close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի անկախության Հռչակագրում չկան ո՛չ «Հայաստան», ո՛չ «անկախություն» բառերը․ Ամատունի Վիրաբյանը՝ քիչ հայտնի փաստերի մասին

Հասարակություն

28 Մայիսի 2020, 18:34
 Հայաստանի անկախության Հռչակագրում չկան ո՛չ «Հայաստան», ո՛չ «անկախություն» բառերը․ Ամատունի Վիրաբյանը՝ քիչ հայտնի փաստերի մասին

Հայաստանի Առաջին Հանրապետության 10 տողանոց Հռչակագրում չկան ո՛չ «Հայաստան», ո՛չ «անկախություն» բառերը՝ Yerkir.am- հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Արխիվում պահվում է այդ Հռչակագիրը, որ 10 տող է ընդամենը․ «Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն․․․»։ Այդ Հռչակագրի մեջ չկան «Հայաստան» և «անկախություն» բառերը, ընդամենը այսպիսի բառեր է պարունակում Հռչակագիրը»,-ասաց նա։

Ավելին, Հռչակագիրը թվագրված է ոչ թե մայիսի 28-ով, այլ մայիսի 30-ով՝ իրականում հենց մայիսի 30-ին է հռչակվել Հայաստանի անկախությունը, բայց Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խորհուրդը որոշել է հրապարակել մայիսի 28-ով, թեպետ քննարկվել և գրվել է մայիսի 30-ին։ Միգուցե այն պատճառով, որ Վրաստանը մայիսի 26-ին էր անկախություն հռչակել, Ադրբեջանը՝ 27-ին, դա նաև կապված է Բաթումի բանակցությունների հետ՝ ասաց Վիրաբյանը։

Անկախությունը կարևոր արժեք է՝ սա բացատրելու համար պատմաբանը հիշեց Հրաչյա Աճառյանի պատմությունը․ նա սովորում էր Սորբոնի համալսարանում և, որպեսզի ուսման վարձը կարողանա տալ և ապրել, ամեն օր գնում էր, մի պարկ պիստակ էր առնում ու բաժակ-բաժակ ավելի թանկ վաճառում կայարանում։ Նրա համակուսեցիներից մեկը մի օր տեսնում է, ասում՝ վա՛յ, Հրաչյա՛, այս ի՞նչ ես անում, դե, ասում է՝ սա վաճառում եմ, որ ապրելու, ուսման գումար ձեռք բերեմ, ասում է՝ ինչո՞ւ, դու գերազանց ուսանող ես, չե՞ս կարող դիմել ձեր պետությանը, որ քո վարձը վճարի, Աճառյանը պատասխանում է․ «Երանի այն ազգերին, որոնք ունեն պետություն և ունեն անկախություն»։ Այսպես է ասում, քանի որ 1908 թ-ին Հայաստանը դեռևս պետություն և անկախություն չուներ։

Ոչ շատ հայտնի փաստ է այն, որ Հայոց կառավարությունը ձևավորվել էր Թիֆլիսում և նրանք չէին ուզում Հայաստան գալ, նույնիսկ առաջարկում էին Թիֆլիսից կառավարել Հայաստանը՝ նշեց Ամատունի Վիրաբյանը․ «Եվ եթե չլիներ Արամ Մանուկյանի վճռական կեցվածքը, որ՝ կա՛մ կառավարությունը պետք է գա Հայաստան, կա՛մ ինքը հրաժարական կտա, հուլիսի 19-ին կառավարությունն ու պառլամենտը գուցե չհասնեին Երևան»։

Արամ Մանուկյանն ապրում էր Երևանի տներից մեկում, շատ զուսպ էր, նրա սիրած ճաշերից էր թանապուրը և նա բավարարվում էր դրանով՝ նշեց Վիրաբյանը։

Առաջին Հանրապետության բոլոր պաշտոնյաներն էին զուսպ՝ ասաց նա ու պատմեց իրավաբան, Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, ապա նաև ֆինանսների նախարար Համբարձում Տերտերյանի պատմությունը։

«Տերտերյանը գնում է Մոսկվա, Լևոն Շանթի հետ Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու։ Ալեքսանդր Մյասնիկյանն ու Համբարձում Տերտերյանը սովորել էին մի դասարանում։ Մյասնիկյանը, որն այդ ժամանակ Մոսկվայի Կոմկուսի քաղկոմի քարտուղարն էր, դասընկերոջը հրավիրում է իր տուն և նրան հյուրասիրում է սպիտակ հացով, կարագով, ձկան տեսակներով․․․ Տերտերյանը զարմանում է՝ նա Երևանում ընդամենը սև հաց էր տեսել և երևի գառի խաշլամա։ Ասում է՝ Ալեքսանդր, դուք հավասարությունից, բանից եք խոսում, բայց խանութներում հաց չկա ու դու սպիտակ հա՞ց ես ուտում։ Դե, պատասխանում է Մյասնիկյանը, լսի՛ր, մենք համաշխարհային հեղափոխության ենք ձգտում, մենք պետք է միայն դրա մասին մտածենք, եթե մենք լավ չսնվենք, մեր ուղեղը ծանրաբեռնված կլինի սովորական կենցաղային հարցերով և համաշխարհային հեղափոխությունը կմնա մի կողմում, դրա համար պետք է լավ սնվենք, լավ ապրենք, որ կարողանանք համաշխարհային հեղափոխություն անել»,-պատմեց Ամատունի Վիրաբյանը։  

Ազգային արխիվի ամենահետաքրքիր ցուցանմուշներից է միակ վկայությունը, որ պահպանվել է և ցույց է տալիս Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանը՝ Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի պատրաստած՝ ՀՀ զինանշանի միակ սև ու սպիտակ լուսանկարը։ «Այլ փաստաթուղթ չի պահվել, դրա հիման վրա մենք այսօր զինանշանի պատկերն ունենք, դրա հիման վրա էլ ստեղծվեց նոր զինանշանը»,-ասաց արխիվի տնօրենը։

Սարդարապատի հերոսամարտի հետ կապված ուշագրավ պատմություն է խմելու ջուրը կռվողներին հասցնելը։ Վիրաբյանը փաստեց, որ մեծ նշանակություն է ունեցել սովորական խմելու ջուրը․ Երևանից դպրոցականները, գիմնազիստները կժերով ջուր են հասցրել կռվողներին՝ Էջմիածնի խճուղով ոտքով, էշերով, ջորիներով Գառնիի սառը ջուրը հասցրել են Սարդարապատ։ Եվ դա Արամ Մանուկյանն էր կազմակերպել։ Սա, նրա խոսքով, կարևոր էր, որովհետև հատկապես 1918 թ-ի մայիսի 20-30-ը շատ շոգ է եղել։

Շոգի հետ կապված մի դրվագ էլ կա․ Արաքսն այնպես էր վարարել, որ թուրքերը չէին կարողանում գետն անցնել․ «Կամուրջը պայթեցված էր և նրանք գետը չէին կարողանում անցնել, որ, ասենք, Արարատյան դաշտի՝ Մասիսի կողմից հարվածեն Հայաստանին»։

Հետաքրքիր է Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսի պատմությունը․ երբ մայիսի 15-ին գրավել են Ալեքսանդրապոլը և երեք ուղղություններով սկսել հարձակումը դեպի Երևան ու Ղարաքիլիսա, Արամ Մանուկյանն անձամբ գնացել է կաթողիկոսի՝ Գևորգ 5-րդ Սուրենյանցի մոտ, և խնդրել, որ Էջմիածինը թողնի ու բարձրանա Սևանի ամառանոց։

«Գևորգ 5-րդ Սուրենյանցը այն մարդն էր, որ կարողացել է այդ պահին այնպես իրեն պահել, որ նույնիսկ դիմողները վատ են զգացել և փորձել են իրավիճակը փոխել։ Նա ասել է, որ ես Էջմիածնից հեռացողը չեմ և պատրաստ եմ զոհվել Էջմիածնի խորանների տակ»,-ասաց Ամատունի Վիրաբյանը։

Նա պատմեց նաև բոլոր զանգերի ղողանջման պատմությունը․ «Երբ մայիսի 20-ին Երևանից պատվիրակություն է մեկնել Սուրնեյանցի մոտ, որ առաջարկի հեռանալ Սևան, նա ասել է՝ կհրահանգի, որ բոլոր զանգերը սկսեն ղողանջել, որ բնակչությունը հասկանա, որ սա մեծ արհավիրք է, և կանգնի իր հայրենիքի պաշտպանությանը։ Ու Երևանի իշխանությունների ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքներում, որ սահմանափակվում էր Արարատյան դաշտավայրով, Կոտայքով, Նոր Բայազետով, որովհետև այլ վայրերի հետ ճանապարհներն արդեն փակված էին, բոլոր եկեղեցիների զանգերն սկսում են անընդհատ ղողանջել»։

Ամատունի Վիրաբյանը փաստում է, որ թեև հիմնական կռվող ուժը կանոնավոր բանակն էր, բայց աշխարհազորայինները՝ կամավորներն, այնքան շատ են եղել, որ մի պահ դադարեցրել են կամավորների հերթագրումը, որովհետև ռազմաճակատից ասել են, որ այլևս տեղ չկա, այսինքն, կամավորը կարող է գալ, բայց զենք չկա, որ տանք, որ կռվի ու դադարեցվել է կամավորների ընդունումը։

«Բնակչության բոլոր խավերը, բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, նույնիսկ Համայնավարներն են մասնակցել այդ ճակատամարտին՝ կամավոր գնացել, մասնակցել են առանց տարիքի սահմանափակության։ Եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանի ղեկավարությամբ հոգևորականների ամբողջ մի ջոկատ կռվող զինվորների կողքին կռվում էին հրացանները ձեռքին»,-ասաց նա։

Եվս մի ուշագրավ պատմություն է այն, որ հայկական զորքը, երբ հասել է մինչև Թալին, Մաստարան էլ գրավել ու շարժվել առաջ, միակ պատճառը, որ հարձակումը չի շարունակվել, այն է եղել, որ փամփուշտները, զինամթերքը վերջացել է․ «Այդ հարձակումը գործելու համար զինամթերք չկար։ Սիլիկյանը նախագծել էր, բայց հասկացան, որ առանց զինամթերքի հարձակումը դեպի Ալեքսանդրապոլ կամ դեպի Կարս շարունակել հնարավոր չէ»։

Կռվող սպաներից շատերը այլազգի էին՝ ասում է Ամատունի Վիրաբյանը, նրանք ծառայում էին կովկասյան ռազմաճակատում, և երբ 1918 թ-ի հունվար-փետրվար ամիսներին ռուսական զորքը նահանջում է, որոշ սպաներ մնում են Հայաստանում։ Մնում են հատկապես նրանք, ովքեր մինչև 1914 թ-ը ծառայել էին Անդրկովկասում և նրանց ընտանիքները գտնվում էին կա՛մ Երևանում, կա՛մ Ալեքսանդրապոլում և նրանք չեն նահանջում, փաստորեն, մնում են Հայաստանում և մասնակից դառնում Սարդարապատի հերոսամարտին։

Հայաստանի ազգային արխիվը հրապարակման է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի սպաներին նվիրված հանրագիտարան․ «Որովհետև, վերջին հաշվով, հաղթանակները և՛ Սարդարապատում, և՛ Բաշ-Ապարանում, և՛ համառ դիմադրությունը Ղարաքիլիսայում հայ կադրային սպաների ջանքերի արդյունքն էր, որոնք կռվել էին Առաջին աշխահամարտի տարիներին և 1917 թ-ին ստեղծել Հայկական կորպուսը»,-ասաց Ամատունի Վիրաբյանը։

Արխիվում պահվում է 1918 թ-ի օգոստոսի 1-ի՝ պառլամենտի բացման արձանագրությունը, որ բարեբախտաբար պահպանվել է։ «Մենք ունենք կառավարության բոլոր նիստերի արձանագրությունները՝ սկսած՝ երբ ձևավորվեց կառավարությունը և տեղի ունեցավ նիստը, այդ օրվանից մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած կառավարության վերջին նիստը, որովհետև դեկտեմբերի 4-ին արդեն բոլշևիկները մտան Երևան։ Ունենք Ավետիս Ահարոնյանի և ՀՀ կառավարության գրառումները Փարիզյան կոնֆերանսի, Սևրի պայմանգրի կնքման հանգամանքների, մանրամասների մասին։ Բավականին մեծ քանակությամբ փաստաթղթեր ունենք, որոնց մի մասը հրապարակել ենք, պատրաստում ենք նաև նոր հրապարակումներ»,-ասաց Ազգային արխիվի տնօրենը։

Մայիսի 28-ը նա մեծ տոն է համարում․ ասում է՝ եթե չհաշվենք Կիլիկյան Հայաստանը, 980 տարվա դադարից հետո նոր մեր անկախությունը վերականգնվեց։

Աննա Բալյան

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica