close
Եղանակը Երևանում
2 Հուլիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հլս 2020
USD1482.52
GBP1598.08
EUR1540.76
RUB16.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ թուրքն ստիպված էր պայմանագիր կնքել. ջավախահայության 1918 թ. մայիսյան հերոսապատումը

Քաղաքական

28 Մայիսի 2020, 19:32
 Երբ թուրքն ստիպված էր պայմանագիր կնքել. ջավախահայության  1918 թ. մայիսյան հերոսապատումը

Հայ ժողովուրդը կրկին նշում է 1918 թ. Մայիսյան բախտորոշ հաղթանակների տարեդարձը: Հաղթանակներ, որոնք անկյունադարձային նշանակություն ունեցան 1915 թ. ցեղասպանված և Երևանի ու Էջմիածնի պատերի տակ արյունաքամվող հայ ժողովրդի համար: Պարզորոշ էր արդեն, որ, հայազրկելով Արևմտյան Հայաստանը, թուրքական ղեկավարությունն այդ օրերին մոտենում էր իր պատմական երազանքի իրագործմանը. այն է՝ արևելահայության ոչնչացման և տարածքների զավթման միջոցով միանալ իր արևելյան ցեղակիցներին՝ կովկասյան թաթարներին: Դրանով Թուրքիան վերացնում էր Միջին Ասիա և Ալթայ ձգվող Մեծ Թուրանի ճանապարհին առկա առաջնային ու հիմնական խոչընդոտը: Ահա այս հեռուն գնացող ծրագիրն էր, որ առժամանակ կասեցվեց հայ ժողովրդի 1918 թ. մայիսյան մաքառումների շնորհիվ, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմամբ, Խորհրդային Հայաստանի տնտեսական և մշակութային վերելքի և 1991 թ. կրկին վերածնված հայոց անկախ պետականությամբ, Արցախի ազատագրմամբ ու հայոց բանակի կայացմամբ վերջնականապես չեզոքացվեցին թուրքական դարավոր նկրտումները:

1918 թ. մայիսին Թուրքիայի համար ստեղծվել էին աշխարհաքաղաքական նպաստավոր իրողություններ. նույն թվականի մարտի 3-ին Քառյակ միության և խորհրդայնացված Ռուսաստանի կառավարության միջև ստորագրվել էր Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագիրը, որով Թուրքիային էին հանձնվում ամբողջ Արևմտյան Հայաստանն ու Կարսի մարզը, և վերականգնվում էր 1877-1878 թթ. ռուս-թուրքական սահմանագիծը, ապրիլի 1-ին ընդհատվել էին նույն թվականի մարտի 14-ից Անդրկովկասյան Սեյմի և թուրքական պատվիրակության միջև ընթացող տրապիզոնյան բանակցությունները, ապրիլի 9-ին Ռուսաստանից անջատվել էր Անդրկովկասը և ստեղծվել էր Անդրկովկասի դեմոկրատական դաշնային հանրապետություն, մի կազմավորում, որտեղ ի սկզբանե բացակայում էր միասնականությունը:

Ահա այս պայմաններում էր, որ թուրքական զորքերը, խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքված զինադադարի մասին պայմանագիրը, 1918 թ. հունվարի վերջին նախօրոք կենտրոնացված դիրքերից անցան նոր հարձակման: Մեկը մյուսի հետևից իրենց ձեռքը վերցնելով Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներ ու բնակավայրեր, անգամ հաշվի չառնելով մայիսի 11-ին Անդրկովկասի կառավարության ու թուրքական պատվիրակության միջև Բաթումում վերսկսված բանակցությունները, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլն ու վերադասավորվելով 4 հիմնական ուղղություններով, այն է՝ դեպի Վորոնցովկա (Կալինինո, Տաշիր) - Բոլնիս-Խաչեն, դեպի Համամլու (Սպիտակ) – Ղարաքիլիսա (Կիրովական, Վանաձոր), դեպի Էջմիածին ու Արարատյան դաշտ, շարժվեցին առաջ: Հայ ժողովուրդը կարծես վերջին շնչում ոչ միայն բռունցքվեց և հետ շպրտեց թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները, այլև ազատագրված արարատյան փոքրիկ հողակտորի վրա հայտարարեց անկախ պետականության վերստեղծումը, պետականություն, որն արդեն մի քանի դար է, ինչ հայրենի հողի վրա դադարեցրել էր իր գոյությունը:

1918 թ. թուրքական արշավանքները չեն սահմանափակվում միայն վերոնշյալ ուղղություններով. նպատակ ունենալով գլխովին ոչնչացնել ողջ արևելահայությանը, 1918 թ. մայիսի սկզբին թուրքական զորախմբերը հարավից (Աշոցք) և հարավ-արևմուտքից (Չլդր) ներխուժեցին նաև Ախալքալաքի գավառ, որի ողջ ազգաբնակչությունը՝ շուրջ 7-8 տասնյակ հազար մարդ, մեծ կորուստներով գաղթեց դեպի Բակուրիանի և Ծալկայի հատվածներ: Ինչ վերաբերում է Ախալցխայի գավառին, ապա վերջինիս հայ ազգաբնակչությունը չարտագաղթեց. Հայ Յեղափոխական Դաշնակցության Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ Ախալցխայի քաղաքագլուխ նշանակված Զորի Զորյանը շուրջ 5-6-ամսյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո 1918 թ. մայիսի վերջին, ստանալով թուրքական ղեկավարության կողմից հայկական ազգաբնակչության կյանքի ու գույքի անձեռնմխելիության երաշխիքներ, ընդունեց վերջիններիս գերիշխանությունը, որով և ազգաբնակչությանը զերծ պահեց արյունալի կոտորածներից: Հավելենք, որ իրենց ինքնապաշտպանության գործում հերոսական դրվագներով աչքի ընկան նաև Ախալքալաքի գավառի մի շարք գյուղեր: Երկու գավառներում էլ թշնամու դեմ հերոսաբար մարտնչեցին ինչպես Արևմտյան Հայաստանում իրենց մարտական մկրտությունն ստացած անվանի ֆիդայիներ, այնպես էլ բուն Ջավախքում հայտնի մի շարք քաջորդիներ:

Թուրքական տիրապետության կիսամյա շրջանը (1918 թ. մայիս-նոյեմբեր Մուդրոսի հոկտեմբերի 30-ի զինադադարով առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան ստիպված էր զորքերը հետ քաշել մինչև 1914 թ. ռուս-թուրքական սահմանը, որով ազատագրվում էին նաև Ախալքալաքի ու Ախալցխայի՝ մինչ թուրքական ռազմակալումը կամ Սեյմի կողմից Անդրկովկասի անկախության հռչակումը Ռուսաստանի կազմում գտնված գավառները), որի ընթացքում տեղի մահմեդականների օգնությամբ թալանի ու կոտորածի վայրի վերածեցին հատկապես Ախալքալաքի գավառը, դարձավ հայաբնակ այս գավառների պատմության ամենաարյունալի, միաժամանակ ամենահերոսական էջերից մեկը: Թուրքական կոտորածներից, Թռեղքի լեռնային անտառներում (Բակուրիանում) և Ծալկայի շրջանում տեղակայված գաղթականական ճամբարներում տարածված հիվանդություններից, ցրտահարությունից ու սովից մահացավ Ախալքալաքի գավառի ազգաբնակչության կեսից ավելին՝ շուրջ 4-5 տասնյակ հազար մարդ:

Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918 թ. արյունալի անցքերն իրենց ռազմաքաղաքական բնույթով կազմում են Արարատյան դաշտի, Ապարանի ու Ղարաքիլիսայի՝ նույն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մեկ մասնիկը, քանի որ հենց թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նշյալ գավառների հայազրկումն ու բռնազավթումը դիտարկվել են արևելահայության ոչնչացման և Արևելահայաստանի բռնազավթման թուրքական մեկ ամբողջական և համակարգված ծրագրի առանցքային կետերից մեկը։

Ջավախահայության՝ նշյալ շրջանի ինքնապաշտպանական գործողություններին է անդրադարձել ժամանակի մամուլը: Թիֆլիսյան բազմաթիվ թերթերում գրեթե ամեն օր տպագրվել են տեղի թղթակիցների հեռագրերը, հոդվածներն ու ահազանգերը, որոնցում ամենայն բարեխղճությամբ ներկայացվում է դեպքերի ու դեմքերի մասին: Այդ իմաստով անգնահատելի է հենց տեղում՝ Ախալցխայում, 1917-1918 թթ. Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից քաղաքի Մարտիրոսյան եղբայրների տպարանում հրատարակված նշանավոր «Շարժում» թերթը (թերթի խմբագիրներն են եղել Ա. Ավագյանը և Մ. Զարաֆյանը, հրատարակիչը՝ Հ. Բուլանյանը: 1917 թ. հրատարակվել է թերթի 37, 1918 թ.՝ 33 համար (տե՛ս՝ Հայ պարբերական մամուլի մատենագիտություն, (1794-1967), համահավաք ցանկ, կազմ.՝ Ա. Կիրակոսյան, Ե., 1970, էջ 152), որի էջերը ողողված են Ախալցխայի և համանուն գավառի իրադարձությունները ներկայացնող ու վերլուծող հրապարակումներով ու ակնարկներով: Թերթի էջերում տեղ են գտել նաև ժամանակի գործող անձանց՝ գավառի քաղաքական և ռազմական ղեկավարների ու այլ գործիչների մասին մի շարք տեղեկություններ ու դիմապատկերներ:

Ի՞նչ տվեց Ախալցխայի շուրջ 6-ամսյա հերոսական ինքնապաշտպանությունը. 1918 թ. հերոսապատումի շնորհիվ չընդհատվեց ախալցխահայության պատմության շղթան: Գաղթելու մասին իսպառ մոռացած մի հերոս ժողովուրդ ստիպեց անգամ հաշվի նստել իր հետ աշխարհակալ հզոր եռյակի դեմ պայքարող Թուրքիային, որն ստիպված էր ոչ թե այլ գավառների նման մորթոտել ու հոշոտել հային` բռնազավթելով վերջինիս հայրենիքը, այլ… պայմանագիր կնքել իր հետ: 1918 թ. մայիսի 24-ին (հին տոմարով) թուրքական կանոնավոր բանակի հրամանատարության և Ախալցխայի ինքնապաշտպանության ղեկավարների միջև կնքված պայմանագիրը, հիրավի, հայ-թուրքական առաջին գրեթե հավասարազոր պայմանագիրն էր Հայոց ցեղասպանությունից ի վեր, երբ թուրքական կողմը մորթելու փոխարեն հաշվի էր նստում հայության հետ, ավելին՝ կնքում պայմանագիր, որով երաշխավորում էր ախալցխայի ազգաբնակչության խաղաղ կյանքի ու գույքի անձեռմխելիությունը: Դա՝ շնորհիվ անկոտրում ախալցխահայության և նրա առաջնորդ Զորի Զորյանի կամքի ու վճռականության:

«Եվ այժմ քաղաքը, որպես պատկառելի և կազմակերպված ուժ, բանակցության էր նստել, ինչպես հավասարը՝ հավասարի, պետական բանակի հրամանատարության հետ և ստորագրում էր հաշտության մի պայմանագիր, որն այն ժամանակվա քաղաքական մղձավանջային պայմաններում կարող էր պատիվ բերել ոչ միայն մի փոքրիկ քաղաքի, ինչպիսին Ախալցխան էր, այլև անգամ մի ողջ պետության»,- գրում է ծնունդով Ախալցխայի Սազել գյուղից, 1918 թ. իրադարձությունների ականատես և ինքնապաշտպանության մասնակից, հայրենի Ախալցխայի պատմության ու մշակույթի մեծ երախտավոր Երվանդ Սիմոնյանն իր հուշագրության մեջ (Ախալցխան կրակե օղակում, Երևան, 2019, էջ 47-48):

Ավելի քան մեկդարյա հեռավորությունից՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում  Ջավախահայության (Ախալքալաքի և Ախալցխայի գավառներ) 1918 թ. մայիսյան հերոսապատումի մասնակիցներին, խնկարկում տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը, խոնարհվում Ախալցխայի հռչակավոր քաղաքագլուխ Զորի Զորյանի և մյուս քաջորդիների փառապանծ հիշատակի առջև։

Հ.Գ. Հրապարակված լուսանկարները վերցված են Երվանդ Սիմոնյանի «Ախալցխան կրակե օղակում» (Երևան, 2019) գրքից:

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica