անցնում ստորերկրյա ջրերի ավազան:

Սևանա լիճ

Սևանա լիճը Անդրկովկասի` խմելու ջրի խոշորագույն ամբարներից և աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկն է: Նրա խոնավ էկոհամակարգը զգալի դեր է խաղում չվող թռչունների համար: Սևանա լիճը, բացի մշակութային, հանգստի և հոգևոր արժեքից, ունի նաև ռազմավարական, տնտեսական, սոցիալական և պատմական նշանակություն: Իրապես այն գնահատվում է որպես ազգային հարստություն՝ գանձ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հրազդան գետի երկայնքով կառուցվեցին յոթ հիդրոէլեկտրակայաններ, իսկ Սևանա լճի ջուրն օգտագործվեց էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այս նպատակով ջրային պաշարների լայնածավալ օգտագործման և վատ կառավարման պատճառով (և ավելի քիչ` գյուղատնտեսական արտադրության համար) լճի ջրի մակարդակը 20 տարվա ընթացքում իջավ ավելի քան 19 մետրով։

Ուղղահայաց ուղղությամբ Ջրի մակակարդակի բարձրությունը, մյուսում` Ջրի բացթողումը, մլն մ3

Լճի մակարդակի նվազման պայմաններում հարաբերականորեն մեծացավ ազոտի պարունակությունը, ակտիվացավ ջրիմուռների աճը, ապակայունացավ լճի բնապահպանական հավասարակշռությունը: Իրավիճակն էլ ավելի բարդացավ մոտակա քաղաքների մաքրման կայաններից կոյուղաջրերի և գյուղացիական տնտեսություններից թունաքիմիկատների` դեպի լիճ արտահոսքի պատճառով:

Անկախացումից հետո Սևանա լճի երկայնքով մեծաթիվ նոր հանգստյան տների ապօրինի կառուցումը, ընդհանուր բնակչության կողմից, զբոսաշրջության նպատակով Սևանի շահագործումը և լճի շրջակայքում կատարված ծառահատումները (անտառահատումը) դարձել են կարևոր գործոն լճի մակարդակի կարգավորման հարցում:

Ջրի մակարդակի իջեցմամբ պայմանավորված` էկոհամակարգի վրա անբարենպաստ ազդեցությունների հետևանք են իշխան ձկնատեսակի չորս ենթատեսակներից երկուսի անհետացումը, մյուս երկու ենթատեսակների վերարտադրողական ունակության խիստ նվազումը։ Այս ազդեցությունների պատճառով չորացան իշխան ձկնատեսակի բազմացման բնավայրերը, և ավելացավ որսագողությունը: Բացի այդ` ջրի ֆիզիկա-քիմիական բնութագրերի փոփոխությունները խիստ ազդել են ոչ միայն ձկնաբուծական աշխարհի, այլև ընդհանրապես ջրաշխարհի վրա:

Ժամանակին կառավարությունը քայլեր ձեռնարկեց լճի ջրի հավասարակշռությունը վերականգնելու նպատակով: Արփա-Սևան թունելի շինարարությունը յուրահատուկ ճարտարագիտական և հիդրոլոգիական նախագիծ է, որը կենսագործվել է 1961 թ.՝ Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով։ Թունելը տարեկան 250 միլիոն խմ. ջուր էր տրամադրում Սևանին: Տարիների ընթացքում կառավարությունը որոշումներ է ընդունել էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով լճի ջրի օգտագործումը նվազագույնի հասցնելու համար՝ այն հիմնականում բաց թողնելով ոռոգման նպատակներով: Բայց հաճախ այս որոշումները չեն գործադրվել կամ գործադրվել են խախտումներով։

Չնայած Սևանա լճի ափերը ներառված են «Սևան» ազգային պարկի մեջ, որտեղ գործում են տնտեսական գործունեության սահմանափակումներ, այդուհանդերձ, ապօրինաբար տրվել են հարյուրավոր շինարարական թույլտվություններ:

Կառավարության որոշումն է, որ լճի մակարդակը պետք է բարձրացվի 6 մետրով (հիմք ընդունելով 1996 թ. մակարդակը), որի արդյունքում լճի բնապահպանական համակարգը կկայունանա։ Լճի մակարդակը բարձրացել է 3 մետրով, բայց կառավարությունը հետաքրքրություն չի ցուցաբերում ջրի մակարդակի հետագա բարձրացման հարցում։ Պատճառներից մեկն էլ միգուցե այդ ապօրինի շինարարությունների տերերի շահերն են։

Օդ

Հայաստանի ստանդարտները շրջակա միջավայրի օդի որակի վերաբերյալ հիմնականում համապատասխանում են զարգացած երկրների ստանդարտներին: Օդի աղտոտվածության դեմ պայքարի մասին օրենքները պահանջում են, որ յուրաքանչյուր արդյունաբերական աղբյուր համապատասխանի աղտոտման համակենտրոնացման ստանդարտին: Այնուամենայնիվ, այդ ստանդարտները հաճախ չեն կիրառվում:

Խորհրդային շրջանում քիմիական արտադրությունը Հայաստանում խոշոր արդյունաբերությունն էր, որը հայտնի էր թունավոր գազերի արտանետումների բարձր մակարդակով: Գրեթե բոլոր այդ գործարանները`, այլևս չեն աշխատում, ուստի օդի աղտոտման այդ աղբյուրները այլևս գոյություն չունեն։

Օդի աղտոտումը բնապահպանական խնդիր է Հայաստանի մի քանի շրջաններում: Օրինակ՝ Երևանում Նուբարաշենի աղբավայրի հիմնական մասն անընդհատ այրվում է` առաջացնելով ծուխ և մթնոլորտ արտանետվող այլ տոքսիններ այրված պլաստմասայից, ներկերից և ծանր մետաղներից: Չնայած այն բանին, որ մթնոլորտ են արտանետվում միայն փոքր քանակությամբ թունավոր նյութեր, բայց դրանք կուտակվում են Երևանում, որովհետև Երևանը տեղակայված է երկրաբանական փոսի մեջ:

Ալավերդի արդյունաբերական քաղաքի օդը շարունակում է աղտոտված մնալ: Ալավերդու օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցում է թույլատրելի մակարդակը: Հայկական պղնձի ծրագրով (ACP), որը համարվում է հիմնական աղտոտող աղբյուրը, արտանետումների գլխավոր ծխնելույզը փոխադրվել է մոտակա լեռան բարձունքի վրա` իբրև արտանետումների մեղմացման միջոց։ Սա` որպես հարցի լուծում, անընդունելի քայլ է:

Պինդ թափոններ

Թափոնների կառավարումը առաջնահերթ բնապահպանական խնդիր է ինչպես Հայաստանի քաղաքներում, այնպես էլ գյուղական բնակավայրերում: Միայն մեկ խոշոր աղբավայր՝ Նուբարաշենը, ծառայում է Երևանին և հարակից համայնքներին: Այս աղբավայրը գտնվում է Երևանից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա, ունի շուրջ 40 հեկտար հողային մակերես:

Աղբահանության աշխատանքները սկսվել են 1968թ., և այստեղ շուտով տեղ չի լինի: Մի շարք բնակավայրեր տեղակայված են աղբավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ մեկ գերեզմանոց գտնվում է աղբավայրից 1 կմ հեռավորության վրա:

Նուբարաշենի աղբավայրերի տակ կա բնական ամուր ժայռաշերտ, որը ծածկված է 1.5 մետր հաստությամբ կավե շերտով: Աղբավայրի տարածքի ստորերկրյա ջրերի խորությունը 50 մետրից ցածր է, հետևաբար քիչ հավանական է, որ աղբավայրից աղտոտող նյութերը հասնեն ստորերկրյա ջրերի ավազանին: Նուբարաշենում կան խորհրդային ժամանակից մնացած մի քանի տասնյակ տակառներ, որոնք պարունակում են թունավոր նյութեր։ Այդ տակառների տարիքը մտահոգիչ է և կարող է թունավոր նյութերի արտահոսքի պատճառ լինել։ Անհրաժեշտ է, որ այս թունավոր նյութերն անմիջապես չեզոքացվեն։

Կոշտ թափոնների կառավարումը խնդրահարույց ծառայություններից մեկն է, որը մշտապես ունի ֆինանսավորման պակաս և դեռևս իրականացվում է ցածր որակով: Շատ տարածված է աղբը, հատկապես շինարարական աղբը չթույլատրված վայրերում թափելը և աղբն այրելը, որի պատճառով արտանետվում են թունավոր քիմինական նյութեր, որոնք ունենում են առողջության համար բացասական հետևանքներ: Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս վտանգավոր բժշկական թափոնների չեզոքացումը:

Թեև վերջերս Երևանում թափոնների հավաքման գործընթացը բարելավվել է, բայց 2019 թ. ամռանը աղբահավաքության վիճակը սարսափելի էր, երբ քաղաքապետն ուզում էր ձերբազատվել աղբահանումն իրականացնող «Սանիտեք» ընկերությունից ու կազմակերպել այդ աշխատանքը քաղաքապետարանի միջոցով։ Երևանի քաղաքապետարանը 2019 թ. հայտարարեց մեկ տենդեր` նոր աղբավայր կառուցելու համար։ Զարմանալիորեն այդ տենդերի պայմանների մեջ չկար որևէ ակնարկ աղբի վերամշակման մասին, որը խիստ անհրաժեշտ է։

Քիմիական արդյունաբերություն

Հայաստանի քիմիական արդյունաբերության ավելի քան 70 տոկոսը գտնվում էր Երևանում, իսկ արտադրական գործարաններն աղտոտման հիմնական աղբյուրներն էին: Մոտ 200 հեկտար տարածք զբաղեցնող «Նաիրիտ» քիմիական գործարանը առաջին անգամ սկսեց ռետինե և այլ պոլիմերների արտադրությունը 1936 թվականին և ուներ տարեկան 58000 տոննա հզորություն: Մինչև 1989 թվականը «Նաիրիտի» աշխատանքի հետևանքով, երբ այն գործում էր ամբողջ հզորությամբ, տարեկան գրանցվում էր 15 միլիոն մ3 հեղուկ թափոնների արտահոսք դեպի Հրազդան գետը:

Քիմիական ռեագենտների գործարանը ևս մեկ հիմնական քիմիական գործարան էր, որը սկսեց գործել 1959 թ. և արտադրեց 916 տարբեր տեսակի ռեակտիվներ: Այս գործարանը մեծ քանակությամբ թափոններ է առաջացրել շահագործման ընթացքում հնացած և վտանգավոր արտադրական տեխնիկայի օգտագործման հետևանքով: Ներկայումս այս հսկայական քիմիական գործարաններն այլևս չեն աշխատում։

Բնապահպանական ուսումնասիրություններ

ՀՀ բնապահպանության նախարարությունն ունի մեկ փորձաքննության բաժին, որը պատասխանատու է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) քննարկման ու դրական կամ բացասական եզրակացություն տալու հարցերում: Այս բաժինը չունի համապատասխան կարողություններ՝ ամբողջությամբ քննարկելու բարդ նախագծերի ՇՄԱԳ-ները։ Որպես հետեւանք` տարբեր նախագծերի համար պատրաստված ՇՄԱԳ-ները չեն ընդգրկում քննարկվող նախագծերի բոլոր բացասական ազդեցությունները կամ նախագծերի ամբողջական ազդեցությունը: Այս թերությունները գործնականում անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում շրջակա միջավայրի կառավարման հարցում:

Խոշոր նախագծերի համար նախապատրաստված ՇՄԱԳ-ները հաճախ պարզապես ձևական բնույթ են կրում` նվազագույն տեղեկություններով փաստելու համար, որ քննարկվող նախագիծը համապատասխանում է գործող օրենքին: Լավ օրինակ է Թեղուտի հանքավայրի նախագծի համար պատրաստված 100 էջանոց ՇՄԱԳ-ը: Նմանատիպ ուսումնասիրությունները զարգացած երկրներում կկազմեին մի քանի հարյուր էջ:

Պետք է նշել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի համար պատրաստված ՇՄԱԳ-ը կարելի է համարել ամենաընդարձակ ու բազմակողմանի ուսումնասիրությունը, որը մինչ օրս կատարվել է Հայաստանում։ Բայց այս հանքի շահագործումը կունենա բացասական մեծ ազդեցություն, մանավանդ` Սևանա լճի վրա, որն անտեսված է ՇՄԱԳ-ում, կամ այդ բացասական ազդեցությունները ներկայացված են իբրև կառավարելի ռիսկեր։

Լավ պատրաստված ՇՄԱԳ-ը պետք է դիտվի էկոլոգիապես անվտանգ նախագծի համար որոշումներ կայացնելու հիմք: Մոնիտորինգի ծրագրերը և կանոնակարգերի կիրարկումը անհրաժեշտ են Հայաստանում ՇՄԱԳ գործընթացը բարելավելու համար: Մինչ այժմ պատրաստված ՇՄԱԳ-ները համապարփակ չեն եղել և չեն արտացոլում ծրագրերին առնչվող բնապահպանական բոլոր մտահոգությունները: Հասարակության մասնակցությունը և գործընթացի թափանցիկությունը կարևոր են նաև շրջակա առողջ միջավայրը պաշտպանելու համար:

ՇՄԱԳ գործընթացի կատարելագործումն անպայման պահանջում է բնապահպանության իրավասու մասնագետներ: Հայաստանում բնապահպանական ճարտարագետների և գիտնականների համար պակասում են այնպիսի կրթության ու վերապատրաստման հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են բնապահպանական խնդիրներին անմիջապես ուշադրություն դարձնելու համար:

Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում և Պետական ճարտարագիտական համալսարանում բնապահպանական ճարտարագիտությանը և կառավարմանն առնչվող ուսումնասիրություններն առավելապես գիտական են, քան կիրառական. ներկայումս ավելի մեծ պահանջարկ ունեն հենց գործնական ուսումնասիրությունները: Չնայած վերջին տարիներին Հայաստանում նկատվել է բնապահպանական կրթության որակի որոշակի բարելավում, այնուամենայնիվ, դեռ շատ ավելին պետք է արվի:

Կարգավորող կառուցվածքը ևս մեկ լուրջ խնդիր է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների գնահատման և մեղմացման միջոցառումների իրականացման գործում: Ներկայումս չկան հստակ ուղեցույցներ առկա հիմնահարցերի անհրաժեշտ մեղմացման միջոցառումների գնահատման և կիրառման գործընթացի վերաբերյալ: Անհրաժեշտ է ուժեղ և լիովին անկախ պետական գործակալություն՝ ապահովելու համար հիմնախնդիրների մեղմացման բոլոր առաջարկված միջոցառումները։

Կառավարության և խոշոր ներդրողների միջև աղմկահարույց կապերը ևս մեկ ընդհանուր պատճառ են գործող օրենսդրությունը չկիրառելու համար:

Անտառահատում

Անտառահատումը շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիր, չնայած 90-ականների էներգետիկ ճգնաժամը վաղուց ավարտվել է: Հատկապես Հայաստանի համար սա լուրջ մտահոգություն է, քանի որ երկրի տարածքի միայն 7-8 տոկոսն է ծածկված անտառով (թեև պաշտոնապես ներկայացվում է նախորդ դարավերջին արձանագրված ցուցանիշը` 11 տոկոս, ընդ որում, այս անտառների մեծ մասը քայքայված է:

Հայաստանը ճանաչված է որպես կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկը: Իր գտնվելու եզակի վայրով և հրաբխային ծագմամբ պայմանավորված`այն, ի տարբերություն մոլորակի այլ վայրերի, ունի միկրոկլիմայի և բնակավայրերի նախընտրելի առավել նպաստավոր պայմաններ մի շարք վտանգված բույսերի և կենդանիների տեսակների կյանքի համար:

Հաշվի առնելով բնապահպանական այս ժառանգությունը` Հայաստանը հատուկ պատասխանատվություն է կրում ապահովելու համաշխարհային մասշտաբով բարձր արհեստավարժությամբ զինված ղեկավարություն` կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի ոլորտի զարգացման համար:

Անտառահատման հետևանքներն են էրոզիայի և սողանքների ավելացումը, հողերի և վարելահողերի կորուստը, տեղական եղանակային և կլիմայական պայմանների փոփոխությունը և օդի անբավարար որակը, ինչպես նաև բույսերի և կենդանիների բնակավայրերի ոչնչացումը:

Կառավարության կողմից Թեղուտի նման էկոլոգիապես զգայուն տարածքներում հանքարդյունաբերության ծրագրերի մշակմանն ուղղված գործողությունները վկայում են բնական անտառների՝ որպես կենսաբազմազանության պաշարների կարևորության պաշտոնական գիտակցման բացակայության մասին:

Որոշ դրական քայլեր էին ձեռնարկվել 2017-2018 թթ. Հայաստանում անօրինական անտառահատումների երևույթը կանխելու ուղղությամբ, բայց այդ միջոցառումներն այլևս չեն շարունակվում, ու ներկայիս քայլերը միանգամայն բավարար չեն: Ծրագրվում էր օգտագործելով բարձր տեխնոլոգիաներ կանխարգելել ապօրինի ծառահատումները։ Այդ ծրագիրը պատրաստ էր իրագործվելու, բայց, ցավոք սրտի, այն չկենսագործվեց։ Անտառահատումների կանխման և անտառների պահպանման աշխատանքների փոխարեն ծրագրվում է մի առասպելական միջոցառում` Հայաստանում մեկ օրում տնկել 10 միլիոն ծառ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում անտառահատման հիմնական պատճառը վառելափայտի պահանջարկն է՝ պայմանավորված այլընտրանքային վառելիքի պաշարների բացակայությամբ: Առկա խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է մեղմացնել ճնշումը անտառների վրա՝ մերձակա գյուղերում տեղակայելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ, ինչպիսիք են արևային էներգիայի օգտագործման միջոցները։ Կարևոր է նաև անտառամերձ տների օգտագործած ջերմային էներգիայի արդյունավետության բարձրացումը։

Հայաստանում ապօրինի ծառահատումը շահութաբեր գործ է։ Տիրապետող մտայնությունն այն է, որ անտառային ոլորտում կոռուպցիան կապված է բիզնեսի հետ, որը հովանավորվում է բարձր մակարդակի պետական պաշտոնյաների կողմից: Կառավարության նախաձեռնած քայլերն անբավարար են ապօրինի ծառահատումների հետևանքով անտառների ոչնչացումը դադարեցնելու համար:

Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի համար շահավետ ոլորտ: Դժբախտաբար, բնապահպանական սահմանափակումները չեն կիրառվում հանքարդյունաբերության ոլորտում հիմնական գործառնությունների մեծ մասի դեպքում, ինչը հանգեցնում է շրջակա տարածքների էկոհամակարգի վնասման: Հաճախ կոռուպցիան ծագում է արտոնության տրամադրման և թույլտվությունների ձեռքբերման փուլում:

Հայաստանում գոյություն ունեն 500-ից ավելի աշխատող հանքավայրեր, բայց դրանց մեծ մասը ոչ մետաղական՝ քարի ու ավազի հանքերն են, որոնք մեծ վտանգներ չեն ներկայացնում, սովորաբար չեն ունենում բնապահպանական բացասական հետևանքներ։ Սակայն պղնձի, մոլիբդենի, ոսկու, կապարի և ցինկի հանքերի շահագործումը հղի է լուրջ խնդիրներով: Դրանց դեպքում բնապահպանական բացասական հետևանքների հավանականությունը շատ մեծ է։ Այս հանքավայրերն ունեն պոչամբարներ, որտեղ կուտակվում են թունավոր նյութերը, որոնք առաջանում են հանքերի շահագործման հետևանքով։ Հաճախ այդ թունավոր նյութերը պոչամբարներից դուրս են հոսում կամ ներծծվում են հողի մեջ` ստեղծելով լուրջ վտանգներ։

Մետաղական հանքերը հիմնականում վաճառված են օտարերկրյա մեծ մասնաբաժնով ընկերությունների, և դրանցից Հայաստանի Հանրապետությունը ստանում է չնչին տոկոս՝ որպես ընդհանուր շահույթի ռոյալթի։

ՀՅԴ մոտեցումները շրջակա միջավայրի և բնական պաշարների վերաբելյալ

ՀՅԴ-ն այն եզակի քաղաքական ուժն է, որն ունի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության հստակ մոտեցումներ, որոնք վերաբերում են՝

-շրջակա միջավայրի պահպանությանը և բնական պաշարների շահագործմանը՝ տվյալ գործընթացները վերակառուցելով -ողջամիտ օգտագործման քաղաքականության սկզբունքով (կայուն զարգացում),

-ջրային պաշարների հաշվառմանը, ամբարմանը և բաշխման քաղաքականությանը,

-հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր և հատուկ պահանջներին, հողի օգտագործման՝ շրջակա միջավայրի վրա -ազդեցության սահմանափակումներին և վերականգնման միջոցների մշակմանը,

-մթնոլորտային արտանետումների (և՛ անշարժ, և՛ շարժական աղբյուրներից) կառավարմանը,

-ընդերքի պաշարների հաշվառմանը,

-անտառների կայուն կառավարմանը,

-թափոնների պահմանը, տեղադրմանը, վերամշակմանը, օգտահանմանը, երկրորդային օգտագործմանը,

-կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման համակարգերին` ներառյալ հարմարվողականությունն ու մեղմումը,

-Հայաստանում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու դրանց թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարմանը,

-կենդանական աշխարհի պահպանմանն ու ողջամիտ օգտագործմանը,

-բուսական աշխարհի պահպանմանն ու հավասարակշռված օգտագործմանը,

-շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության համակարգի բարելավմանը,

-էկոլոգիական կրթության և իրազեկման միասնական քաղաքականության ապահովմանը:

Ընդհանուր առմամբ շրջակա միջավայրի քաղաքականության վերաբերյալ Դաշնակցության առաջարկությունները բխում են ներառական զարգացման հրամայականից և կառուցված են տեխնածին տնտեսական մոդելից կայուն զարգացման անցնելու տնտեսական մոդելի գործադրման սկզբունքով։ Վերջինիս պայմաններում կտրուկ կնվազեցվի չվերականգնվող բնական պաշարների շահագործումը, կկրճատվեն առաջացող թափոնների ծավալները։

Արեգ Ղարաբեգյան – ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների մասնագիտական ոլորտային հանձնախմբի նախագահ։
Ապրիլ 2020

«Դրօշակ», թիվ 6 (1640), հունիս, 2020 թ.

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica