close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+25°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գազպրոմ»-ն ինքը պետք է զսպի ախորժակը. Մհեր Գրիգորյան

Տնտեսական

29 Մայիսի 2020, 18:12
 «Գազպրոմ»-ն ինքը պետք է զսպի ախորժակը. Մհեր Գրիգորյան

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության, կորոնավիրուսի համավարակի պայմաններում բիզնեսի վիճակի, ԵԱՏՄ-ում պաշտոնական Երևանի աշխատանքի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև գազային վեճի մասին EADaily-ի թղթակիցը զրուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Yerkir.am-ը ներկայացնում է գազի խնդիրներին վերաբերող հատվածը:

 

- Պարո՛ն Գրիգորյան, որպես գազի հարցով Ռուսաստանի հետ Հայաստանից գլխավոր բանակցող` պարզաբանեք` ինչո՞ւ ծագեց գազային վեճը Մոսկվայի հետ: Այն դրսևորվեց նաև վերջերս տեղի ունեցած` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, երբ Հայաստանն ու Բելառուսը խոսեցին գազի տեղափոխման սակագների միասնական մոտեցումների մասին, ինչի հետ Ռուսաստանը չհամաձայնեց:

- Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին… Ցանկանում եմ հստակեցնել, քանի որ չեմ համարում, որ դրանք տարաձայնություններ են, մասնավորապես` Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որ խոսքը «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարությունը մինչև 2025 թվականը» փաստաթղթին վերաբերող երկու պահի մասին էր: Փաստաթուղթն արդյունքում հավանության արժանացավ, բայց չհաստատվեց: Այն կվերամշակվի հետագա հաստատման համար: Դրանում գազի տարանցման ու տեղափոխման սակագների ձևավորման մոտեցումների երկու տարբերակ կար: Մեկը բացարձակապես ընդունելի էր Ռուսաստանի համար, դրանում չի հերքվում գազի տարանցման ու տեղափոխման սակագների ձևավորման միասնական մոտեցումների տրամաբանությունը: Ռուսաստանը փաստացի ասում է, որ տվյալ մոդելը կարող է գործել չորս պետության համար, բայց ոչ` հինգ: Համենայն դեպս, ես այդպես եմ հասկանում: Այսինքն` Ռուսաստանն ունի իր ներքին սակագինը, սակայն այն զուտ ներքին սակագին է, իսկ մյուսների համար կարող է գործել միասնական ստանդարտ, որը, իմ կարծիքով, ընդունելի է Ռուսաստանի համար: Ինչ-որ չափով դա քննարկելի և հասկանալի է մեզ համար: Սակայն  Եվրասիական տնտեսական միության տրամաբանությունը, չորս հիմնական ազատությունների (կապիտալի, ծառայությունների, աշխատուժի և ապրանքների տեղափոխում) տրամաբանությունը, ազատ առևտրի տրամաբանությունը ասում է այն մասին, որ բոլոր հինգ մասնակիցների համար պետք է լինի միասնականություն: Եվ երբ հենց այդպես է հարցը դրվում, ռուսական կողմն ասում է, որ ինտեգրման մակարդակը բավարար չէ տվյալ հարցում միասնական մոտեցումների կիրառման համար:

- Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` վերջերս տեղի ունեցած նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ գազի տարանցման ու տեղափոխման միասնական սակագին կարելի է ներդնել ինտեգրման` միայն որոշակի մակարդակի հասնելուց հետո` միասնական շուկա, միասնական բյուջե և հարկային միասնական համակարգ: Այլ կերպ ասած` Ռուսաստանը պնդում է` նախ` ինտեգրում, հետո` գազի հարցով ընդհանուր պայմաններ: Այդ փաստարկն ընդունելի՞ է հայկական կողմի համար:

-Որպես կազմակերպություն` ԵԱՏՄ-ի էվոլյուցիայի հարցը բարդ է: Այն պետք է քննարկել հիմնարար սկզբունքների տեսանկյունից, որոնցից մեկը պետությունների ինքնիշխանությունն է, և դրա մասին խոսվում է հիմնադիր պայմանագրում: Անշուշտ, ասվածում տրամաբանություն կա, քանի որ եթե գազի միասնական գին լինի և տարբեր հարկեր, դա էլ մրցակցային միջավայրին վերաբերող հարց է: Սակայն, մյուս կողմից, այն, ինչ վերաբերում է ազատ առևտրին ու ԵԱՏՄ երկրների հենց տնտեսական իրավիճակի զարգացմանը, ինչը նույնպես Միության հիմնադիր փաստաթղթերում առկա է, մենք կամ Միության անդամ երկրների խումբը լեգիտիմ իրավունք ունի միասնական սակագնի հնարավորությունը դիտարկելու, քանի որ դա նախևառաջ վերաբերում է առևտրին: Ըստ էության, մենք խոսում ենք գազի առևտրի մասին: Այդ կապակցությամբ առևտրում միասնական ստանդարտը կարող է օրակարգում լինել որպես հիմնական հարց` ընթացիկ իրադրության զարգացման համատեքստում:

- ԵԱՏՄ անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել էին  2025-ի հունվարի 1-ից էներգառեսուրսների միասնական շուկա գործարկելու մասին: Իրագործելի՞ է այդ խնդիրը` հաշվի առնելով ներկայիս անորոշ իրավիճակը էներգառեսուրսների ոլորտում` Միության մակարդակով:

- Կարծում եմ` այո: Նախ` ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ես չեմ լսել որևէ տարաձայնության մասին: Էլեկտրաէներգիայի մասով միասնական չափորոշիչներն ընդունելի են բոլոր հինգ պետությունների համար: Այդ ուղղությամբ փորձագետներն առաջ են շարժվում, և միասնական էլեկտրաէներգետիկ շուկա ձևավորելու ճանապարհին խնդիրներ չկան: Գազի պահով, ինչպես տեսնում եք, կան հարցեր, որոնք ենթակա են քննարկման: Կարծում եմ, որ մենք պետք է այդ հարցի փոխզիջումային լուծումը գտնենք:

- Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանի անունից դուք «Գազպրոմ»-ին առաջարկել էիք փոխել սահմանին գազի գնի բանաձևը, այսինքն` անցնել ֆիքսված գնից գնագոյացման շուկայական մեխանիզմներին, ինչպես ներկայումս «Գազպրոմ»-ն աշխատում է Եվրոպայի հետ, ուր  գազը մատակարարվում է երկու անգամ էժան, քան Հայաստան: Նաև առաջարկել էիք անցնել ազգային արժույթով հաշվարկին: Ինչպիսի՞ն է «Գազպրոմ»-ի արձագանքը:

- Մեր ցանկությունն է, որ այդպիսի հարցերը քննարկվեն ԵԱՏՄ հարթակում: Դա ԵԱՏՄ-ի օրակարգի հարց է, այլ ոչ թե զուտ հայ-ռուսական հարաբերությունների: Քանի որ մենք գտնվում, աշխատում ու ապրում ենք միասնական տնտեսական տարածքում, ապա այդպիսի հարցերը պետք է քննարկվեն այն հարթակում, որտեղ քննարկվում են միասնական առևտրի և տնտեսական զարգացման միասնական սկզբունքների հարցերը: Այդ հարցի հիմնավոր լուծումը պետք է տեղի ունենա ԵԱՏՄ փաստաթղթերով ու մեխանիզմներով, ինչը կառուցողական և արդյունավետ կլինի բոլոր երկրների համար: Այդպիսի որոշումների ընդունումը համեմատաբար կոլեգիալ կլինի և տեղի կունենա նման հարցերի քննարկման ու լուծման հաստատված ընթացակարգերով: Երկկողմ հարաբերություններում այդ հիմնախնդրի դիտարկման հարցը որևէ տեղ չի կանոնակարգված: Որպես կանոն` դա տեղի է ունենում չկանոնակարգված և ինքնաբերաբար, ինչը նույնպես խնդիր է: Կարծում եմ` մենք հասունացել ենք, որ էներգառեսուրսների, տրանսպորտի, տնտեսության և առևտրի հարցերի լուծումը ինստիտուցիոնալացնենք:

-Եվ ինչպիսի՞ն է «Գազպրոմ»-ի արձագանքը Հայաստանի դիրքորոշմանը:

- Կարծում եմ`մեր դիրքորոշումը սկզբունքորեն հասկանալի է բոլորին: Դժվար թե այն ինչ-որ մեկի իրավունքները ոտնահարի: Այն անկեղծ է, պարզ ու հասկանալի: Ինչ վերաբերում է  հենց գնին, ասեմ, որ գնագոյացման հասկանալի մեխանիզմ ունենալը ավելի կարևոր հարց է, քան բարձր կամ ցածր գին ունենալը ընթացիկ տարվա հեռանկարում: Եվ ամեն տարի հարկ է լինում վերադառնալ այդ հարցին: Դրանից նյարդայնանում են բոլորը, այդ թվում` տնտեսությունը: Պատկերացրեք` ներդրող եք և ցանկանում եք ինչ-որ բան արտադրել մեր երկրում: Դուք հաշվարկում եք ձեր ֆինանսական մոդելը` փորձելով ձևակերպել բոլոր ծախսերը: Ձեզ մոտ չի ստացվի, որովհետև կարող եք գումար ներդնել` ելնելով գազի այսօրվա գնից, և մեկ տարի անց ձեր ֆինանսական ամբողջ մոդելը փոխվում է:

- Սակայն, եթե Հայաստանը գազ գնի Ռուսաստանի շուկայական գներով, որոնք ներկայումս նվազել են, դա էլ կայունության երաշխիք չէ: Գազի գինն առաձգական է` մեկ բարձրանում է, մեկ` իջնում:

-Գինը կարող է բարձրանալ կամ իջնել, բայց մեխանիզմը հասկանալի է ներդրողին ու գործարարին: Ներդրողն արդեն կարող է հաշվարկել, միջինացնել ու հասկանալ իր պոտենցիալ եկամուտը: Պետք չէ մոռանալ, որ գազի գներն ազդում են նաև էլեկտրաէներգիայի գնի վրա: Մեզ մոտ գեներացման 30-35 տոկոսը բաժին է ընկնում գազին:

- Այդ ամենը հասկանալի է, բայց հայ սպառողն ու գործարարը կարո՞ղ են վճարել գազի այն գինը, որ համադրելի է եվրոպական սակագներին` դրանց գագաթնակետում:

- Եթե արդյունքում ԵԱՏՄ հարթակում սահմանվի բանաձև կամ մեխանիզմ, որը կհանգեցնի այն բանին, որ Միության ներսում գազի գինը լինի նույնքան, որքան Եվրոպայում է, ապա, հնարավոր է, ես ձեզ հետ համաձայնեմ: Սակայն հույս ունեմ, որ բոլոր որոշումները, որոնք մենք ընդունում ենք, ոչ միայն էներգառեսուրսներին վերաբերող, հաշվի են առնում մեր երկրների տնտեսությունների առանձնահատկությունները: Եվ դա նորմալ է: Կարծում եմ` էներգառեսուրսների արժեքի հարցը նույնպես  կքննարկվի այդ համատեքստում:

- Փորձագետները հաճախ ասում են, որ Հայաստանն անհրաժեշտության դեպքում, որպես այլընտրանք ռուսականին, կարող է դիտարկել իրանական գազը: Իբր դա կարող է զսպել «Գազպրոմ»-ի ախորժակը: Իրանը, գազի մասով, կարո՞ղ է Հայաստանի համար այլընտրանք լինել:

 - Այստեղ պետք է հաշվի առնել երկու բաղադրիչ: Նախ` «Գազպրոմ»-ն ինքը պետք է զսպի գնի պահով իր ախորժակը, քանի որ գազի գնի բարձրացումը սպառողի տեսանկյունից բավականին վտանգավոր է: Այն պատճառով, որ գազի գնի չափազանց բարձրացումը կարող շուկային մղել այլ ռեսուրսների անցնելու, ինչը լիովին նորմալ է: Ինչ-որ չափով դա լավ է, քանի որ խթանում է  էներգախնայող արտադրության անցնելը: Մենք կսուբսիդավորենք և կխթանենք բոլոր ծրագրերը` ուղղված այն բանին, որ նույնիսկ սովորական սպառողն անցում կատարի էներգախնայող տեխնոլոգիաների: Ես հաճախ օրինակ եմ բերում` եթե մեր տրանսպորտը, որպես կանոն, աշխատում է գազով, ապա գնի բարձրացումը, եթե լինի ինքնաբերաբեր և հաշվի չառնի սպառման ներքին առանձնահատկությունը, կարող է հանգեցնել գազի սպառման կրճատման: Եթե գինն աճի, մենք չեն բացառում այդպիսի հեռանկարը: Իսկ այսօր իրավիճակն այսպիսին է`  նավթի գներն ընկել են` իրենց հետ ցած տանելով բենզինի ու դիզելային վառելիքի գները, իսկ գազինը, ենթադրենք, աճում է: Եվ ինչի՞ դա կհանգեցնի: Սպառման կրճատման, ինչը վնասաբեր է հենց վաճառողի համար: Դա ավելի կարևոր է գնից:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք մշտապես ձգտում են մեր հնարավորությունների դիվերսիֆիկացմանը: Էներգետիկ անվտանգության հարցը բացառություն չէ: Սակայն դժվար թե, Հայաստանի տեսանկյունից, ճիշտ ռազմավարություն կլիներ մի կախվածությունից մյուսին անցնելը: Մենք կաշխատենք մեր հնարավորությունների դիվերսիֆիկացման վրա: Եթե հիպոթետիկ իրավիճակ լինի, երբ ստիպված լինենք գազի այլընտրանքային աղբյուրներ փնտրել, այդտեղ արդեն ենթակառուցվածքների մեջ լրացուցիչ ներդրումներ են հարկավոր:

- Որպես գազի հարցով Ռուսաստանի հետ Հայաստանից գլխավոր բանակցող` ասացեք, խնդրում եմ, Մոսկվայի հետ հարաբերություններում գազի թեման զուտ տնտեսությո՞ւն է, թե՞ աշխարհաքաղաքականության գործիք:

- Այդ հարցին պատասխանլը դժվար է: Ինչո՞ւ, որովհետև մենք ներկայումս ձգտում ենք հասնել գազի գնի ձևավորման թափանցիկ ու հասկանելի մեխանիզմների: Ցանկանում ենք այդ դիսկուրսը տեղափոխել տնտեսական դաշտ, որպեսզի աշխատեն ԵԱՏՄ և շուկայի մեխանիզմներն ու կանոնակարգերը: Դա անմիջապես կվերացնի քաղաքականության բաղադրիչն այդ բարդ և զգայուն հարցից, ինչը օգտակար կլինի բոլորին:

- Վերջին հարցը: Վերջերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին` գազի գների համատեքստում, կոչ արեց անկեղծ խոսել և անդրադարձավ դատական գործընթացներին, որոնք, նրա խոսքով, սկսվել են վերջին երկու տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների, այդ թվում ` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի դեմ: Ռուսաստանյան ընկերությունները դժվարություննե՞ր ունեն Հայաստանի իշխանական մարմիների հետ հարաբերություններում:

- Չեմ ցանկանում նույնիսկ մտածել, որ դա այդպես է, թեկուզ այն պատճառով, որ,  մեկ քրեական գործից բացի, այլ հիմնախնդիրներ չեք նշել և ինձ էլ հայտնի չեն: Մեզ մոտ գործում են ռուսական կապիտալով շատ ընկերություններ, աշխատում են տնտեսության` գործնականում բոլոր հատվածներում: Մեկ քրեական գործը չէի նույնականացնի որպես բացասական վերաբերմունք ռուսական կապիտալի նկատմամբ: Հայաստանում ռուսական կապիտալի համար անհարմարություններ չկան: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, կարծում եմ` իրավական ասպեկտները կառուցողական դաշտում քննարկվում են կողմերի կոմպետենտ մարմինների կողմից:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica