close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամառվա ընթացքում շատ ու շատ բիզնեսմեններ կդադարեցնեն գործունեությունը և կունենանք գործազրկության աննախադեպ աճ․ Խոսրով Հարությունյան

Տնտեսական

3 Հունիսի 2020, 00:08
 Ամառվա ընթացքում շատ ու շատ բիզնեսմեններ կդադարեցնեն գործունեությունը և կունենանք գործազրկության աննախադեպ աճ․ Խոսրով Հարությունյան

Կառավարության համար ավելի նախապատվելի է այսօր հովանավորել բիզնեսը, քան վաղը՝ գործազուրկին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց  ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նա կառավարության տնտեսական օժանդակությունը բնորոշող պատկերավոր համեմատություն արեց․ «Սա գիտե՞ք ինչին է նման․ փոթորկի մեջ հայտնված նավ և նավապետն ասի՝ գիտեք ինչ կա, ես ունեմ փրկարար բաճկոններ, բայց ես ձեզ տալիս եմ պարտքով․ երբ հասնեք ափ, ինձ կվճարեք։ Էսպիսի բան չի կարելի անել»։

Խոսրով Հարությունյանը բացատրեց՝ ինչու․ սովորաբար, բիզնեսմենը մտածում է այսպես՝ ե՞րբ կարող եմ ես տուժել՝ եթե իմ որոշումները սխալ են եղել, սա բնական է, որովհետև ես ունակ չէի ճիշտ որոշումներ կայացնել, հետևաբար, ես իմ որոշումների տնտեսական հետևանքների պատասխանատուն եմ և իմ սխալ որոշման պատճառով  իմ գործերը վատանում են և ես սնանկ եմ դառնում՝ սա նորմալ է։ Բայց այսօր բիզնեսմենը սնանկ է դառնում ոչ թե որ սխալ որոշում է ընդունել, այլ իրենից չկախված պայմաններում՝ կառավարությունը սահմանել է արտակարգ դրություն, օբյեկտիվորեն ճիշտ է արել և այդ պայմաններում կառավարության խնդիրն է տնտեսվարողներին չթողնել խեղդվեն։

«Այսօր կառավարության կողմից նախաձեռնած տնտեսական փաթեթները՝ խոշոր կամ փոքր ու միջին ձեռնարկություններին առաջարկվող վարկերի կամ պարտքերի տեսքով, անթույլատրելի են»,-ասաց նա։

Այս ամենի արդյունքում, Խոսրով Հարությունյանի համոզմամբ, կունենանք նվազ վճարունակ քաղաքացի՝ որովհետև եկամուտները ակնհայտորեն նվազելու են, արդեն ամառվա ընթացքում կտեսնենք, որ շատ ու շատ բիզնեսմեններ կդադարեցնեն իրենց գործունեությունը, հետևաբար կունենանք գործազրկության աննախադեպ աճ՝ իր սոցիալական լուրջ ճնշումներով և մենք կունենանք գործարարության և արտադրության ծավալների կրճատում։

Հետևելով 2020-ի առաջին 4 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշներին և նաև որոշ ոլորտներում ցուցանիշներին, նա արձանագրել է սպասված նահանջ․ «Այդ նահանջը պայմանավորված է արտակարգ դրությամբ և կորոնավիրուսի համաճարակի հետ կապված  կարանտինի պայմանների սահմանմամբ, և այդ ցուցանիշները խոսում են այն մասին, որ կառավարությունը պետք է լուրջ և, ես կասեի՝ ոչ ստանդարտ, մոտեցումներ ցուցաբերի, լուծումներ առաջարկի, որ կարողանա տնտեսությանը, տնտեսվարողներին, ինչպես նաև սպառողներին հնարավորին չափով՝ կորուստները հնարավորինս նվազեցնելու ճանապարհով, տնտեսական կյանքը պահպանել»։

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի պատճառով սպառողների վարքագիծը փոխվել է՝ նկատեց նա, և ակնհայտ է,  որ փոխվել է ոչ միայն պայմանավորված համավարակի առանձնահատկություններով՝ շփումների սահմանափակում, որոշ նախապատվությունների զիջում կամ մերժում, այլև սպառողների եկամուտի նվազմամբ։ Այս պատճառով, ըստ նրա, կառավարության համար մեկ խնդիրը պետք է լինի փորձել իր սպառողի որոշակի վճարունակությունը պահպանել․ «Սա դժվար խնդիր է, բայց խիստ կարևոր»։

Կա ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր խնդիր․ «Դա այն է, որ մեր տնտեսվարողներն են հայտնվում խիստ ծանր վիճակի մեջ։ Թվում է, թե կառավարության համար մեկ խնդիրը պետք է լիներ սահմանափակումները հանելուց հետո առաջիկա մի քանի ամսվա ընթացքում նպաստել, աջակցել, օգնել սպառողներին՝ վերջիններիս ֆինանսական իրացվելիությունը ապահովելու նպատակով։ Ի՞նչ է նշանակում իրացվելիություն՝ կառավարությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, որ մեր տնտեսվարողները կարողանան իրենց ֆինանսական պարտավորությունները կատարել․ պարտավորություններ աշխատողի հանդեպ՝ աշխատավարձի տեսքով, պարտավորություններ բյուջեի հանդեպ՝ հարկերի տեսքով, պարտավորություններ բանկերի հանդեպ՝ վարկերի մարման տեսքով, պարտավորություններ իրենց կոնտր ագենտների առջև, որովհետև կան ընկերություններ, որոնք պատվերներ են ստացել և պետք է կատարեն՝ եթե այդ պատվերները չեն կատարում՝ հայտնվում են ծանր վիճակում։ Այսինքն, կառավարությունը պետք է ոչ թե դառնար տնտեսվարողների համար նախապատվելի բանկիր, այլ նա պետք է ուղղակի դառնար նրանց գործընկերը, հովանավորը»։

Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ կառավարությունը բյուջետային ռեսուրսները փոքր և միջին ձեռնարկություններին ոչ թե պետք է տար վարկի տեսքով, այլ դրանք պետք է ուղղակի լինեին գրանտներ՝ դրամաշնորհենր, որպեսզի փոքր և միջին ձեռնարկատիրությունը չխեղդվեր․ չէ՞ որ դրանք բյուջետային ռեսուրսներ են, սա ուղղակի անհասկանալի և անթույլատրելի է։

«Կառավարության պատասխանատուներն ասում են՝ շատ բարդ է այս պայմաններում որոշումներ կայացնել։ Ես ընդունում եմ։ Բայց եթե կառավարության համար շատ բարդ է որոշում կայացնելը, պատկերացնո՞ւմ եք՝ այն միջին ձեռնարկատիրոջ համար, որը չի իմանում, թե վաղը-մյուս օրը ինչ է լինելու, նրա համար ինչ դժվար է լինելու որոշումներ կայացնել։ Իսկ կառավարությունը հիմա  նրանց ասում է՝ պարտք վերցրեք․ ընդ որում պարտքը, ճիշտ է, կվճարեք 3 տարվա ընթացքում, բայց առաջին 2-3 ամսում իմ հարկերը պետք է վճարեք։ Աբսուրդ է սա, այսպիսի բան չի լինում»,-ասաց նա։

Պետության արտաքին պարտքը ևս, բնականաբար, կաճի․ Խոսրով Հարությունյանի համար սա հասկանալի է՝ այս պայմաններում բոլոր պետություններն են պարտք վերցնում։ Հայաստանի 150 միլիարդ դրամը, ըստ նրա, մեծ գումար չէ։ Այստեղ խնդիրը ոչ թե պարտք վերցնել-չվերցնելն է, այլև վերցրած պարտքը արդյունավետ օգտագործելը, իսկ տվյալ դեպքում «արդյունավետ օգտագործել» ասվածը  պետք է հասկանալ այդ պարտքի կիրառումն այնպես, որ մեր ձեռնարկատերերին չստիպի կանգնել փակման եզրին՝ սնանկացման դռանը։

«Ես այս մասին դիմել եմ նաև կառավարությանը, հոդվածս առանձին մարդկանց միջոցով ուղարկել եմ պատասխանատուներին, որ դուք սխալ ճանապարհով եք գնում, սա չի բերելու մեր տնտեսվարողների, առավել ևս, մեր բնակիչների իրացվելիության, այսինքն, ֆինանսական պարտավորություններ կատարելու կարողությունների ապահովմանը կամ պահպանմանը»,-ասաց նա։

Հետկարանտինային շրջանում, երբ սահմանափակումները վերացվել են և տնտեսվարողներին հնարավորություն տրվել աշխատելու, Խոսրով Հարությունյանի համոզմամբ, առաջին և ողջամիտ քայլը պետք է լիներ այն, որ կառավարությունը առաջիկա երկու-երեք ամիսների համար սահմաներ եկամտային հարկի նվազագույն շեմ՝ 10 տոկոս, իսկ մինչև 150 հազար դրամ ստացող քաղաքացիներին ազատեր եկամտահարկից ընդհանրապես։

«Այդ ժամանակ տնտեսվարողները կհասկանային, որ այն եկամտահարկը, որ իրենք վճարում են քաղաքացու համար և դա որպես ծախսային հոդված գրանցվում, եթե դա նվազեցվում է, դրանով տնտեսվարողներին հնարավորություն է տրվում ավելի մրցունակ արտադրանք առաջարկելու։ Կամ մենք գիտենք, որ գոյություն ունի շահութահարկի կանխավճարումներ․ այսօր տնտեսվարողները յուրաքանչյուր ամիս կամ եռամյսակը մեկ վճարում են նախորդ ամիսների շահութահարկի չափով կանխավճարումներ։ Եղբայր, կանխավճարումները այս 6 ամսվա ընթացքում հանեք, մի պահանջեք, որ վճարեն»,-առաջարկեց Խոսրով Հարությունյանը։

Նա համոզված է, որ հիմա, առավել քան երբևէ, եկամտահարկի հարթ սանդղակից պետք է անցնել պրոգրեսիվ սանդղակի․ «Ճիշտը դա է, որ ով շատ եկամուտ է ստանում, նա ավելի շատ պետք է մասնակցի, համաչափ պատասխանատվություն պետք է լինի, ընդ որում այս պայմաններում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը պետք է զրո լինի, որովհետև Հայաստանում աշխատողների 62 տոկոսը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են»։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար կառավարությունը նաև գյուղոլորտին աջակցելու ծրագրեր առաջարկեց։ Խոսրով Հարությունյանը նկատում է՝ ինքը դեմ չի գյուղացուն աջակցելուն, ավելին՝ ինքն է 2010-12 թթ դրա նախաձեռնողներից մեկն եղել, բայց ինքն այսօր էլ է ասում՝ գյուղացին փողից բացի լուրջ խորհրդատվության կարիք ունի։

«Դուք առաջարկում եք մի գայթակղիչ պայմաններով վարկ, որը նա կնախընտրի վերցնել, բայց մենք երաշխիք չունենք, որ այդ վարկի օգտագործումը այնպիսի արդյունավետությամբ կիրականացվի, որ արդյունքը կլինի ոչ միայն վարկ փակելու հնարավորությունը, այլև, ըստ էության, ավելացված արժեք կձևավորվի։ Գյուղացին ոչ թե դա դիտավորյալ կանի, այլ գյուղացու մոտ գյուղատնտեսական գիտելիքների խիստ պակաս գոյություն ունի»,-ասաց նա։

Գյուղացին, նրա համոզմամբ, չի իմանում շատ բաներ, էլ չասած՝ չունի տեխնոլոգիական, մասնագիտական կարևոր գիտելիքներ․ «Էս խեղճ գյուղացիներն ասում են՝ մենք չենք հասկանում՝ էս հողակտորից 5-10 տարի առաջ ստանում էինք 20-40 ցենտներ բերք, հիմա 15 ցենտներ էլ չենք ստանում․ գյուղացին չի իմանում, չէ՞,որ մեկ տոննա հացահատիկ եթե հավաքում է, այդ 1 տոննա հացահատիկի հետ հողից հանում է 47 կգ կալիումական աղ, եթե այդ կալիումական աղը չեք ավելացնում, այլևս հողն այդ բերքը չի կարող ապահովել։ Գյուղացին չի իմանում, չէ՞, որ, ախպեր ջան, եթե դու միայն սելիտրա ես տալիս, դու ժամանակի ընթացքում քո հողի ագրոքիմիական բաղադրությունը փոխում ես, որը  ակնհայտորեն ազդում է նաև բերքատվության վրա»։

Հետևաբար, գյուղացուն փող առաջարկելու հետ միասին նրան պետք էր տալ որակյալ խորհրդատվություն։

«Ասում են՝ թող զանգ տան, մենք կասենք․ կներեք՝ զանգով խորհրդատվություն չեն տալիս։ Գյուղատնտեսական համալսարանը պետք է կրթության համակարգից դուրս բերվեր և տրվեր գյուղատնետսության նախարարությանը և նա պետք է դառնար գյուղատնետսական քաղաքականության մշակման գիտական կենտրոնը։ Եվ այն պետք է արտադրեր խորհրդականներ և գիտնականներ։ Այս համակարգը գործում է ԱՄՆ-ում 1862 թ-ից։ Ես սա 10 տարի է ասում եմ։ Թե չէ, այսօր գյուղացին հողի ձեռքը տառապում է, գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի արտադրողականությունը 118 անգամ ավելի ցածր է, քան շինարարության ոլորտում»,-ասաց նա։

Խոսրով Հարությունյանը այս խնդիրները լուծելու ուղղությամբ քայլեր չի տեսնում։ Եվ համոզված է՝ գյուղատնտեսության ոլորտում այսօր տրված գումարների մեծ մասը պրոբլեմ են առաջացնելու գյուղացիների համար և 3 տարուց հետո գյուղացիները բարձրացնելու են իրենց վարկերը ներելու հարցը․ «Սա լինելու է»։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica